
Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների գրանցումը
Ադրբեջանի շրջանային ընտրական հանձնաժողովները սկսել են ընդունել այդ երկրի խորհրդարանի՝ սեպտեմբերի 1-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը։
«Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է նրա կամ նրա լիազոր ներկայացուցիչների կողմից շրջանային ընտրական հանձնաժողով ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 50 օր առաջ, այսինքն՝ հուլիսի 13-ից»,- ռուսական TACC գործակալության թղթակցին հայտնել են Ադրբեջանի ԿԸՀ-ից։
ԿԸՀ-ում հստակեցրել են, որ գրանցման համար փաստաթղթերի ընդունումը, օրենսդրությանը համապատասխան, կավարտվի օգոստոսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Շրջանային ընտրական հանձնաժողովները թեկնածուի գրանցման մասին որոշում պետք է ընդունեն ստորագրաթերթիկները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը իրենց տրամադրելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով միամանդատ ընտրատարածքներում: Օրենքով թեկնածուներ կարող են առաջադրել քաղաքական կուսակցությունները, քաղաքական կուսակցությունների դաշինքները, ընտրատարածքում բնակվող և ակտիվ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
Ադրբեջանի ԿԸՀ-ից հայտնել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությունը հաստատել են երկրում գործող 20 կուսակցություններ, այդ թվում՝ իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան»՝ խմբ.) կուսակցությունը:
Այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովի խոսքով՝ ընտրություններին մասնակցելու համար շրջանային ընտրական հանձնաժողովներ է դիմել արդեն ավելի քան 300 մարդ։
Հունիսի 21-ին Ադրբեջանի խորհրդարանը դիմել էր երկրի նախագահին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ: Ընտրությունները հետաձգելու անհրաժեշտությունը օրենսդիր մարմնում պատճառաբանել էին նրանով, որ ընթացիկ տարվա նոյեմբերին, երբ դրանք պետք է անցկացվեին ըստ ժամանակացույցի, Ադրբեջանում կանցկացվեն Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանը և այլ խոշոր միջազգային միջոցառումներ:
Հունիսի 24-ին Ալիևը հարցում էր ուղարկել այդ երկրի Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել երկրի հիմնական օրենքին խորհրդարանի ցրման համապատասխանության հարցը: Հինգշաբթի Ադրբեջանի ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել նախագահի կողմից խորհրդարանի ցրման օրինականությունը։
Ադրբեջանի սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է նախագահին: Ուստի Ալիևը խորհրդարանը ցրեց հունիսի 28-ին։
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ համընդհանուր և ուղղակի ընտրությունների հիման վրա: Գործող գումարման խորհրդարանը ձևավորվել է 2020 թվականի փետրվարի 9-ի ընտրությունների արդյունքում։ Այդ ընտրությունները ևս արտահերթ էին։
Լուսանկարը՝ Daily News Hungary-ի
Մեկնաբանել