HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարանում վիճարկել է «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել երկրի Սահմանադրությանը «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։ 

Նա պարզաբանել է, որ Վրաստանի նախագահն իր հայցում նշել է, որ օրենքը, ի թիվս այլ բաների, հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին, որի համաձայն իշխանության սահմանադրական բոլոր մարմինները պետք է իրենց լիազորությունների շրջանակներում նպաստեն Վրաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրմանը: Հայցում վիճարկվում են նաև օրենքի մի շարք նորմեր, որոնք խախտում են Վրաստանի սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնարար իրավունքները:

«Այս դիմումով նախագահը խնդրում է կասեցնել այս օրենքը և, ի վերջո, վերջնականապես վերացնել այն»,- հայտարարել է Մսխիլաձեն։

Ինչպես նշում է «Civil Georgia»-ն, վրացական հասարակական կազմակերպություններն ու ընդդիմադիր պատգամավորները նմանատիպ դիմում են պատրաստում Սահմանադրական դատարան: Նախագահի դիմումին աջակցել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանին՝ հայտարարելով գործընթացին մասնակցելու իր պատրաստակամության մասին:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է ստեղծել հատուկ գրանցամատյան, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնք ընդհանուր բյուջեի առնվազն 20 %-ը ձևավորվում է օտարերկրյա ֆինանսավորումից: Նրանք պետք է ներկայացնեն նաև տարեկան ֆինանսական հաշվետվություն։ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օրենքին: Դրանից հետո Զուրաբիշվիլին վետո դրեց դրա վրա, սակայն խորհրդարանը մայիսի վերջին կարողացավ հաղթահարել այն։ 

Օրենքի քննարկումն ու ընդունումը Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում ուղեկցվել են զանգվածային բողոքի ցույցերով։ Օրինագծի ընդդիմախոսներն այն անվանում էին «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի կրկնօրինակ: Փաստաթուղթը քննադատել են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Օրենքի ընդունումից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է մտցնում, որը կկիրառվի երկրում «ժողովրդավարության խաթարման» համար պատասխանատու անձանց նկատմամբ: Եվրամիությունում էլ նշել էին, որ օրենքի ընդունումը «լուրջ խոչընդոտ» կդառնա Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը դադարեցրել է դաշինքին Վրաստանի անդամակցության գործընթացը։ 

Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter