HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրաստիճան պաշտոնյաներից՝ մինչև քրեական դեմքեր․ ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն (մաս 4)

«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Օղակաձև զբոսայգում տարածքներ վարձակալած, կառուցապատում իրականացրած անձանց և ընկերություններին: Այս անգամ անդրադառնում ենք զբոսայգու 4-րդ հատվածին:

Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի «Հետք»-ին տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի տարբեր տարիների վարձակալների մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են և նրանց փոխկապակցված անձինք, որոնց թվում են՝ Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքը, Երևանի քաղաքապետի նախկին գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանի որդին, ինչպես նաև «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ ԱՄՆ-ում ձերբակալված անձինք:

Նախկին հյուպատոսն ու բարձրաստիճան ոստիկանը

1.png (1.30 MB)

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում 1117 քմ մակերեսով հողամաս է վարձակալել «Արձակուրդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը «Օղակաձև»-ում է 2001 թվականից: Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հուլիսի 26-ին, որն ուժի մեջ է մինչև 2035 թվականի մայիսի 22-ը: Հողամասը տրամադրվել է սրճարանի, բարեկարգման և կանաչապատման նպատակով: Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը 3 միլիոն 225 հազար դրամ է:

«Արձակուրդ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում այժմ ռեստորան է գործում:

«Արձակուրդ» ՍՊԸ-ն հիմնադրել է Հրայր Գևորգյանը 1997 թվականին: 2001 թվականին ընկերության 25-ական տոկոսի բաժնետեր են դարձել և մինչև օրս շարունակում են մնալ ոստիկանությունում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Լյուդվիգ Սարգսյանի կինը՝ ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի դասախոս Ռուզան Տեր-Գրիգորյանը, ինչպես նաև այդ ժամանակ վարչապետի խորհրդատուի պաշտոնը զբաղեցնող Արարատ Գոմցյանի որդին՝ Դվին Գոմցյանը: 2010 թվականին էլ ընկերության 25-ական տոկոսի բաժնետերեր են դարձել հենց Լյուդվիգ Սարգսյանը, որն այդ ժամանակ թոշակի էր անցել, և Արարատ Գոմցյանը՝ այդ պահին զբաղեցնելով Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը (մինչև 2017թ.): Ինչ վերաբերում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանին, ապա նա 2009 թվականից մինչև վերջերս «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն էր:

ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդու ղեկավարած ընկերությունը

2.png (1.30 MB)

Օղակաձև զբոսայգու ամենախոշոր վարձակալներից մեկն էլ «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն է: Ընկերությանը 2013թ. մարտի 19-ին կնքված պայմանագրով՝ մինչև 2038 թվականը վարձակալության իրավունքով տրվել է 7887 քմ մակերեսով հողամաս: Այդ տարածքի համար «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն տարեկան վճարում է 204 հազար դրամ կամ այլ կերպ ասած՝ ամսական 1 քառակուսի մետրի համար ընդամենը 2 դրամ:

«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ի վարձակալած տարածքում թենիսի կորտեր են, որտեղ գործում է թենիսի «Արարատ» ակումբը: 2000-ականների սկզբին «Գեյմ-Սերվիս»-ի տարածքը վարձակալության իրավունքով, իսկ տարածքում եղած անշարժ գույքը՝ սեփականության իրավունքով պատկանել են «Թենիսի «Արարատ» մարզական ակումբ» հասարակական կազմակերպությանը, որի բաժնետերերից են եղել Լյուդվիգ Սարգսյանն ու Արարատ Գոմցյանը, որոնց մասին արդեն խոսել ենք, ինչպես նաև՝ Գրիգոր Մելքումյանը: Վերջինս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, ապա նաև տրանսպորտի և կապի նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնները (Գագիկ Բեգլարյանի հետ քաղաքապետարանից տեղափոխվել է նախարարություն): 2016 թվականից սկսած վարձակալության տրված տարածքի անշարժ գույքը «Գեյմ-Սրեվիս»-ի սեփականությունն է:

«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999 թվականի սեպտեմբերի 24-ին, կանոնադրական կապիտալն այժմ կազմում է 55 միլիոն դրամ: Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը հիմնել են «Արարատ» մարզական ակումբը և «Հայաստան» մարզական միությունը: «Գեյմ-Սերվիս»-ի գործադիր մարմինը նույնպես պատահական մարդ չի ղեկավարում: Ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Էդուարդ Սանամյանը՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, վարչապետի նախկին (Կարեն Կարապետյանի օրոք) խորհրդական Սամվել Սանամյանի որդին:

«Գեյմ-Սերվիսը» ներքաշված է եղել բազմաթիվ դատական գործերում: Դրանցից մեկը վերաբերում է ընկերության բաժնետոմսերի բաշխմանը: Մասնավորապես՝ 2018 թվականի հունիսին Լյուդվիգ Սարգսյանն ու Կարեն Գևորգյանը դատական հայց են ներկայացրել «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ի դեմ՝ բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Որպես երրորդ անձ ներգրավված են եղել «Գեյմ-Սերվիս»-ի 90 տոկոս բաժնեմասի սեփականատեր, «Արարատ» մարզական ակումբի մյուս մասնակիցները, այդ թվում՝ Գրիգոր Մելքումյանը և Արարատ Գոմցյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, հայցադիմումը անհիմն է գնահատել և մերժել այն:

«Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն 2011-2016թթ. Երևանի քաղաքապետարանի հետ 5 դատական վեճ է ունեցել, որոնցից 4-ը վերաբերում է Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում զբաղեցրած տարածքի վարձավճարի բռնագանձմանը։ Օրինակ՝ 2014թ. հայցադիմումը վերաբերում է 1200 քմ տարածքի վարձավճարին։ Ըստ հայցի՝ համայնքը պահանջում է ընկերությունից վճարել 1,56 մլն դրամ, որից 1 մլն 55 հազար դրամը չվճարած վարձն է, իսկ 506 հազար դրամը որպես տույժ։ Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի հայցը՝ պարտավորեցնելով ընկերությանը վճարելու պարտքը և տույժերը։ 2016թ. հայցով էլ քաղաքապետարանը պահանջել է վճարել մոտ 14,255 մլն դրամ վարձը և դրան գումարված 10 մլն դրամ տույժը։ Կողմերի միջև 2016թ․ նոյեմբերին կնքվել է հաշտություն, ըստ որի՝ նույն օրը պատասխանող կողմը պետք է վճարեր հիմնական վարձավճարի պարտքը, իսկ տույժերն ամբողջությամբ պետք է մարեր մինչև նույն թվականի դեկտեմբերի 30-ը։

Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքի ընկերությունը

3.png (1.31 MB)

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում 1999 թվականից հողամաս է վարձակալել նաև «Լուսին և Արամ» ՍՊԸ-ն, որը հետագայում դարձել է Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքի սեփականությունը:

Երևանի քաղաքապետարանի ու «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 1999 թվականի հուլիսի 8-ին, համաձայն որի՝ ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 380 քառակուսի մետր մակերեսով հողամաս:

Հողամասը հատկացվել է սրճարան կառուցելու նպատակով: Այդ ժամանակ 1 հեկտար հողամասի կադաստրային արժեքը եղել է 19 մլն 815 հազար դրամ կամ 1քմ-ը՝ 1980 դրամ, իսկ «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքի մակերեսը հաշվարկվել է հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով: Այսինքն՝ ընկերությունը 380 քմ-ի համար տարեկան վճարել է 226 հազար դրամ, ամսական 1 քմ-ի համար՝ 50 դրամ:

Ընկերության և քաղաքապետարանի միջև պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2014 թվականը: Երևանի քաղաքապետի 2013թ. փետրվարի 5-ի որոշմամբ՝ 1999թ. կնքված պայմանագրում մի շարք փոփոխություններ են սահմանվել, որից հետո կնքվել է նոր համաձայնագիր՝ երկարացված ժամկետով: Փոփոխության է ենթարկվել նաև վարձավճարի չափը: Մասնավորապես հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը դարձել է 60 հազար դրամ (տարածվում է ամբողջ Օղակաձև զբոսայգու վրա)՝ նախկին 1980 դրամի փոխարեն:

Քաղաքապետի այդ որոշումից և կնքված համաձայնագրից հետո «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի տարեկան վարձավճարը սահմանվել է 1 մլն 262 հազար դրամ, որից 826 հազարը՝ սրճարանի, իսկ 436 հազար դրամը բարեկարգման և կանաչապատման համար: 

«Լուսին և Արամ» ՍՊԸ-ն հիմնադրել են Մանվել և Գայանե Սարգսյանները 1998 թվականի ապրիլի 12-ին: 2008 թվականին ընկերությունը դարձել է Սուրեն Աբրահամյանի որդու՝ Արման Աբրահամյանի սեփականությունը, իսկ 2018 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը դարձել է նախկին քաղաքապետի հարսը՝ Մարինա Աբրահամյանը:

Օղակաձև զբոսայգում ընկերության զբաղեցրած տարածքում կարաոկե ակումբ է:

«Երևանի վատագույն օբյեկտ-2011»

4.png (1.30 MB)

2011 թվականին Երևանի քաղաքապետարանը Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գործող «Դալիլա» ՍՊԸ-ին հանձնել է «Երևանի վատագույն օբյեկտ» մրցանակը՝ որպես անբարեխիղճ տնտեսվարող:

«Դալիլա ՍՊԸ»-ն Օղակաձև զբոսայգում տարածք է վարձակալել 2002 թվականից: Ընկերության և քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հունիսի 29-ին: Սրճարանի, հասարակական շինության, բարեկարգման և կանաչապատման նպատակով Ալեք Մանուկյան 2/1 հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 879 քառակուսի մետր մակերեսով հողամաս: Պայմանագրի ժամկետը լրանում է 2033 թվականի հունիսի 5-ին:

«Դալիլա» ՍՊԸ-ն իր վարձակալած տարածքի համար տարեկան վճարում է 2 մլն 913 հազար դրամ: 

Անշարժ գույքի կադաստրային գործից պարզ է դառնում, որ ընկերությունը իր վարձակալած 879 քառակուսի տարածքում 343 քմ-ի վրա ունի ինքնակամ շինություններ: Ընկերության վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում «Նովելլա» ռեստորանը, որի տնօրենը «Դալիլա» ՍՊԸ-ի սեփականատեր Կարեն Մկրտչյանն է:

Քրեական դեմքերը՝ Օղակաձևի վարձակալներ

5.png (1.29 MB)

2002 թվականից Շախմատի տան հարևանությամբ տարածք է վարձակալել «Հապար» ՍՊԸ-ն: Ընկերության և քաղաքապատերանի միջև վերջին գործարքը կատարվել է 2018 թվականի մարտին, համաձայն որի՝ Սայաթ-Նովայի 33/3 հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 1333 քմ տարածք:

Հողամասը վարձակալության է տրվել սրճարանի, բարեկարգման և կանաչապատման համար: Այդ տարածքում տարվա տաք եղանակներին բացօթյա սրճարան է գործում: Այժմ այնտեղ սրճարանի տաղավարն է, և մեկ շինություն: Թեև քաղաքապետարանի և «Հապար» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը 2019թ. դեկտեմբերի 31-ին լրացել է, այնուամենայնիվ շինության ներսում փակցված թղթի վրա «Հապար» ՍՊԸ-ի անվամբ նշում կա, իսկ տարածքը տեսահսկվում է ոստիկանների կողմից:

Ըստ պայմանագրի՝ տարածքի տարեկան վարձավճարը կազմել է 4 մլն 272 հազար դրամ:

Ընկերությունը տարբեր դատական վեճեր է ունեցել Երևանի քաղաքապետարանի հետ, որոնք բոլորն էլ գումարի բռնագանձան պահանջով են եղել, և ի վերջո հասել են ընկերության սնանկացման գործընթացին: 2017 թվականի մայիսին Պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան՝ «Հապար» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով, ըստ ՊԵԿ-ի հաշվարկների՝ ընկերության պարտքը կազմել է 4 մլն 837 հազար դրամ: Դատարանի 26.06.2017թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ: «Հապար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սնանկության գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:

«Հապար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին: 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով ընկերությում 2008 թվականից 33-ական տոկոս բաժնեմաս ունեն Արթուր Եպիսկոպոսյանն ու Արտաշես Մելքոնյանը, մնացած 34 տոկոս բաժենմասը պատկանում է Դավիթ Միրզոյանին:

Արթուր Եպիսկոպոսյանը՝ Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, ոստիկանության արտագերատեսչական պահպանության վարչության պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմեն Եպիսկոպոսյանի որդին է, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ Հրանտ Եպիսկոպոսյանի եղբորորդին: Արթուր Եպիսկոպոսյանը նաև «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի ղեկավարած հանցավոր խմբի անդամ է եղել: Հիշեցնենք, որ այդ խումբը բացահայտվել էր 2010 թվականին ԱՄՆ-ում, որն այնտեղ բժշկական ապահովագրության ոլորտում խարդախությունների միջոցով տիրացել էր 163 միլիոն դոլարի:

Այդ խմբի անդամներից և պարագլուխներից է եղել նաև «Հապար» ՍՊԸ-ի մյուս բաժնետեր Դավիթ Միրզոյանը, որն իրեն մեղավոր էր ճանաչել մարդկանց առեւանգման, մեքենայությունների, փողերի լվացման եւ մարդկանց անձնական տեղեկատվությունը գողանալու մեջ:

Ոստիկանության և Հանրային հեռուստաընկերության ծաղկի մատակարարը

6.png (1.29 MB)

2016 թվականին Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում փոքրիկ տարածք է վարձակալել Վարդ Միսակյանը: Քաղաքապետարանի և նրա միջև կնքված պայմանագրի համաձայն՝ նրան վարձակալության իրավունքով տրվել է 15,4 քմ մակերեսով հողամաս, որտեղ ծաղկի կրպակ է գործում: Վարդ Միսակյանը իր վարձակալած տարածքի համար տարեկան վճարում է 46 հազար դրամ:

Պայմանագրի ժամկետը լրացել է 2019թ. օգոստոսի 1-ին, սակայն Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով: Տվյալ դեպքում Վարդ Միսակյանին պատկանող ծաղկի կրպակը մինչ օրս գործում է:

Պետական գնումների հաշվետվողականության armeps.am կայքի տվյալներով՝ Վարդ Միսակյանին պատկանող «Մանուէլ» ՍՊԸ-ն մի քանի անգամ հաղթող է ճանաչվել պետական մրցույթներում: Մասնավորապես 2017-2019 թվականներին (4 անգամ) «Մանուէլ» ՍՊԸ-ն ընդհանուր 11,6 միլիոն դրամի ծաղկային կոմպոզիցիաներ է մատակարարել ոստիկանությանը: 2019 թվականին էլ 50 հազար արժեքով նմանատիպ ծառայություն է մատուցել նաև Հանրային հեռուստաընկերությանը: 

Ենթավարձակալություն՝ Ինդոնեզիայի քաղաքացուն

7.png (1.28 MB)

Ալեք Մանուկյան 4/7 հասցեում 332 քմ մակերեսով հողամաս է վարձակալել Կարինե Գրիգորյանը: Այդ տարածքը նրա տիրապետման տակ է 2004 թվականից: Կարինե Գրիգորյանի և Երևանի քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016թ. հոկտեմբերի 31-ին:

Սրճարանային 332 քմ տարածքի համար Կարինե Գրիգորյանը տարեկան վճարում է 1 մլն 995 հազար դրամ: Պայմանագրի ժամկետը լրանում է 2028թ. դեկտեմբերի 31-ին:

Այդ տարածքում այժմ չինական ռեստորան է, որը պատկանում է «Ռեդ Պանդա» ՍՊԸ-ին: Ընկերության հիմնադիր-սեփականատերը Ինդոնեզիայի քաղաքացի Ֆուգեն Չանդրան է: Վերջինս համարվում է տարածքի ենթավարձակալը: Այսինքն՝ Կարինե Գրիգորյանը Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում տարածք է վարձակալել և այն ենթավարձակալության իրավունքով հանձնել է Ինդոնեզիայի Հանրապետության քաղաքացուն:

«Տաշիր»-ը վարձակալում է Պետգույքի կառավարման կոմիտեից

8.png (1.29 MB)

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում՝ Խանջյան 50 հասցեում գործում է «Տաշիր Պիցցա» ռեստորանը: Ի տարբերություն նախորդ հողամասերի՝ վարձակալության պայմանագիրը կնքվել է ոչ թե Երևանի քաղաքապետարանի, այլ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության հետ: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել է Պետգույքի կառավարման կոմիտեն:

2007 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրով՝ «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ին վարձակալության իրավունքով տրվել է 450 քառակուսի մետր մակերեսով տարածք: Ըստ պայմանագրի՝ հողամասի օգտագործման ամսական վարձավճարը կազմում է 279 հազար դրամ, այսինքն՝ տարեկան 3 մլն 348 հազար դրամ: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2031 թվականի հոկտեմբերի 1-ը:

Ինչպես հայտնի է, «Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին:

Անհատույց օգտագործման իրավունքով՝ Շախմատի տանը

Խանջյան 50 հասցեում է նաև Շախմատի տունը, որը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը: Շախմատի տունը բացվել է 1970 թվականին: Նույն շենքում է գործում նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցը:

Շախմատի տան ճարտարապետը Ժաննա Մեշչերյակովան է: Շենքն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Երևանի քաղաքապետարանի և «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2001 թվականի հոկտեմբերի 5-ին և Շախմատի տանը անհատույց օգտագործման իրավունքով տրվել է 1841 քմ մակերեսով հողամաս:

Հաջորդ հրապարակմամբ կանդրադառնանք Օղակաձև զբոսայգու հինգերորդ հատվածի վարձակալներին:

 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, դրոնից լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Ձևավորումը՝ Անի Հովհաննիսյանի

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter