HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որպես պատգամավոր ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը․ Գուրգեն Արսենյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դադարեցնում է Միավորված աշխատանքային կուսակցության անդամակցությունը։

«Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը:

Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում, նախ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն Հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար:

1988 թվականից ի վեր` Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում:

Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը:

Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ Ձեր հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին:

Իմ որդիական խոնարհումը Ձեզ»,- ասված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter