HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Վլադիմիր Գասպարյանի ավտոմեքենաների շուկայական արժեքները պարզելու համար կրկնակի փորձաքննություն նշանակվեց

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 22-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Հարցաքննության նպատակով դատարան էին ներկայացել փորձագետներ, որոնք փորձագիտական եզրակացություն էին տվել մի շարք անշարժ ու շարժական գույքերի շուկայական արժեքների վերաբերյալ։

Առաջին փորձագետը ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանն էր։ Պատասխանողների ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը վերջինիս հարցեր ուղղեց փորձաքննության մեթոդների մասին։ Նա հարցրեց՝ արդյոք գույքերի շուկայական արժեքը որոշելիս տեղազննություն իրականացրե՞լ են։

Փորձագետն ասաց, որ նմանատիպ վարույթներով միշտ փորձագետները միջնորդություն են ներկայացնում վարույթն իրականացնող մարմնին, որ տրամադրվեն գույքերը՝ տեղում հետազոտելու համար, սակայն ոչ միշտ է դա ստացվում և տվյալ դեպքում էլ հնարավորություն չի եղել տեղազննություն իրականացնելու, ընդունվել է, որ այդ գույքերն ունեցելն են միջին վիճակ։ 

Վարազդատ Ասատրյանը հետաքրքրվեց, թե այդ միջին վիճակ ասվածը ո՞րն է և ի՞նչ այլ գույքերի հետ է փորձագետը համեմատել տվյալ ավտոմեքենաները։ Փորձագետ Հովհաննես Գաբրելյանն օրինակ բերեց Վլադիմիր Գասպարյանին պատկանող Mercedes benz s 450 4matic ավտոմեքենան, որի շուկայական արժեքը որոշել է համեմատության մեթոդով, հետևյալ կերպ․ «Մենք ինտերնետային կայքերում հրապարակված, ինչպես նաև փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրված բազաներում հանել ենք 2018 թվականի Mercedes benz s 450 4matic մակնիշի բոլոր վաճառահանված և վաճառքի առաջարկված ելակետային տվյալները, որը եղել է վնասված, խփված, դրել ենք մի կողմ, չենք դիտարկել, որը եղել է, որ ամենավերջին աստիճանի մոդելիզացված է կամ գերազանց վիճակում սարքած է, դա նույնպես չենք կիրառել»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ ինետրնետային կայքեր ասելով նկատի ունի list.am, avto.am, avto.ru կայքերում տեղադրված մեքենաների վաճառքների վերաբերյալ հրապարակումները։ Սակայն փորձագետը այս հաշվարկները չէր կցել եզրակացությանը՝ նշելով, որ նման պարտադիր պահանջ չկա։ Վարազդատ Ասատրյանն ասաց, որ փորձագիտական եզրակացության արժանահավատությունն իր կողմից կասկածի տակ է դրվում, քանի որ տեղազննություն չի իրականացվել, հիմք է հանդիսացել պատվիրատուի դիտարկումները, իսկ գնահատողը, իր կարծիքով, պետք է օբյեկտիվ լինի։ «Ձեր ո՞ր իրավասությունն է հիմք տվել ձեզ, որ նման պատվեր իրականացնեք»,- հարցրեց Ասատրյանը։

Փորձագետը պատասխանեց, որ գնահատում չի իրականացրել, այլ շուկայական արժեքն է որոշել, բացի այդ՝ ոչ մի ստանդարտ չկա, որ տեղազննություն իրականացնելը պարտադիր է փորձագետի համար։ Փաստաբան Վարազդատ Ասատրյանը հարցը կրկնեց․ «Ո՞ր իրավական հիմքով եք ղեկավարվել, երբ հայցվորի, այսինքն՝ Դատախազության նման պահանջը շարունակել եք իրականացնել այն պարագայում, երբ պահանջել եք տեղազննություն իրականացնել և մերժում եք ստացել։ Նման լիազորություն կամ իրավունք ունե՞ք, թե հայեցողական է»,- ասաց Ասատրյանը։

Փորձագետը կրկին նշեց, որ հայեցողական չէ, բայց նման ստանդարտ չկա, որ փորձագետը անպայման պետք է տեղում հետազոտություն իրականացնի։ 

Վարազդատ Ասատրյանը շարունակեց հարցը պնդել․ «Ձեր նման լիազորությունը որևէ տեղ սահմանված չէ, բայց նաև դիտարկել եք, որ օրենքում էլ նման կարգավորում չկա, որ առանց տեղում հետազոտություն իրականացնելու սահմանափակեր շուկայական արժեք որոշելու հարցում»։ 

Պատասխանողների ներկայացուցիչը նշեց նաև, որ գրականության ցանկում հղում է տրված «Գույքի գնահատման մասին» օրենքին, այլ իրավական ակտերին, գործող ստանդարտին։ Իսկ գործող ստանդարտում նշված է, որ գնահատման հիմնական փուլերում իրականացվում է գնահատվող գույքի տեղազննություն, «Գույքի գնահատման մասին» օրենքով նույնպես, ըստ Ասատրյանի, պարտադիր պայման է տեղազննություն իրականացնելը։ «Այս օրենքների պահանջները ձեր մասով կիրառելի՞ են, թե՞ կիրառելի չեն»,- հարցրեց Ասատրյանը։ 

Փորձագետն ասաց, որ կիրառելի չեն, քանի որ գնահատումը և փորձաքննության եզրակացության տրամադրումը տարբեր ինստիտուտներ են։ Իսկ տվյալ իրավական ակտերի՝ գրականության ցանկում ներառված լինելը չի նշանակում, թե փորձաքննության հիմքում դրանք դրվել են, այլ դա այն մայր գրականությունն է, որը պարտավոր է ուսումնասիրել փորձաքննություն իրականացնողը։ Ըստ նրա՝ հարյուրավոր գրքեր կան, սակայն հիմնական և գլխավոր գրականությունն է նշվել այդտեղ։

Դատախազ Համլետ Հարությունյանը առարկեց Վարազդատ Ասատրյանի այս հարցերի դեմ՝ նշելով, որ փորձագետի լիազորությունները պարզելուն ուղղված հարցեր է տալիս Վարազդատ Ասատրյանը, այլ ոչ թե բուն եզրակացության վերաբերյալ հարցեր։

Անցնելով ներդրումային արժեքներին՝ Վարազդատ Ասատրյանը փորձագետին հարցներց, թե դրանք ի՞նչ հիմքերով են որոշվել և որո՞նք են ընդունվել որպես ելակետային տվյալներ։ 

«Ներդրումային արժեքները պարզվում են կադաստրային գործի ուսումնասիրությամբ։ Իմ կողմից երեք, թե չորս ներդրումային արժեք է պարզվել այս եզրակացությամբ»,- ասաց փորձագետը։

Վարազդատ Ասատրյանը կրկին բարձրացրեց այն հարցը, որ առանց տեղազննություն իրականացնելու ո՞ր տվյալներն է հիմք ընդունել փորձագետը։ 

Փորձագետը նշեց, որ և՛ լիցենզավորված չափագրողի կողմից կազմված շինությունների բնութագրերում, և՛ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կադաստրային գործում առկա տվյալներում թե՛ տանիքի, թե՛ ծածկի, թե՛ մաշվածության աստիճանի և այլնի վերաբերյալ ամփոփ հաշվարկ կա։ «Ինչը որ փաստաթղթերում երևացել է, մենք այդ ելակետային տվյալներով ներդրումային արժեքը պարզել ենք»,- ասաց փորձագետը։ 

Դատախազ Համլետ Գևորգյանը ճշտող հարցով բացահայտեց, որ այն տվյալները, որոնցից օգտվել է փորձագետը, չափագրողի կողմից են տրամադրված եղել, վերջինս էլ տեղում զննություն կատարելուց հետո է կազմել շինությունների վերաբերյալ բնութագրերը։ Փորձագետը հաստատեց այս փաստը՝ նշելով, որ եզրակացության հիմքում դրվել են այն տվյալները, որոնք կազմել է չափագրողը՝ գույքը տեղում տեսնելով։

Փորձագետը նշեց նաև, որ 2017 թվականին կառուցված շինությունների ներդրումային արժեքներն է պարզել։ Դատախազ Համլետ Հարությունյանը կրկին ճշտող հարց հնչեցրեց․ «Ձեր տրված եզրակացության մեջ, որտեղ տրված է, որ 2017 թվականին այսքան գումար է ծախսվել շինարարության համար, վերաբերել է փորձաքննության իրականացման պահին գործող վկայականում արձանագրված շինություններին, որոնց շինթույլտվություններն էլ են տրվել 2017-ին, չափագրողի ակտն էլ է կազմվել 2017-ին, ավարտականն էլ է կազմվել 2017-ին։ Այսինքն՝ կարո՞ղ եմ ես դրանից ենթադրել, որ նույնիսկ եթե 2013, 2014 թվականին այլ շինություններ առկա եղած լինեին, Դուք գնահատել եք  2017 թվականին իրականացրած շինարարության արժեքը, և 2017-ի բոլոր փաստաթղթերը վերաբերում են 1277,88 քառակուսի մետր մակերեոսով շինություններին»։ Փորձագետը հաստատեց դատախազի այս պնդումը։

Հաջորդ փորձագետին ևս Վարազդատ Ասատրյանը նույնաբույթ հարցեր ուղղեց՝ առանց տեղազննություն իրականացնելու շուկայական արժեքը որոշելու մասին, եզրակացության հիմքում դրված գրականության մասին։ Ասատրյանը կրկին արձանագրեց այն փաստը, որ եզրակացությանը փորձագետները չեն կցել հաշվարկները, համեմատությունները, որոնց հիման վրա տվել են եզրակացությունը։ Դատարանը պահանջեց փորձագետներին ներկայացնել այդ հաշվարկները։ 

Փորձագետների հարցաքննությունից հետո Վարազդատ Ասատրյանը միջնորդեց կրկնակի փորձաքննություն իրականացնել, քանի որ իր համար արժանահավատ չեն այս եզրակացությունները։ Ըստ Ասատրյանի՝ միայն տրանսպորտային միջոցների մասով իր հաշվարկներով՝ 30-40% պակաս արժեք է ստացվում, քան փորձագետների ներկայացրած արժեքներն են։

Դատախազ Համլետ Հարությունյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ չկան բավարար հիմքեր կրկնակի փորձաքննության համար։ Ըստ դատախազի՝ պատասխանող կողմի ներկայացուցիչը միայն պնդում է, որ արժանահավատ չեն, սակայն որևէ ապացույց կամ հիմք չի ներկայացնում։

Դատարանը որոշեց միջնորդությունը մասնակի բավարարել։ Այն գույքերի մասով, որոնց բնեղենով բռնագանձման պահանջ է ներկայացրել դատախազությունը և բռնագանձման անհնարինություն չի տեսել, դատարանը կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չտեսավ, իսկ մյուս գույքերի մասով նշանակվեց կրկնակի փորձաքննություն, որ տեղազննության պայմաններում պարզվի դրանց շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ։ Կրկանկի փորձաքննության ենթակա գույքերն են՝ Range rover sport 4.2 sc մակնիշի, Nissan pathfinder 6 մակնիշի և Mercedes benz s 550 մակնիշի ավտոմեքենաները։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 29-ին՝ 15։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter