HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ավիաջոկատի ինքնաթիռի աղետը Թավրիզի մոտ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ

1943 թ. հունիսի 22-ին ԽՍՀՄ քաղաքացիական օդանավատորմի հայկական առանձին ավիաջոկատի «ՊՌ-5» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-Л2492) աղետի ենթարկվեց Իրանի Թավրիզ քաղաքի մոտ՝ դառնալով 5 հոգու մահվան պատճառ: 

Նկատենք, որ 1941-ի օգոստոս-սեպտեմբերին խորհրդային եւ բրիտանական զորքերը համատեղ օպերացիա էին իրականացրել Իրանում՝ գահընկեց անելով Ռեզա շահ Փահլավիին, որին փոխարինել էր որդին՝ Մոհամեդ Ռեզա Փահլավին: Չնայած Իրանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեզոքություն էր պահպանում, դաշնակիցների կողմից համարվում էր ֆաշիստական Գերմանիայի աջակից: Մյուս կողմից՝ Իրանի աշխարհագրական դիրքը ռազմավարական նշանակություն ուներ արեւմտյան դաշնակիցների կողմից դեպի ԽՍՀՄ բեռներ տեղափոխելու համար, եւ, իհարկե, բրիտանացիների համար մեծ դեր ուներ Պարսից ծոցին հարող նավթարդյունաբերական շրջանների վերահսկողությունը: Մինչեւ 1946 թ. գարուն բրիտանական ու խորհրդային զորքերը մասամբ օկուպացրած էին պահում Իրանի տարածքը՝ ԽՍՀՄ-ը՝ հյուսիսում, Մեծ Բրիտանիան՝ հարավ-արեւմուտքում:

Թավրիզ քաղաքը 1943-ին գտնվում էր խորհրդային զորքերի վերահսկողության տակ: Հունիսի 22-ին՝ 6:15-ին, Հայկական առանձին ավիաջոկատի օդանավը խորհրդային զորքերին աջակցելու նպատակով իրականացվող թռիչքների շրջանակներում Երեւանից թռավ Թավրիզ: Այստեղի աերոդրոմում վայրէջքից հետո՝ 7:45-ին, ինքնաթիռի մոտ սկսեցին հավաքվել 508-րդ աերոդրոմային սպասարկման գումարտակի զինծառայողները՝ խնդրելով, որ օդաչուն թռցնի իրենց: 

Առանց շարժիչն անջատելու՝ օդաչուն համաձայնեց վերցնել 4 հոգու, այդ թվում՝ երկու կին զինվորականների: Նկատենք, որ «ՊՌ-5»-ը քաղաքացիական օդանավ է՝ նախատեսված հենց 4 ուղեւորի համար: Ընդ որում՝ Հայկական ավիաջոկատի կոնկրետ այս ինքնաթիռն արտադրվել էր որպես «Պ-5», սակայն 1937-ին ձեւափոխվել էր «ՊՌ-5» տարբերակի: Ավելորդ չէ ասել, որ «ՊՌ-5»-ի հեղինակը հայ ավիակոնստրուկտոր Արամ Ռաֆայելյանցն է, որն այս մոդելը մշակել էր 1934 թ.:  

7:55-ին СССР-Л2492-ը թռավ Թավրիզի աերոդրոմից: Առաջին շրջադարձից հետո օդանավն իջավ 30 աստիճան անկյան տակ, իսկ հետո 30-35 աստիճանի տակ «բլուր» կոչվող հնարքը կատարեց: Այնուհետ օդաչուն ուղղեց ինքնաթիռն ու սկսեց բարձրություն հավաքել: 450 մ բարձրության վրա ինքնաթիը կրկին շրջադարձ կատարեց, ապա սկսեց իջնել 35 աստիճան անկյան տակ, ու այդ ժամանակ օդաչուն ղեկը կտրուկ քաշեց դեպի իրեն, այսինքն՝ սկսեց բարձրություն հավաքել 45 աստիճանի տակ՝ փորձելով նորից «բլուր» կատարել: Սակայն բարձրություն հավաքելիս արագություն կորցնելով՝ «ՊՌ-5»-ը թեքվեց աջ կողմի վրա, կախեց քթամասն ու կտրուկ պարուրաձեւ անկման գնաց: Օդաչուն չկարողացավ այդ վիճակից դուրս բերել ինքնաթիռն, ու 8:00-ին այն բախվեց երկրի մակերեւույթին Թավրիզի աերոդրոմից 3 կմ դեպի հյուսիս: Օդաչուն եւ 4 ուղեւորները զոհվեցին:

Հայտնի են զոհված ուղեւորների տվյալները.

Ալեքսանդր Աբրամով (ծնվ. 1911 թ.) - կրտսեր սերժանտ, լուսարձակման կայանի պետ
Իվան Վետշեւ (ծնվ. 1920 թ.) - սերժանտ, պարետային դասակի հրամանատար
Ռաիսա Բակումչենկո - կամավորագրված, ճաշարանի խոհարար
Ֆանյա Ֆիշման (ծնվ. 1922 թ.) - կարմիրբանակային, ճաշարանի վարիչի օգնական

Այս զոհերը հուղարկավորվել են Թավրիզում:

Ավիաաղետի հետաքննության տվյալների համաձայն՝ պատահարի պատճառներից մեկը եղել է օդաչուի անկարգապահությունը: Ուղեւոր զինծառայողներով ինքնագլուխ թռիչք կատարած օդաչուն, պարզվում է, աղետից 8 օր առաջ նմանատիպ եւս մեկ խախտում էր թույլ տվել: Պատահարի անմիջական պատճառը եղել է օդանավավարման ընթացքում օդաչուի սխալը, այն է՝ կտրուկ բարձրություն հավաքելիս արագության կորուստը, ինչն էլ հանգեցրել է կտրուկ անկման այնպիսի բարձրության վրա, որ հնարավոր չի եղել ինքնաթիռը դուրս բերել այդ վիճակից:

Լուսանկարում՝ «ՊՌ-5» ինքնաթիռը, աղբյուրը՝ авиару.рф 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter