HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիան աջակցում է իրենց տներից վտարված ԼՂ հայերին՝ չզիջելով նրանց վերադարձի իրավունքը. Օլիվյե Դեկոտինյի

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է այս վճռորոշ ժամանակաշրջանում, նախեւառաջ մարդասիրական մակարդակում՝ ցուցաբերելով իր օգնությունը իրենց տներից Ադրբեջանի կողմից վտարված ԼՂ հայերին՝ չզիջելով Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքը»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին երեկ՝ հուլիսի 13-ին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության արարողության իր ելույթում։

Անվտանգային մակարդակում, ըստ դեսպանի, հաստատվել է պաշտպանության ոլորտում ստանձնած եւ վստահելի համագործակցություն Հայաստանի հետ՝ տրամադրելու նրան միջոցներ իր ինքնիշխանությունը, իր տարածքը եւ բնակչությունը պաշտպանելու համար։

«Այս համագործակցությունը զարգանում է։ Դրա ապացույցն է վերջին շաբաթների ընթացքում CAESAR հրետանային համակարգի վերաբերյալ համաձայնագիրը»,- նշեց Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։

Նրա հավաստմամբ՝ քաղաքական մակարդակում Ֆրանսիան աջակցում է Հայաստանին ամենուր, որտեղ լսելի է Ֆրանսիայի ձայնը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրամիությունում, միջազգային համայնքում՝ իր գործընկերների հետ լսելի դարձնելով «դեպի Եվրոպա խիզախորեն շրջվող այս երկրի մտահոգություններն ու նկրտումները»։

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը մեզ համար ուղղություն է սահմանել՝ մեջբերում եմ. «Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար եւ մշտական»,- ասաց Օլիվյե Դեկոտինյին։

Այդ աջակցությունը կդրսեւորվի ծրագրերի միջոցով, որոնք հայերն ու ֆրանսիացիները միասին կիրականացնեն բոլոր ոլորտներում՝ մշակույթ, դիվանագիտություն, կրթություն, տնտեսություն, պաշտպանություն, շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ, ֆրանկոֆոնիա։ Այս աշնանը կգործարկվի Վեդիի ջրամբարը, ըստ դեսպանի՝ խոշորագույնը Հայաստանի անկախությունից ի վեր, որը ֆինանսավորում է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։

Օլիվյե Դեկոտինյին հայտարարեց, որ Սյունիքում Ֆրանսիան հյուպատոսական գրասենյակ կբացի՝ Հայաստանի առավել խոցելի շրջաններին ցուցաբերվող առանձնահատուկ աջակցության շրջանակում։

Ազգային տոների ժամանակ ավանդաբար դեսպանները ներկայացնում են, թե ինչ են արել իրենց երկրները Հայաստանի համար։ Ֆրանսիայի դեսպանը նաեւ նշեց, թե ինչ է արել հայ ժողովուրդը Ֆրանսիայի համար. «Սնել է մեր մշակույթը, տվել է նշանավոր հայեր, ինչպիսին Շառլ Ազնավուրն է, որի 100-ամյակը նշում ենք այս տարի, հերոսներ, ինչպիսիք են Միսաք Մանուշյանն ու նրա կինը, որոնց աճյուններն ամփոփված են Պանթեոնում, եւ շատ ուրիշներ, հարյուր հազարավոր այլ մարդիկ»։

Պրն Դեկոտինյիի կարծիքով՝ ինչպես հայերը, ֆրանսիացիները ևս քաղաքական ժողովուրդ են։ Որպես օրինակ նշեց Ֆրանսիայում վերջին շաբաթների բուռն ժողովրդավարական բանավեճը խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Բայց մենք նաեւ գիտենք, թե ինչպես համախմբվել կարեւորի շուրջ։ Եվ կարծում եմ՝ կարող եմ ասել, որ աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանը, ամբողջականությանը եւ ժողովրդավարությանը կոնսենսուս ունի ֆրանսիացիների շրջանում։ Այս մասին են վկայում վերջին ամիսներին բոլոր ուղղություններով ֆրանսիացի քաղաքական գործիչների բազմաթիվ այցելությունները Հայաստան»,- ասաց նա։

32 տարի է՝ Հայաստանը եւ Ֆրանսիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, ըստ դեսպանի՝ դրանք երբեք այսքան հագեցած, վստահելի չեն եղել։

Լուսանկարում՝ ձախից՝  դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը/ՀՀ կառավարություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter