HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վճարեք 300 հազար դրամ, և կվերանա շահերի բախումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազարական դրամով տուգանել է Հրազդան և Արտաշատ համայնքների ղեկավարներին՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն Հանձնաժողովին չներկայացնելու համար։ Մերձավորի կամ քաղաքական կապեր ունեցող անձի հետ պայմանագրի կնքմամբ՝ համայնքի ղեկավարները չեն ներկայացրել գրավոր հայտարարություն Հանձնաժողովին, և, ըստ էության, ձեռնպահ չեն մնացել գործողություն կատարելուց: Երկու վարույթի հիմքում էլ «Հետքի» հոդվածներն են։

Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի համար համայնքային բյուջեից վճարվել է մոտ 156 մլն դրամ:

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն հիմնել է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Ս․Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից, և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։

Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում: 

Կուսակցական և ընկերական կապերն օգտագործվել էին նաև Արարատի մարզպետարանում: 2023թ․-ին ընթացքում Արարատի մարզպետարանի աշխատակազմը մոտ 109 մլն դրամի պայմանագիր է կնքել Արտաշատի ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանին պատկանող  «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ՝ Արտաշատ համայնքում շինաշխատանքներ իրականացնելու նպատակով: Պայմանագրերը կնքելուց հետո մարզպետարանը, որպես պատվիրատու, իր իրավունքներն ու պարտականությունները համաձայնագրով փոխանցել է Արտաշատի համայնքապետարանին: Նմանատիպ կետ նախատեսված է եղել նաև պայմանագրով:

Արարատի մարզպետարանի անունից պայմանագրերը կնքել է աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը: Նա ևս Արտաշատ համայնքի ավագանու անդամ է: Իսկ Արթուր Մկրտչյանի հայրը՝ Սուրեն Մկրտչյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալն է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.31 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով (300.000 դրամ):

Փաստացի ստացվում է, որ ամեն անգամ պաշտոնյաները կարող են շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտել, ենթարկվել 300 հազ. դրամի չափով տուգանքի ու դրանով ազատվել պատասխանատվությունից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հենց այս հոդվածով նախատեսված տուգանքն է կիրառել Հրազդան և Արտաշատ համայնքների ղեկավարների նկատմամբ:

Բիզնես կամ քաղաքական կապեր ունեցող պաշտոնյայի համար ամենևին անհարմարություն չէ 300 հազ. դրամ տուգանքի վճարումը, ինչից կարող ենք ենթադրել, որ օրենսդրական կարգավորումները որևէ զսպող դեր չունեն: Ամեն անգամ կարող են խախտել շահերի բախման կարգավորումները, մերձավորների համար միլիոնների եկամուտ ապահովել պետական կամ համայնքային բյուջեների հաշվին ու դրա համար տուգանվել ընդամենը 300 հազ. դրամի չափով և ջրից չոր դուրս գալ:

Հոդվածում նշել էինք, որ, օրինակ, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը նույն վարքագիծը դրսևորում է արդեն մի քանի տարի: Համայնքային բյուջեից եղբոր ընկերությանը վճարվել է մոտ 156 մլն դրամ, որից 300 հազ. դրամ տուգանք վճարելը թերևս որևէ դժվարություն չի կարող առաջացնել Միքայելյանների համար:

Լուսանկարում՝ Սևակ եւ Մեխակ Միքայելյանները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter