HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավելորդ ինքնավստահությունն ու մեծամտությունը՝ ավիաաղետի պատճառ

1948 թ. հուլիսի 3-ին Այնթապ գյուղի մոտ աղետի ենթարկվեց Հայկական առանձին ավիաջոկատի «Պո-2» ինքնաթիռը:

Օդանավը (խորհրդային գրանցումը՝ СССР-А1713), որում գտնվում էին օդաչուն եւ ավիատեխնիկը, այդ օրն ավիաքիմիական աշխատանքներ էր կատարում Կիրովի սովխոզի (ներկայում՝ Արարատի մարզի Տափերական գյուղ) խաղողի այգիներում: Կեսօրից հետո, երբ ավարտել էր սրսկման աշխատանքները, ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Երեւան:

Այն թռչում էր ներկայիս Մ-2 (Երեւան-Մեղրի) ավտոմայրուղուն զուգահեռ, բայց բավական ցածր՝ ընդամենը 10-15 մ բարձրության վրա: Թազագյուղի (ներկայում՝ Այնթապ) մոտ օդանավը բախվեց ճանապարհի երկայնքով անցնող էլեկտրահաղորդման գծերին, քաշեց ու 80-100 մ իր հետ տարավ հաղորդալարը, պոկեց այն, ապա մայրուղու կողնակի հատվածում բախվեց գետնին, շրջվեց, բռնկվեց ու այրվեց: Օդաչուն եւ ավիատեխնիկը զոհվեցին:

Քննությունը պարզեց, որ աղետի պատճառը բացառապես օդաչուի անկարգապահությունն էր, որը կոպտորեն խախտել էր թռիչքների իրականացման ձեռնարկի պահանջները եւ իջել գետնի մակերեւույթից մինչեւ 10-15 մ բարձրության վրա:

Պատահարից առաջ՝ 1947-1948 թթ., օդաչուն իր կատարած ավիաքիմիական աշխատանքների վերաբերյալ դրական արձագանքներ էր ստացել եւ ավիացիոն հատուկ աշխատանքների մեծ փորձ ուներ: Այդուհանդերձ, քննության տվյալներով, նա իր վերջին թռիչքի ժամանակ դրսեւորել է անհարկի հանգստություն, ինքն իր հանդեպ պահանջկոտ չի եղել ու որոշակի առումով մեծամտորեն է գործել, ինչն էլ հանգեցրել է թռիչքային գործող պահանջների խախտմանը:

Քննության համաձայն՝ օդաչուի որոշակի մեծամտության պատճառը եղել է հատուկ ավիացիոն աշխատանքներ կատարող օղակի (մի քանի օդանավից բաղկացած միավոր է ավիացիայում) հրամանատարի ավելորդ ինքնագոհ լինելը, ինչն առաջացել էր 1948 թ. առաջին կիսամյակում ձեռք բերված հաջողություններից, բայց հետո բերել էր օղակի անձնակազմի հանդեպ հրամանատարի պահանջկոտության նվազման:

Լուսանկարում՝ «Պո-2Ա» տիպի ինքնաթիռ՝ նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների համար, աղբյուրը՝ авиару.рф

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter