HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինարարը քանդել է հին տանիքն ու մինչեւ նորը կդներ, բնակարանները հայտնվել են անձրեւաջրերի մեջ

Հուլիսի 10-ի հորդառատ անձրեւը Ճամբարակի Տիգրան Մեծի 30 հասցեի բնակիչները, հավանաբար, դեռ երկար կհիշեն: Եվ ոչ միայն նրանք, այլեւ նրանց հյուրերը, ովքեր ողջ գիշեր տաշտեր ու թասեր էին դատարկում, կտոր քամում, որպեսզի ջուրը չլցվի ներքեւի հարկեր: Առավոտյան արդեն նրանց ձեռքերի ափերը վնասվել էին: 

Ճամբարակի համայնքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած երեւանյան «Շին Բարեկարգում» ՍՊԸ-ն պետք է վերանորոգեր Տիգրան Մեծի 30 շենքի տանիքը: 4-հարկանի շենքում 4 տասնյակ բնակարան կա:

Հուլիսի 5-ին շինարարն ամբողջությամբ հանել է շենքի տանիքի ազբեստե թիթեղները՝ դրանք հետագայում մետաղական թիթեղներով փոխարինելու համար: Ըստ բնակիչների՝ ընկերությունը քանդել է շենքի տանիքն ու գնացել, ինչից հետո մի քանի անգամ տեղատարափ անձրեւներ են եղել: Ջուրը լցվել է 4-րդ հարկի բոլոր բնակարանները, ապա անցել նաեւ մյուս հարկերի բնակարաններ:

Շենքի բնակիչներից Լազարյաններն անցյալ տարի էին վերանորոգել բնակարանը: Ազատ Լազարյանն ասում է՝ վերանորոգումից ոչինչ չի մնացել այսօր: Ամբողջ գիշեր տեղացած անձրեւը վնասել է առաստաղը, հատակը, պատերը, գույքը: Տան բոլոր տաշտերն ու թասերը, ծածկոցները բավարար չեն եղել՝ հեղեղի դեմն առնելու համար: Անձրեւը վնասել է տան  հոսանքի հաղորդալարերը: Ազատ Լազարյանը հազիվ կարողացել է վերականգնել հյուրասենյակի ու պատշգամբի հոսանքը, բայց տան մյուս հատվածներում էլեկտրականություն չկա:

Նրանց հարեւան Էմմա Զազյանի բնակարանում եւս հոսանք չկա: Հարեւանի տնից են գիծ անցկացրել: «Ամբողջ տունն ավերվել է՝ դուռ-պատուհանով, պոլով, պատալոկով: Ամեն ինչը զրոյի է հավասարվել: Դրանից հետո մի անգամ էլ է անձրեւ եկել, մեկ էլ՝ 26-27-28-ին իրար հետեւից: Ամսի 28-ին նոր եկել են [քաղաքապետարանից], պալատկա են տվել,- ասում է 63-ամյա բնակչուհին ու ավելացնում,- 40 տարվա տունը դառավ ոչ մի բան»:

Հարեւան մուտքից Արմենուհի Հայրապետյանն ասում է. «Հիմա Ձեզ հետ զրուցում եմ, սկվազնյակի տակ նստած եմ»: Անձրեւաջրերը դեռ կաթում են շենքի պանելներից: Ա. Հայրապետյանի տանը բորբոսահոտ է տարածվել, չնայած դռներն ու պատուհանները բացել է, անկողինը դուրս հանել: 

Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը «Հետքին» հայտնեց, որ խնդիրը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է: 

«Աննախադեպ տեղումների պատճառով խնդիր առաջացավ: Համայնքապետարանն անմիջապես նույն օրը հանձնաժողով է կազմել մարզպետարանի մեր գործընկերների ներկայությամբ: Բոլոր բնակարնները այցելել ենք, վնասը մանրակրկիտ հաշվարկել: Ճանապարհներ ենք փնտրում՝ փոխհատուցումը կազմակերպելու համար»,- ասում է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ անձրեւից տուժել են շենքի բոլոր բնակարանները, ամենաշատը՝ 4-րդ հարկի բնակարանները, մյուսները՝ մասնակի: 

Համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առեւտրի, սպասարկման եւ գնումների բաժնի պետ Լուսինե Մարկոսյանի փոխանցմամբ՝ վնասի նախնական հաշվարկը կազմել է մոտ 6 մլն դրամ: 

Տիգրան Մեծի 30-ը Ճամբարակի այն 3 շենքերից է, որոնց տանիքները համայնքապետարանը ծրագրել էր փոխել: «Դրանից հետո քաղաքում չվերանորոգված տանիքով շենք չպիտի ունենայինք»,- նշում է աշխատակազմի քարտուղարը:

Ըստ Ա. Ստեփանյանի՝ հուլիսյան տեղումները մեծ վնաս են հասցրել նաեւ գյուղատնտեսությանը՝ հացահատիկի, բազմամյա բույսերի դաշտեր են վնասվել: 

«Էլի շենքեր են եղել թաղամասում, որ սարքել են, բայց մաս-մաս են քանդել: Իսկ սրանք քանդեցին ու թողեցին: Սելավը տան մեջ թափվում էր: Էլ ո՛չ տաշտերը, ո՛չ ծածկոցները չէին փրկում, մինչեւ անգամ սրբիչներն էի հանել: Ամեն ինչ հանել էի, գցել, որ ջուրը հանկարծ չգնա ներքեւի հարեւանի տուն»,- նշում է բնակիչներից Ա. Հայրապետյանը: Նա հատկապես ափսոսում է, որ վնասվել է 44-օրյա պատերազմում զոհված որդու ձեռք բերած գույքը: Վերջինս բնակարանը մասնակի վերանորոգել էր մինչեւ դիրքեր մեկնելը:

Համայնքապետարանի գնումների բաժնի պետ Լ. Մարկոսյանն ասում է, որ իրենք մրցույթով ընտրել են նաեւ տեխնիկական վերահսկողություն իրականացնողի, որը «Տեխնո Շին» ՍՊԸ-ն է (գրանցված է Սեւան համայնքի Գեղամավան գյուղում): Ըստ բաժնի պետի՝ տեխվերահսկողը, համաձայն պայմանագրի, ամենօրյա ռեժիմով պետք է կատարի հսկողություն, թերություն նկատելու դեպքում արձանագրի: 

Այստեղ հարց է ծագում՝ շինարարն ու տեխնիկական վերահսկողը չե՞ն թերացել իրենց պարտականությունների հարցում: Լ. Մարկոսյանը համաձայն չէ ձեւակերպմանը, որ շինարարը թերացել է, ասում է՝ թերանալն այլ հարց է, հորդառատ անձրեւ է սկսվել, չի կտրվել: Նրա խոսքով՝ միջոցներ ձեռնարկվել են, շինարարն էլ իր կողմից ծածկ է փռել տանիքին, եւ առատ տեղումների երրորդ օրն արդեն «փակել են աղետի դեմը»: 

Շենքի բնակիչներից Արմենուհի Հայրապետյանն իր հերթին ասում է, որ երբ շինարարի ներկայացուցիչն այցելել էր շենք, ինքը հարցրել է, թե նման գործ ձեռնարկելիս արդյոք չեն մտածում, որ կարող է անձրեւներ լինեն: Պատասխանը եղել է այն, թե նման աշխատանքներ շատ են արել, բայց նման իրավիճակ չի եղել: Արմենուհին արձագանքել է, որ պետք էր հաշվի առնել լեռնային գոտի լինելը:

Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Ստեփանյանը նշում է, թե «Շին Բարեկարգում» ՍՊԸ-ն չի հրաժարվում փոխհատուցում տրամադրել, որն առայժմ շինանյութի տեսքով կլինի: Համայնքապետարանն էլ ֆինանսական փոխհատուցում կտա, աջակցության համար նաեւ Կառավարությանը կդիմեն: Ստեփանյանն ասում է՝ համայնքի բյուջեն փոքր է, չի կարող ամբողջական վնասի փոխհատուցում իրականացնել, հետեւաբար, դիմելու են գործադիրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter