Այս տարվա առաջին կիսամյակում 2023-ի համեմատ ՀՀ պետական սահմանով շարժը նվազել է
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի ՀՀ պետական սահմանով շարժը նվազել է:
Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, որն ամփոփել է 2024 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի քանակական տվյալները: Ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգն է, որը շահագործում են ԱԱԾ սահմանապահ զորքերը:
Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ սահմանը հատվել է 4.066.189 անգամ: Այդ թվում՝ արձանագրվել է 2.038.639 մուտք եւ 2.027.550 ելք: Այսինքն՝ ժամանողների թիվը 11.089-ով ավել է եղել:
Եթե այս տարվա առաջին կիսամյակը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա պետք է նշել, որ սահմանահատումների թիվն այս տարի նվազել է 80.600-ով: Այսպես՝ 2023-ի առաջին 6 ամիսներին ՀՀ սահմանին գրանցվել էր 4.146.789 սահմանահատում, այդ թվում՝ 2.082.512 մուտք եւ 2.064.277 ելք (տարբերությունը՝ 18.235): Փաստորեն, նախորդ տարվա համեմատ նվազել են թե՛ մուտքերը, թե՛ ելքերը:
Ամենաակտիվ անցակետը շարունակում է մնալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը (ընդհանուր սահմանահատումները՝ 2.198.745), որին հաջորդում են «Բագրատաշենն» (ընդհանուրը՝ 1.080.095) ու «Բավրան» (ընդհանուրը՝ 344.457):
Նկատենք, որ այս երեքն ամենաակտիվն էին նաեւ 2023 թ. տարեկան կտրվածքով:
Հատկանշական է, որ այս տարվա առաջին կիսամյակում շարժ չի եղել «Էրեբունի» օդանավակայանի անցակետում, որտեղ 2023-ի առաջին 6 ամիսներին գրանցվել էր 4.776 սահմանահատում, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 5.806:
2023-ի առաջին կիսամյակում շարժ էր արձանագրվել նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետում, որով ելումուտ չէր եղել 1993-ից, երբ Թուրքիան փակել էր սահմանը: 2023-ի փետրվարին դրանով հայկական կողմը բեռնատարներով Թուրքիա տեղափոխեց հումանիտար օգնություն այդ երկրում երկրաշարժից տուժածների համար, ինչի արդյունքում գրանցվեց 48 սահմանահատում, որն անփոփոխ մնաց ամբողջ 2023-ի ընթացքում: 2024-ի առաջին կիսամյակում «Մարգարայում» սահմանահատում չի գրանցվել: Բայց նկատենք, որ հուլիսի 30-ին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել հենց «Մարգարա» անցակետում:
Ի տարբերություն այս տարվա՝ նախորդ տարվա առաջին 6 ամիսներին շարժ չէր գրանցվել «Կարգո» անցակետում: Սա «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում գործող անցակետն է: Այս տարվա առաջին կիսամյակում «Կարգոյում» արձանագրվել է 2.859 սահմանահատում:
Նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ այս տարի նվազել է շարժը «Զվարթնոցում», «Բագրատաշենում», «Մեղրիում», «Այրումում», աճել է «Բավրա», «Գոգավան», «Գյումրի», «Պրիվոլնոյե» անցակետերում: Այս առումով հարկ է հիշել, որ Դեբեդի վարարման հետեւանքով գարնանը Լոռիում ու Տավուշում ստեղծված արտակարգ իրավիճակը հարկադրեց ուղեւորներին «Բագրատաշեն» եւ «Այրում» անցակետերի փոխարեն օգտվել Հայաստան-Վրաստան սահմանի մյուս անցակետերից:
ՀՀ սահմանային անցակետերում 2024 թ. առաջին կիսամյակում գրանցվել են սահմանահատման հետեւյալ ցուցանիշները (նվազման կարգով).
«Զվարթնոց» - 2.198.745
«Բագրատաշեն» - 1.080.095
«Բավրա» - 344.457
«Մեղրի» - 292.885
«Գոգավան» - 85.423
«Գյումրի» - 48.386
«Այրում» - 13.218
«Կարգո» - 2.859
«Պրիվոլնոյե» - 121
Մանրամասներին կարող եք ծանոթանալ քարտեզում (նարնջագույնով նշված են ավտոմայրուղիների վրա գործող անցակետերը, կապույտով՝ օդանավակայաններում, մանուշակագույնով՝ երկաթուղու վրա):
Սեղմելով քարտեզում նշված սահմանային անցակետերի վրա՝ կարող եք տեսնել, թե 2024 թ. առաջին կիսամյակում դրանցով որքան մարդ է հատել ՀՀ պետական սահմանը (տվյալները՝ ՍԷԿՏ համակարգից)
Լուսանկարում՝ «Բավրա» անցակետը
Մեկնաբանել