HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրաքննության փորձ եւ «անպարկեշտ առաջարկություններ» ՀՀԽ-ի կողմից. Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի եւ Հանրային հեռարձակողի խորհրդի բանավեճը շարունակվում է։ Հուլիսի 29-ին՝ արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթում Խումարյանը չվերընտրվեց այդ պաշտոնում եւ հայտարարեց, որ դիմելու է դատարան։

Խոսելով իր եւ ՀՀԽ-ի առճակատման մասին՝ նա օրերս հայտնել է, որ խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ մերժել է Խորհրդի առաջարկների փաթեթը՝ «Ռադիոլուր» ծրագրի վերաբերյալ։ Այդ փաթեթը, որը վերաբերում է «Ռադիոլուրի» լրատվական քաղաքականությանը, Գարեգին Խումարյանն անվանել է գրաքննության փորձ եւ փարիսեցիություն որակել ՀՀԽ-ի պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել։

«Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գարեգին Խումարյանը:

Հանրային հեռարձակողի խորհուրդն այսօր հրապարակել է այդ փաստաթուղթը։ Այն Հանրային հեռարձակողի խորհրդի եզրակացությունն է Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ, որն ուղարկվել է Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի աշխատանքային էլ․ փոստից ուղիղ Գարեգին Խումարյանի աշխատանքային էլ․ հասցեին 2021 թ․ դեկտեմբերի 17-ին։

Թե ինչու է 2021-ին ընդունված փաստաթուղթը հիմա հրապարակվում, Խորհուրդը բացատրել է հետեւյալ կերպ. «Փաստաթուղթը չի հրապարակվել կայքում կամ որևէ տեղ։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ Հոդվածի 9-րդ և 13-րդ կետերի համաձայն Խորհուրդը պարբերաբար հաստատում է ընկերությունների ծրագրային քաղաքականությունը, «իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն»։

Ըստ Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարության, Գարեգին Խումարյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, Հանրային ռադիոյի վերաբերյալ պատրաստել է 3 Եզրակացություն։ Մյուս 2-ը հրապարակվել են 2023 թ․ Խորհրդի կայքում՝ Ինքնակարգավորում և էթիկա բաժնում։

Ստորեւ՝ Խորհրդի եզրակացություն-առաջարկությունը «Ռադիոլուրի» վերաբերյալ։

Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․ «Ռադիոլուրի» առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։

Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․

1․ Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է  ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։

2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։

3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ  ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։

4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։                                          

5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։

Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։

Թեև Գարեգին Խումարյանն այսօր պնդում է, որ մերժել է այս խորհրդատվական բնույթի փաստաթուղթը, այդուհանդերձ այն ժամանակ նա հավաստիացրել էր Խորհրդի անդամներին, որ կձեռնարկի համապատասխան միջոցներ և իսկապես իրականացրել էր որոշ կադրային փոխատեղումներ։ Խորհրդի գնահատմամբ, կարճ ժամանակում նշված առաջարկները հաշվի էին առնվել և իրավիճակը զգալի բարելավվել էր։

Ցավալի է, որ «ճնշումների և Խորհրդի կողմից արված «անպարկեշտ առաջարկության» մասին մենք իմացանք 3 տարի ուշացումով, այն բանից հետո միայն, երբ Գարեգին Խումարյանը չվերընտրվեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։

Լուսանկարը՝ Գարեգին Խումարյանի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter