
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստում որոշել է վարչական տույժ կիրառել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի նկատմամբ։ Հանձնաժողովը ուսումնասիրել էր «Հետքի»՝ «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» և Հետք Մեդիա Գործարանի «Տեղի գնումները համայնքապետի կնոջից, քեռուց և քեռակնոջից» հոդվածները և հուլիսի 4-ի նիստում վարույթ էր հարուցել համանքապետի նկատմամբ։
««Հանրային ծառայությունների մասին» օրենքի համաձայն` եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոնատար անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանականերում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերվող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ»,- ասված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Իսկ եթե պաշտոնատար անձը չունի վերադաս, ապա նույն հայտարարությունը պետք է ներկայցնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նշված դեպքում Դավիթ Ղուլունցը չի ներկայացրել հայտարարություն շահերի բախմանը վերաբերվող հանգամանքների մասին։
Հանձնաժողովը որոշում է կայացրել Դավիթ Ղուլունցին տուգանել 300 հազար դրամի չափով։
Մեկնաբանել