
«Նուբարաշեն»-ի կալանավորին խոշտանգելու գործով երկրորդ պաշտոնյան է ազատազրկվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արտուշ Միրաքյանին՝ նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Աղաջանյանին, խմբի կազմում խոշտանգելու համար:
Պաշտոնական վարկածով ինքնասպան եղած Արմեն Աղաջանյանին խոշտանգելու գործով արդեն երկրորդ պաշտոնյան է ազատազրկվում: 2022թ. 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանը: Նա մեղավոր է ճանաչվել Արմեն Աղաջանյանին խոշտանգելու համար՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք։
«Հետք»-ը դեռևս 2019թ. գրել էր, որ 2018թ. մարտի 16-ի առավոտյան Արմեն Աղաջանյանին ձերբակալել և տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավայր։ Արմենի մոր՝ Գայանե Աղաջանյանի պատմելով՝ քրեակատարողականի մուտքի մոտ հերթապահ մասի պետ, մայոր Արմեն Հովհաննիսյանի և կալանավոր Աղաջանյանի միջև երկխոսություն է սկսվել, որից հետո ուղեկցող ոստիկանը, մի քանի այլ ոստիկանի ուղեկցությամբ, Արմեն Աղաջանյանին տեղափոխել է խուզարկության սենյակ։ Մոր ասելով՝ հենց այդ սենյակում էլ Արմենին ծեծել են։
Գայանե Աղաջանյանի մեզ պատմել էր, որ որդուն ծեծել են մայոր Արմեն Հովհաննիսյանը, ուղեկցող ոստիկան Աբրահամյանը և ևս մեկ լեյտենանտ։ Կալանավորը ծեծի հետեւանքով վնասվածքներ էր ստացել դեմքի և սրունքների հատվածում։
Ծեծից հետո կալանավայրում կազմվել է արձանագրություն, թե իբր Արմեն Աղաջանյանը խուզարկության ժամանակ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչի համար կիրառվել է ձեռքի ուժ։
Դեպքից հետո Արմեն Հովհաննիսյանին կալանավորել են: Գրավի դիմաց ազատ է արձակվել նաև Ա. Աղաջանյանը: Սակայն օրեր անց Աղաջանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կրկին փոխել են կալանավորմամբ, և վերջինիս տեղափոխել են դարձյալ «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այդ ընթացքում Աղաջանյանի պաշտպանը միջնորդել է, որ Արմենը 21-օրյա բուժզննում անցնի կալանավորների համար նախատեսված Նուբարաշենի հոգեբուժարանում։
Հոգեբուժարանում Արմենին այցելել են եղբայրը և փեսան՝ բժշկական պարագաներ և սնունդ փոխանցելու։ Նրանք կալանավորին տեսել են ճաղավանդակից այն կողմ և նույնիսկ հասցրել զրուցել հետը՝ համոզվելով, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է։
Այցելությունից մեկ օր անց՝ հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 3-ին, Արմենը «Վայբեր» հավելվածով զանգել է մորը, այնուհետև լուսանկար է ուղարկել՝ ասելով, որ հասցրել է նույնիսկ սափրվել։
Արմենի քույրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից էր տեղեկացել, որ եղբայրը ինքնասպան է եղել հոգեբուժարանում։
Արմեն Աղաջանյանին գտել էին հոգեբուժարանի լոգասենյակում՝ լոգարանի կոյուղու խողովակից կես սավանով կախված։ Այդ խողովակը, մոր ասելով, ավելի ցածր է, քան Արմենի հասակը։ Բացի այդ՝ տղայի պարանոցին և դեմքին առկա են եղել բռնության հետքեր։
Նշենք, որ Աղաջանյանների ներկայացուցիչը եղել է փաստաբան Արա Ղարագյուզյանը:
Մեկնաբանել