HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն․ մաս 2

Ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն․ մաս 1

«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Օղակաձև զբոսայգում տարբեր տարիներին տարածքներ վարձակալած, սեփականաշնորհած և կառուցապատում իրականացրած պաշտոնյաներին և նրանց փոխկապակցված անձանց։

Այս անգամ կանդրադառնանք զբոսայգու երկրորդ հատվածի (Տերյան և Աբովյան փողոցների միջակայք) տարածքները զբաղեցրած ընկերություններին և անհատներին: Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերը, նաև հողի կադաստրային պատմությունը, պարզել ենք, որ զբոսայգու երկրորդ հատվածի վարձակալների թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի քույրը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ առնչվող ընկերության սեփականատերը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի եղբայրը, ավագ դատախազ Կարեն Կարապետյանի եղբայրը և այլ անձինք:

Վարձակալները սրճարանային տարածքների համար ամսական 1 քմ-ի դիմաց վճարում են 500 դրամ, հասարակական շինությունների 1 քմ-ի դիմաց՝ 250 դրամ, իսկ բարեկարգման և կանաչապատման տարածքների 1 քմ-ի դիմաց՝ 150 դրամ: Այս սակագները զբոսայգու երկրորդ հատվածը զբաղեցրած բոլոր ընկերությունների և անհատների համար նույնն են, ուստի նրանց ամսական վարձավճարներին չենք անդրադառնա:

Սամվել Ալեքսանյանի դստեր և Լյովա Խաչատրյանի եղբոր համատեղ բիզնեսը

koffenet.png (908 KB)

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում ամենամեծ տարածքը «Կոֆֆենետ» ՍՊԸ-ինն է: Ըստ քաղաքապետարանի և ընկերության միջև 2016թ. նոյեմբերի 7-ին կնքված վարձակալության պայմանագրի՝ տարածքի մակերեսը կազմում է 1552,07 քմ։ Այնտեղ գործում է բացօթյա սրճարան:

«Կոֆֆենետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին: «Կոֆֆենետ»-ի 66,6% բաժնեմասի սեփականատերը Արսեն Խաչատրյանն է՝ Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման պատգամավոր Լյովա Խաչատրյանի եղբայրը: 16,4% բաժնեմասը պատկանում է Աստղիկ Ալեքսանյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը: Իսկ մնացած 17% բաժնեմասը պատկանում է Վահե Վարդանյանին:

kofenet2.JPG (856 KB)

Որպես հողամասի տրամադրման նպատակ պայմանագրում նշված է սրճարան, տաղավար, բարեկարգման և կանաչապատման մակերես: 1552,07 քմ մակերեսով հողամասից 222,77 քմ տրամադրվել է սրճարանի, 21,46 քմ՝ տաղավարի, իսկ 1307,84 քմ բարեկարգման և կանաչապատման համար: Հարկ է նշել, որ բարեկարգման և կանաչապատման համար տրամադրված հողամասերի վարձավճարն ամենացածրն է (1քմ-ի դիմաց՝ ամսական 150 դրամ)՝ ի տարբերություն սրճարանային տարածքի վարձավճարի (1քմ-ի դիմաց՝ ամսական 500 դրամ): Ակնհայտ է, որ «Կոֆֆենետ» ՍՊԸ-ին հատկացված տարածքի մեծ մասը զբաղեցնում է սրճարանը, այլ ոչ թե բարեկարգման և կանաչապատման գոտին, ինչպես նշված է պայմանագրում: Այսինքն՝ ընկերությանը տրամադրված հողամասի մեծ մասը ծառայում է որպես սրճարան և շահույթ է ապահովում ընկերությանը, սակայն այդ տարածքի վարձավճարը հաշվարկված է ամենացածր գնով՝ որպես կանաչապատ տարածք։

«Հետքի» հետ զրույցում նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ ընկերությունը գրանցված է եղբոր անունով, սակայն սրճարանն իրենց ընտանիքինն է։

«Սրճարանի գործունեությունն ու շահույթը կասսայով է հարկվում, տարածքի չափը կապ չունի։ Հիմա դուք կարող եք ճշտել, ինձ այդպես ասացին։ Ես վճարում եմ այնքան գումար, որքան քաղաքապետարանի հետ պայմանագրով է, որը մի քանի անգամ ավելի շատ է, քան այնտեղ շատ նմանատիպ օբյեկտների վարձակալությունը։ Երևի չեք գտնի մի մարդ, որ ասի, որ ես վերջին 5 տարում 2 անգամ էդտեղ եղել եմ ընդհանրապես։ Եթե շատ է տարածքը սրճարանի տակ օգտագործվում, ես չգիտեմ, թող նայեն։ Այդքան էլ ես չեմ կարծում, որ եսիմ ինչ է դա ինձ տալիս կամ վնասից բացի օգուտ չեմ տեսել ես»,- ասաց նախկին պատգամավորը։    

«Կոֆֆենետի» բաժնեմասը Սամվել Ալեքսանյանի դստեր հետ կիսելու վերաբերյալ Լյովա Խաչատրյանն ասաց․ «Ընկերության մի մասի սեփականությունը Սամվել Ալեքսանյանին անցնելու հետ ես ուղղակի կապ չունեմ, մեծ հաշվով։ Ի սկզբանե ընկերության բաժնեմասի 1/3-ը փաստացի մեր ընտանիքինը չի եղել։ Ժամանակի ընթացքում մյուս փայատերը թե որոշել է փոխանցել, օտարել կամ չգիտեմ ինչ անել իր փայը Ալեքսանյանին, թե մյուսին, արդեն չգիտեմ»,- պարզաբանեց Լյովա Խաչատրյանը։

Հարցին, թե արդյոք իր պատգամավորական մանդատը չի օգտագործել հանրային զբոսայգում տարածք վարձակալելու գործում, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Իմ քաղաքական գործիչ եղած ժամանակ, ես որքանով որ հիշում եմ, ընդհանրապես միայն կորցրել եմ և ոչ մի բան ձեռք չեմ բերել։ Ես ինչ որ ձեռք եմ բերել, ձեռք եմ բերել մինչև իմ պատգամավոր լինելը համարյա»,- ասաց Խաչատրյանը։

Ընդհանուր 1552,07 քմ մակերեսով հողամասի համար նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին և Լյովա Խաչատրյանին փոխկապակցված անձանց ընկերությունը տարեկան վճարում է 3 մլն 755 հազար դրամ: Վարձակալության պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը եղել է 1 քմ-ը՝ 60 հազար դրամ:

Քաղաքապետարանի և «Կոֆֆենետ» ՍՊԸ-ի միջև կնքված համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2027թ. դեկտեմբերի 26-ը:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը տարածք է վարձակալել նաև Օղակաձև զբոսայգու առաջին հատվածից։ Ալեքսանյանի օգնականը «Հետքին» ասաց, որ նախկին պատգամավորը երկրում չէ, բայց նրան կփոխանցեն հարցը և կկապվեն։ Մեզ հետ, սակայն, այդպես էլ կապ չհաստատեցին։

Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի քույրը զբոսայգու խոշոր վարձակալներից է

arkadi hambardzumyan.png (940 KB)

Զբոսայգու խոշոր վարձակալներից մեկն էլ Արմինե Հովակիմյանն է՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը: Նա Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Արկադի Համբարձումյանի («Դերժավայի Արկադ») քույրն է: Արմինե Հովակիմյանի վարձակալած տարածքն, ըստ գործող պայմանագրի, կազմում է 1352,33 քմ, որը զբաղեցնում է KFC արագ սննդի ռեստորանը:

Արկադի Համբարձումյանի քրոջ վարձակալած տարածքը ժամանակին զբաղեցրել է «Սոլոն» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1995թ.-ին: 2007թ. նոյեմբերի 23-ին նշված ընկերությունը Օղակաձև զբոսայգում վարձակալած տարածքի վրա գտնվող սրճարանը վաճառել է Արա Վարդանյանին, դրանից մոտ մեկ ամիս անց` դեկտեմբերի 21-ին, Արմինե Հովակիմյանը ընկերության մասնակիցներ Ռեգինա Սարգսյանից և Արա Խաչատրյանից գնել է բաժնեմասը՝ դառնալով «Սոլոն» ընկերության միակ բաժնետերը: «Սոլոն»-ի և քաղաքապետարանի միջև կնքված բոլոր փաստաթղթերում «Սոլոն ՍՊԸ» բառերը փոխարինվել են «Արմինե Հովակիմյան» բառերով: Հետագայում Արմինե Հովակիմյանը Արա Վարդանյանից գնել է սրճարանը:

Արմինե Հովակիմյանի հետ զրուցելու համար զանգահարեցինք «Սլավմեդ» բժշկական կենտրոն: Երկու օր շարունակ ԲԿ-ից ասում էին, որ տնօրենը զբաղված է, պետք է մի փոքր ուշ փորձել, սակայն դրանից հետո մեզ հետ կապ հաստատեց նրա եղբայրը՝ Արկադի Համբարձումյանը: Նա իր խոսքում անընդհատ շեշտում էր, որ ամեն ինչ օրինական է արել, իսկ երբ մենք փորձում էինք մանրամասներ ճշտել, ասում էր՝ «քո ինչ գործն ա»: Արկադի Համբարձումյանի ցուցումով մեզ հետ կապ հաստատեց «Դերժավա Գրուպ» ընկերությունների խմբին սպասարկող իրավաբանական ընկերության տնօրեն Արթուր Մարտիրոսյանը.

«Մենք ունենք վարձակալության վերցված տարածք ավելի քան 10 տարի, որի վրա մասամբ ունենք սեփական գույք: Արմինե Հովակիմյանը վաղուց ի վեր իր վարձակալած տարածքը ենթավարձակալության է հանձնել «Ֆաստֆուդ» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է KFC ռեստորանային ցանցի ֆրանչայզերը»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը: «Ֆաստֆուդ» ՓԲԸ-ն նույնպես պատկանում է Հովակիմյան-Համբարձումյան ընտանիքին:

kfc5.JPG (808 KB)

Բացի վարձակալած տարածքից` Արմինե Հովակիմյանը նաև 67 քմ մակերեսով շինություն է վարձակալել, որի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 78,44 քմ: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ այդ շինությունն օգտագործվում է որպես պահեստ:

Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հորդորեց հրապարակման մեջ չշոշափել Արկադի Համբարձումյանի անունը, քանի որ ըստ իրավաբանի՝ իր պաշտոնավարման ընթացքում Արկադի Համբարձումյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, չնայած որ նախկին պատգամավորը մեզ հետ զրույցում մի քանի անգամ շեշտեց՝ «առել եմ», «վարձել եմ» և այլն:

«Արկադի Համբարձումյանը որպես Հովակիմյան-Համբարձումյան ընտանիքի անդամ առաջին դեմքով է ներկայացրել, սակայն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի գույք չի վարձակալել, չի սեփականաշնորհել: Նա իր պաշտոնավարման ընթացքում որևէ բիզնեսով չի զբաղվել, և որևէ առիթ չկա մտածելու, թե նա է եղել պատճառը, որ մեզ տարածք են տրամադրել, առավել ևս, որ ողջ «Դերժավա Գրուպ» ընկերությունների խմբի ղեկավարը, ստեղծողն ու կերտողը Ստանիսլավ Գուրգենի Հովակիմյանն է՝ պարոն Համբարձումյանի հայրը»,- նշեց իրավաբան Արթուր Մարտիրոսյանը:

KFC1.JPG (5.94 MB)

Արմինե Հովակիմյանի վարձակալած 1352,33 քմ մակերեսով հողամասից 971,26 քմ-ն ձևակերպված է որպես բարեկարգման և կանաչապատման գոտի, իսկ 381,07-ը՝ սրճարան, չնայած որ տարածքի մեծ մասը փաստացի զբաղեցնում է KFC-ն: Ամբողջ հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 4 մլն 34 հազար դրամ: Պայմանագրի ժամկետը լրանում է 2033թ. մարտի 26-ին:

Ինչ վերաբերում է մյուս պայմանագրին, ապա Արմինե Հովակիմյանը 67 քմ մակերեսով շինության համար վճարում է տարեկան 1 մլն 556 հազար դրամ, իսկ զբաղեցրած 78,44 քմ մակերեսով հողամասի համար՝ տարեկան 235 հազար դրամ: Այս պայմանագիրն էլ ուժի մեջ է մինչև 2021թ. օգոստոսի 1-ը:

Ավագ դատախազի եղբայրը՝ սրճարանի սեփականատեր

karara.png (971 KB)

Զբոսայգու երկրորդ հատվածում գտնվող «Կարարա» անունով սրճարանի սեփականատերն է ավագ դատախազ Կարեն Ֆրիկի Կարապետյանի եղբայրը՝ Արման Կարապետյանը: Կարեն Կարապետյանը մինչև ավագ դատախազ նշանակվելը եղել է հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետը:

Նրա եղբայր Արման Կարապետյանը «Կարարա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է: Ընկերությունը 2002 թվականից գործունեություն է ծավալում Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում: Երևանի քաղաքապատերանի և «Կարարա» ՍՊԸ-ի միջև 1133,67 քմ մակերեսով հողամասի վարձակալության գործող պայմանագիրը կնքվել է 2017 թվականի փետրվարի 14-ին: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

karara4.JPG (898 KB)

1133,67 քմ մակերեսով հողամասից 345,96 քմ տրամադրվել է սրճարանի, 178,52 քմ՝ հասարակական շինության, իսկ մնացած 609,19 քմ տրամադրվել է ծածկի, բարեկարգման և կանաչապատման նպատակով: Այս դեպքում նույնպես ակնհայտ է, որ հողամասի մեծ մասը փաստացի զբաղեցնում է սրճարանը, ոչ թե բարեկարգման և կանաչապատման գոտին:

Ընդհանուր հողամասի համար ավագ դատախազ Կարեն Կարապետյանի եղբոր ընկերությունը տարեկան վճարում է 3 մլն 707 հազար դրամ:

«Կարարա»-ի տարածքում է գտնվում նաև «Գուդվին» բուքմեյքերական ընկերության գրասենյակներից մեկը, որտեղ սրճարանի այցելուները խաղադրույք անելու հնարավորություն են ունենում:

Մանվել Գրիգորյանի հետ կապվող ընկերության սեփականատերը դուրս կմղվի Օղակաձևից

manvel grigoryan.png (995 KB)

Զբոսայգու երկրորդ հատվածի կենտրոնական մասում 651,83 քմ մակերեսով հողամասը մինչև 2019 թվականի հունիսի 20-ը վարձակալության իրավունքով տրվել էր էջմիածնեցի Մանուկ Պետրչիկյանին, որը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Մանչ 045» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը կապվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ: Հարկ է նշել, որ 045 թվով են սկսվել նախկինում Գրիգորյանին տրված Ազգային ժողովի պետհամարանիշները, բացի այդ՝ նրա առանձնատանը հայտնաբերված տասնյակ ավտոմեքենաների պետհամարանիշերում նույնպես առկա է եղել 045 թիվը:

«Մանչ 045» ՍՊԸ-ն սրճարան ունի նաև Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց, որի գործունեությունը բոյկոտելու կոչ էր արել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ նշելով, որ այն պատկանում է Մանվել Գրիգորյանին: Ինչևէ, վերադառնանք Երևան:

manvel.JPG (700 KB)

Երևանի քաղաքապետի 2017թ. մարտի 13-ի որոշմամբ՝ Պետրչիկյանին վարձակալության իրավունքով տրվել է 651,83 քմ մակերեսով հողամաս (տարեկան վարձավճարը՝ 3 մլն 174 հազար դրամ), որի վրա հիմա լքված ապօրինի շինություն է և որը նախկինում սրճարան է եղել՝ «Գոլդեն լոտոս» անվանումով: Համանուն ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Աղաբեկ Գրիգորյանն է, գրանցված է Արմավիրի մարզի Արշալույս համայնքում, որը Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է:

2014թ. մայիսի 4-ին Մանուկ Պետրչիկյանի և «Գոլդեն լոտոս» ՍՊԸ-ի մինչև կնքվել է փոխառության պայմանագիր, համաձայն որի՝ Պետրչիկյանն ընկերությանը փոխանցել է 2,5 միլիոն դրամ՝ սրճարանային առևտուր իրականացնելու նպատակով: Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը պետք  է վերադարձվեր մինչև 2014թ. նոյեմբերի 4-ը, սակայն պարտապանը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 2016թ. մայիսին Մանուկ Պետրչիկյանը դիմել է դատարան «Գոլդեն լոտոս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: 2016-ի հունիսի 27-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը վճռել է բավարարել հայցվորի դիմումը և «Գոլդեն Լոտոս» ՍՊԸ-ին ճանաչել է սնանկ:

2019թ. հունիսի 20-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել քաղաքապետի 2017 թվականի մարտի 13-ի որոշումը և հանձնարարվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քանդել Իսահակյան փողոցի 3/1 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 651.83 քմ մակերեսով հողամասը:

Նշենք, որ քաղաքապետի որոշումից անցել է մոտ մեկուկես ամիս, սակայն շինությունը շարունակում է կանգուն մնալ:

Նոր տարածք՝ սնանկ ճանաչվելուց ամիսներ անց

davit-grigoryan2.JPG (858 KB)

2017թ. փետրվարին քաղաքապետարանը հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր է կնքել Դավիթ Գրիգորյանի հետ և նրան կառուցապատման իրավունքով տրվել է 20 քմ մակերեսով հողամաս, որի վրա այժմ գործում է արագ սննդի կետ:

Հարկ է նշել, որ Դավիթ Գրիգորյանը 2016թ. սնանկ ճանաչված «Գոլդեն լոտոս» ՍՊԸ-ի հիմնադիր Աղաբեկ Գրիգորյանի որդին է: Դավիթ Գրիգորյանին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը գտնվում է Մանուկ Պետրչիկյանի ապօրինի շինության հարևանությամբ:

Դավիթ Գրիգորյանը 20 քմ մակերեսով հողամասի համար տարեկան վճարում է 60 հազար դրամ: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022թ. հունվարի 25-ը:

Նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանին փոխկապակցված անձը՝ Օղակաձևի «հնաբնակներից» է

ararshin.png (1010 KB)

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում ամենամեծ տարածքներից մեկը զբաղեցրել է «Արարշին Գրուպ» ՍՊԸ-ն, որը զբոսայգում է 2000-ականների սկզբից: Ընկերության 50%-ի բաժնետերը Արամ Պետրոսյանն է, իսկ մյուս 50%-ինը՝ Արթուր Պետրոսյանը:

Արամ Պետրոսյանը գործարար, «Արմենիա-Լադա»-ի սեփականատեր Ռաֆաել Շահմուրադյանի հետ բաժնետեր է հանդիսացել նաև «Գալոպեր» ՍՊԸ-ում, որը զբաղվում է բելառուսական, ռուսական, իտալական հատուկ նշանակության ավտոմեքենաների մատակարարմամբ։ 2010-2016թթ-ին այս ընկերության վաճառքի գծով փոխտնօրենն է եղել Ռաֆաել Շահմուրադյանի որդին՝ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Կարեն Շախմուրադյանը:

«Հետքն» անդրադարձել է վերջինիս ոչ միայն հայաստանյան, այլև չեխական բիզնեսին։ 

Նախկին պատգամավորի հետ փոխկապակցված անձին պատկանող «Արարշին Գրուպ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև գործող պայմանագրով՝ ընկերությանը տրամադրվել է ընդհանուր 1362,72 քմ տարածք, որը բաժանված է 4 կտորների՝ համապատասխան հասցեներով:

ararshin4.JPG (588 KB)

Ըստ պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալության հանձնելով: Այդ տարածքում այժմ գործում են հագուստի և կոսմետիկայի խանութներ, ինչպես նաև արծաթյա իրերի խանութ:

Պայմանագրում որպես հողամասի տրամադրման նպատակ նշված է՝ սրճարան, հասարակական շինություն, բարեկարգման և կանաչապատման տարածք, չնայած, որ տվյալ հատվածում ոչ սրճարան կա, ոչ էլ կանաչապատ գոտի:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ «Հետք»-ին տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Իսահակյան 3 հասցեում ընկերությանը տրամադրված 480 քմ մակերեսով տարածքից՝ 53,78 քմ-ի վրա առկա է ինքնակամ շինություն:

Գործող պայմանագրի համաձայն՝ «Արարշին Գրուպը» իր զբաղեցրած 1362,72 քմ ընդհանուր մակերեսով հողամասի համար տարեկան վճարում է 3 մլն 660 հազար դրամ, որից մոտ 2 միլիոն դրամը՝ սրճարանի և կանաչապատման տարածքի համար, որոնք փաստացի գոյություն չունեն: Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2030թ. հոկտեմբերի 16-ին:

«Թագակ Ֆարմ» ՍՊԸ-ից՝ «Յունիբանկին»

unibank1.png (1013 KB)

Աբովյան 23/2 հասցեում՝ Ավետիք Իսահակյանի արձանի հարևանությամբ, գործում է «Յունիբանկի» մասնաճյուղը, որի զբաղեցրած տարածքը ժամանակին վարձակալության իրավունքով տրվել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի քրոջը՝ Իրինա Թավադյանին պատկանող «Թագակ Ֆարմ» ՍՊԸ-ին: Ընկերության գործունեությունն այս պահի դրությամբ դադարեցված է:

«Թագակ Ֆարմ»-ի և քաղաքապետարանի միջև 2005 թվականի դեկտեմբերի 14-ին կնքվել է 250 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր, որն ուժի մեջ է եղել մինչև 2020 թվականը: Որպես հողամասի տրամադրման նպատակ պայմանագրում ձևակերպված է՝ շինության զբաղեցրած հողատարածք, որի համար ընկերությունը տարեկան վճարել է 150 հազար դրամ: 2011թ. նոյեմբերի 22-ին «Թագամ Ֆարմ»-ը իրեն պատկանող անշարժ գույքն օտարել է «Յունիբանկին», իսկ հողամասը վարձակալության իրավունքով է անցել բանկին: Սեփականության իրավունքի գրանցման նոյեմբերի 22-ի վկայականն ու «Յունիբանկի» դիմումը հիմք ընդունելով էլ քաղաքապետարանը 2016թ. օգոստոսին հողամասի սահմանների վերաճշտում է կատարել՝ պարզելով, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 239 քմ՝ նախկին 250 քմ-ի փոխարեն:

2017թ. փետրվարին էլ քաղաքապետարանի և «Յունիբանկի» միջև համաձայնագիր է կնքվել պայմանագրում փոփոխություներ կատարելու մասին, ըստ որի՝ 2005 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում «Թագակ Ֆարմ» բառերը փոխարինվել են «Յունիբանկ» բառով, իսկ 250 թիվը դարձել է 239: Պայմանագրի ժամկետն էլ երկարաձգվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 9-ը:

Այս պահի դրությամբ «Յունիբանկը» 239 քմ մակերեսով հողամասի համար տարեկան վճարում է 573 հազար դրամ:

Օղակաձևում՝ 2001 թվականից

yerevanyan-yerekoner1.JPG (780 KB)

Մոսկովյան 4/1 հասցեում է գործում «Ռիալտո» սրճարանը, որի զբաղեցրած 463,18 քմ մակերեսով տարածքը վարձակալության իրավունքով տրվել է «Երևանյան երեկոներ» ՍՊԸ-ին: Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև գործող պայմանագիրը կնքվել է 2019 թվականի ապրիլին, սակայն ընկերությունը Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում տարածք է վարձակալել դեռևս 2001 թվականից:

«Երևանյան երեկոներ» ՍՊԸ-ն հիմնադրել է Կարեն Քեհյանը 2000 թվականին և եղել է ընկերության միակ սեփականատերը: 2011 թվականի հունիսից ընկերության 50-ական տոկոս բաժնեմասի սեփականատերերը Դավիթ Արզումանյանն ու Լուսինե Գրիգորյանն են:

«Երևանյան երեկոներ»-ի տարածքի մեծ մասը, նույնպես, զբաղեցնում է սրճարանը, սակայն ըստ պայմանագրի՝ 463,18 քմ հողամասից 217,76 քմ ձևակերպված է՝ որպես կանաչապատման և բարեկարգման հատված, ինչը ենթադրում է ավելի քիչ վարձավճար:

463,18 քմ մակերեսով հողամասի համար «Երևանյան երեկոներ» ՍՊԸ-ն տարեկան վճարում է 1 մլն 484 հազար դրամ: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Քննչական կոմիտեի ու քաղաքաշինության կոմիտեի ծաղկի մատակարարն Օղակաձևի վարձակալ

serjik mnacakanyan1.png (1021 KB)

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում 2002 թվականից տարածք է վարձակալել նաև անհատ ձեռներեց Սերժիկ Մնացականյանը: Նրան տրամադրված տարածքը քաղաքապետարանի հետ գործող պայմանագրով կազմում է 115,38 քմ: 2002 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը Սերժիկ Մնացականյանը վճարել է 20 քմ-ի համար, սակայն 2016-ի օգոստոսին նրա դիմումով վերաճշտվել են հողամասի սահմանները և պարզվել է, որ այն փաստացի կազմում է 115,38 քմ՝ մոտավորապես 6 անգամ ավել: Վերաճշտումից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, քաղաքապետարանի և Սերժիկ Մնացականյանի միջև կնքված պայմանագիրը լուծվել է և նույն օրը կնքվել է մեկ այլ պայմանագիր՝ արդեն 115,38 քմ մակերեսով հողամասի վարձակալության մասին, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 1-ը:

serjik_mnatsakanyan3.JPG (760 KB)

Սերժիկ Մնացականյանը իրեն տրամադրված տարածքում ծաղկի սրահ ունի: Պետական գնումների հաշվետվողականության armeps.am կայքի տվյալներով՝ Սերժիկ Մնացականյանը 2018թ. սեպտեմբերից պարբերաբար ծաղկեփնջեր է մատակարարել քննչական կոմիտեին և քաղաքաշինության կոմիտեին:

Իր վարձակալած հողամասի համար Սերժիկ Մնացականյանը տարեկան վճարում է 238 հազար դրամ:

Դատախազության երկարամյա գործարար-պաշտոնյայի արագ սննդի կետը

ohan muradyan2.png (1.00 MB)

Զբոսայգու երկրորդ հատվածի երկարամյա վարձակալներից մեկն էլ Օհան Մուրադյանն է, որը 2000-ականների սկզբից մինչև 2016թ-ը տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատախազությունում՝ ընդհուպ մինչև դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնակատար: Երևանի քաղաքապետարանի կողմից «Հետք»-ին տրամադրված նախագծի համաձայն՝ Օհան Մուրադյանի վարձակալած տարածքում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ, այժմ գտնվում է «Լանչ Հաուս» անվանումով արագ սննդի կետը:

Օհան Մուրադյանն այդ տարածքը վարձակալել է 2003 թվականից, իսկ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է 2004-ին: Օհան Մուրադյանի և քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2017թ. մարտի 13-ին: Ըստ այդ պայմանագրի՝ Մուրադյանի վարձակալած հողամասի մակերեսը կազմում է 70,9 քմ, որից՝ 24,12 քմ-ը՝ որպես սրճարանային տարածք, իսկ 46,78 քմ-ը՝ հասարակական շինություն:

Մինչ այդ՝ 2003 թվականին կնքված պայմանագրում հողամասի մակերեսը նշված է եղել 20 քմ և միայն 2016թ. դեկտեմբերի վերաճշտումից հետո է (որոշումը քաղաքապետարանի կայքում չկա) պարզ դարձել, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 70,9 քմ:

Ohan-muradyan1.JPG (873 KB)

Օհան Մուրադյանը իր վարձակալած տարածքի համար տարեկան վճարում է 285 հազար դրամ: Պայմանագրի ժամկետը լրացել է 2018թ. մայիսի 21-ին, սակայն քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը «Հետքին» տեղեկացրեց, որ, ըստ Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ մասի, եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով: Տվյալ դեպքում վարձատուն՝ քաղաքապետարանը, առարկություններ չի ներկայացրել, հետևաբար Օհան Մուրադյանի հետ կնքված պայմանագիրը ճանաչվել է վերսկսված՝ անորոշ ժամկետով:

Հարկ է նշել, որ Օհան Մուրադյանը մի շարք ընկերությունների սեփականատեր է: Օրինակ` նրան պատկանող «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Դավիթ երթուղային տաքսի») սպասարկում է մայրաքաղաքային և միջմարզային տրանսպորտի մի շարք երթուղիներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի նախկին խոսնակի սեփականաշնորհած շինությունը

part2 map_edited.png (1.02 MB)

Անդրանիկ Ստեփանյանը Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում երկու հողամաս է զբաղեցրել, որոնցից մեկը նրան տրվել է վարձակալության, իսկ մյուսը կառուցապատման իրավունքով: Այս տարածքները, որոնց վրա փոքր սրճարան է գործում, ևս գտնվում են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ:

Իսահակյան 5/2 հասցեում գտնվող 37,13 քմ մակերեսով հողամասը Անդրանիկ Ստեփանյանին է տրվել կառուցապատման իրավունքով 2016թ. ապրիլի 2-ին կնքված պայմանագրով: Կառուցապատման տարեկան վճարը կազմում է 175 հազար դրամ: Քաղաքապետարանի և Անդրանիկ Ստեփանյանի միջև կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը գործում է մինչև 2021թ. հունվարի 1-ը:

Իսահակյան 5/5 հասցեում գտնվող 22,88 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով է տրված Անդրանիկ Ստեփանյանին, իսկ այդ հողամասի վրա գտնվող անշարժ գույքը նրան պատկանում է սեփականության իրավունքով, որը նա ձեռք է բերել նախկին սեփականատեր Մարիամ Ստեփանյանից՝ իր քրոջից: Վերջինս 1999թ.-ից մինչև 2018թ. եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակը:

Անդրանիկ Ատեփանյանն իր վարձակալած տարածքի համար տարեկան վճարում է 68 հազար դրամ: Վարձակալության պայմանագիրը, ինչպես և կառուցապատման պայմանագիրը, ուժի մեջ է մինչև 2021թ. հունվարի 1-ը:

Մետրոպոլիտենը տարիներ շարունակ վճարել է գոյություն չունեցող տարածքի համար

metro2.jpg (558 KB)

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում է գտնվում Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին:

2005 թ․-ին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» պետական ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է 1805,5 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր: 11 տարի անց՝ 2016թ. օգոստոսին, Մետրոպոլիտենի դիմումով՝ քաղաքապետարանը հողամասի սահմանների վերաճշտում է կատարել՝ պարզելով, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1033,04 քմ, այսինքն՝ մոտ 800 քմ պակաս։ Ստացվում է, որ Մետրոպոլիտենը տարիներ շարունակ վճարել է գոյություն չունեցող 772 քմ-ի համար:

Հին պայմանագիրը լուծվել է, և 2016թ. հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանն ու Մետրոպոլիտենը կնքել են նոր պայմանագիր՝ 1033,04 քմ մակերեսով հողամասի վարձակալության մասին, տարեկան վարձավճարն էլ սահմանվել է 3 մլն 99 հազար դրամ: Տարածքի վարձավճարը հաշվարկվել է հողամասի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով (պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը եղել է 1 քմ՝ 60 հազար դրամ): Եթե նույն բանաձևով հաշվենք նաև վերը նշված 772 քմ-ի համար նախատեսված գումարի չափը, ապա կստացվի, որ Մետրոպոլիտենն ամեն տարի վճարել է 2 մլն 316 հազար դրամով ավել գումար:

Քաղաքապետարանի և Մետրոպոլիտենի միջև կնքված գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Շարունակում ենք ուսումնասիրել Օղակաձև զբոսայգում տարածքներ սեփականաշնորհած, վարձակալած և կառուցապատած ընկերությունները։ Այգու 3-րդ հատվածին կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ։


Հեղինակներ՝ Տրդատ Մուշեղյան, Անի Հովհաննիսյան, Ամալյա Մարգարյան

Դրոնից լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (4)

Գևորգ Մարտիրոսյան
էդ զզվանքների բոլորի ձեռքից պետք է էդ տարածքները հետ վերցվեն և վերադարձվեն քաղաքին, քանի որ.էդ բոլոր պայմանագրերը կազմված են եղել կեղծիքներով և դատախազությունը պետք է դրանցով զբաղվի և չեղյալ հայտարարի
Ալեքսանդր
Բոլոր տարածքների համար սահմանել մեկ քառակուսի մետրի համար 10000դրամ վարձավճար այդ ժամանակ ամբողջ օղակաձեւ այգին կկանաչի մի 100տարի
սոնա երանոսյան
Իհարկե,լավ է, որ շարունակում եք ձեր հետաքննությունները, բայց, անկեղծ ասած, ավելի լավ կլիներ, որհետևանքների մասին էլ խոսվեր, օրինակ՝ ինչ պետք է լինի այդ տարածքների /հատկապես՝ ԼՔՎԱԾ/ ճակատագիրը, ամեն անգամ անտեր սրճարանների մոտով անցնելիս, խենթանալ կարելի է դրանց տեսքից և հոտից: Միթե այդքան դժվար է դրանք ապամոնտաժել և ծառեր տնկել, թեկուզ շաբաթօրյակի ձևով...
սոնա երանոսյան
Ու ինչ?...Լավ է, որ հրապարակում եք, բայց հետո? Ինչ է լինելու դրանց վերջը, հատկապես՝ լքված շինությունների, որոնք դարձել են աղբավայր կամ միզավայր և որոնց գարշահոտությունն ենք շնչում ամեն օր՝ կողքով անցնելիս... Ես, հասարակ քաղաքացիս, թքած ունեմ, թե ով է դրանց տերը, պարզ է, որ սրանք կամ սրաց նմանները պետք է լինեին...Պարզապես կցանկանայի իմանալ, արդյոք հրապարակումից հետո հետևողական եք լինում, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, թե...մի խոսքով, հասկանում եք մտահոգությունս, վստահ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter