
Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում կամ այլ երկրներում Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Ռուսաստանում և այլ հարթակներում բանակցել Հայաստանի հետ։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպումը կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։
«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել հայկական կողմի հետ բանակցել Ռուսաստանում և այլ հարթակներում»,- ասել է Հաջիզադեն։
Այսօր, ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների համար։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների հունով Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը։ Պատրաստ ենք, միշտ դա ընդգծել ենք, անել դա նաև հետագայում։ Երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ նրանց համար նախընտրելի երկկողմ ձևաչափով»,- նշել էր ռուսաստանցի դիվանագետը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել