HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան, որի հետ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։

Տիկին Զեյա, բարի գալուստ Հայաստան։ Արդեն մի քանի օր է՝ մեր երկրում եք։ Ինչից եք ամենից շատ տպավորվել։ 

Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, Լիանա։ Ազդեցիկ ու տպավորիչ այց էր սա։ Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ խորացող հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններն ամուր են և ավելի ու ավելի են ամրապնդվում։ Ես այստեղ եմ՝ Երևանում աջակցություն հայտնելու ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Հայաստանի վերաբերյալ մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականին, որի ներքո Հայաստանը կարող է կերտել իր ուղին, իր կապերը տարածաշրջանում և աշխարհում։

Վերջին 4 օրերի ընթացքում գերազանց ու բազմաբնույթ քննարկումներ տեղի ունեցան վարչապետի, փոխվարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։ Ես ընդգծեցի երեք հիմնական ուղերձ։

Առաջինն այն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, մենք սատարում ենք խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ հայ ժողովրդի տեսլականին։ Ես տեղեկացա թափանցիկության, հաշվետվողականության և մարդու իրավունքների համընդհանուր ապահովման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ծավալուն ներգրավվածության մասին։ Մենք ողջունում ենք այն նշանակալի առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է և շարունակում է գրանցել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, անկախ դատական համակարգի ձևավորման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ասպարեզում։ Սակայն ընդունում ենք նաև, որ դեռ անելիքներ կան։

Երկրորդ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը և արժանապատիվ ու տևական խաղաղության հաստատմանը, որին վաղուց ի վեր ձգտում է Հայաստանի ժողովուրդը։ Մասնավորապես, ցանկանում եմ գովեստով արտահայտվել վարչապետ Փաշինյանի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության  միջոցով խաղաղության գործընթացն առաջ տանելու ու տարածաշրջանային կապուղիների ձևավորման նրա ջանքերի վերաբերյալ, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի հսկայածավալ սոցիալ-տնտեսական ներուժը։ Այս նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվում է ուսումնասիրություն տրանսպորտային ուղիների ինտեգրման վերաբերյալ՝ խրախուսելու և ամրապնդելու տարածաշրջանային առևտուրն ու կապուղիները՝ արդարացի և տևական խաղաղության միջոցով։

Եվ վերջինը՝ Հայաստանը հսկայական ջանքեր է գործադրել Հայաստանում ընդունելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և  փախստականներին, որոնք, անցնելով  զրկանքների ու ծայրահեղ դժվարությունների միջով, այժմ հանգրվան են գտել Հայաստանում։ Այդ ջանքերն արժանի են գովեստի և այդ հարցում Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին։ Անցյալ տարվա սեպտեմբերից ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն 11,5 միլիոն ԱՄՆ դոլար են տրամադրել՝ մեղմելու հանրային ծառությունների ու ենթակառուցվածքների բեռը և արձագանքելու անհետաձգելի կարիքներին, ինչպիսիք են կացարանի, զբաղվածության, կրթության ապահովումը։

Սրանով՝ 2020թ․ սեպտեմբերից մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակին արձագանքելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից  տրամադրված  մարդասիրական աջակցության ընդհանուր գումարը հասել է մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ամփոփելով՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիր  և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ խորապես հուզիչ այցելության համար։ Ես Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցի, իսկ երկու ժամ տևած շրջայցից հեռացա հայ ժողովրդի կամքի ու տոկունության հանդեպ հիացմունքով լցված։  

Այսպիսով, Միացյալ Նահանգներն առավել քան երբևէ հանձնառու է գործակցել և աջակցել առավել ինքնիշխան, ժողովրդավար, բաց և ապահով Հայաստանին, որն իր դրական ներդրումն է ունենում իր քաղաքացիների, տարածաշրջանի ու աշխարհի համար։ Շնորհակալություն։

 Շնորհակալություն այս ներածական խոսքի համար։ Դուք խոսեցիք տարածաշրջանում կայունության եւ խաղաղության մասին։ Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրավված է խաղաղության բանակցություններում։ Նախորդ շաբաթ պետքարտուղարի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո պետքարտուղար Բլինքենը հայտարարեց. «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության»։ Ի՞նչ հիմքեր կան նման լավատեսության համար, երբ Ադրբեջանը միակողմանիորեն նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Անցյալ շաբաթ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի կազմակերպած հանդիպումը մատնանշում է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Եվ մենք հասկանում ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են կատարել և ցանկանում ենք շարունակել մեր աջակցությունը։ Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել խաղաղության համաձայնագրի, արժանապատիվ ու տևական խաղաղության համաձայնագրի ազդեցությունը․ այն իրապես արտակարգ հնարավորություններ կարող է բացել ոչ միայն երկու երկրների, այլ ողջ տարածաշրջանի համար։

Միացյալ Նահանգներն ամուր աջակցում է այս ջանքերին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են վերջնական համաձայնությանը։ Բայց, իհարկե, բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Մենք մեր կողմից խրախուսում ենք այս նպատակին հասնելու պահը բաց չթողնել։ Նույնը նաև  վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասով։ Կարծում ենք, որ արժանապատիվ, տևական խաղաղությունը խիստ էական է տարածաշրջանի հսկայական սոցիալ-տնտեսական ներուժը բացահայտելու, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկով» նախանշվող տարածաշրջանային կապուղիները զարգացնելու համար։   

 Այսինքն, Դուք կարծում եք, որ տնտեսական օգուտները կարող են խթանել կողմերին, մասնավորապես՝ Ադրբեջանին, ստորագրե՞լ խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը, որը հիշատակեցիք, նույնպե՞ս դրան է ուղղված։

ԱՄՆ ՄԶԳ-ի իմ նշած ուսումնասիրությունը դիտարկում է տրանսպորտային ուղիների ինտեգրման շրջանակները և ներուժը։ Այս առումով չեմ կարող ասել, թե որ գործոնները կարող են վճռորոշ լինել Ադրբեջանի համար։ Ենթադրություններ չեմ կարող անել։ Մեկ անգամ ևս նշեմ պետքարտուղարի հայտարարությունները, որ բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Իսկ մենք հսկայական ներուժ ենք տեսնում, որն առկա կլինի արժանապատիվ ու տևական խաղաղության պարագայում, և մենք ամեն ինչ կանենք, այն, ինչ մեզնից կխնդրեն, որպեսզի օգնենք հասնել այս նպատակին։

Հուլիսի 15-ին մեկնարկել են հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունները։ Արդյոք սա նշանակում է, որ ռազմական համագործակցությունը երկու երկրների միջեւ խորանում է։ Հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի պես, Միացյալ Նահանգներն աջակցի Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը եւ զինված ուժերի բարեփոխմանը։

 «Արծիվ գործընկեր» զորավարժության հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ Այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ մեր պաշտպանության դեպարտամենտի միջոցով։ Լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ՝ մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանայի վերապահել պաշտպանության դեպարտամենտի իմ գործընկերներին։

Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը։ Իսկ պետքարտուղարության մասով, իմ ղեկավարության ներքո է գործում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը Հայաստանի կառավարության և ժողովրդի հիմնական գործընկերն է ոստիկանության կարողությունների զարգացման և ամրապնդման ասպարեզում և աջակցում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մեծացման հարցերում։ Այս համագործակցության բազմաթիվ դրական արդյունքներից մեկն էլ պարեկային ծառայության ձևավորումն է Հայաստանում։ Ի դեպ, Ներքին գործերի նախարարի հետ առիթ ունեցա լինել պարեկային ծառայության գլխամասային գրասենյակի, օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության Երևանի գնդի նոր մասնաշենքերում, որոնք ներկայացնում են Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության ներդրումները մարդակենտրոն և իրավունքների նկատմամբ հարգանք ապահովող ոստիկանական ծառայությունների ապահովման ուղղությամբ, որի արդյունքում ոստիկանությունը ավելի մեծ հանրային վստահություն կունենա և ավելի սերտ կապեր կլինեն իրավապահների և նրանց կողմից սպասարկվող համայնքների միջև։ Կարծում եմ՝ սա նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարական բարեփոխումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացումը կարող է հանգեցնել առավել ապահով ու անվտանգ միջավայրի ապահովմանը բոլորի համար։

Կարո՞ղ եք հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

 Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել  մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը։  

Արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Կարո՞ղ է անդամակցության դադարեցումը խթանել այդ համագործակցությունը։

 ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը։

 Տիկին Զեյա, Դուք համակարգել եք ԱՄՆ ջանքերը՝ աջակցելու Տիբեթի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ նրանց մշակութային, կրոնական ու լեզվական ինքնության պահպանմանը։ Նկատի ունենալով Ձեր այս փորձառությունը, ուզում եմ անդրադառնալ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում 100.000-ից ավելի հայերի էթնիկ զտմանը, որոնք զրկվեցին իրենց բնօրրանում ապրելու իրավունքից։ Ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում, ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ներառվա՞ծ է ԱՄՆ միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։

 Շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Այստեղ թույլ տվեք մի քայլ հետ գնամ։ Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը պարփակված է եղել անկայունության և բռնությունների շղթայում, եղել են հսկայական կորուստներ, ցավ և ողբերգություն։ Մենք՝ Միացյալ Նահանգները աջակցում է, որ տարածաշրջանում պայմաններ ձևավորվեն տևական և արժանապատիվ խաղաղության համար, որի պարագայում ապահովված կլինի հարգանքը բոլորի իրավունքների նկատմամբ՝ անկախ էթնիկ պատկանելությունից կամ ծագման երկրից։

Միաժամանակ, Միացյալ Նահանգների համար մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական և մարդու իրավունքների ճգնաժամը և ավելի քան 100 000 տեղահանված անձինք, որոնց մասին ես սկզբում խոսեցի։ Մարդու իրավունքների հետ կապված առաջարկում եմ դիտարկել մեր 2023թ․ զեկույցը մարդու իրավունքների մասին, որտեղ նշվում են մարդու իրավունքների ոտնահարումների ու վայրագությունների մասին հնչեցված հաղորդումները․ օրինակ՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ առկա են արժանահավատ հաղորդումներ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում կատարված ոտնձգությունների մասին, նշվել է, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր զրկված է եղել անհրաժեշտ պարագաներ ստանալու հնարավորությունից, մերժվել է մարդասիրական միջանցքի տրամադրումը։ Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ես ավելի վաղ նշեցի և հիմա էլ ուզում եմ ընդգծել ու գովեստի խոսքեր ասել այս մարդկանց աջակցելու հարցում Հայաստանի կառավարության հսկայական ջանքերի վերաբերյալ և հավելել, որ Միացյալ Նահանգները նույնպես հանձնառու է աջակցել այս հարցում և այս նպատակի համար անցյալ տարվա սեպտեմբերից պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հատկացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։

Եթե տեղահանվածները վերադառնան, կարծում եք իրատեսակա՞ն է նրանց անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։

Բարդ հարց է սա։ Մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք է այստեղ գործում և որևէ մեկին չի կարող պարտադրվել վերադարձ, վերադարձը պետք է լինի ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն։ Չգիտեմ՝ ճիշտ հասկացա ձեր հարցը միջազգային երաշխիքների հետ կապված, բայց կա միջազգային մարդասիրական իրավունքի այս հստակ նորմը, որը պետք է ապահովված լինի խոցելի բնակչության, այդ թվում՝ փախստականների ու տեղահանվածների համար։ 

Նկատի ունեմ, որ հայերը դժվար թե վերադառնան առանց անվտանգության միջազգային երաշխիքների։

Դա հասկանալի է, բայց վստահ չեմ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն կամ․․․

Միջազգային դիտորդների կամ խաղաղապահների։

Իմ իմացությամբ, դա չի դիտարկվում այժմ։ Դրա համար էի փորձում հարցն ավելի լավ  հասկանալ։ Իմ իմացությամբ, նման հարց չի դիտարկվում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանի կառավարությանն ապահովել այնտեղ մնացածների իրավունքները և շուտափույթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար։ Վերադարձը պետք է կամավոր լինի։

 Բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ գերեզմաններ, եկեղեցիներ։ ԱՄՆ-ի կամ միջազգային հանրության կողմից ինչ-որ բան արվու՞մ է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կամ այլ կառույցների միջոցով կանխելու Ադրբեջանի այդ քաղաքականությունը։

 Շնորհակալություն այս հարցը բարձրացնելու համար, Լիանա։ Հստակ կլինեմ՝ մենք աջակցում ենք հայկական մշակութային ժառանգության պահպանությանը ողջ Հարավային Կովկասում։ Մշակութային ժառանգության պահպանությունը ԱՄՆ գլոբալ քաղաքականության մասն է։ Մշակութային կոթողների, հուշարձանների, ավանդույթների պահպանությունը հոգածություն և զգոնություն է պահանջում։ Միացյալ Նահանգները աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում պահպանել մշակութային ժառանգությունը իրենց միջազգային պարտավորությունների և հանձնառությունների համաձայն։

Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային իրավունքների ներքո ստանձնած իր պարտավորությունները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված՝ կարծում ենք, որ միջազգային հանրությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունները կարող են և պետք է կարևոր դեր ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր համայնքներում մշակութային ժառանգության պահպանության գործում։

Ասացիք, որ խանդավառված եք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներով։ Ո՞ր ոլորտներում բարեփոխումներն են Ձեզ ավելի շատ գոհացնում։ 

Ես կառանձնացնեմ որոշ կարևոր բարեփոխումներ, որ տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական անվտանգության տիրույթում։ Կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում ձևավորվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավական դաշտը, որը թույլ է տալիս կառավարությանը վերադարձնել կոռումպացված դերակատարների ստացած ապօրինի օգուտները կամ պետությունից գողացված միջոցները։ Սա առանցքային գործոն է։ ԱՄՆ-ի համար կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է և նախագահ Բայդենի  պաշտոնավարման հենց առաջին տարում Սպիտակ տունը ներկայացրեց ԱՄՆ-ի գլոբալ հակակոռուպցիոն ռազմավարությունը։

Գովեստի են արժանի Հայաստանի կառավարության ջանքերն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության մշակման և օրենքի կիրարկման կարողությունների ձևավորման, գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության միջոցով զգալի թվով հայցերի ներկայացման հարցերում․ մենք տեսնում ենք դրական տեղաշարժ և ներկայիս հայցերի շրջանակում խոսքն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ գույքի մասին է։ Գործերն ընթացքի մեջ են, և հնարավոր է եղել արդեն վերադարձնել միլիոնավոր դոլարներ, որոնք պատկանում են Հայաստանի ժողովրդին։ Սա դրական զարգացում է, բայց կոռուպցիայի դեմ պայքարի տիրույթում նաև անելիքներն են շատ։ Սա մեր գործակցության թիրախային ուղղություններից է՝ Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ մեր աշխատանքում։ Նաև ընդգծեմ, որ քաղաքացիական հասարակությունը, ազատ և անկախ մամուլը, լրագրողական հետաքննությունները, թափանցիկության և հաշվետվողականության փորձագետները կենսական և անփոխարինելի դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պայքարում թե՛ այստեղ՝ Հայաստանում և թե՛ ողջ աշխարհում։

Երկրորդ ուղղությունը, որտեղ դրական կոնկրետ արդյունքներ եմ տեսնում կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունքում, իրավապահ ոլորտի բարեփոխումներն են։ Դրական զարգացումներ են Ներքին գործերի նախարարության ձևավորումը՝ որպես քաղաքացիական կառույց, պարեկային ոստիկանության ձևավորումը՝ որպես քաղաքացիներին ծառայող, նրանց պաշտպանելու, նրանց անվտանգությունն ու ապահովությունը պահպանելու կառույց։ Երբ ծանոթանում ենք հասարակական կարծիքի հարցումների տվյալներին, բավականին բարձր վստահության ցուցանիշ կա համեմատաբար նոր պարեկային ծառայության հանդեպ, ինչն ուրախալի է, և մենք փորձելու ենք, հաշվի առնելով մեր հայ գործընկերների կողմից նշվող առաջնահերթությունները, աջակցել հետագա ուսուցումներին և արհեստավարժության բարելավմանը, ինչպես նաև նախարարության այլ կառուցակարգային բարեփոխումներին։ 

Ձեր հիշատակած գործերի մեծ մասը հիմնված է հետաքննող լրագրողների բացահայտումների վրա։ Պետդեպարտամենտի Ձեր վկայակոչած զեկույցում ընդգծվում էր, որ կոռուպցիայի, իշխանության չարաշահման կամ բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի հարստության հետ կապված որոշ գործերի հիմքում քաղաքական դրդապատճառներ են: Թեև դրական տեղաշարժեր են եղել, այս գործընթացում դեռևս էական խնդիրներ կան:

Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում եւ գովեստի խոսքեր եմ ուզել ասել «Հետքին» և մյուս ԶԼՄ-ներին իրականացվող կարևոր լրագրողական հետաքննությունների համար։ Ազատ և անկախ մամուլը կոռուպցիայի դեմ պայքարում առանցքային դերակատարում ունի։ Այս 4 օրերի ընթացքում առիթ ունեցա կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մտահոգիչ հարցերի շուրջ արդյունավետ ու հանգամանալի մտքեր փոխանակել, և ես տեսա, որ Հայաստանի կառավարության մեր գործընկերները վճռական են՝ շարունակելու ջանքերը հակակոռուպցիոն աշխատանքները բարելավելու և դրանք կառավարության բոլոր օղակներում կառուցակարգային հիմքերի վրա դնելու հարցում։

Շնորհակալություն հարցազրույցի համար։

Շնորհակալություն։ Շատ հաճելի էր։

Լուսանկարները տրամադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter