HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանում դրությունը մխիթարական չէ. ի՞նչ է կատարվում երկրում եւ հայ համայնքում 

Արդեն 9 ամիս Լիբանանը պատերազմական դրության մեջ է: Այն բանից հետո, երբ 2023 թ. աշնանը Իսրայելը, ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի հարձակման, ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում, իրադրությունը լարվեց նաեւ Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին: Իսրայելի հետ հակամարտությունն ավելի է սրել իրավիճակն առանց այդ էլ տնտեսապես թուլացած Լիբանանում: 

Լիբանանահայ գյուղատնտես Եսայի Հավաթյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով, շատ հազվադեպ դադարներով, ռմբակոծությունը շարունակվում է Լիբանանի ամբողջ հարավային սահմանի երկայնքով: Ավելացնում է, որ ռմբակոծությունը երկուստեք է: 

Ըստ Ե. Հավաթյանի՝ սահմանային բախումները մեծ վնասներ են հասցրել երկրի հարավային բնակավայրերին, եւ փոքրաթիվ բնակչություն է մնացել այնտեղ: Ասում է, որ շուրջ 125 հազար մարդ Լիբանանի հարավից տեղափոխվել է համեմատաբար ավելի անվտանգ բնակավայրեր: 

Մեր զրուցակիցը նկատում է՝ բախումների ճակատն օրեցօր ընդլայնվում է: Եթե նախկինում դրանք միայն սահմանի երկայնքով էին, ապա հիմա նաեւ սահմանից հեռու գտնվող գյուղերն են հայտնվում հրթիռակոծության ու ռմբակոծության տակ: 

Բեյրութում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանի տեղեկացմամբ՝ մեկ այլ խնդիր է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ տարվող հոգեբանական պատերազմը: Իսրայելական ռազմական ինքնաթիռները, մասնավորապես, շատ ցածր թռչելով լիբանանյան բնակավայրերի վրայով, մեծ աղմուկ են առաջացնում՝ խուճապի մատնելով տեղի բնակչությանը: «Անցել է այն ժամանակը, երբ օդանավերով էին հետախուզական աշխատանքներ կատարում, հիմա դրոններն այդ ամենն անում են: Բայց երբ ռազմական օդանավով են անում, նշանակում է՝ խուճապ են ստեղծում՝ Լիբանանի ներսը խառնելու համար»,- ասում է «Զարթոնքի» գլխավոր խմբագիրը:

Այդուհանդերձ, Հակոբյանը կարծում է, որ դժվար թե Իսրայելի հետ ընթացիկ հակամարտությունը լայնածավալ առճակատման վերաճի, բայց վիճակը հյուծող է: Ըստ «Հետքի» զրուցակցի՝ Գազայի հարցը պետք չէ դիտարկել միայն Իսրայել-Գազա համատեքստում: Ասում է՝ խնդրի նեղացումը ձեռնտու է Իսրայելի ներկա վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պաշտոնավորումը երկարացնելու, իր երկրում առկա խնդիրների լուծումը հետաձգելու համար: Ըստ Հակոբյանի՝ Մերձավոր Արեւելքում ընթացիկ իրավիճակը գերտերություններից ձեռնտու է Ռուսաստանին, որի համար ցանկալի չէ Ուկրաինայի վրա հավաքական Արեւմուտքի ուշադրությունը. այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, որոշակի շեղում է ուշադրությունը Ուկրաինայից: 

Պատերազմական դրությունը խորացրել է Լիբանանի տնտեսության առանց այն էլ ծանր վիճակը: Գյուղատնտես Եսայի Հավաթյանը նշում է, որ արտահանումներն ու առեւտուրը նվազել են, ապրանքները՝ թանկացել: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ազդեցություն են կրել այս վիճակից: 

«Գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն ամենամեծ կորուստները կրեցին: Լիբանանը մեծ զբոսաշրջություն ունի, հատկապես՝ ամռանը: Բայց այս պատերազմն ամռանն է, եւ իրարանցումը թեժացավ հենց ամռանը: Զբոսաշրջիկների կողմից շառ թռիչքներ չեղարկվեցին: Դրա հետեւանքով տնտեսությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունը, մեծ կորուստներ կրեց»,- ասում է Հավաթյանը: 

Սեւակ Հակոբյանն էլ նշում է, որ լիբանանյան արժույթի՝ լիրայի անկումից հետո մարդիկ մինչեւ հիմա չեն կարողանում ամբողջությամբ կանխիկացնել բանկերում պահվող իրենց արտարժութային միջոցները, քանի որ բանկերը շատ քիչ գումար են տրամադրում ամսվա կտրվածքով: 

Այս պայմանները, Հակոբյանի ասելով, դարձել են Լիբանանից ուղեղային արտահոսքի պատճառ: Լիբանանցի մասնագետները աշխատանք գտնելու հույսով մեկնել են արաբական այլ երկրներ: Եթե նախկինում հիմնականում արտագաղթում էին դեպի Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա, ապա վերջին տարիներին նոր ուղղություն են Պարսից ծոցի երկրները: «Բարեբախտությունն այս պարագայում այն է, որ ծոց գաղթողը մշտական բնակության համար չի գնում, այլ ժամանակավոր՝ գումար աշխատելու եւ վերադառնալու»,- ասում է Սեւակ Հակոբյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստան եկողներ կան, «Զարթոնքի» գլխավոր խմբագիրը պատասխանում է. «Ափսոս, որ Հայաստանի Հանրապետությունը չունի համապատասխան ծրագիր, չկարողացավ ունենալ նման ծրագիր: Նախկին իշխանությունները որոշ չափով ինչ-որ ծրագրեր մշակել էին, սակայն ներկա իշխանությունների օրոք հայրենադարձության ծրագիրն ընդհանրապես լոզունգային է: Այն լիբանանահայերը, որոնք եկան Հայաստան,  չկարողացան պայքարել դրա համար: Շատերը Հայաստանում մնում էին Լիբանանում իրենց բնակարանները վարձով տալու հաշվին, բայց երբ Լիբանանն էլ հարվածի տակ հայտնվեց, Հայաստան եկածները կա՛մ Լիբանան վերադարձան, կա՛մ գնացին Արեւմուտք: Սա ընդհանուր վիճակի մասին է, ոչ միայն լիբանանահայերի: Ամբողջ Մերձավոր Արեւելքը վերջին 40-50 տարում դատարկվեց, հայերի պարագայում՝ Եգիպտոս, Իրան, Իրաք, Երուսաղեմ, վերջին 12 տարում՝ Սիրիա, հիմա՝ Լիբանան: Այս մարդիկ, իրենց ծննդավայրերը թողնելով, պետք է գնային մի տեղ, եւ այդ տեղը պետք է լիներ Հայաստանը: Դժբախտաբար, հայրենիքը, իմ կարծիքով, լուրջ օգուտ չտեսավ»: 

Լիբանանահայ խմբագիրն ասում է, որ չնայած վերը նկարագրածին՝ սփյուռքահայերը, այնուամենայնիվ, երեւանյան սպասարկման ոլորտում մշակույթի փոփոխություն են բերել, բայց դա բավարար չէ: 

Լիբանանը համայնքային երկիր է, օրինակ՝ երկրի նախագահը, որի պաշտոնը ներկայում թափուր է, պետք է լինի մարոնի քրիստոնյա, վարչապետը՝ սուննի մուսուլման, խորհրդարանի խոսնակը՝ շիա մուսուլման, խորհրդարանում 128 մանդատները եւս բաշխված են համայնքների միջեւ՝ դրանց մեծությանը համապատասխան (64 մանդատ ունեն քրիստոնեական համայնքները, այդ թվում՝ հայ առաքելականներն ու հայ կաթոլիկները, նույնքան՝ մուսուլմանականները), եւ այս պայմաններում յուրաքանչյուր համայնք ուզում է իր ներկայացուցիչների թիվն ավելի մեծ ներկայացնել (Լիբանանում վերջին անգամ մարդահամար 1932 թ. է անցկացվել: Ըստ որոշ փարձագետների՝ եթե նոր մարդահամար անցկացվի, ապա պառլամենտական տեղերի հարաբերակցությունը փոխվելու է մուսուլմանների օգտին, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ քրիստոնյաներին): Ըստ Ս. Հակոբյանի՝ եթե քաղաքական ուռճացված թվերից վերանանք, ապա Լիբանանում այսօր հայերի թիվը չի հասնում 40 հազարի: 

«Զարթոնքի» գլխավոր խմբագիրն ասում է, որ մինչեւ 1970 թ.՝ Լիբանանի նախապատերազմյան շրջանը (1975-1990 թթ. Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր), այդ երկրում 250 հազար հայ էր ապրում, հայկական դպրոցների թիվը հասնում էր 60-ի, թերթերինը՝ 40-ի: Իսկ հիմա մնացել է 10-12 դպրոց, 3 օրաթերթ, մնացածը՝ պարբերաթերթեր են: Այս պարագայում ձուլումը, ըստ մեր զրուցակցի, ժամանակի հարց է: Նա նկատում է նաեւ, որ լիբանանահայերի շրջանում շատացել են խառնամուսնությունները: 

«Ընդհանուր մռայլ, անորոշ մթնոլորտ է: Այլեւս չեմ ուզում հավատալ, որ պետք է ամեն գնով համայնք պահվի, որովհետեւ Լիբանանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրներից չէ, այսինքն՝ Լիբանանի մեջ քաղաքական ուժ ունենալը չեմ իմանում, թե Հայաստանին ինչով կնպաստի, իսկ սփյուռք ունենալը կարծեմ նպատակ չէ, դժբախտության արդյունք է: Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է կենտրոնացվի, մանավանդ այս նոսրացող համայնքներն ամեն գնով պետք է հայրենիք բերել»,- ասում է Սեւակ Հակոբյանը:

Հայաբնակ Անջարի բնակիչ Եսայի Հավաթյանն էլ պատմում է, որ սեպտեմբերի 7-17-ը պատրաստվում են տոնել բնակավայրի 85-ամյակը, եւ եթե պատերազմ չլինի, ծրագրերը կիրագործեն: 1939-ին Անջար քաղաքը հիմնել են մուսալեռցի հայերը:

«Այնճարը (արեւմտահայերենում հնչում է այսպես - հեղ.), որ մեր փոքր Հայաստանն է, գտնվում է բնականոն վիճակի մեջ, մեծ վտանգների ենթակա չէ, լավ հարաբերություններ ունենք շրջակա գյուղերի հետ: Ոստիկանությունը, մեր տղաները արթուն են, գիշերները հսկողություն կա: Էլեկտրականությունը սուղ է երկրում, բայց կարողացել են շարժակներով ապահովել, արեւային վահանակների միջոցով մատչելի դարձնել գինը, ջուր ունենք, ապահովություն ունենք: Մեր պարտեզների մուտքերի մոտ պահակներ ունենք, որպեսզի գողություններ չլինեն,- ասում է Եսայի Հավաթյանն ու հավելում,- Այնճարը պզտիկ օազիս մըն է Բեքաայի դաշտին մեջ: Եվ Այնճարի ժողովուրդը այսօրվա դրության մեջ ամենալավ դրության մեջ են գտնվում»:

«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ հիմա Անջարը շուրջ 3 հազար բնակիչ ունի, ամռանն այս թիվը մեծանում է, քանի որ Բեյրութից գալիս են այն հայերը, որոնք այստեղ ամառանոց ունեն: 

Զրույցը Եսայի Հավաթյանն ավարտում է այսպես. «Մեր սիրտը լեռներում է, Արցախի ժողովրդի հետ, որովհետեւ մենք՝ մուսալեռցիներս, մեր ծագումով հարավային Հայաստանից ենք՝ Արցախից, Զանգեզուրից, Վասպուրականից է մեր ծագումը: Եվ, բնականաբար, շատ ավելի պարտավոր ենք զգալու եւ գործելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման համար»: 

Առաջին լուսանկարում՝ Լիբանան-Իսրայել սահմանը (Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter