HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եղանակն ու թույլ շարժիչը՝ ավիաաղետի պատճառ

«Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի տարածքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հայկական ավիացիային առնչվող պատահարները, որոնց ժամանակ ոչ միայն օդանավեր են շարքից դուրս եկել, այլեւ շատ դեպքերում մարդիկ են զոհվել: 

Հիշեցնենք, որ ավիացիայում պատահար է համարվում այն իրադարձությունը, որի ժամանակ որեւէ անձ ստանում է մահացու կամ լուրջ մարմնական վնասվածք, կամ երբ ավերվում է օդանավի կառուցվածքը, ինչը սովորաբար պահանջում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում: Պատահար են համարվում նաեւ այն դեպքերը, երբ օդանավն անհետ կորչում է կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալն անհնար է: Մարդկային զոհի հանգեցրած պատահարը դասակարգվում է որպես աղետ, իսկ առանց զոհի պատահարը՝ վթար:

1945 թ. հունիսի 6-ին Սիսիանից Երեւան վերադառնալիս աղետի ենթարկվեց Քաղաքացիական օդանավատորմի հայկական առանձին ավիաջոկատի ինքնաթիռներից մեկը:

Այդ օրը՝ 6:40-ին, «ՊՌ-5» մակնիշի օդանավը (խորհրդային գրանցումը՝ СССР-Л3384) Երեւանից ուղղություն վերցրեց դեպի Սիսիան: Ինքնաթիռում կար 376 կգ բեռ: Թռիչքը տեղի ունեցավ, քանի որ Սիսիանի օդանավակայանից ռադիոգիր էր ստացվել լավ եղանակի եւ օդանավն ընդունելու պատրաստակամության մասին, Երեւանի ավիացիոն օդերեւութաբանական կայանի տրամադրած եղանակային տեսությունը նույնպես խոսում էր բարենպաստ եղանակի մասին:

Սակայն թռիչքից 5 րոպե անց Սիսիանից նոր ռադիոգիր ստացվեց՝ «առայժմ չեմ ընդունում, եղանակը վատանում է»: Այդուհանդերձ, ժամը 8-ին ինքնաթիռը վայրէջք կատարեց Սիսիանում՝ թռիչքի վրա ծախսելով հաշվարկային ժամանակից 20 րոպե ավելի, ինչը պայմանավորված էր վատ եղանակով: 

Սիսիանում օդանավը բեռնվեց 343 կգ բեռով եւ փոստային առաքանիով: 8:40-ին օդանավակայանի պետը ռադիոգիր ուղարկեց Երեւան այն մասին, որ վատ եղանակի պատճառով «ՊՌ-5»-ին չի թույլատրում թռիչք կատարել, սակայն արդեն 9:10-ին օդաչուին թույլատրվեց մեկնել Սիսիանից: 

Նկատենք, որ ի տարբերություն Սիսիանի ներկա օդանավակայանի, որը կառուցվել է 1980-ականների երկրորդ կեսին, 1940-1980-ական թթ. շահագործված հին աերոդրոմը գտնվում էր քաղաքի ներկայիս բնակելի հատվածի տեղում: 

Թռիչքից հետո օդաչուն ձախ շրջադարձ էր կատարել եւ քաղաքից հյուսիս-արեւելք ընկած լեռների ուղղությամբ երկրորդ շրջանով 400-450 մ բարձրություն հավաքել: Դրանից հետո, ըստ ականատեսների, ինքնաթիռն սկսել է կտրուկ իջնել, եւ ընթացքում շարժիչը պարբերաբար անջատվել է, ու 9:20-9:25-ի սահմաններում «ՊՌ-5»-ը աերոդրոմից 6 կմ հյուսիս-արեւելք՝ Աղիտու գյուղի մոտ, բախվել է սարին ու լանջն ի վար ընկել 300 մ: Օդաչուն զոհվել է: 

Հետաքննությունը պարզել է, որ աղետի պատճառը եղել է ինքնաթիռի՝ օդային վարընթաց հոսանքների մեջ ընկնելը, ինչի հետեւանքով օդանավը կորցրել է արագությունը: Սրան նպաստել է նաեւ շարժիչի թույլ քարշիչ ուժը: Օդաչուն չի կարողացել դուրս գալ վարընթաց հոսանքների գոտուց: Երեւանի ավիացիոն օդերեւութաբանական կայանի կազմած եղանակի տեսությունը ճիշտ չի եղել:

Տեղյակ լինելով, որ շարժիչի քարշիչ ուժը թույլ է, իսկ եղանակը՝ անկայուն, օդաչուն չպետք է մեկներ Սիսիանից: Հատկանշական է, որ նա հրաժարվել էր Սիսիանից ուղեւոր վերցնել: Այդուհանդերձ, նա կարեւորություն չի տվել թռիչքին խոչընդոտող տեխնիկական ու եղանակային գործոններին: Իր հերթին Սիսիանի օդանավակայանի պետը, իմանալով անկայուն եղանակի եւ թույլ շարժիչի մասին, ինչի վերաբերյալ նրան հայտնել էր օդաչուն, վերջինիս չպիտի թույլատրեր ուղղություն վերցնել դեպի Երեւան: 

Լուսանկարում՝ «ՊՌ-5» տիպի ինքնաթիռ, աղբյուրը՝ авиару.рф 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter