
«Լինում է, որ ծաղկեփունջ հավաքելիս մտքով սավառնում եմ իմ տուն»
Երեւանի Հալաբյան փողոցում գտնվող ծաղկի սրահում Քրիստինա Թովմասյանը վերցնում է կանաչ գոգնոցն ու տխուր ժպտում: Գոգնոցին ֆրանսերեն գրված է «Սեր»՝ «L'amour»: Մտքով հասնում է Ստեփանակերտի Հեքիմյան փողոց՝ եկեղեցու դիմաց գտնվող ծաղկի սրահ, որը բացել էին Արցախի շրջափակման առաջին օրերին: Հիմա գոգնոցը միակ հուշն է Ստեփանակերտի «L'Amour» սրահից, որ պատահաբար հայտնվել է Արցախից բռնի տեղահանության ճամպրուկի մեջ:
Քրիստինան կապում է գոգնոցն ու նայում դստերը՝ Նանային: Նա էր ընտրել խանութի անվանումը: Նանան ի պատասխան ժպտում է, բայց խնդրում է, որ իրեն չնկարենք:
Քրիստինայի օրն սկսվում է առավոտյան ժամը 6-ից: Նախ գնում է ծաղկի շուկա, այդտեղից՝ երեւանյան իր նոր ծաղկի սրահ: Ծաղիկները քիչ քանակությամբ է գնում, որ ամեն օր թարմ լինեն:
Մի քանի ամիս է, ինչ վարձակալել են ծաղկի այս խանութն ու հիմա փորձում են Երեւանում տարածել Արցախի բույրը: Խանութը հենց այդպես էլ անվանել են՝ «Aroma of Artsakh»: «Մտածեցինք, որ անպայման Արցախ անունը պիտի շեշտվեր: Եկանք այն եզրահանգման, որպեսզի Արցախը չմոռացվի, միշտ հնչի քո լեզվում: Դա ոգեշնչում է, ինձ ուժ է տալիս: Շատ մարդիկ մտնում են, տեսնում են մեր այցեքարտերը, հարցնում են՝ Արցախի՞ց եք»,- ասում է Քրիստինան:
Վարդի ցողունները հատ-հատ նայում է, մշակում: Նանան կադրից այն կողմ խանութի ցուցափեղկն է ուղղում ու հետեւում մոր աշխատանքին: Քրիստինան 17 տարի աշխատել է Արցախի պետական համալսարանում. նախ վերահսկման բաժնում տեսուչ էր, ապա իրավագիտության բաժնի դասախոս: Ֆլորիստիկան նրա նախասիրություններից էր, բայց երբեւէ չէր մտածի, որ մի օր այն մասնագիտություն է դառնալու իր համար:
Իսկ պատմությունն սկսվում է 44-օրյա պատերազմից հետո, երբ որոշեց իրագործել Արցախում ծաղկի խանութ ունենալու երազանքը: Սակայն խանութի բացումը համընկավ Արցախի շրջափակման հետ:
Նանան հեռախոսով փնտրում է սրահի նկարներից, բայց չի գտնում: Հոր հեռախոսում մի քանի նկարներ կան, խնդրում է ուղարկել: Միասին նայում ենք, բայց նկարներում արդեն դատարկված խանութն է արցախահայության բռնի տեղահանման օրերին:
«Ոչ մի անգամ մտքովս չէր անցնում, որ արցախցին կարող է լքի իր հայրենիքը: Մինչեւ հիմա էլ չեմ հավատում: Ճիշտ ա՝ հիմա իրականությունն էդ ա, բայց երեւի ամեն մի արցախցի էն հույսով ա ապրում, որ մեկ ա, ինչ ուզում ա լինի, մի օր վերադառնալու է իր հայրենիք: Այդ հույսը ոչ մի անգամ չի մարում»,- նշում է արցախցի կինը:
2023 թ. սեպտեմբերի 19-ն աշխատանքային օր էր: Եղանակն արեւոտ էր, Քրիստինան սովորականի պես աշխատանքի էր գնացել համալսարան: Աշխատանքի ժամանակ մայրը զանգահարել էր ու հայտնել, որ դպրոցներում աժիոտաժ է, երեխաների ծնողներին զանգել, ասել են, որ երեխաներին տուն տանեն:
«Չենք հավատացել, որ հնարավոր է ինչ-որ տենց բան լինի: 2020 թվականից հետո հավատացել ենք, որ եթե ռուսի զորքը մեզ հետ է, ապա պատերազմ չի լինի: Այդ հույսով էինք 44-օրյա պատերազմից հետո նորից վերադարձել»,- ասում է Քրիստինան:
Հիշում է, որ սեպտեմբերի 19-ին աշխատակիցներով իջել էին ընդմիջման: Հասցրել էր գյուղից բերված խաղող գնել, ուրախացել էր, որ շրջափակվման ծանր օրերին հաջողվել է ինչ-որ բան գնել:
Սկսված արկակոծությունը խլացրել էր ամեն բան: Շուրջբոլորը վազում էին, իսկ ինքը մի պահ կանգնել էր՝ չիմանալով, թե դեպի որ կողմ գնա: Ի վերջո, շենքի մոտ էր հասել: Նանան էլ դպրոցից էր վազելով տուն հասել: Միասին նկուղ էին իջել: Ռումբերի, արկերի տարափ էր: «Ամբողջ գիշեր չկարողացանք գլուխ հանել նկուղից»,- հիշում է Քրիստինան:
Շրջափակման ժամանակ ամուսինը պայմանագրային զինծառայության էր մտել: Սեպտեմբերի 19-ի նախօրեին կանչել էին դիրքեր: Քրիստինան պատմում է, որ 5-6 օր լուր չունեին նրանից: Ամուսինը Մարտունու ուղղությամբ էր, շրջափակման մեջ: Հետո իմացել են, որ ռուս զինվորների միջոցով են կարողացել են դուրս գալ շրջափակումից:
Արցախից բռնի տեղահանվելու օրը՝ սեպտեմբերի 26-ին, լարվածությունն այնքան մեծ էր, որ չգիտեին, թե որն է ճիշտ՝ մնա՞լը, թե՞ գնալը: «Չգիտեինք՝ որն ա ճիշտը՝ պիտի դուրս գա՞նք, թե՞ չէ: Դաժե էդ օրը չէի սպասում, որ պիտի դուրս գանք: Ամեն գնով սպասում էի ամուսնուս, որ եթե նույնիսկ պիտի լքեմ երկիրս, ապա միայն իր հետ: Դուրս գալու գիտակցում չկար: Նույնիսկ շորերս հավաքելուց մեկը վերցրել եմ, մյուսը թողել: Ինչ մեքենայում տեղավորվել է, էդ եմ վերցրել: Տեղաշոր ու հագուստ եմ վերցրել»,- ասում է նա: Մտածել է՝ մի քանի օրով են դուրս գալու Արցախից, հետո կվերադառնան:
-Մտքով հաճա՞խ եք լինում տանը,- հարցնում եմ:
-Շատ հաճախ,- պատասխանում է Քրիստինան ու փոքր դադարից հետո շարունակում,- լինում է, որ ծաղկեփունջ հավաքելիս մտքով սավառնում եմ իմ տուն:
Ծաղկեփնջի հետ աշխատելու ընթացքում խտանում է նրա հուզմունքը, բայց առհասարակ փունջ հավաքելիս սիրում է, որ լավ տրամադրությամբ լինի:
«Ոնց որ բանաստեղծը ստեղծում է, պատկերացրեք՝ սա էլ էդպիսի մի աշխատանք է: Երբ տրամադրություն չեմ ունենում, չեմ կարողանում բուկետներ ստեղծել, ստեղծագործել: Քո առօրյան էլ, քո տրամադրությունն էլ պիտի համընկնի քո ծաղկեփնջերի հետ: Եթե իմ տրամադրությունը բարձր է, իմ ծաղկեփնջերը շատ ուրախ են լինում, բայց եթե տրամադրություն չի լինում, չեմ էլ ուզում վեր կենալ»,- ասում է նա:
Բռնի տեղահանությունից հետո ընտանիքով հաստատվել են Երեւանում: Նախ փորձել է իր մասնագիտությամբ՝ իրավաբանությամբ, աշխատանք գտնել: Մի քանի պետական կառույցների է դիմել, բայց աշխատանքի չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիություն չունի: Բայց տանը 2-3 օր է մնացել: Աշխատանքի է անցել ծաղկի սրահում, հետո մտածել է, որ իրենց տան մոտ գտնվող խանութը վարձակալեն, որ կարողանա ինքնարտահայտվել: Բայց նկատում է, որ վարձակալած սրահը պահելը շատ դժվար է: Ասում է՝ ամեն օր ինքն իրեն հույս է տալիս, որ լավ կլինի, եւ ներդրումն ու ջանքն արդյունք կտան:
Հիմա էլի աշխատանք է փնտրում: Մտածում է՝ գործի անցնել բուհական համակարգում, բայց չգիտի՝ կվերցնե՞ն աշխատանքի, թե՞ նորից կպատճառաբանեն քաղաքացիություն չունենալու հանգամանքը:
Քրիստինայի երկու զավակներից ավագը՝ որդին, սովորում է Հերացու անվան բժշկական համալսարանում: «Պատիվ ունեմ» ծրագրով է ընդունվել: Հունվարից հետո պայմանագիրը խզել են, պատճառաբանելով Արցախի Հանրապետության չլինելը: Հիմա որդին վճարովի է սովորում: «Գնացել ենք, խնդրել ենք, որպեսզի չխզեն պայմանագիրը, բայց պատճառաբանել են, որ Արցախը չկա, պայմանագիրն էլ խզվում է,- նշում է Քրիստինան ու հավելում,- հիմա փաստի առաջ ենք կանգնել: Դժվար է տան վարձ տալը, բժշկականում ուսանող պահելը, դժվար պայմաններ են: Բայց մեկ է՝ էլի չենք կոտրվում, պիտի հաղթահարենք ամեն ինչ»:
Ծաղկեփունջը քիչ-քիչ հավաքվում է: Դրա ամեն ճյուղի հետ դադարներն ու հուզմունքն ավելանում են: Աչքս անընդհատ ընկնում է սեղանին դրված Արցախի տատիկ-պապիկի նկարով այցեքարտերին: Քրիստինան ժպտում է, բայց ժպիտի հետ միախառնված ցավ կա:
«Ես միշտ լավատես եմ: Մտածում եմ՝ լավ ա լինելու: Երեւի մի ներքին ուժ է, որ ամեն մի հայի մեջ է, թե Աստծո կամքն է, թե ինչ է… Չգիտեմ՝ որտեղից է գալիս այդ ուժը: Բայց ես ինձ համարում եմ ուժեղ արցախցի ու պատրաստ եմ արարել իմ հայրենիքում, կապ չունի, թե հիմա Երեւանում եմ, սա հայի հայրենիքն է: Ես աշխատող տեսակ եմ: Ուղղակի դիմում եմ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, որ թե՛ արցախցուն, թե՛ հայաստանցուն, որն ուզում է ստեղծի, արարի իր հայրենիքում, հնարավորություն ընձեռի, որ կարողանան իրենց երկրում արարել,- ասում է արցախցի կինը,- ապրելու հնարավորություն եմ ուզում, որ կարողանանք այս ամեն ինչից հետո ապրել… Որտեղ գնում ես, վարկ ես ուզում վերցնել, ասում են՝ չես կարող: Կուզենայի իմ սեփական խանութը, ջերմոցներն ունենայի: Որ բանկերին ես դիմում, ասում են՝ եթե քաղաքացիություն չունես, չես կարող օգտվել նման պայմաններից»:
Նանան ուշադիր լսում է մորը, մեր զրույցի ամբողջ ընթացքում միայն մի փոքր դրվագ պատմեց ու կրկին խնդրեց չտեսագրել իրեն:
2023 թ. պատերազմից առաջ էր: Լոտոյով խաղ էին կազմակերպել: Հաղթողները մրցանակ էին ստանում, իսկ պարտվողները՝ տոպրակներ: Մեկին՝ մակարոն, մյուսին աղ էր հասել, իսկ Նանային՝ շաքարավազ:
-Ուրախացած եկել եմ տուն, ասում եմ՝ մամ, պեսոկ եմ շահել՝ երկու բաժակ պեսոկ, հեսա թխվածք եմ թխելու, որ պապան իր հետ տանի, զինակիցների հետ ուտի: Էդ ժամանակ ոչ մի քաղցրեղեն չկար: Մեր վառարանն էլ հին էր, պիտի տաքանար… Ամսի 18-ի գիշերը լույսերը տալիս են ժամը 1-ին: Մամային ասում եմ՝ լույսերը տվել են, շուտ մի թխվածք թխեմ, որ պապան իր հետ տանի, ասում ա ՝ ուշ ա, գնա քնի, վաղը դպրոց ես գնալու: Հիմա գնացել, պառկել եմ քնելու, ասում եմ՝ պապ, չստացվեց, որ թխվածք թխեմ, ոչինչ, որ գաս, կթխեմ, կուտես: Գնում ա: Ու տենց կեսօրին կռիվը սկսում ա: Վազելով տուն եմ գնում, ասում եմ՝ մամ, այ տեսնում ես, որ թխած լինեի, պապան ուտելու բան կունենար,- պատմում է Նանան, հետո ձեռքով մաքրում թաց աչքերը:
Ասում է՝ այդպես էլ երազանք մնաց այդ շաքարավազով իրենց հին վառարանում թխվածք թխելը: «Անընդհատ ասում եմ՝ մամ, էդպես էլ մուրազ մնաց պապայի համար թխվածք թխելը, թարսի պես էլ մեր էս վարձով տանը վառարան չկա թխելու համար»,- նշում է Նանան:
Ձայնագրիչն անջատելուց հետո դեռ լուռ ենք: Բայց հետո լռությունը ցրելու համար Նանային առաջարկում ենք կազմակերպել թխվածք թխելը: Առաջարկը չենք մոռացել: Նանան, կարծես, համաձայն է:
Մեկնաբանել