HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու ընտանիքի անդամների գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Վերջիններս հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Դատախազություն է հրավիրվել ոչ միայն Սամվել Սանամյանը, այլև կինը՝ Հասմիկ Սիսակյանը, որդիները՝ Էդուարդ, Դավիթ և Կարո Սանամյանները, ընտանիքի հետ փոխկապակցված Նոնա Գրիգորյանը, Տաթեւիկ Աստաբացյանը և Լուիզա Սանամյանը:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հայտնում, թե նրանց որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ է ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Սամվել Սանամյանն ու ընտանիքի անդամները, փոխկապակցված անձինք կարող են ապացույցներ ներկայացնել, դիրքորոշումներ, որոնք հնարավոր է փոփոխություն առաջացնեն բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի տարբեր տարիների վարձակալների մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են և նրանց փոխկապակցված անձինք, որոնց թվում են՝ Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքը, Երևանի քաղաքապետի նախկին գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանի որդին, ինչպես նաև «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ ԱՄՆ-ում ձերբակալված անձինք:

«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Օղակաձև զբոսայգում վարձակալած տարածքում թենիսի կորտեր են, որտեղ գործում է թենիսի «Արարատ» ակումբը: Գրել էինք, որ ընկերության տնօրենը եղել է Սամվել Սանամյանի որդին՝ Էդուարդ Սանամյանը, ով այժմ անցնում է ենթադրաբար ապօրինի գույքի բռնագանձման գործով:

Սամվել Սանամյանը 2017թ. պատգամավոր էր ընտրվել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, սակայն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել՝ մանդատը հանձնելով այլ թեկնածուի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter