
Հայաստանը Ֆրանսիայից CAESAR հրետանային կայանքներ կգնի
Հայաստանը Ֆրանսիայից CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ ձեռք կբերի։ Այդ մասին X-ի միկրոբոլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ գործարքը անվանելով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության նոր կարևոր հանգրվան։
Պայմանագիրը ստորագրվել է երեկ՝ հունիսի 17-ին, Փարիզում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջեւ։
Ո՛չ քանակը, ո՛չ ժամանակացույցը, ո՛չ արտադրության տեսակը չի նշվում՝ հայկական կողմի խնդրանքով:
Այս գնումը սպասվում էր ամիսներ առաջ։ Դեռևս անցյալ դեկտեմբերին ֆրանսիացի մի քանի սենատորներ խորհուրդ էին տվել Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարությանը «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարման հարցը` հաշվի առնելով այս սպառազինության արդյունավետությունը»:
«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. Ջերմ և արդյունավետ զրույց ունեցա իմ գործընկերոջ հետ»,- Պապիկյանի հետ հանդիպման մասին գրել է ֆրանսիացի գործընկերը։
KNDS ընկերությունն իր հերթին շեշտել է, որ «CAESAR-ը ապացուցել է իր կայունությունը, հուսալիությունը և պահպանման պարզությունը ինչպես ապստամբությունները ճնշելու, այնպես էլ բարձր ինտենսիվության հակամարտությունների ժամանակ», և որ դրա «գործառնական կարողությունները, որոնք ցուցադրվել են ամբողջ աշխարհում», այն դարձնում են «ամենապահանջված ժամանակակից հրետանային համակարգը»։ Ֆրանսիական ռազմական բլոգներիցում մեկում նշվում է, որ KNDS ընկերությունը եռապատկել է իր արտադրական հզորությունը՝ բավարարելու բոլոր հաճախորդների կարիքները։ Այժմ ամեն ամիս արտադրվում է վեց CAESAR ինքնագնաց հրետանային կայանք:
Հիշեցնենք, աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնող պաշտպանության նախարարը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հայ-ֆրանսիական ռազմական համագործակությունը մեկնարկեց 2023-ին, Հայաստանն արդեն իսկ ձեռք է բերել դիպուկահար հրացաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, «Բաստիոն» զրահամեքենաներ։ Ֆրանսիան օգնում է նաեւ Հայաստանի զինված ուժերի բարեփոխմանը՝ կադրերի պատրաստման հարցում։
Լուսանկարը՝ Սեբաստիեն Լըկորնյուի X-ի էջից
Մեկնաբանել