HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բջնիի մշակույթի տունը չեն վերանորոգում՝ վթարային լինելու պատճառաբանությամբ, մասնավորի ներդրումների դեպքում նման հարց չի քննարկվում

Բջնի գյուղի մշակույթի տան ճակատային հարթաքանդակներից մայրաքաղաքում շատ քիչ շինություններ ունեն՝ թատրոնների շենքերը, որոշ համերգասրահներ և թանգարաններ։ Բջնիին 1973թ-ին վիճակվել է այդպիսի կառույց ունենալ, որովհետև հեղինակն այն նախագծել էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը կառուցելու համար։ Մրցույթում չհաղթած նախագիծն առաջարկվել է Բջնիին՝ մշակույթի տուն կառուցելու համար։

Շենքն այժմ կիսաքանդ վիճակում է։ Հայաստանի անկախացումից հետո շենքի պահպանության համար ներդրումներ չեն արվել, իսկ 2000-ական թվականներից տանիքից հոսող անձրևաջրերից սկսել է քայքայվել։ Պատուհանի ապակիները փշրված են, մուտքը դուռ չունի և ամբողջությամբ բաց է ցանկացած մեկի ելումուտի համար։ Անձրաջրերը, պատն ի վար հոսելով, քանդել են այդ գեղեցիկ կառույցին հավելյալ շքեղություն հաղորդելու նպատակով առաջին հարկի պատին արված որմնանկարից մի հատված։

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանը հինգ մասից բաղկացած «Պատմություն և ներկա» որմնանկարը 1975թ-ին է պատկերել մշակույթի տան պատին։ 2018թ-ից Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկված որմնանկարը ցայսօր վթարային դարձած նախկին մշակույթի տան պատին է։

Որմնանկարը պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկելուց բացի, ոչինչ չի արվել նրա հետագա պահպանության համար։ Անդուռ և անպատուհան շինության մեջ որմնանկարն ապահովագրված չէ ոտնձգություններից, բայց պաշտպանական որևէ միջոցառում չեն ձեռնարկել։ Արդյոք վթարային շենքում գտնվող որմնանկարի պահպանությունը պետք է իրականացվի, մինչև լուծումներ գտնվեն։ Հնարավոր է լուծում են համարում հենց այս բարձիթողի վիճա՞կը՝ մինչև որմնանկարի լիակատար ոչնչացումը։

Հարկ է հիշեցնել, որ 2010թ-ին Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխելու և վերականգնելու համար պետական բյուջեից 20 մլն դրամ ծախսվեց։ Բազմաթիվ արժեքավոր որմնանկարների վերականգնման ու պահպանության համար ֆինանսական միջոցների փնտրտուք է այս պահին, և ցանկալի արդյունքներ չկան։

Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը հրաժարվում է վերանորոգել Բջնիի մշակույթի տունը։ Սկզբում խոստացել է մշակույթի տան վերանորոգումն ընդգրկել 2024թ–ի սուբվենցիոն ծրագրում, իսկ հետո ընդհանրապես հրաժարվել է շենքը վերանորոգելու մտքից՝ պատճառաբանելով, որ այն վթարային է և ենթակա չէ վերանորոգման։ Մինչդեռ, լիցենզավորված կազմակերպությունը Կոտայքի մարզպետարանին եզրակացություն է տրամադրել, որ շենքը ենթակա է վերանորոգման։

3324 քմ տարածք ունեցող նախկին մշակույթի տան ձախ հատվածը ներկայում «բնակեցված» է առաջին հարկի 2038 քմ տարածքը բռնցքամարտի մարզադահլիճն է զբաղեցնում։ Համայնքապետարանը 2013թ ապրիլից այն 25 տարով վարձակալության է տրամադրել գյուղի բնակիչներից բռնցքամարտի մարզիչ Ժորա Ստեփանյանին։ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը տեղեկացնում է, որ վարձակալը բռնցքամարտի ուսուցողական պարապմունքներն անվճար հիմունքներով է իրականացնում։ Բջնի գյուղի ավագանու որոշման համաձայն՝ տարածքը Ժ Ստեփանյանին վարձակալության է հանձնվել տարեկան 2000 դրամ վարձավճարով՝ որպես մարզասրահ օգտագործելու նպատակով։

Մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգված հատվածում պարի ու նկարչության խմբակներ են գործում։ Շենքի այդ հատվածը՝ 300 քմ, 2015թ-ին վերանորոգել է «Առաքելություն մանկություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը։ Բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը դժվար թե համաձայներ վերանորոգել շինությունը, եթե այն վերանորոգման ենթակա չլիներ։

Այդ մասում է տեղակայված նաև Բջնիի համայնքապետարանը, այժմ՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրն է։

Մշակույթի տան մի հատվածն էլ՝ 197.24 քմ, վարձակալության է հանձված «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանություն եկեղեցի» կրոնական կազմակերպությանը։ Տարածքը Բջնիի համայնքապետարանը 20 տարի առաջ՝ 2004թ-ի փետրվարին, չորս տարով՝ մինչև 2008թ-ը, վարձակալության էր հանձնել հիշյալ կրոնական կազմակերպությանը։ «Սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ պայմանավորված, շարունակում է օգտվել գույքից, և պայմանագիրը ճանաչվել է վերսկսված՝ նույն պայմաններով, անորոշ ժամկետով՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի»,- մեր գրությանը պատասխանել է Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը։

Կազմակերպությունը մինչ օրս այդ տարածքի վարձակալն է և համայնքապետարանին տարեկան 84 000 դրամ է վճարում։

Համայնքի ղեկավարը մեզ տրված գրավոր պատասխանում ընդգծել է, որ Բջնիի մշակույթի տան տարածքները վարձակալության են հանձնվել մինչև գյուղը Չարենցավան համայնքում միավորելը։ Ըստ էության, նա համաձայնել է այդ որոշումներին, հակառակ դեպքում համայնքի խոշորացվելուց հետո կարող էր անվավեր ճանաչել։ Սակայն, այստեղ ավելի կարևոր է այն, որ ՀՇահգալդյանը մասնավոր անձանց ու կազմակերպությունների ներդրումների դեպքում շենքի վթարայնությունը խոչընդոտ չի համարում։ Վթարայնության հարցը քննարկվում է, երբ ներդրողը համայնքապետարանը պետք է լինի, կամ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրվի։

Հակոբ Շահգալդյանը մեզ ուղղված պատասխան գրության մեջ հատուկ շեշտել է, որ պարի, նկարչության և բռնցքամարտի խմբակներն անվճար հիմունքներով են գործում։  Ֆորմալ առումով այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ գումար կարող է գանձել համայնքային ՀՈԱԿ–ը՝ ավագանու կայացրած որոշման հիման վրա։

Մշակույթի տների գործունեության կազմակերպաիրավական ձևը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ (ՀՈԱԿ) հիմնելն է, որոնք գործում են հաստատված կանոնադրությամբ, սահմանված են նպատակները, պարտականություններն ու պատասխանատուները։ Ավագանին որոշումներ է ընդունում համայնքային ենթակայության հիմնարկների վերաբերյալ, բայց ոչ անհատ խմբավարների։ Խմբավարները հաշվետու չեն ավագանուն, նրանց գործունեությունը չի գնահատվում, պատասխանատու չեն խմբակներ հաճախող երեխաների կրթության, վարքագծի և անվտանգության համար։

Բջնիում պարի, նկարչության և բռնցքամարտի խմբակները գործել են նաև մինչև 2017թ․-ը՝ մինչև գյուղը Չարենցավանի հետ միավորելը։ Մի տարբերությամբ, որ դրանք նախկինում գործել են «Բջնիի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի ներքո։ Բջնի համայնքի այն ժամանակվա ղեկավարը հնգամյա ռազմավարական ծրագրում նշել էր, որ 125 երեխա է հաճախում մշակույթի տանը գործող պարի ու կերպարվեստի խմբակներ։ Ներկայում պարի խմբում 25 երեխա է ընդգրկված, նկարչության խմբում՝ 21-22–ը, իսկ բռնցքամարտ մարզաձևի խմբակում՝ 20-25 պատանի։

Մտահոգիչ է, երբ անվճար գործելու դեպքում խմբակներ հաճախող երեխաների թիվն այդքան նվազել է։ Պատճառներից մեկը շենքի վթարայնությունը կարող է լինել, ծնողների համար ավելի հիմնավոր պատճառ է շենքում պատասխանատու անձի բացակայությունը։ Խմբավարները որոշակի ժամերի գալիս են պարապմունքների ու հեռանում։ Երեխաները կարող են նշանակված ժամից շուտ գալ, ինչին ականատես եղանք այնտեղ գտնվելու ժամանակ, և ավելի ուշ հեռանալ։ Նման դեպքերում ո՞ւմ պատասխանատվության ներքո են նրանք՝ երբ չկա տնօրեն, մասնագետ և այլն։

Մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել ենք, որ մինչև 2017թ նոյեմբերին Չարենցավանի հետ միավորվելը Բջնի, Արզական և Կարենիս գյուղերում մշակույթի տներ են գործել։ Խոշորացվելուց հետո Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը փակել է բոլոր մշակույթի տները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter