HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Երևանում ծառահատումները կրկին կթույլատրվեն․ դատարանի որոշումը բեկանվել է

Դատարանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանին հուլիսի 15-ից ժամանակավորապես արգելվել էր  կենսունակության ավարտին մոտ եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինման (դրանց հատումով ուղեկցվող) գործողություն կատարել Երևան քաղաքի վարչական շրջաններում։ Քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի այս որոշումը, և վերադաս ատյանը օգոստոսի 6-ին բավարարել է բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով արգելքը։ 

Այս դատական գործը սկսվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամ Արամ Թորոսյանի հայցից՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Արամ Թորոսյանը հանդես էր եկել պահանջով՝ առանց համապատասխան ՇՄԱԳ եզրակացության Երևան համայնքում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման /ծառերի հատման/ գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին։ Որպես հայցի ապահովման միջոց դատարանը բավարարել էր Թորոսյանի միջնորդությունը՝ արգելելով Երևանի քաղաքապետարանին նման գործողություններ կատարելը մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի առկայությունը։

Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշմանը իրենք ևս դեմ են եղել, քանի որ դատարանի որոշումը վերաբերել էր ոչ թե «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով: Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում իրականացվող ծառահատումներին, այլ առհասարակ ծառահատումներին։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մինչև դատարանի որոշման բողոքարկումը «Հետքին» հայտնել էր, որ դատարանի որոշումը Երևան քաղաքի համար կարող է ունենալ վատ ազդեցություն և անկանխատեսելի հետևանքներ։ «Ունի բնակչության անվտանգության բաղադրիչ, քանի որ որոշման մեջ նշված կենսունակությունը կորցրած (չոր), կենսունակության ավարտին մոտ, ամբողջովին դեֆորմացված ծառերի չհեռացնելն ունի շատ մեծ ռիսկեր, քանի որ դրանց մեծ մասը վթարային են և ենթակա են տապալման, որն իր հերթին բերում է քաղաքացիների առողջական՝ նվազագույնը մարմնական վնասներ և նյութական վնասների»։

Քաղաքապետարանը, Արամ Թորոսյանի հաղորդմամբ, հենց այս փաստարկն է ներկայացրել դատարանում՝ նշելով, որ արդեն իսկ քաղաքացիներից դիմում-բողոքներ կան և ահազանգեր, սակայն դատարանի որոշումը թույլ չի տալիս գնալ և կտրել այդ ծառերը։ ՀՈԱԿ-ից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ 2024-ի առաջին կիսամյակում վթարային տապալված ծառերի մասով արձանագրվել է շուրջ 200 դեպք, այդ թվում նաև հաստաբուն ծառերի հաստ ճյուղեր։

Արամ Թորոսյանն ասում է՝ չի հավատում, որ քաղաքապետարանը դիմում-բողոքներ է ստացել։ «Այդ ի՞նչ եղավ, որ մինչև հուլիսի 15-ը իրենք բողոք չունեին, ու մինչև օգոստոսի 6-ը տասնյակ բողոքներ ստացան քաղաքացիներից, որ հենց այդ պահին պետք է կտրվեն դեֆորմացված ծառերը։ Բազմաթիվ, տասնյակ չորացած ծառեր կան, որ մինչև հուլիսի 15-ը չեն կտրվել»,- ասում է Թորոսյանը։

Նա քաղաքապետարանին 2 հարցում է ուղարկել և դեռ պատասխաններ չի ստացել։ Առաջինն այն մասին է, թե հուլիսի 15-ից հետո ինչ բողոքներ են եղել քաղաքացիների կողմից ծառերի հատման հետ կապված և որտե՞ղ, որոնք չեն կարողացել իրականացնել դատարանի որոշման պատճառով։ Եվ երկրորդ հարցումը՝ ամբողջական տեղեկատվություն տրամադրել, թե ամբողջովին չորացած ինչ ծառեր կան, որոնք հատման ենթակա են ամբողջ Երևանում․ քարտեզագրում ունե՞ն, թե՞ ոչ։

Եվ չնայած վերոնշյալ հանգամանքին՝ Արամ Թորոսյանը մեզ հայտեց, որ իրենց խնդիրն այլ է, և դատարանին իրենք ևս խնդրել են վերաձևակերպել այդ որոշումը, որ քաղաքապետարանն իրավունք ունենա ամբողջությամբ դեֆորմացված ծառերը կտրելու․ «Մեր խնդիրն այն է, որ այն ծրագիրը կասեցվի, որով պետք է գնային Կիևյան փողոցում ամբողջությամբ կտրեին, Գարեգին Նժդեհի փողոցում ամբողջությամբ կտրեին, մեր պայքարը դրա դեմ էր»,- ասաց Արամ Թորոսյանը։

Սակայն, վերադաս ատյանը որոշման վերաձևակերպման առաջարկը չի ընդունել, փոխարենն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով արգելքը։ Թորոսյանն ասում է՝ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են՝ պահանջելով ոչ թե բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, այլ վերաձևակերպել այնպես, որ այդ արգելքը վերաբերի միայն «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով: Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրով նախատեսված ծառահատումներն, այլ ոչ թե առհասարակ ծառահատման գործընթացին։

Արամ Թորոսյանը կրկնում  է՝ իրենց պայքարը վերաբերում է այդ ծրագրով նախատեսված ծառահատումներին․ «Ծրագիրն իր մեջ ներառում է կոնկրետ փողոցների մասսայական ծառահատումներ, ինչպես եղավ Ալեք Մանուկյան, Թումանյան փողոցներում»։ Նրա խոսքով՝ ծառերի փոխարինումը կարելի է փուլ-փուլ անել, ոչ թե ամբողջ ծառերը կտրել, զրոյացնել և սպասել 10 տարի, թե երբ կաճեն նոր տնկվածները։ 

Ավագանու անդամի համոզմամբ՝ ծառահատումներն ազդեցություն են ունենում նաև շրջակա միջավայրի վրա, մարդկանց առողջության վրա, ուստի այդ ծրագրով նախատեսված ծառահատումները պետք է իրականացնել ՇՄԱԳ դրական եզրակացության առկայության պարագայում։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հաղորդմամբ՝ մինչև դատարանի՝ հուլիսի 15-ի որոշումը, 2024 թվականի ընթացքում փոխարինվել են հետևյալ փողոցների ծառերը՝

  1. Հ Թումանյան փողոցում, Սարյանից մինչև Աբովյան խաչմերուկ թեղիների փոխարինում 158 հուդայածառ ծառատեսակով։ Բացվել է 18 նոր բնաբաժակ, որտեղ նախատեսվում է նույնանուն ծառատեսակով տունկ: Ընդհանուր 175 ծառ: Մեկ ծառ բնաբաժակում կուտակվող կոյուղաջրերի պատճառով տեղափոխվել է ինտենսիվ խնամքի տակ։
  2. Ալ Մանուկյան փողոցում թեղիների փոխարինում 71 ալբիցիա և 54 կեյրլեթերիա հուրանավոր ծառատեսակներով, տունկը իրականացվել է երկշերտ։ ԵՊՀ-ի գլխավոր մուտքի դիմացի հատվածից մինչև Օղակաձև զբոսայգու մեծ շատրվանի դիմաց։
  3. Սայաթ-Նովա պողոտայի վերջնամաս, թեղիների փոխարինում  52 գնդաձև սոսի ծառատեսակով։ Ալեք Մանուկյան փողոցից մինչև Չարենցի փողոց։
  4. Ալ. Մանուկյանից-Խանջյան հատվածում, թեղիների փոխարինում  15 Ձիակասկ սովորական ծառատեսակով։
  5. Արգենտինայի հրապարակում, թեղիների փոխարինում  5 գնդաձև սոսի և 4 տանձենի շանթիկլեր ծառատեսակներով։
  6. Ա Խանջյան փողոցում, տնկվել է  40 ձիակասկ և 4 վարդակակաչածառ ծառատեսակներ: Այստեղ փոխարինում չի իրականացվել ազատ սիզամարգային հատվածում իրականացվել է տունկ, ապա փոխարինում նախատեսված շարունակությունը դեպի Տիգրան Մեծի պողոտա չի իրականացվել աշխատանքների ժամանակավրեպ դադարի հետևանքով։
  7. Բագրատունյաց պողոտայում, թեղիների փոխարինում 86 Սոֆորա ճապոնական ծառատեսակով։ Փոխարինումն իրականացվել է Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան խաչմերուկ։

Իսկ 2024 թվականի ընթացքում աշնանը նախատեսված են փոխարինվել Կենտրոն վարչական շրջանում Ալեք Մանուկյան փողոցում՝ շուրջ 60 ծառ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ուլնեցի փողոցում՝ շուրջ 60 ծառ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ անավարտ մնացած փողոցները երկուսն են, քանի որ տունկի ծանրակշիռ աշխատանքներն իրականացրել են գարնան վեգետատիվ ժամանակահատվածում։ 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մեր հարցմանն ի պատասխան նշում է, որ ծառերի փոխարինման ժամանակ տնկված ծառերի թիվը գերազանցում է հեռացված ծառերի թվին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, օրինակ՝ դատարկ բնաբաժակների առկայությամբ, նոր բնաբաժակների բացմամբ, ինչպես նաև սիզամարգային գոտիներում միջբուսային հեռավորության պահպանմամբ։ 

«Փոխարինման աշխատանքները Կազմակերպության կողմից կատարվել են նույն օրում՝ ծառերի տունկ և հեռացում։ Ծառերի փոխարինման ենթակա փողոցներում աշխատանքները ընթանում են աստիճանաբար՝ ըստ վեգետատիվ ժամանակահատվածների, այսինքն մեկ փողոցի ծառերը չեն փոխարինվում ամբողջությամբ, այլ իրականացվում են կվարտալային մոտեցմամբ (խաչմերուկից խաչմերուկ)»,- նշվում է պատասխանում։

Կազմակերպության կողմից 2024թ․-ի ընթացքում ձեռք է բերվել 180 ծառ, որոնցից 30-ը գաճաճ սոճի ցեղատեսակի ծառեր են, որոնք նախատեսված են միայն լանդշաֆտային ձևավորումների համար, իսկ 2022-2024 թթ․-ի ընթացքում ձեռք է բերվել շուրջ 2800 ծառ։

Իսկ թե ինչ պայմաններում պետք է պահվեին չտնկված ծառերը՝ դատարանի որոշումն անփոփոխ մնալու դեպքում, ՀՈԱԿ-ից հայտնում են, որ դրանք գտնվում են Կազմակերպության ջերմոցատնկարանային վարչությունում, ինտենսիվ խնամքի ներքո՝ հավելյալ աշխատառեսուրսի կիրառմամբ։ «Այս մասով պետք է նշել, որ Կազմակերպության կողմից ձեռք բերված ծառերը, ըստ գնման ընթացակարգի, ունեն մեկ տարվա երաշխիք, սակայն դրանց չտնկման հետևանքով երաշխիքի ժամկետները ավարտվում են կամ արդեն իսկ ավարտվել են»,- նշված է մեզ ուղղված պատասխանում։

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter