HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատախազը Տարոն Մարգարյանի ապօրինի գույքի բռնագանձման հիմքում դրված հաշվարկները տրամադրեց դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 16-ին շարունակվեց Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը։

Նիստի սկզբում ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը դատարանին և դատավարության կողմերին սկավառակի տեսքով տրամադրեց հայցադիմումի հիմքում դրված հաշվարկները։ Քանի որ պատասխանողների ներկայացուցիչների հիմնական հարցադրումները կապված էին հենց հաշվարկների հետ, փաստաբան Բենիկ Գալստյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ դատախազի տրամադրած հաշվարկներն ուսումնասիրելուց հետո հնարավոր է շատ հարցեր սպառվեն կամ նոր հարցեր առաջանան։

Դատարանն առաջարկեց պատասխանողների ներկայացուցիչներին հնչեցնել այն հարցերը, որոնք կապ չունեն հաշվարկների հետ, որից հետո հետաձգել նիստը։

Փաստաբան Մուշեղ Առաքելյանը, դիմելով դատախազին, ասաց, որ ուսումնասիրված ժամանակահատվածում Տարոն Մարգարյանի որդիները եղել են 2 և 3 տարեկան, հետևաբար նրանք հանրային ծառայության վերաբերյալ գիտակցում կամ դիրքորոշում չէին կարող ունենալ։ 

Դատախազը պատասխանեց, որ տվյալ գույքերի իրական շահառուն դիտարկել են Տարոն Մարգարյանին այն հիմքով, որ ընտանիքում այդ պահի դրությամբ միայն նա է եղել աշխատող։ «Մենք ընդհանրապես չենք քննարկում, որ երեխաները 2, 3 տարեկանում կարող էին կամ պետք է իմանային, որ, օրինակ, նրանց հայրը կարող էր ունենար ապօրինի իջոցներ։ Եթե դատարանը հետագայում որոշի, որ նրանք հանդիսացել են բարեխիղճ ձեռքբերողներ, այդ դեպքում  մեր պահանջը կփոխվի, այլ պահանջ կներկայացվի, գուցե նույնիսկ բռնագանձում չտարածվի այդ գույքերի վրա»,– ասաց դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ 

Հարց հնչեցրեց նաև փաստաբան Տարոն Մարգարյանի մոր՝ Սուսաննա Մարգարյանի ներկայացուցիչ Տիրան Աբգարյանը։ Նա խնդրեց դատախազին հայտնել, թե Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների մասով ուսումնասիրության ժամկետը երկարաձգելու համար կոնկրետ ի՞նչ կասկածներ են եղել և ո՞ր ապացույցներն են պահպանված եղել։ Ռուզաննա Խուդավերդյանը նշեց, որ գույքերի մասով պահպանված ապացույցը կադաստրային գործն է, իսկ կասկածը ծագում է նախնական ուսումնասիրություն իրականացնելուց հետո։ Դատախազն ընդգծեց՝ եթե իրավասու մարմինը ուսումնասիրություն է նախաձեռնում, ապա 10 տարուց ավելի հետ գնալու իրավունք չունի, ուստի գրեթե բոլոր ուսումասիրություն կատարելու որոշումները կազմվում են 10 տարվա ժամկետով, սակայն դա վերաբերում է բռնագանձման ենթակա գույքերին, դա չի նշանակում, որ իրավասու մարմինը չի կարող ուսումնասիրել մինչև այդ ձեռք բերված գույքերը, ծախսերը։

Տիրան Աբգարյանի հաջորդ հարցը Տարոն Մարգարյանի մորը՝ Սուսասննա Մարգարյանին պատկանող Lexus lx 570 մակնիշի ավտոմեքենայի մասին էր, որը օտարվել է։ Փաստաբանը նշեց՝ դատախազությունը տվյալ մեքենայի իրական շահառու է դիտարկել Տարոն Մարգարյանին։ «Կարո՞ղ եք ասել՝ Տարոն Մարգարյանի իրական շահառու լինելը օրենքի տրամաբանությամբ ո՞րն է, ինչու՞մն է կոնկրետ փաստական առումով դրսևորվել Տարոն Մարգարյանի՝ այս մեքենայի իրական շահառու լինելու հանգամանքը»,- ասաց Աբգարյանը։

Դատախազը պատասխանեց, որ դիտարկել են մի քանի հանգամանքների համակցություն։ «Կոնկրետ դեպքում Տարոն Մարգարյանը կարող է լինել և՛ այն անձը, ով վերահսկել է այդ գործարքը, և՛ այն անձը, ում հաշվին իրականացվել է գործարքը»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր գործի համատեքստից է բխում այն, որ Սուսաննա Մարգարյանը Տարոն Մարգարյանի միջոցներով է ձեռք բերել այդ ավտոմեքենան։

Դատախազությունը պնդում է, որ տվյալ մեքենայի մասով գործարքի գինը, որ նշվել է 1 մլն դրամ, ձևական է, և մեքենան գնահատվել է 20 մլն 500 հազար դրամ։ Աբգարյանի խոսքով՝ շուկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գույքը վաճառվում է շուկայականից էականորեն էժան գնով՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով, օրինակ մեքենան խափանված կարող է լինել։ Աբգարյանը հետաքրքրվեց՝ դատախազությունը նմանատիպ տվյալ ունի՞, որ այդպիսի դեպքը բացառել է։ 

Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը հայտնեց՝ եթե ստացվի որևէ լրացուցիչ տվյալ, որ օրինակ՝ այս մեքենան խոտանված էր կամ  որևէ խնդիր ուներ, դրա համար է այս գնով օտարվել, ապա դատախազությունը փարձաքննություն չի նշանակի։ «Սակայն նույն թվականին թողարկված մեքենան նույն թվականին գնել 1 մլն ՀՀ դրամով առնվազն կասկածելի է Դատախազության համար և հենց այդ նպատակով էլ նշանակվել է փորձաքննություն»,- ասաց դատախազը։ Նա նշեց, որ մինչև այս պահը մեքենայի խափանված լինելու մասին տվյալ պատասխանող կողմը նույնպես չի ներկայացրել, հետևաբար՝ դատախազության դիրքորոշումը մնում է նույնը, որ մեքենան ձեռք է բերվել շուկայական արժեքից էականորեն ցածր գնով։ 

Հարցերը սպառվելուց հետո դատավոր Կարապետ Բադալյանը հետաձգեց նիստը սեպտեմբերի 16-ին՝ 14։00-ին։

Նիստի ավարտից առաջ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտարարեց, որ իրենք էլ իրենց հաշվարկներն են ներկայացնելու դատարանին և դատախազին։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter