HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է հարվածել Իսրայելին. The New York Times

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիայի սպանության: Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի երեք պաշտոնյաների, որոնք տեղյակ են հրամանի մասին։

Պարբերականի տվյալներով՝ հրամանը տրվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստում, որը կայացել էր հուլիսի 31-ի առավոտյան:

Թե կոնկրետ ինչ բնույթի հարձակման մասին է խոսքը, և որքանով մասշտաբային, դեռ պարզ չէ։ 

The New York Times-ի զրուցակիցները նշել են, որ իրանական հրամանատարությունը դիտարկում է Թել Ավիվի և Հայֆայի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտների վրա դրոնների և հրթիռների հարձակման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիան սպանվել էր Թեհրանում, որտեղ մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: ՀԱՄԱՍ-ը սպանության պատասխանատու է հայտարարել Իսրայելին, իսկ այդ երկրի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել Հանիայի սպանությանն իրենց մասնակցությունը։  

Այս տարվա ապրիլին Իրանը մի քանի ժամ շարունակ մոտ 150 հրթիռ ու ավելի քան 170 անօդաչու էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով զոհեր չէին եղել, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հաջողվել է խոցել դրոնների ու հրթիռների 99 %-ը։ Այդ հարվածի առիթը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակումն էր, որի ընթացքում սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ բարձրաստիճան անդամներ:

Լուսանկարը՝ Majid Saeedi/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter