Շենքի հիմնական պատը քանդելու համար միայն տուգանք է սահմանված
Բնակելի բազմաբնակարն շենքի հիմնական պատի վրա քանդման աշխատանքներ են կատարվում՝ լուսամուտ տեղադրելու համար։ Քաղաքապետարանը վարչարարություն է իրականացնում, իսկ բնակիչները անհանգստացած են՝ սեյսմիկ անվտանգության վրա է ազդում։
«Հետք»-ին է դիմել Կենտրոն վարչական շրջանի Ֆրիկի 4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչ Էլեն Բաբալյանը։ Նա մեզ հայտնեց, որ շենքի հիմնական պատի վրա անցք է բացվել՝ լուսամուտ տեղադրելու նպատակով, ինչը, ըստ նրա, ապօրինի է։ «Նոր պատուհան են բացել, դրանով ազդել են շենքի սեյսմիկ անվտանգության վրա։ Շենքում ևս երկու պատուհան է բացվել այդ կողմից, բայց այդ ժամանակ ես չեմ բնակվել այս շենքում, ես նախկինում արվածների հետ կապված ոչինչ չեմ կարող անել, բայց այժմ կատարվողի հետ կարող եմ»,- ասում է Էլենը։
Նա դիմել է Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացրել քանդման աշխատանքների մասին։ Երևանի քաղաքապետարանից հարցրինք՝ արդյոք շինարարական աշխատանքները ապօրինի են, թե ոչ։ Քաղաքապետարանից պատասխանեցին, որ շինարարությունը կատարվել է առանց համապատասխան թույլտվության։ Շենքի երրորդ հարկում՝ հիմնական պատի վրա, քանդման աշխատանքներ են իրականացվում՝ լուսամուտ տեղադրելու համար, ինչպես նաև՝ նույն բնակարանի պատշգամբի վերակառուցման աշխատանքներ։ Քաղաքապետարանից նշեցին՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով հայտնաբերվել է իրավախախտու, և կազմվել է արձանագրություն։ Ներկա պահին վարչարարություն է իրականացվում։
Օրենքի այդ կետով եթե շենք-շինություններում առանց համապատասխան թույլտվության շինարարություն է կատարվում, ապա այդ իրավախախտման համար սահմանված է տուգանք՝ 750 հազարից մինչև 1, 5 մլն դրամ։
Քաղաքապետարանից հայտնում են՝ նմանատիպ խախտումների դեպքում, որոնք արձանագրվում են, հրավիրվում է Իրավաբանական վարչության նիստ, որի ընթացքում որոշվում է տուգանքի չափը։ Այդ նիստին հրավիրվում է նաև խախտում արած քաղաքացին, որը նախապես ծանուցվում է իր կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ։ Օրենսդությունը, բացի տուգանքից, այլ բան չի սահմանում:
Ստացվում է՝ ցանկացած ոք կարող է քանդել շենքի հիմնական պատերը, վտանգել շենքի մյուս բնակիչների անվտանգությունը, խաթարել շենքի արտաքին տեսքը և միայն տուգանվել:
Մեկնաբանել