HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Իրացվել են արդյոք հողից հանված հավերը. ովքեր են «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի սեփականատերերը

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը թռչնամիս է ներմուծել Հայաստան, որը, ըստ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) եզրակացության, եղել է օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա։

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների (ՊԵԿ) մասնակցությամբ օրերս թռչնամսի այդ խմբաքանակը՝ 13 հազար 500 կգ, ոչնչացվել է՝ թաղել են Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում։

Նույն օրը ՊԵԿ-ը պարզել է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով հողի տակից հանել են թաղված թռչնամիսն ու տեղափոխել իրենց ընկերության տարածք։

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ 

Այս տեղեկությունները օգոստոսի 9-ին հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։ Հաղորդագրությունից, սակայն, պարզ չէ՝ արդյոք այդ թռչնամսից որևէ խմբաքանակ հասե՞լ է խանութներ, ի՞նչ նպատակով են «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի աշխատակիցները հողի տակից հանել թաղված թռչնամիսը, որտեղի՞ց է այն ներկրվել և այլն։

ՍԱՏՄ. «Նշված ապրանքախմբից խանութներ չի հասել»

Թռչնամսի նշված խմբաքանակի ծագման երկիրը Բրազիլիան է։ Այն ներկրվել է նախ Վրաստան, ապա՝ Հայաստան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

ՊԵԿ-ի տարածած տեսանյութում երևում է թռչնամսի փաթեթավորումը։

Այն «Seara» ֆիրմայի է, որը բրազիլական է։ 

Սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ նշված խմբաքանակը ենթակա չէ օգտագործման, պետք է կա՛մ ոչնչացվի, կա՛մ հետ ուղարկվի։

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը որոշել է ոչնչացնել։ Տեղի և ոչնչացման եղանակի մասին եզրակացությունը ՍԱՏՄ-ն փոխանցել է ՊԵԿ-ին։

ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ նշված ապրանքախմբից խանութներ չեն հասել, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։

Քանի որ արդեն իրավական գործընթաց է սկսվել, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնվում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ ՊԵԿ-ի հաղորդագրությունում բացակայում է տեղեկությունը, թե երբ են հողի տակից հանված ապրանքները հայտնաբերվել արդեն պահեստներում։

«Պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե որքա՞ն ապրանք է հայտնաբերվել պահեստում, և արդյո՞ք առկա է խմբաքանակ, որը շուկայահանվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Պիպոյանը։

Ըստ նրա՝ պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե ի՞նչ ընթացակարգով է ոչնչացվել ապրանքն, ու ոչնչացման ի՞նչ եղանակ է սահմանվել և ինչու՞։

Սուրճի արտադրությունից մինչև ինտերնետի մատակարարում . «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի սեփականատերերի բազմապրոֆիլ բիզնեսները

Ըստ ընկերությունների պետական ռեգիստրի՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն գրանցվել է 1995 թվականին։ Սկզբում կոչվել է «Աստղիկ-95», 2000 թվականից՝ անվանափոխվել։ Գրանցված է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում։

Հարկային մարմնում այն գրանցված է որպես մասնագիտացված խանութներում թռչնամսի և թռչնամսի մթերքի մանրածախ առևտուր անող ընկերություն։

Իրականում զբաղվում է ոչ միայն թռչնամսի ներմուծմամբ և առևտրով, այլև՝ ձեթի, ձավարեղենի, խտացրած կաթի, մսի, շոկոլադի, խաղալիքների, հիգիենիկ տակդիրների ներմուծմամբ։

Ընկերությունն առավել հայտնի է «Օրիգինալ» (Օriginal Coffee) և «Քինգ» (King) սուրճերի արտադրությամբ։ Գործարանը գտնվում է Գեղաշենում։

«Օriginal Coffee»-ի կայքում նշված է, որ բացի սուրճի վերամշակումից, ընկերությունը նաև արտադրում է լուծվող թեյ, լուծվող սուրճ, շոգեխաշած տավարի միս:

Դեռևս 2012 թվականին «Հետք»-ը գրել է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ն զբաղվում է գոմեշի մսի ներկրմամբ, և անունը կապվել է բանակում հայտնաբերված գոմեշի մսի աղմկահարույց պատմության հետ։

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի հիմնադիրը՝ Մարտիկ (Արթուր) Անդրասյանը, հայտնի է «Կոֆեի» Արթուր, «Օրիգինալի» Արթուր անուններով։ Գեղաշենից մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Անդրասյանի անձնագրային անունը Մարտիկ է, սակայն նրան ճանաչում են Արթուր անունով։

Նախկինում պետական ռեգիստրով որպես «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի սեփակատերեր նշված են եղել այլ անձինք։ Ներկայում ընկերությունը հինգ սեփականատեր ունի՝ Մարտիկ Անդրասյանը և նրա ընտանիքի անդամները։ 

Բաժնետոմսերի ամենամեծ մասը՝ 35%-ը, պատկանում է Համազասպ Մարտիկի Անդրեասյանին, 28%-ը՝ Ժասմենա Մարտիկի Անդրեասյանին, 18%-ը՝ Արմեն Մարտիկի Անդրեասյանին, 17%-ը՝ Հասմիկ Վլադիկի Անդրեասյանին, 2%-ը՝ Մարտիկ Անդրասյանին։ 

Ըստ ընտրողների ռեգիստրի՝ բացի Ժասմենայից, նրանք բոլորը գրանցված են Աբովյան քաղաքում գտնվող նույն հասցեում։ Մարտիկ Անդրասյանը նաև ընկերության տնօրենն է։ 

Ըստ մեր աղբյուրի՝ Արմենը, Համազասպը և Ժասմենան Մարտիկ Անդրասյանի զավակներն են, Հասմիկ Անդրեասյանը՝ հարսը։

Հատկանշական է, որ Մարտիկ Անդրասյանի ազգանունը «ե» տառի բացակայությամբ տարբերվում է մյուս սեփականատերերի ազգանունից (այդպես է ֆիքսված ինչպես ընկերությունների պետական ռեգիստրում, այնպես էլ՝ ընտրողների ռեգիստրում)։  

Մարտիկ Անդրասյանը ընկերությունում բաժնեմաս ունի 1999 թվականից։ Ի տարբերություն նրա՝ մյուս մասնակիցներն ընկերություն են մուտք գործել ավելի ուշ՝ 2016 թվականից։ 

Այս տեղեկությունների, ինչպես նաև թռչնամսի պատմության հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեցինք Արմեն Անդրեասյանի հետ։ Սկզբում նա խոստացավ ավելի ուշ զանգահարել, հետո՝ հեռախոսահամարը դարձավ անհասանելի։ 

Անդրեասյաններն այլ ընկերություններում ևս ներգրավված են, որոնց մի մասը երևում է բաց աղբյուրներում։

Արմեն Անդրեասյանին է պատկանում «Արմքոմ» ՍՊԸ-ն, որը Կոտայքի մարզում զբաղվում է ինտերնետ և TV կապի մատակարարմամբ։ Նրան և կնոջը՝ Հասմիկ Անդրեասյանին է պատկանում ևս մեկ ընկերություն՝ «Օրիգինալ թիքեթ» անունով, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Համազասպ Անդրեասյանը 50% մասնակցություն ունի «Օրիգինալ վենդինգ» ՍՊԸ-ում։ Այն զբաղվում է սուրճի ապարատների ներմուծմամբ և վաճառքով։ Գտնվում է Երևանում։ 

Անդրեասյաններին է պատկանում Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում գտնվող «Օրիգինալ ռեստորան»-ը և Աբովյանի «Օրիգինալ» սուպերմարկետների (Supermarket Original) ցանցը, որը ևս գովազդվում է ընկերության կայքում։ 

Լուսանկարը՝ Armenian Kingdom ֆեյսբուքյան էջից

Աբովյանում գործող «Օրիգինալ ֆուդ» (Original Food) ճաշարանը ևս Անդրեասյաններինն է։

Ժամանակին «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ն նաև արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է ստացել Կենտրոնական բանկի կողմից։

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն խոշոր հարկատու է։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2024 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է մոտ 739 մլն դրամի հարկեր՝ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 212-րդ հորիզոնականը։

Անդրեասյանների բիզնեսների անվանումներում, ինչպես երևում է, ընդհանրացնողը «օրիգինալ» բառն է։

Ենթադրվում է, որ բացի վերը նշվածներից, ընտանիքը նաև այլ բիզնեսներ ունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter