HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

ան_Երես ուրվագրություն

Քայլքը մոտենում է ականջիս ու կանգ է առնում։ Ես չեմ պատրաստվում, սակայն, գլուխս նրա կողմ դարձնել, քանի որ ջրի հոսքին եմ հետևում։ Հոսք, որն անընդհատ է։

Քայլողը ևս մի քանի քայլ առաջ է անում՝ կըտ- կըտ- կըտ- կըտ- կըտ ու ուղիղ կողքիս կանգ է առնում։ Նրա ոտքերի ստորին մեկ քառորդ մասն է միայն տեսադաշտիս մեջ հայտնվում։ Ի զարմանս` նրա  բոլոր ոտքերին աշնան ամեն առատության անձրևներին, ձմռան բոլոր եղանակներին, գարնան բոլոր գրգիռներին ու ամռան բոլոր առիթներին հարիր կոշիկների բոլոր տեսակների, բոլոր կաղապարների ու բոլոր ձևերի, բոլոր մաշվածության ու բոլոր թարմության կոշիկներ են։ Տպավրություն է, որ այս ոտնավոր կոշկավորը պատրաստվում է միաժամանակ քայլել բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով և բոլոր հնարավոր ու անհնար ուղղություններով: Այդ կոշիկների մեծ մասը իտալական, մյուս մասը ֆրանսիական, հազվադեպ գերմանական ու հիմնականում ամերիկյան նոր ձևերի տեսակներ էին՝ չինական ու թուրքական արտադրության: Կոշկավորին տեսադաշտիս մեջ ամբողջությումբ ընդգրկելու համար անհրաժեշտ է նախ հայացքս ջրի հոսքից կտրել, ապա գլուխս աջ դարձնել, բայց ես, առանց հայաքս որևէ կողմ շեղելու, շարունակում եմ ջրի հոսքին հետևել։

Կոշկավորը մի քանի րոպե տեղում անշարժ կանգնում Է ու կըտ- կըտ- կըտ ափեզրից հեռանում է։

Ես շարունակում եմ հետևել գետի հանդարտ հոսքին` կենտրոնանալով, որ հոսքի ոչ մի կաթիլ իսկ կենդանի ուշքիցս բաց չթողնեմ։ Տարածության մեջ դեռևս լսվում է կոշկավորի հեռացող քայլքի մարող ձանը։

Գետափին խաղ անող տեղացի երեխաները, որ արդեն խառնվել էին զբոսաշրջիկների խմբերի հետ ժամանած երեխաների խմբերին ու վաղ առավոտից  երկրային աստղերի պես առկայծող ամենաշարժ կայծոռիկների արագությամբ տեսադաշտիս մակերեսին անընդմեջ վերուվարում  էին, մի պահ խաղն ընդհատում են, գլուխ գլխի գալիս, մեջ- մեջ ինչ-որ բան են փսփսում, ապա ցուցամատերը մարող քայլքի ձայնի ուղղությամբ պարզած,  շնչակտուր ծիծաղի ցնցումների մեջ նրա կողմ են վազում: Զբոսաշրջիկ երեխաներից մի քանիսը, որ առջևից էին վազում, վազքին զուգընթաց շնչակտուր վանկարկում են.

- … բո՜բո՜... բո՜բո՜... բո՜բո՜...   

Մյուս բոլոր երեխաները ձայնակցում են նրանց` նույնպիսի ֆրանսիական առոգանությամբ .

- … բո՜բո՜... բո՜բո՜... բո՜բո՜...   

Երեխաների միախառն ձայները գետի քրքիջին են միախառնվում ու գետը նույնպես դարձվորների առոգանությամբ ձայնակցում է նրանց.

 - … բո՜բո՜... բո՜բո՜... բո՜բո՜...

Զբոսաշրջիկների խումբն արդեն ճաշել ու գետափին էր տեղակայվել: Երեկոյան քամին նրանց հարյուրամյա օծանելիքի բույրը աղճատել ու հազար ու մի օդային վտակներով գետի մամռահոտին էր ձուլել: Գետի թափանցիկ կարկաչ ջուրն ու հովտաքամին նույնպես առաջին անգամ ալդեհիդներ, իլանգ-իլանգ, նարինջյուղ, պերգամոտ ու լիմոն էին բուրում:

Երեխաների գոչյուններն ընդհատում են զբոսաշրջիկների ճարպոտ երազները: Նրանք արթնանում են, դուրս են գալիս վրաններից, հանկարծակի արթնացումից առաջացած մկանային լարվածությունը մարելու համար ճամփորդական սառնարաններից հանում են նրախորտիկների տեսականին, շարում են խոտերին, հավասարաչափ բաժանում են բոլորի մեջ ու 72 անգամ ծամելով կուլ են տալիս: Նրբախորտիկները տեղ են հասնում, մկանները թուլացնում են, աղիքները նույնպես արթնանում են և կյանքը կրկին հունի մեջ է ընկկնում: Նրանցից որոշները գետաբերանին են մոտենում, որոշները տեղում քար են կտրում, որոշները երեսն ի վար ծնկում են, ցամաք բռերը գետի ջրով են լցնում, ջուրը ցամքած երեսներին են ցողում ու նրանց նույնքան չորցած աչքերը նախ գետի ջրով, այնուհետ՝ տխրաջրի կաթիլներով են ողողվում, իսկ թիկունքիս կողմից կրկին դեպի ինձ քայլք է լսվում՝ կըտ- կըտ- կըտ: Քայլքը մոտենում է ականջիս ու կանգ է առնում։ Ես չեմ պատրաստվում, սակայն, գլուխս նրա կողմ դարձնել, քանի որ ջրի հոսքին եմ հետևում։ Հոսք, որն անընդհատ է։ Նա ևս մի քանի քայլ առաջ է անում՝ կըտ- կըտ- կըտ ու ուղիղ կողքիս կանգ է առնում, մի քանի րոպե սպասում է, ապա ևս մեկ լայն քայլ առաջ է անում։ Այժմ տեսադաշտս ընդգրկում է նրա բոլոր ոտքերն ու բոլոր ձեռքերը և կիսանդրին ամբողջությամբ՝ մինչև ուսերն ընկած հատվածը:

Տարօրինակ է, բայց բոլոր եղանակներին հարիր բոլոր տեսակների կոշիկներից բացի, նա բոլոր ոտքերին ևս տարբեր ձևերի ու գույների և նույնիսկ տարբեր ժամանակների տաբատներ է կրում, իսկ տաբատների վրա ևս մեկական՝ մինչև ծնկները կտորե կիսատաբատ է  կրում, որոնց բոլորի վրա ևս՝ մեկական սպորտային շորտ և կիսաշրջազգեստ։ Այս բազմաշերտ տաբատների մեջ նշմարվում են թե՛ հին պարսկական լայնոտ տաբատներ, որ արդեն քուրջ էին դարձել, թե՛ անտիկ հունական պատկերագրությամբ պանչե, նույնիսկ սարժե միահյուսմամբ քառակուսի նախշավոր քիլթ, որմզդեղնի և եղնիկի կաշվից, նաև թավշակաշվից պատրաստված նեղ կիսատաբատներ, իսկ նրա կիսանդրին ճերմակ անչափ շապիկ էր ծածկում, որն իր հերթին ծածկում էր ճապոնական կիմոնոն և բյուզանդական թիկնոցը՝ թաքցնելով մարմնի կառուցվածքային առանձնահատկությունները, որ հավանաբար նույնպես փոխառություն էր: Այսօր ես նկատում եմ նաև, որ նա, չնայած անթիվ ոտքերի առկայությանը, մարմնով մեկ դողդըղում է: Նրա ոտքերը, որպես անկախ միավորներ, սպիտակ թղթին քաշած թրթիռ էլեկտրական գծերի պես անկակոն դըղդըղում էին՝ ասես դրանցում բավարար ուժ չկար պահելու համար ինչ-որ անտեսանելի մի ծանրություն, որ ստիպված էին կրել: Կարելի կլիներ ենթադրել, որ այդ ոտքերն իրենց վերևում մի քանի տոննա կշռող բետոնե աղյուս են կրում, եթե ակնհայտ չլիներ, որ միակ բանը, որ դրանք կրում էին մի հասարակ կիսանդրի էր: Ոտքերն անկանոն ալիքվելով դողդըղում ու ծուռումռվում էին՝ ասես հենց նոր էին կիսանդրուն կցվել ու դեռ չէին հասցրել ամբողջական մարմնի մասի վերածվել: Ոտքերի անկանոն դըղդըղոցի արդյունքում ուսերից բոլոր ուղղություններով վար թափվող ձեռքերը նույնպես օդի մեջ միմյանց զարկվելով անկանոն թռպռտում էին՝ տարածության մեջ մետաղական տհաճ զրնգոցներ արձակելով, որ առաջանում էին ձեռքերին շարված զանազան զարդերի բախումներից: Անթիվ զարդերից, մատանիներից ու թևօղերից մի քանիսը միայն ինձ ծանոթ թվացին, քանի որ ձեռքերն անընդմեջ շարժման մեջ էին ու դրանք ուշադիր զննելն անհնար էր: Դրանց բախումներից առաջացող ձայները կարելի է նկարագրել որպես երաժշտությանը հակադարձ մի բան: Հայացքս, սակայն, ինձնից անկախ որսում է նրա եղունգները, որոնք ոչ թե սովորական եղունգներ էին, այլ հավաքված էին եղունգների կտրտված եզրագծերի անթիվ- անհամար մնացուկներից: Ես չգիտեմ, թե որտեղից էր հայտնվել այս արտաքին Ֆրանկեյնշտեյնն ու հատկապես ինչ կապ ուներ այն ինձ հետ, բայց այն ինձ մոտ գլուխս դեպի վեր շարժելու ու նրա դեմքը, իսկ առավել հավանական է, որ բազմաթիվ դեմքերը, ընթերցելու որևէ ցանկություն չէր առաջացնում: Ես կաղնու բնին թիկնած հանդարտ կերպով առանց որևէ շարժման սպասում էի՝ երբ էր նա տեսադաշտս ինքն իրենից մաքրելու: Եղունգավորը տեսադաշտիս մեջ ամբողջությամբ ընդգրկվելու համար մեկ գործողության հնարավորություն ուներ միայն. քայլել գետի ուղղությամբ և հեռավորության հաշվին ամբողջությամբ ընդգրկվել տեսադաշտումս: Ես վստահ էի սակայն, որ նա չէր կարող գետին մոտ գնալ, քանի որ գետի հոսքի արագությունը կարող էր առանց որևէ բարդության ափեզրից քշել- մաքրել այնպիսի մի արարածի, որի անթիվ ոտքերը չէին դիմանում նույնիսկ սեփական կիսանդրու կամ էլ, ով իմանա, բազմաթիվ դեմքերի ծանրությանը: Չգիտեմ՝ դեռ որքան էր նա պատրաստվում իր անշարժ ներկայությամբ ծածկել տեսադաշտիս առնվազն մի մեծ մասը, երբ հեռվից նորից լսվեցին երեխաների անկանոն ձայները.

- … բոբո՜… բոբո՜… բոբո՜…

Երեխաները խմբված, ծիծաղի ցնցումների մեջ, ցուցամատերն այս մարմնային բեկորակցուկի ուղղությամբ պարզած՝ մեր կողմ են վազում` միաժամանակ աղաղակելով.

- … բո՜բո՜... բո՜բո՜... բո՜բո՜...

Նա նույն վայրկյանին անկանոն զնգզնգոցներ արձակելով՝ կըտ- կըտ- կըտ- կըտ- կըտ, ինքնամաքրվում է տեսադաշտիցս: Ես անշեղ հայացքով շարունակում եմ հետևել գետի հոսքին, որն անընդհատ է: 

Զբոսաշրջիկների խումբն արդեն ընթրել ու գետափին էր տեղակայվել: Երեկոյան քամին նրանց հարյուրամյա օծանելիքի բույրը աղճատել ու հազար ու մի օդային վտակներով հարակից մարգերին ու միջնաթմբերին էր ներհյուսել: Մարգերն ու միջնաթմբերն առաջին անգամ  հիրիկի, հասմիկի, հովտաշուշանի արմատիքի ու շնդեղ հրաշալիի անուշահոտությամբ էին արբեցել:

Մայրամուտ էր:

Զբոսաշրջիկների խմբերն ամրացնում էին վրաններն ու խարույկի փայտ ժողովում, երբ թիկունքիս կողմից կրկին դեպի ինձ քայլք է լսվում: Քայլքը մոտենում է ականջիս ու կանգ է առնում։ Ես չեմ պատրաստվում, սակայն, գլուխս նրա կողմ դարձնել, քանի որ ջրի հոսքին եմ հետևում։ Հոսք, որն անընդհատ է։

Այս անգամ նա մի քանի րոպե տեղում կանգնում է, ապա նույնպես ծալապատիկ նստում է հատակին՝ տեղավորվելով աջ կողքիս: Առանց հայաքս որևէ կողմ շեղելու շարունակում եմ ջրի հոսքին հետևել։ Չգիտեմ որքան է տևում լռությունը, քանի որ գետի արագահոսը ճկել էր ժամանակային բնականոն տևողությունները, իսկ ես ուրախ էի, որ այս անժամանակ լռությունն այնուամենայնիվ անխախտ էր:

-Չե՞ս հոգնել,- աջ ականջիս հնչում է ոչ պակաս ծուռտլիկ մի ձայն:

Ես շարունակում եմ չխախտել լռությունը: Ո՞վ իմանա՝ ինչ ծնունդ է աջ կողմումս տեղակայված մարմնաջարդոնը: Եթե նա կարողացել է այսքան մարմնաջարդոն հավաքագրել ու ինքն իրեն կցմցել, գուցե հիմա էլ ձայնի՞ հավաքագրման է դուրս եկել:

-Չե՞ս հոգնել սպասելուց,- կրկնում է նույն ծռմռված հնչերանգով,- չե՞ս տեսնում, որ այս գետը ոչ մեկի դին էլ չի բերելու,- շարունակում է նույն համառությամբ,- և առհասարակ այդ Սուն Ձըն… այդ Սուն Ձըն երբեք էլ գոյություն չի ունեցել:

Ես շարունակում եմ չխախտել լռությունն ու կարծես թե իմ տևական լռությունը խարխլում է նրա թվացյալ հավասարակշռությունը, որն ակնհայտորեն նույնպես միայն արտաքին է, ու նա նորից դըղդըղոցի ցնցումների մեջ է հայտնվում:

Նրա բոլոր ոտքերը, որոնք ակնհայտորեն հավաքագրված էին ու սեփական մարմնի մասեր չէին, կենտրոնի վերահսկողությունից դուրս են գալիս, ծալապատիկ դիրքից անկանոն ուղղություններով հորիզոնական դիրքով այսուայնկողմ են տարածվում՝ ասես ձգտելով պոկ գալ հիմքից ու փախչել: Նա միառժամանակ լուռ է: Ենթադրում եմ, որ իր սահմանափակ էներգետիկ կարողությունները կենտրոնացրել է ոտքերի հանդեպ վերահսկողության վերականգնման ուղղությամբ: Մինչ նա փորձում էր վերականգնել ապակենտրոն ոտքերի կենտրոնացումը, նրա բոլոր ձեռքերը նույնպես միանում են ոտքերի կազմակերպած ըմբոստության արարքին: Դրանք նույնպես քիչ-քիչ վերահսկողությունից դուրս են գալիս ու լռությունը նորից զարդերից տարածվող անկանոն շխկշխկոցներով է լցվում: Ըմբոստությանը միացած ձեռքերը ուղղաթիռի պտուտակների պես բոլոր ուղղություններով այսուայնկողմ են տարածվում՝ ձգտելով անջատվել ոչ սեփական ուսերի բնից: Սակայն կարծես թե օտար մարմնաջարդոնների նկատմամբ վերահսկողությունը վերահաստատելու նրա ջանքերն ապարդյուն չեն անցնում և որոշ ժամանակ անց դրանք բոլորը կրկին հանդարտվում են: Դըղդըղոցն ընդհատվում է, բայց նրա ստորին վերջույթները ոչ թե վերականգնում են նախկին ծալապատիկ դիրքը, այլ, ասես կենսազուրկ ու ընդարմացած, անկանոն ուղղություններով տարածված ասես քարանում են տեղում: Նրա վերին վերջույթները նույնպես, ըմբոստության արարքից կենսաքամ ու թմրած, առկախվում են վար: Քիչ-քիչ վերականգնվող լռության մեջ լսվում է նրա ծանր շնչառության հևքը, որը նույնպես հետզհետե կանոնակարգվում է: Նա մի քանի կում խորը շնչում- արտաշնչում է ու կրկին գործի է անցնում.

-Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել,- հնչում է նույն դըղդղղուն ձայնը:

LenaDerunc_Ani_01.jpg (106 KB)

Ես շարունակում եմ հետևել գետի հոսքին, իսկ կողքս տեղակայված հանգամանքը, ասես ոսկրացնցվելով, որ չնայած բազմապատիկ ոտքուձեռքերով և զանազան զարդուհագուստով տարածությունը լցնելու իր բոլոր ջանքերին, ինքն, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ընդամենը մի ֆիզիկական հանգամանք,  նորից տրվում է մենաբարբաջությանը.

-Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել: Չե՞ս տեսնում, որ այս գետն անզոր է: Որքա՞ն ես պատրաստվում այստեղ սպասել: Գետը քեզ ոչինչ էլ չի բերելու: Ոչ միայն Սուն Ձըն գոյություն չի ունեցել, այլև միտքը, թե գետը դիեր է բերում, սխալմամբ են նրան վերագրել: Նա երբեք նման միտք չի հայտնել: Դու զուր ժամանակ ես այստեղ կորցնում: Իսկ այ ես առաջարկում եմ: Ես բոլոր գետերից ավելի լավ գիտեմ՝ ինչպես պատժել: Ինքդ լավ գիտես՝ խարդախությունը վաղեմություն չի ճանաչում: Եթե չես հավատում, կարող ես պարզապես մարմինս ուշադիր զննել: Կարծում ես՝ ինչպե՞ս եմ այսքան վերջույթ հավաքագրել: Իսկ հապա մի քե՜զ տես: Ո՞վ իմանա՝ որքան ժամանակ ես այս ափին այսպես անշարժ մնացել, որ այսչափ հյուծվել ես: Նույնիսկ հավելյալ վերջույթնե՜ր չունես: Ինչպե՞ս կարելի է: Այն էլ այս դարում: Ընդամենը զույգ ոտքերո՞վ ապրել: Թշվառությու՜ն: Հապա մի տեսե՜ք՝ ձեռքերը նու՜յնպես զույգ են: Թշվառությու՜ն թշվառությանց: Գիտե՞ս, իսկ ինձ պատմել էին, որ դու նաև թևավոր ես: Հապա ու՞ր են թևերդ: Անտեսանելի՞ են դարձել, թե՞ դրանք նույնպես գետին ես հանձնել: Դե՛հ, իհարկե՜, ով էլ ինքն իրեն ժամե՜ր- օրե՜ր, ո՞վ իմանա, տարիներ շարունակ մեկ անկենդան ծառի ու արդեն շունչը ցամքող գետի ընկերակցությանը հանձնի, այս օրը կընկնի: What a miserable existence!

LenaDerunc_Ani_02.jpg (170 KB)

Չնայած որ նրա բարբաջի մեջ որոշակի կապակցվածություն ու նաև ձևաբանական տեսանկյունից իմաստներ արտահայտելու հավակնություն կա, ընդամենը մեկ րոպե ընդամենը մեկ ականջով այն դիտարկելը ( քանի որ մյուս ականջս գետի հոսքն էր լսում) բավարար էր հասկանալու համար, որ լեզուն, որը մարմնաջարդոնը բարբաջում էր, նույնպես փոխառություն էր: Նույնիսկ ավելին՝ այդ լեզուն ներդրված մի ծրագիր էր՝ թերություններով լի առաջին սերնդի ծրագրային ապահովման հիմքով, որ գրված էր զանգվածային կիրառման փորձարկման համար դեռևս web01-ի հանրայնացումից տասնամյակներ առաջ՝ 20-րդ դարում՝ գրեթե հարյուր տարի առաջ: Ծրագրի նպատակը խոսքային ունակություններից զուրկ թերմիավոր մարմնաջարդոնների մեջ ներդրումն էր՝ որպես հավելյալ աջակից հենակ՝ ստորակարգ բնազդային պարզ զգացողությունները բառերի մեջ փաթեթավորելու և մարդկանց հետ նվազագույն հաղորդակցություն հաստատելու նպատակաով: Այս ծրագրի մեջ գոյություն չուներ, սակայն, ինքնարտահայտման գործառույթ, քանի որ ինքնարտահայտման գործառույթի առկայությունը անհրաժեշտություն է այն տեսակների պարագայում միայն, որոնք ինքնության կրիչ են: Եթե չկա ինքնություն, այն չի կարող նաև արտահայտվել: Ծրագրի գլխավոր թերությունն այն էր սակայն, որ ծրագրակիրներն անտեղյակ են սեփական կացությունից և համոզված են, որ իրենք նույնպես խոսքի միջոցով արտահայտվում են, չնայած որ ծրագրի առաջնային և միակ նպատակը ծրագրակիրների ներսում տեղի ունեցող ստորակարգ բնազդային անկանոն ալեկոծումները միջավայրի համար հասկանալի դարձնելն է: Այսինքն՝ ծրագիրը ստեղծվել, ներդրվել ու գործարկվում է մարմնաջարդոնների միջավայրում գտնվող այլ միավորների՝ բնական մարդկանց, մտածողների, ստեղծողների և մյուսների անվտանգության ապահովման նկատառումներով միայն: Պատկերացրեք, թե որքան ավելի հարթ, սահուն ու կանխատեսելի կդառնար միջին մարդու կյանքը, եթե նման մի ծրագիր ստեղծվեր, օրինակ, ընտանի կենդանիների համար: Նրանք այլևս կարիք չէին ունենա սեփական զայրույթը կամ անհամաձայնությունը ցույց տալու համար նախ գռմռալու, ապա մեկի վրա հարձակվել- կծել- հոշոտելու: Փոխարենը նրանք բառերի կվերածեին սեփական բնազդային ցանկություններն ու պարզ զգացողությունները և կհաղորդակցեին դրանք միջավայրում առկա այլ միավորների, օրինակ, մարդկանց հետ, կանխելով իրավիճակի զարգացումն ու սրացումն առ պայթյուն, իսկ համագոյակցումը կդառնար առավել սահուն, խիստ հարմարավետ, կանխատեսելի և, հետևաբար, անվտանգ: Ճիշտ նույնանպատակ ծրագիր էր «bobo»-ն՝ միակ տարբերությամբ, որ ծրագրակիրները ոչ թե կենդանիներ էին, այլ մարդկային մարմնաջարդոններ, որոնք ոչ թե կարծում, այլ համոզված էին, որ լեզուն, խոսքը, բառերն ու դրանցով կառուցվող իմաստային կաղապարները մայրական կաթի միջոցով իրենց նվեր տրված ինքնուրույն արտահայման միջոց է:

Բարբաջի մեջ պարբերաբար կիրառվող օտար բառային կաղապարներն ու արտահայտությունները ևս հաստատում են ծրագրի առկայության մասին, քանի որ արդեն 21-րդ դարասկզբին ստեղծվել, ազատ կիրառման հիմքով հասանելի էր դարձել, ապա զանգվածային տարածում էր ստացել bobo անունը կրող ծրագրային թարմացումը:

bobo ծրագրային թարմացումը հնարավորություն էր տալիս ծրագրակրին սեփական բնազդները բառային փաթեթավորման միջոցով արտահայտելու ոչ միայն

հիմնական՝ մայրենի լեզվով, այլ դրա մեջ ներառել այլ լեզուներից փոխառված կաղապարներ ևս:

Ամենատարածված լեզուն, իհարկե, անգլերենն էր, բայց այստեղ խոսքը նույնպես կենդանի անգլերենի մասին չէ, այլ՝ ներքին մասնագիտական ժարգոնի շրջանակներում  second hand language անվամբ՝ երկրորդային և երրորդային կիրառման անգլերենի, որի պատրաստի կաղապարները ծրագրակիրը սեփական համակարգ էր ներբեռնում ֆիլմերից, տեսահոլովակներից և ապրանքային նկարագրություններից:

bobo թարմացումը քննադատող  ելույթներով և հոդվածներով դեռևս 2000-ականներին հանդես եկան մի շարք մարդիկ, մտածողներ և պարբերականներ՝ անգլիական The Guardian-ն[1] այդ թվում, անվանելով թարմացումը ոչ էթիկական, քանի որ դրա առաջնային թաքույց նպատակը ծրագրակիրների միջոցով ֆիզիկական և մեդիա ապրանքների տարածումն ու հանրայնացումն էր:

Մինչ ես մտովի նույնականացնում էի աջ կողքիս տեղակայված ֆիզիկական հանգամանքի ծնունդն ու բնույթը՝ հեռվից նորից լսվեցին երեխաների ձայները.

-բոբո՜… բոբո՜… բոբո՜…

Ձայներն այս անգամ ոչ թե ափի կողմից էին հնչում, այլ՝ ճիշտ հակառակը՝ թիկունքիս կողմից: Կողքս տեղակայված ֆիզիկական հանգամանքը ձայները լսելուն պես ընդհատեց մենախոսությունն ու ամբողջ մարմնաջարդոնով վեր թռավ տեղից: Ձայները մոտենում էին մեծ արագությամբ և սովորականից ավելի ծավալուն էին: Երեխաների անկանոն հոսքը բոլոր կողմերից չէր դադարում՝ ասես փորձելով մեզ շրջափակման մեջ դնել: Արտաքին Ֆրանկեյնշտեյնը սրընթաց արագությամբ գետի երկայնքով անկանոն վազք սկսեց, քանի որ երեխաները թիկունքիս կողմից էին գալիս և նա այս անգամ չէր կարող թիկունքիս կողմ հեռանալ: Մի քանի մետր սրընթաց վազքից հետո նրա բոլոր ոտքերն ու ձեռքերը, որ դեռևս ըմբոստությունից ընդարմացած անկանոն կերպով կախված էին նրա բոլոր կողմերից, ասես վերջին ուժերով, բաց չթողնելով առիթը, ըմբոստության երկրորդ ալիք բարձրացրին ու սկսեցին իրենց անհույս կերպով կառավարել փորձող մարմնաջարդոնը տարբեր ուղղություններով ձգել-քաշքշել: Մարմինը կորցրեց հավասարակշռությունը, տեղում մի քանի պտույտ արեց, վար ընկավ ու ափի թեքության հաշվին սկսեց մեծ արագությամբ դեպի գետը գլորվել:

Արևը մայր էր մտել: Գիշերվա լռության մեջ լսվում էր վրանների մոտակայքում ի երկինք վառվող խայրուկի փայտի ճռթճռթոցը: Կրակը փոխարինել էր արևին: Գետի հոսքը նույնպես կարմիր էր, իսկ քամին զբոսաշրջիկների հարյուրամյա օծանելիքի բույրը հազար ու մի օդային վտակներով հարակից գյուղեր ու տներ էր հասցրել ու հիմա արդեն տեղացի երեխաների պարսատիկներն ու մածունի մերանն էին մուշկի ու ճանդանի, ծառամամուռի ու սաթի, քուսքուսի ու փաչուլի բարձրաշխարհիկ անուշաբույրով օծվել:

Ես շարունակում էի հետևել գետի հանդարտ հոսքին: Գետի կարմիր հոսքն անթիվ անհամար                            

ոտքեր,

ձեռքեր,

պոչեր,

զարդեր,

կոշիկներ,

ջինսե,

կտորե

տաբատներ,

պիտակներ,

տարբեր չափսերի անդրավարտիքներ,

կոտրված ատամներ ու եղունգների կցուկներ

և անհաշիվ դեմքեր

մեկ ակնթարթում տեսածիրիս երկայնքով քշեց-մաքրեց-տարավ:

Տարօրինակ է իսկ, որ գետի հոսքի մեջ չկար և ոչ մեկ հատ երես՝

միայն դեմքեր՝

անհաշիվ ու անքանակ,

և ոչ մեկ երես:

Գետի հոսքը մարմնաջարդոններ է բերում և դեռևս ոչ մեկ դիակ՝ ոչ մեկ երես:

Ես առանց միջամտելու լռությունը անշարժ կերպով հետևում եմ գետի հանդարտ հոսքին:

                                                                                                                        պատմեց՝ Սուն Ձըն

[1] https://www.theguardian.com/theobserver/2000/may/28/focus.news1

Պատկերապատման հեղինակ՝ Լենա Դերունց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter