HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպես Երեւանի մոտ վթարվեց Գերմանիայից որպես ռազմավար վերցված ինքնաթիռը

1947 թ. մարտի 29-ին Երեւանի մոտ վթարի ենթարկվեց Հայկական առանձին ավիաջոկատի «Siebel Si 204» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-Л538): Զոհեր, բարեբախտաբար, չեղան, բայց վթարը եւս կարող էր տեղի չունենալ, եթե պատասխանատու անձինք չթերանային:

«Siebel Si 204»-ը գերմանական ինքնաթիռ էր, որն արտադրվում էր ֆաշիստական Գերմանիայում եւ վերջինիս կողմից օկուպացված Չեխոսլովակիայում ու Ֆրանսիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի որոշ ժամանակ շարունակվեց արտադրությունը Չեխոսլովակիայում եւ Ֆրանսիայում: Պատերազմի ժամանակ խորհդային զորքերի կողմից որպես ռազմավար վերցված այս օդանավերը ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ներգրավվեցին տարբեր տեսակի աշխատանքներում թե՛ ռազմաօդային ուժերի, թե՛ քաղաքացիական ավիացիայի կազմում:

Մարտի 29-ին՝ ժամը 7:15-ին, СССР-Л538-ը Երեւանից ուղղություն վերցրեց դեպի Սիսիան: Այն տեղափոխում էր 819 կգ բեռ, իսկ ինքնաթիռի ընդհանուր թռիչքային քաշը (օդանավ+վառելիք+անձնակազմ+բեռ) 5589 կգ էր: Անձնակազմում էին հրամանատարը, երկրորդ օդաչուն, բորտ-մեխանիկը:

Թռիչքից 15 րոպե անց օդանավի ձախ շարժիչի աշխատանքը թուլացավ (պտուտակների պտույտների թիվը պակասեց), բայց որոշ ժամանակ անց շարժիչը կրկին սկսեց նորմալ աշխատել: Այդուհանդերձ, օդանավի հրամանատարը որոշեց վերադառնալ Երեւանի աերոդրոմ (խոսքը ներկայիս «Էրեբունի» օդանավակայանի մասին է):

Վայրէջքից հետո օդաչուն տեխնիկական խնդրի մասին զեկուցեց ավիաջոկատի հրամանատարի տեղակալին, ինչպես նաեւ տեղեկացրեց ավիաօղակի ավագ ավիատեխնիկին, որն օդանավը նախապատրաստել էր թռիչքին (ավիաօղակը մի քանի օդանավից բաղկացած ստորաբաժանում է): Ստուգելով շարժիչը՝ ավագ ավիատեխնիկն, այդուհանդերձ, չկարողացավ պարզել պտույտների նվազման պատճառը: Սակայն նա գետնի վրա եւս մեկ անգամ փորձարկեց շարժիչը ավիաջոկատի փոխհրամանատարի ու օդաչու-հրահանգիչի ներկայությամբ, եւ այն նորմալ աշխատեց: Դրանից հետո փոխհրամանատարը որոշեց ինքնաթիռը կրկին ուղարկել Սիսիան, սակայն օդանավի հրամանատարի տեղը զբաղեցրեց օդաչու-հրահանգիչը, իսկ բորտ-մեխանիկին փոխարինեց ավիաօղակի ավագ ավիատեխնիկը: Նկատենք, որ բորտ-մեխանիկը թռիչքային անձնակազմի անդամ է, որը պատասխանատու է շարժիչների եւ այլ սարքավորումների աշխատանքի համար, իսկ ավիատեխնիկը գետնի վրա տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի անդամ է, որը չունի բորտ-մեխանիկի կոչում:

9:30-ին «Siebel Si 204»-ը կրկին օդ բարձրացավ: Բայց 60-80 մ բարձրության վրա ձախ շարժիչը նորից սկսեց խափանումներով աշխատել, իսկ հետո կարգավորվեց: Օդաչու-հրահանգիչը խափանման ժամանակ անմիջապես որոշեց վայրէջք կատարել Երեւանում, բայց շասսին բացելիս աջ անիվը չուղղվեց: Այս պայմաններում օդաչու-հրահանգիչը որոշեց վայրէջք կատարել փակված շասսիով՝ «փորի» վրա: Վայրէջքի ժամանակ՝ 100-150 մ բարձրության վրա, ձախ շարժիչը վերջնականապես հանգեց: Ինքնաթիռը, արագ բարձրություն կորցնելով, բախվեց կոլխոզի գոմին ու վթարվեց: Ամբողջապես շարքից դուրս եկան թե՛ օդանավը, թե՛ երկու շարժիչները, օդաչու-հրահանգիչը ոտքի կոտրվածք ստացավ, իսկ երկրորդ օդաչուն ու ավագ ավիատեխնիկը՝ թեթեւ սալջարդեր:

Պատահարի քննությամբ պարզվել է, որ դրա պատճառները մի քանիսն են եղել: Նախ՝ ավիաջոկատի հրամանատարի տեղակալը կրկին թռիչքի է ուղարկել մի օդանավ, որը հարկադիր վայրէջք էր կատարել շարժիչի անսարքության հետեւանքով, ու այդ պայմաններում չէր կատարվել անսարքության պատճառների նախնական ու մանրակրկիտ քննություն, եւ տեխնիկական թերությունը չէր վերացվել: Փոխհրամանատարը չի ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ, մասնավորապես՝ չի հրամայել երկրորդ թռիչքից առաջ բեռնաթափել ինքնաթիռն ու օդում փորձարկել շարժիչների աշխատանքը:

Սխալ է գործել նաեւ օդաչու-հրահանգիչը, որը հարկադիր վայրէջքի ժամանակ օդանավը մեկ շարժիչով վարելու հնարավորությունը չի օգտագործել, փոխարենը ցածր բարձրության վրա շրջադարձ է կատարել դեպի ձախ՝ անսարք շարժիչի կողմը:

Ավիաջոկատի ավագ ինժեները բավարար հետեւողական չի եղել, ինչը հանգեցրել է տեխնիկական անձնակազմի շրջանում կարգապահության ցածր մակարդակի: Սրա արդյունքում ավիաօղակի ավագ ավիատեխնիկն առաջին թռիչքից հետո նրան չի զեկուցել ինքնաթիռի հարկադիր վայրէջքի մասին, փոխարենը երկրորդ թռիչքով ինքն է թռել որպես բորտ-մեխանիկ՝ չունենալով դրա իրավունքը:

Լուսանկարում՝ խորհրդային զորքերի կողմից բռնագրավված «Siebel Si 204», աղբյուրը՝ plane-encyclopedia.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter