HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարևաններին օգնության գնացած Մելսիկ Բաղդասարյանը զոհվեց ադրբեջանական արկից

Մելսիկ Բաղդասարյանին ընկերները հուղարկավորեցին իր տան դիմացի այգում: Սեպտեմբերի 22-ն էր, գյուղը տարհանվում էր։ Գերեզմանատուն գնալ չէին կարող եւ հարազատներն ու ընկերները որոշեցին Մելսիկին ժամանակավոր հուղարկավորել այգում: Մելսիկը զոհվել է 2023 թ.-ի սպետեմբերի 19-ին, արդբեջանցիների հարձակման օրը: Մարտկարետի շրջանի Վանք գյուղում կեսօրին արկերը սկսեցին պայթել գյուղի տարբեր հատվածներում: Բնակիչները պատսպարվեցին իրենց նկուղներում:   

5284984230578872451 (1).jpg (247 KB)Մելսիկ Բաղդասարյանի գերեզմանը

Մելսիկ Բաղդասարյանի զինվորական որդին՝ Արսենը Սրխավենդի դիրքերում էր: Կեսօրին մոտ զանգել էր հորը և խնդրել փողոցի բոլոր երեխաներին տանել ապաստարան։ «Ամուսինս փողոցում գտնվողներին տեղափոխեց ապաստարան ու գնաց տեր Հովհաննեսի տուն, որ իրենց նույնպես զգուշացնի»,- պատմում է Մելսիկի կինը՝ Սուսաննա Բաղդասարյանը։ Այդ օրը տեր Հովհաննեսի տանն էր նաև Վազգեն Հովոյանը, կնոջ՝ Գոհարինեի և որդների՝ Սերգեյի ու Մկրտիչի հետ։ Ադրբեջանական հրթիռը պայթեց տան դիմաց: Պայթյունից զոհվեցին 16-ամյա Սերգեյ Հովոյանը ը 65-ամյա Մելսիկ Բաղդասարյանը։ Գոհարինեն, Մկրտիչը և տեր Հովհաննեսը վիրավորվեցին։  Վազգենը Քոլատակի եկեղեցու՝ Հակոբավանքի պահակն էր, իսկ Գոհարինեն եկեղեցու մոմավաճառը։

Մելսիկ Բաղդասարյանը կնոջ, քրոջ, որդու, հարսի և 3 թոռների հետ ապրում էր Վանք գյուղում։ Նա շինարար էր, բայց վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով չէր աշխատում։ 

Սուսաննան աշխատում էր խանութում և հարձակման օրը աշխատանքի էր։ «Դուրս եկա խանութից ու հասկացա թե ինչ է կատարվում։ Միանգամից գնացի տուն, որ թոռներիս ապաստարան տեղափոխեմ։ Երբ հասա տուն, տեսա, որ Մելսիկը երեխաներին արդեն տեղափոխել է ապաստարան ու գնացի նրանց մոտ»,- պատմում է Սուսաննան։

Մելսիկը որոշել է գնալ և տեղեկացնել նաև Տեր Հովհաննեսի տանը գտնվողներին, որ գնան ավելի ապահով վայր։

Մելիսկը տնից գնալուց  որոշ ժամանակ անց ընտանիքի անդամները պայթյունի ձայներ են լսել, և մտածել, որ թշնամին հրետակոծել է զորամասը։ Սուսաննան ենթադրել է, որ ամուսինը պայթյունից հետո գնացել է զորամաս օգնելու։

Որոշ ժամանակ սպասելուց հետո Սուսաննան ամուսնուն գտնելու համար գնացել է նախ իրենց տուն։ Տեսնելով որ դուռը փակ է, սկսել է փնտրել հարևան տներում: Տեր Հովհաննեսի տան դարպասը բաց տեսնելով մտածել է, որ ամուսինն այնտեղ է։

5284984230578872448.jpg (147 KB)Մելսիկ Բաղդասարյանը կնոջ՝ Սուսաննայի հետ

Տան բակում Սուսաննան հանդիպել է գյուղացիներից մեկին՝ Սասուն Առաքելյանին: Նա է Սուսաննային հայտնել է ամուսնու մահվան լուրը։ 

«Մտա ներս ու տեսա որ Մելսիկը գետնին է ընկած։ Մոտեցա, ստուգեցի զարկերակը ու հասկացա, որ մահացած է» - ասում է Սուսաննան ու ավելացնում, որ ամուսինը շատ տեղերից էր վիրավորվել, հարված էր հասել սրտին, թևը կտրվել էր։

Մելսիկ Բաղդասարյանի մարմինը տեղափոխել են իրենց տուն, քանի որ Ստեփանակերտի դիահերձարան մեքենայով հասցնելու համար վառելիք չկար։ «Սասունի հետ ամուսնուս մարմինը տարանք մեր տուն: Սասունը ասաց գնում է դիրքեր օգնության, երբ վերադառնա կօգնի որ կազմակերպենք հուղարկավորությունը»,- պատմում է Սուսաննան։ Դիրքեր գնալուց հետո Սասուն Առաքելյանին այլևս չեն տեսել, նա մինչև օրս համարվում է անհետ կորած։ 

Սուսաննան պատմում է, որ ամուսնուն հուղարկավորելու համար փեսայի տնից  տախտակներ են գտել, սկզբում դրանք կտրել չեն կարողացել որովհետև հոսանք չկար։ «Մելսիկի ընկերներից մեկը բենզինով աշխատող Դրուժբա էր գտել։ Դրուժբայով հազիվ կտրեցին տախտակները ու դագաղ սարքեցին», - պատմում է Սուսաննան:  

Սեպտեմբերի 21-ի կեսօրին՝ երբ ադրբեջանական զինուժը սկսել է մոտենալ գյուղին, գյուղապետ՝ Անդրեյ Սարգսյանը գյուղացիներին հորդորել է գյուղը լքել ոտքով, քանի որ մեքենաներին հնարավոր է թիրախավորեն։ 

Սուսաննան իր աղջիկների և թոռների հետ այդ ժամանակ կապ չի կարողացել հաստատել, հետո իմացել է, որ նրանց ապաստարաններից տեղափոխել են Ստեփանակերտ։ Գյուղի իրենց տանը Սուսաննան մնացել է ամուսնու քույրերի հետ։ 

Մելսիկի դիակը ժամանակավորապես որոշել են թաղել իրենց տան այգում, որպեսզի պատերազմը վերջանալուց հետո տեղափոխեն գյուղի գերեզմանատուն։ 

Ձախ նկարում՝ Մելսիկ Բաղդասարյանն ու կինը՝ Սուսաննա Բաղդասարյանը, աջ նկարում՝ Մելսիկ Բաղդասարյանի  գերեզմանը իրենց տան բակում։

Սկզբում Մելսիկի դին փորձել են հողին հանձնել նրա կինը, քույրը և քրոջ որդին, հետո նրանց օգնության են հասել Մելսիկի ընկերները, որոնք ընտանքիները գյուղից տարհանելուց հետո վերադարձել են՝ իրենց ընկերոջը հուղարկավորելու: 

Այդ ամբողջ ընթացքում Մելսիկի ընտանիքը, որդուց՝ Արսենից որևէ լուր չէր կարողանում իմանալ։ Երբ արդեն զինվորներն էլ են սկսել դիրքերից դուրս գալ, Արսենը եկել է տուն։ Նա հասցրել է մասնակցել հոր հուղարկավորությանը և մնացածի հետ դուրս եկել գյուղից։

Հայաստան տեղափոխվելուց հետո Սուսաննան որդու, հարսի և թոռների հետ ապրում է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։ Նրանք դիմել են Կարմիր Խաչին Մելսիկ Բաղդասարյանի մարմինը Արցախից Հայաստան տեղափոխելու համար, սակայն մինչև օրս դա չի հաջողվել։ Նրանց ասել են, որ Ադրբեջանը թույլտվություն չի տալիս:

գլխավոր լուսանկարում՝ Սուսաննա Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter