Երևանի քաղաքապետարանը փոսերը «փակում է» գծանշումներով, հետո նոր՝ ասֆալտով
Երևանի քաղաքապետարանը Նոր Նորք վարչական շրջանում այս տարվա հուլիսին փողոցների գծանշման աշխատանքներ է իրականացրել։ Դրանք արվել են ճանապարհների մասնակի վերանորոգման աշխատանքներից առաջ, այսինքն՝ քաղաքապետարանը գծանշումներն արել է փոսերի մեջ, քանդված ճանապարհներին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել նաև ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ ցույց տալով Գայի պողոտայում արված անորակ գծանշման աշխատանքները։ Նման կադրեր արձանագրել է նաև մեր տեսախցիկը։
Մի քանի օր անց նույն տեղանքում քաղաքապետարանը մասնակի վերանորոգման նպատակով քանդել է ճանապարհը և իրականացրել նորոգման աշխատանքներ։ Նոր արված գծանշումները դրա հետեւանքով վնասվել են։
Քաղաքապետարանից հայտնեցին, որ և՛ գծանշման, և՛ փոսային նորոգման աշխատանքներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Փոսային նորոգման աշխատանքների 1-ին փուլն ավարտվել է 2024 թվականի գարնանը, երբ այդ հատվածում գծանշման աշխատանքների մեկնարկը դեռ տրված չէր։ Նոր Նորքում դրանք մեկնարկել են հուլիս ամսին։ Գծանշման աշխատանքներին գրեթե զուգահեռ փողոցներում ի հայտ է եկել լրացուցիչ փոսանորոգման աշխատանքների անհրաժեշտություն։
«Երբ որ սահմանված ժամանակացույցով պետք է գծանշման աշխատանքները էսպես թե էնպես արվեին, որպեսզի գրաֆիկից հետ չլինեին, դեռևս 2-րդ փուլով այդ հատվածում փոսային նորոգումներ անելու պայմանագրերը կնքված չեն եղել, այսինքն՝ գուցե և պատրաստ եղել են, բայց ֆիզիկապես աշխատանքն այն փուլին չի հասել, որ 2-րդ փուլով ևս արվեր մինչև գծանշումը»,-նշում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Չնայած ըստ ժամանակացույցի Նոր Նորքում գծանշման աշխատանքներն ավարտված են, վարչական շրջանի որոշ փողոցներում գծանշումներն այս պահին այս տեսքն ունեն։
Մեկնաբանել