HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Բաշկորտոստանի Հանրապետության արբիտրաժային դատարանը 2023թ. մայիսի 12-ին սնանկ է ճանաչել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս չի կատարել մի շարք հարկային պարտավորություններ, ինչն էլ սնանկության հիմք է հանդիսացել։ Սնանկ, այլ կերպ ասած՝ անվճարունակ ճանաչվելու համար դատարան դիմել է հենց Դ. Ղումաշյանը: Վերջինս դատական նիստերին չի մասնակցել, դիմում է ուղարկել, որ նիստերն անցկացվեն իր բացակայությամբ՝ գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Ըստ դատարանի որոշման՝ Դավիթ Ղումաշյանն ունեցել է այգեգործության համար նախատեսված երկու հողամաս՝ 416քմ և 406քմ՝ Իգլինսկի շրջանում, 38քմ բնակարան, ինչպես նաև 141,4 քմ տարածք, 264,6քմ և 298,5 քմ ոչ բնակելի տարածքներ և 2486 քմ հողամաս։ Բացի երկու հողատարածքից, մյուս անշարժ գույքը գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆա քաղաքում: Ոչ բնակելի տարածքներից մեկն ու մեծ հողատարածքը ձեռք է բերվել հիպոթեքով: Ունեցել է նաև տրանսպորտային միջոցներ՝ 2015թ. արտադրության «Harley Davidson ON XL1200X» մակնիշի մոտոցիկլետ և  1998թ. արտադրության «GAZ 3302» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Ուշագրավ է, որ Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնությունում ունեցել է 9 միավոր գույք՝ երկու ավտոմեքենա և յոթ անշարժ գույք։ Դրանք ձեռք են բերվել 2007-2012թթ․ ընթացքում։ Անշարժ գույքից չորսն օտարվել է։ 2014թ․ օտարվել է 141․4 քմ մակերեսով տարածք, իսկ մյուս երեքն օտարվել են 2023թ․ մայիսի 18-ին՝ սնանկ ճանաչվելուց 6 օր հետո։ Մասնավորապես՝ օտարվել է 264․6քմ տարածք և 2324 քմ և 298,50 քմ մակերեսներով կառույցներ։ 

Սակայն, օտարման ենթակա գույքի ցանկում ներառվել է միայն երկու հողատարած՝ 406 և 416 քմ մակերեսներով, ինչպես նաև 38 քմ մակերեսով բնակարանն ու երկու տրանսպորտային միջոցը։

Սնանկ ճանաչելուն զուգահեռ դատարանը սահմանել է Ղումաշյանի գույքի իրացման կարգը՝ մինչև 2023թ. նոյեմբերի 3-ը: Սակայն, արբիտրաժային դատարանի որոշմամբ այս ժամկետը 6 ամսով երկարացվել է՝ գույքի իրացման վերջնաժամկետ սահմանելով 2024թ. ապրիլի 25-ը: Սակայն, արբիտրաժային դատարանն այս տարվա ապրիլի 25-ին որոշել է դարձյալ երկարաձգել գույքի վաճառքի ժամկետը 6 ամսով: Սահմանվել է, որ վաճառքի արդյունքների և հաշվետվության համար նիստ կանցկացվի 2024թ. հոկտեմբերի 22-ին:

Դավիթ Ղումաշյանը դիմում է ներկայացրել նույն արբիտրաժային դատարան՝ խնդրելով իրացման ենթակա գույքի ցանկից հանել Ուֆա քաղաքում գտնվող 38 քմ մակերեսսով բնակարանը, պատճառաբանելով, որ այն իր միակ բնակարանն է: Դատարանը 2023թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացրել նշված բնակարանը հանել վաճառման ենթակա գույքի ցանկից:

Նշենք, որ ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Դ. Ղումաշյանը 38 քմ բնակարանը գնել է 2009թ.՝  մոտ 2 մլն 686 հազ․ ռուբլիով:

Թեև արբիտրաժային դատարանը բավարարել է Ղումաշյանի դիմումը՝ սնանկ ճանաչելու վերաբերյալ՝ Ռուսաստանի պետական մարմինները, բանկերը դիմում են դատարան, որպեսզի ընդգրկվեն պարտատերերի ցուցակում: Մասնավորապես՝ «Ռոսսելխոզբանկ» ԲԲԸ-ը դիմել է նույն արբիտրաժային դատարան, որպեսզի Դ. Ղումաշյանի սնանկության գործով ընդգրկվի պարտատերերի ցուցակում: Այս դիմումի քննությունը դեռ շարունակվում է:

Նույն պահանջով դատարան է դիմել և պարտատերերի ցուցակում ընդգրկվել է նաև հարկային մարմինը՝ հայտնելով, որ Դավիթ Ղումաշյանը բյուջետային վճարումների մասով պարտք է մոտ 1 մլն 4700 ռուբլի: Ղումաշյանը չի կատարել անշարժ գույքի և ավտոմեքենաների հարկային պարտավորությունները:

Հարկ է նշել, որ բոլոր փաստաթղթերում նշված է, որ Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, այսինքն փաստացի՝ երկքաղաքացի։

Էլեկտրոնային վաճառքի հարթակներում հայտարարություններ են տարածվել Դ. Ղումաշյանին պատկանող անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ: Մասնավորապես՝ 416 քմ հողամասի վաճառքի գին է սահմանվել 295 հազ. ռուբլի, այնուհետև գինն իջել է՝ դառնալով 265 հազ. 500 ռուբլի, իսկ 406 քմ, հողամասի արժեքը՝ 260 հազ. 100 ռուբլի: Սակայն հողատարածքների գները մի քանի անգամ  իջել են՝ հասնելով 45-46 հազ. ռուբլի:

«Harley Davidson ON XL1200X» մակնիշի մոտոցիկլետը ձեռք է բերել 625 հազ, ռուբլիով, իսկ «GAZ 3302»-ը՝ 133 հազ․։ 

Ո՞վ է Դավիթ Ղումաշյանը

Դավիթ Ղումաշյանը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ։ 2016թ․ հոկտեմբերի 2-ին ընտրվել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար, հետո վերընտրվել այդ պաշտոնում։ 

2022թ․ սեպտեմբերի 22-ին ավագանու ընտրություններ են կայացել Ալավերդի համայնքում, որտեղ Դավիթ Ղումաշյանն արդեն «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարն էր՝ պատգամավոր Արեն Մկրտչյանից հետո։ Ընտրությանը մասնակցել է 4 քաղաքական ուժ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը առաջ է անցել իշխող ՔՊ կուսակցությունից, և ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանն ընտրվել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար։

2023թ․ դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան՝ 6։30-ից, ոստիկանությունը շրջապատել էր Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքը՝ Ալավերդի համայնքի գործող ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացն ապահովելու համար։ Շենքի առջև հավաքված համայնքի ղեկավարին, ավագանու «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության անդամներին, նաև՝ համայնքապետարանի աշխատակազմին ու դրսում հավաքված բնակչությանը թույլ չէին տվել մտնել վարչական շենք։

Կարմիր բերետավորների ուղեկցությամբ ավագանու նիստերի դահլիճ են մտել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը գլխավորել էր ՔՊ ցուցակը ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ապա մեծամասնություն չդառնալուց հետո ինքնաբացարկի դիմում ներկայացրել, և ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամները։ 

Նույն օրը՝ ժամը 10։53 րոպեին, հայտարարվել էր, որ ընտրությունն ավարտվել է, ավագանու 14 անդամ մասնակցել է քվեարկությանը։ Ամփոփելով՝ հայտարարվել էր, որ ավագանին անվստահություն է հայտնել Արկադի Թամազյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրել է համայնքի ղեկավար։

Դրանից հետո մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որ ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ինքնին իրավական, թեև ծայրահեղ միջոց է, սակայն այն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի,  իրավունքների իրացման խոչընդոտման միջոցով:

«Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը»,- նշված էր հայտարարության մեջ։

Ռուսաստանում ունեցել է ընկերություններ, զբաղեցրել է տնօրենի պաշտոններ

Դավիթ Ղումաշյանը, գույք ունենալուց բացի, Ռուսաստանում նաև գործարարությամբ է զբաղվել։ Նա ոչ միայն ընկերություների սեփականատեր է եղել, այլև զբաղեցրել է տնօրենի պաշտոններ այլ անձանց պատկանող ընկերություններում։

«Յունիթի» ՍՊԸ-ն (ЮНИТИ) գրանցվել է 2015թ. հուլիսին: Հիմնադիրը եղել է Դավիթ Ղումաշյանը: Վերջիս նաև տնօրենի պաշտոնն է զբաղեցրել: Ընկերությունն իրականացրել է ոչ մասնագիտացված մեծածախ առևտուր, զբաղվել է նաև բնակելի և ոչ բնակելի շենքերի, ճանապարհների, ջրային կառույցների կառուցման գործունեությամբ:  Ընկերության կանոնադրային կապիտալը կազմել է 70 հազ. ռուբլի: Լուծարվել է 2023թ. հունվարի 9-ին:

«Եվրոպա Քոմթրեյդ» ՍՊԸ-ն (ЕВРОПА КОМТРЕЙД) Ռուսաստանում պետական գրանցում ստացել է 2008թ․-ի հոկտեմբերին: Դավիթ Ղումաշյանը ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2015թ. օգոստոսից: Ընկերությունը վերակազմակերպվել է միաձուլման եղանակով՝  2018թ. օգոստոսին: Իրավահաջորդը դարձել է «ՅՈՒՆԻԹԻ» ՍՊԸ-ն, որը, ինչպես նշեցինք, լուծարվել է 2023թ. տարեսկզբին:

«ՅՈՒՆԻԹԻ» ընկերությունը հանդիսացել է նաև «Գրուզ-Լոգիստ» ՍՊԸ-ի (ГРУЗ-ЛОГИСТ) իրավահաջորդը: Վերջինս պետական գրանցում ստացել է 2010թ. մայիսին և մատուցել է մաքրման, ջրի ֆիլտրման, տրանսպորտային միջոցների սպասարկման և վերանորոգման և այլ ծառայություններ: Ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը եղել է Դավիթ Ղումաշյանը: Ընկերությունը միաձուլման եղանակով վերակազմակերպվել է 2017թ. օգոստոսին:

Դավիթ Ղումաշյանը գլխավոր տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև «Ստիմուլ» ՍՊԸ-ում (СТИМУЛ) 2015թ. նոյեմբերից մինչև 2019թ. հունվարը, երբ ընկերությունը լուծարվել է: 2015թ․-ից 3 տարի գլխավոր տնօրեն է եղել նաև «Դեկոր Բուրժուա» ՍՊԸ-ում (ДЕКОР БУРЖУА): Ղումաշյանը հիմնադրել է նաև «Արմ-Ուրալստրոյ» ՍՊԸ-ն (АРМ-УРАЛСТРОЙ), որը նույնպես լուծարված է:

Չի հայտարարագրել գույքն ու եկամուտները

Դավիթ Ղումաշյանը 2020թ․-ից հայտարարագրեր է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Իր հայտարարագրերում որևէ անգամ չի նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում գույք ունի, ընկերության սեփականատեր է, շահաբաժին է ստացել կամ գույքի օտարումից՝ եկամուտներ:

Դավիթ Ղումաշյանը Ռուսաստանի Դաշնության արբիտրաժային դատարան տեղեկություններ է ներկայացրել, որ գրանցված ամուսնության մեջ չէ, չունի անչափահաս երեխաներ: Բացի այդ, դատարանին տեղեկություն է ներկայացվել, որ տվյալ ժամանակ չի աշխատել: Սա այն դեպքում, երբ իրականում Դ. Ղումաշյանն ամուսնացած է և խնամքին ունի երկու անչափահաս երեխա: Փաստացի, պաշտոնյան դատարանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել։

Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա 2023թ․ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի համաձայն՝ ունեցել է 9 անշարժ գույք՝ 2 առանձնատուն Լոռու մարզի  Ալավերդի և Շնող բնակավայրերում, 4 միավոր հողատարածք՝ Շնող գյուղում, արտադրական և հասարակական նշանակության 2 շենք-շինություն՝ Շնող և Նեղոց գյուղերում: Ղումաշյանը հայտարարագրել է նաև 1 բնակարան Շնող գյուղում։ Համայնքի ղեկավարը հայտարարագրել է նաև 2016թ․ արտադրության «CHEVROLET» մակնիշի ավտոմեքենա։ 

Դ․ Ղումաշյանը արտերկրում գտնվող անշարժ գույքը և տրանսպորտային միջոցները  չի հայտարարագրել։ Ընդ որում՝ նա այդ գույքը չի նշել նաև նախորդ՝ 2020-2022 թթ․ հայտարարագրերում։ Միայն 2020թ․ հայտարարագրում Դ․ Ղումաշյանը, որպես եկամուտ, նշել է վարձակալությունից ստացված 47 հազ․ ռուսական ռուբլի։ Սակայն, այս փաստը պատշաճ ուշադրության չի արժանացել, թե ինչ գույք է վարձակալության հանձնվել, եթե եկամուտը ստացվել է արտարժույթով, իսկ արտերկրում գտնվող գույքի մասին հայտարարագրերում տեղեկություններ չկան։

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2023թ․ տարեվերջի դրությամբ Ղումաշյանն ունեցել է 12 մլն դրամ կանխիկ գումար և 261 հազ․ դրամ բանկային հաշիվներում առկա մնացորդ։ Տարվա եկամուտը կազմել է մոտ 6 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձերից։

 Ճարպկությո՞ւն, թե՞ պատասխանատվությունից խուսափելու փորձ

Քանի որ ուսումնասիրում էինք Դավիթ Ղումաշյանի գույքին վերաբերող տեղեկությունները, վերջինս, իմանալով այդ մասին, դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի թույլ տան նշված գույքը ներառվել հայտարարագրում:  

Պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք նաև Դավիթ Ղումաշյանին, նա «Հետք»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ Ռուսաստանի Դաշնության արբիտրաժային դատարանում սնանկության գործընթաց է գնում։

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ինչու իր ոչ մի հայտարարագրում նշում չկա արտերկրում ունեցած գույքի մասին, օտարումների վերաբերյալ ևս տեղեկություններ չկան, ինչը ենթադրում է, որ թաքցրել է նաև եկամուտները։ 

«Ես հայտարարագրել եմ ամբողջը, ինչ ունեմ, իսկ որը որ բացթողում է եղել, չի հայտարարագրվել, ի լրումով ուղարկվել է, որ լրացվի։ Ի սկզբանե տեղեկատվություն կար, որ հայտարարագրելու կարիք չկա, հետո ճշտել ենք, որ կարիքը կա, ի լրումով հայտարարագրել ենք»,- ասում է Դավիթ Ղումաշյանը՝ նշելով, որ օրեր առաջ է գրությունն ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Դ․ Ղումաշյանից հետաքրքրվեցինք նաև, թե ՌԴ արբիտրաժային դատարան ինչու է տեղեկություններ ներկայացրել, որ գրանցված ամուսնության մեջ չէ, չունի անչափահաս երեխաներ։ Համայնքի ղեկավարն ասաց, որ չի ցանկանում դա մեկնաբանել, քանի որ դատական նիստեր են դեռ գնում։

Դ․ Ղումաշյանն այդ հարցից հետո ասաց, թե «մեկ հատ հարց էլ չէ, կես հատ էլ չէ, այդ հարցերին չեմ պատասխանում»։

Նշենք, որ Ալավերդի համայնքի ղեկավարը չթաքրեց, որ նա երկքաղաքացի է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Գլխավոր լուսանկարը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter