HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը Գաբրիել Ատալի հրաժարականը կընդունի հուլիսի 16-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 16-ին կբավարարի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականի դիմումը: Այդ մասին հայտնել է ֆրանսիական France Bleu ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։ 

Վերջինիս տվյալներով՝ դրանից հետո Ատալը կկատարի վարչապետի պարտականությունները մինչև ֆրանսիական կառավարության նոր ղեկավարի նշանակումը։ 

Ինչպես նշում է ռադիոկայանը, Մակրոնն Ատալին վարչապետի պաշտոնից կազատի կառավարության ներկայիս կազմի համար վերջին օրը, որն առաջիկա երեքշաբթի օրն է: 

Փոխարենը, Ֆրանսիայի դեռևս գործող վարչապետը խորհրդարանում կդառնա նախագահական կոալիցիայի խորհրդարանական խմբակցության ղեկավարը։ Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն է։

Միևնույն ժամանակ, France Info-ն չի հստակեցնում, թե կոնկրետ երբ Մակրոնը կարող է նոր վարչապետ նշանակել: Ավելի վաղ իր գրավոր ուղերձում, որը հրապարակել էր սոցիալական մեդիայի իր էջերում, Ելիսեյան պալատի ղեկավարը քաղաքական ուժերին կոչ էր արել ձևավորել ամուր մեծամասնություն և խոստացել վարչապետի թեկնածուներին գնահատել երկրի կայունությունը կուսակցությունից ու անձնական հավակնություններից վեր դասելու պատրաստակամությամբ:

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել էր 182 մանդատ, իսկ նախագահական «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 168։ Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը հաղթել էր ընտրությունների առաջին փուլի ժամանակ, այս անգամ հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ ստանալով 143 մանդատ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter