HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պարույր Սևակ 5 /1 շենքի սեփականատերը պատրաստվում է առանց պայթեցման թույլտվության քանդել շենքը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ  5 /1 հասցեում գտնվող շենքի նոր սեփականատերը պատրաստվում է պայթեցնել այն կառուցապատում իրականացնելու համար։ Հարակից շենքերի բնակիչներն անհանգստացած են` պայթեցման աշխատանքները կարող են թուլացնել իրենց շենքերի սեյսմակայունությունը։

Մարիամ Հակոբյանի բնակարանը Պարույր Սևակ 5 հասցեում է։ Մոտ երկու շաբաթ առաջ նա եւ հարևան շենքերի այլ բնակիչներ տեսել են, որ կիսավեր շենքի հիմքերը թուլացնում են։ Հետաքրքրվել են ու պարզել, որ շենքը շուտով պայթեցվելու է։

Մարիամի խոսքով՝ առաջին հերթին դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն հստակ պատասխան չեն տվել, ասել են՝ տեղյակ են։

Օրեր առաջ՝ հուլիսի 19-ին, պայթեցման աշխատանքներ կատարող «Նորտեխշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչներին, լսել նրանց բողոքը։ Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ պայթեցման թույլտվություն ունեն և եթե պայթեցումից վնասվեն հարակից շենքերը, ուրեմն այդ շենքերն ի սկզբանե ամուր կառուցված չեն եղել։ Իրենք մեղավոր չեն լինի։ «Նորտեխշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հավելել է, որ միևնույն է՝ պայթեցման աշխատանքները կատարվելու են։

Ներքին գործերի նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք ընկերությունն ունի պայթեցման թույլտվություն։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասաց, որ նախարարությունը պայթեցման աշխատանքները թույլատրելու իրավասություն չունի, դա Երեւանի քաղաքապետարանի իրավասությունն է։ «Քանդման եղանակի հավանության եզրակացություն տվել է ՆԳՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը՝ նշելով, որ պայթեցման եղանակը համապատասխանում է օրենքով սահմանված կարգին, բայց Ներքին գործերի նախարարությունը իրավասություն չունի թույլատրել պայթեցման աշխատանքները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Պայթեցման աշխատանքների համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը, որն այս պարագայում առկա չէ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հետքին» ասաց, որ 2024 թվականի գարնանը՝ մարտի  26-ին, «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն ստացել է քանդման թույլտվություն, բայց  քանդման այդ եղանակին՝ պայթեցմանը, Երևանի քաղաքապետարանը հավանություն չի տվել։

Պայթեցման եղանակով քանդումը, ըստ քաղաքապետարանի, ընդունելի չէ։

«Անգամ եթե ընկերությանը հաջողվի առանց Երևանի քաղաքապետարանին իրազեկելու իրականացնել պայթեցում՝ կտուգանվի։ Բացի այդ, ըստ օրենքով սահմանված կարգի՝ պայթեցման աշխատանքներն իրականացնելու համար պետք է ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների և քաղաքապետարանի համաձայնությունը, որն առկա չէ»,-հայտնեց Հայկ Կոստանյանը։

«Հետքը» կապ հաստատեց պայթեցման աշխատանքներ կատարող ընկերության՝ «Նորտեխշին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանի հետ։ Նա մեզ հավաստիացրեց, թե ունեն համապատասխան թույլտվություն։ Նշեց, որ քաղաքապետարանից ունեն քանդման թույլտվություն, իսկ ՆԳՆ-ից պայթեցման նախագծի դրական եզրակացություն են ստացել։ Ամենայն հավանականությամբ, աշխատանքները կկատարվեն այս շաբաթվա վերջին, բնակիչները կիրազեկվեն նախապես՝ օրենքով սահմանված կարգով, քաղաքապետարանի և վարչական շրջանի կողմից։

Այն պնդմանը, որ քաղաքապետարանը չի թույլատրել պայթեցման միջոցով քանդել, Վազգեն Պետրոսյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը չունի համապատասխան մասնագետ նման եզրակացություն տալու համար։ «Քաղաքապետարանը չի թույլտվություն տվողը, մենք լիցենզավորված կազմակերպություն ենք։ Այդ եզրակացությունը տվել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ը, որը Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ է, գուցե մամլո խոսնակը տեղյակ չլինի, բայց թույլտվություն տրամադրողը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն է»,-հայտնեց Վազգեն Պետրոսյանը։

«Հետքը» փորձեց ստանալ նաեւ տարածքի սեփականատիրոջ՝ «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ի ղեկավար Արմեն Մուրադյանի մեկնաբանությունը։ Վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր։

Ստացվում է՝ Ներքին գործերի նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել պայթեցման եղանակով շենքն ապամոնտաժելուն, Երևանի քաղաքապետարանը գարնանը տվել է քանդման թույլտվություն, բայց հավանություն չի տվել պայթեցման եղանակով քանդմանը։ Սակայն սեփականատերը բնակիչներին համոզում է, որ ունի պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն: 

Պարույր Սևակ 5 /1 հասցեի հարակից շենքների բնակիչներն անհանգստացած են իրենց շենքերի ճակատագրով, քաղաքապետարանը չի թույլատրում պայթեցում իրականացնել, բայց սեփականատերը պատրաստվում է շաբաթվա վերջին պայթեցնել Պարույր Սևակ 5/1 հասցեի շենքը։

Կոլաժը՝ Հայկ Մակիյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter