HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Ես իմ պաշտոնեական դիրքը չեմ չարաշահել»․ Հովիկ Աբրահամյանի ցուցմունքը Ծաղկաձորի անտառները սեփականաշնորհելու գործով

«Հետք»-ը կարողացել է ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։

Տարիներ առաջ հրապարակել էինք պաշտոնյաների կողմից Ծաղկաձորի անտառները 2007-2009 թվականին ապօրինի սեփականաշնորհելու մասին հետաքննությունը։ Պարզել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ ապօրինի տիրացել էին ավելի քան 50 հեկտար անտառապատ հողերի։ Մեր հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցվեց Հատուկ քննչական ծառայությունում, որը հետագայում կարճվեց։ Քրեական գործի նախաքննության ժամանակ անտառները սեփականաշնորհած պաշտոնյաները հարցաքննվել են։ Ստորև ներկայացնում ենք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիկնապահ Բագրատունի Բարսեղյանի ցուցմունքները՝ առանց խմբագրման։ 

Երևան, 19 հունվարի 2019 թ․

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է բացատրություն տալ հրավիրված փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայությամբ։

Առաջադրված հարցերի շուրջ տալիս եմ սույն բացատրությունը, որ վերը նշված հասցեում բնակվում եմ ընտանիքիս հետ միասին, 2013 թվականից: 1990 թվականին ավարտել եմ Երևանի ժողինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Կառավարման ոլորտում աշխատել եմ 1995 թվականից, մասնավորապես՝ 1995 թվականին ընտրվել եմ Արտաշատ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1997 թվականին ընտրվել եմ Արտաշատի քաղաքապետ, 1998 թվականին նշանակվել եմ Արարատի մարզպետ, 2000 թվականին նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2007 թ․-ի ապրիլին նշանակվել եմ փոխվարչապետ, 2008 թվականի ապրիլին նշանակվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2008 թվականի օգոստոսին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2008 թվականի սեպտեմբերին ընտրվել եմ ԱԺ նախագահ: 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել եմ ՀՀ Վարչապետ ու պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 7-ը, իսկ հրաժարականից հետո մինչ օրս որևէ տեղ չեմ աշխատում: 

Հարց - Կարո՞ղ եք հայտնել, թե 2006 թվականի ապրիլին Դուք, աշխատելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում գտնվող հողերի կատեգորիայի փոխման հանձնարարականներ տվե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որ գերատեսչություններին եք տվել հանձնարարականը:

Պատասխան - Ես նման բան չեմ հիշում, սակայն չեմ բացառում, որ իմ լիազորությունների սահմաններում կամ ստացված հանձնարարականները ուղարկեմ տարածքային մարմիններին ի կատարման:

Հարց - Նյութերի նախապատրաստման ժամանակ ՀՀ ազգային արխիվից ստացվել է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դուք՝ որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Գևորգյանի կողմից 11.04.2006 թվականի թիվ Ղ-5776 գրությունը ուղարկել եք ՀՀ գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանին, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի նախագահ Մ. Վարդանյանին և Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին ու խնդրել եք ապահովել հանձնարարականի կատարումը և սահմանված ժամկետում ներկայացնել տեղեկատվություն, որից հետո վերը նշված գերատեսչությունների կողմից թե միմյանց միջև, թե Ձեզ ուղարկվել են գրություներ, իսկ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը 2006 թվականի թիվ 4-99-2477 գրությամբ Ձեզ հայտնել է. «Ի կատարումն Ձեր 17.04.2006թ. թիվ 010-2361 հանձնարարականի՝ կապված ՀՀ նախագահի Կոտայքի մարզ ս/թ ապրիլի 8-ին կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների կատարման հետ, հայտնում եմ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԿԱԳԿՊԿ-ի հետ համատեղ ուսումնասիրվել է մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական անտառային ֆոնդի անտառազուրկ տարածքները համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով հանձնելու հնարավորությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք համայնքների տարածքներում գտնվող առանձին հատվածներ և համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի տարածքում գտնվող պետական անտառային ֆոնդի անտառազուրկ տարածքներ հնարավոր է օգտագործել առողջարարական կամ հանգստի կազմակերպման նպատակով, որն էլ իր հերթին կաշխուժացնի տվյալ համայնքում զբոսաշրջությունը, նպատակահարմար ենք գտնում Հրազդանի, Արտավազի համայնքների վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի հողերից համապատասխանաբար 61.48 հա և 10.5 հա փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ հանգստի նպատակով, իսկ Կոտայք համայնքի վարչական տարածքում գտնվող 40.0 հա անտառային ֆոնդի անտառազուրկ հողերը սեփականության իրավունքով փոխանցելԿոտայք համայնքին՝ փոխադրելով այն գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա: Կից ներկայացվում են համապատասխան գրաֆիկական նյութերը՝ ըստ համայնքների»: Գրությունը և սխեմաները ուսումնասիրելուց հետո խնդրում եմ հայտնեք, թե այդ գրությունը և դրան կցված սխեմաները արդյոք նույն սխեմանե՞րն են, որոնք ուղարկվել են այդ գրությանը կից, թե դրանք փոփոխված են, եթե փոխված են, ապա ո՞ւմ կողմից է փոխվել և գրությամբ կոնկրետ ո՞ր հողատարածքների կատեգորիան փոխելու մասին է առաջարկ ներկայացվել, և արդյոք գրության կից սխեմաներից ակնհայտ չէ, որ առաջարկվել է փոխել Հրազդան համայնքի անտառածածկ հատվածի հողի նպատակային նշանակությունը: Ձեր ուսումնասիրմանն եմ ներկայացնում նաև ՀՀ կառավարության 05.04.2007 թվականի թիվ «422-Ն» հողերի կատեգորիան փոխելու մասին որոշման Հավելված 6 և Հավելված 7-ը, որի ուսումնասիրմամբ ևս ակնհայտ է, որ նշված որոշմամբ փոփոխվել է Հրազդան համայնքում առկա անտառածածկ հողատարածք՝ 50.48 հա մակերեսով: Ինչպես կպարզաբանեք այդ տարբերությունները և հակասությունները:

Պատասխան - Ձեր կողմից նշված իրադարձություններից անցել է արդեն շուրջ 12-13 տարի և ես, բնականաբար, չեմ կարող դրա վերաբերյալ որևէ կոնկրետ բան հիշել, քանի որ դա նմանատիպ բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է եղել: Բնականաբար, Նախագահականից իջեցված հանձնարարականը ես մեխանիկորեն պետք է փոխանցեի պատկան մարմիններին, թե դրանից հետո իրավասու մարմինները ինչ սխեմաներ են կազմել, ինչ առաջարկություններ են կատարել, ես չեմ կարող ասել, թե Ձեր կողմից ներկայացված սխեմաները իրական են, թե փոփոխված, առավել ևս, որ դրանք բնօրինակի տեսքով չեն և առավել ևս, որ ես այդ սխեմաների մասով խորացված գիտելիքներ չունեմ ու պարտավոր էլ չէի ունենալ, դրանցով զբաղվել են իրավասու մարմինները:

Հարց - Որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար Դուք 03.05.06թ․-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարին (հավաք), ՀՀ ԿԱ ԱԳԿՊԳ-ի նախագահին և Կոտայքի մարզպետին հանձնարարել եք ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել բարձրացված խնդիրները և սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ, խնդրում եմ հայտնեք, աշխատանքային խումբ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչ կազմով:

Պատասխան - Եթե ինձ դիմել են համաձայնություն տալու համար և ես էլ այդ համաձայնությունը տվել եմ, կարծում եմ, որ աշխատանքային խումբը պետք է, որ ստեղծած լինեն, իսկ թե ինչ կազմով, այս պահին չեմ հիշում: Գուցե հետագայում մանրամասնությունները հիշելուց հետո կարողանամ ինչ-որ կոնկրետ հանգամանքներ նշել:

Հարց - Դուք որևէ անձնական շահագրգռվածություն ունեցե՞լ եք Հրազդան համայնքի վերը նշված վիճահարույց անտառային ֆոնդի անտառածածկ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու հարցում, թե՞ ոչ:

Պատասխան - Միանշանակ ոչ:

Հարց - Դուք որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար 10.07.2006 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանին, ՀՀ ԿԱ ԱԿԳՊԿ-ի նախագահին և Կոտայքի մարզպետին հանձնարարել եք 03.05.2006 թվականի թիվ 010-2743 հանձնարարականի համաձայն համատեղ քննարկել և սահմանած կարգով ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ձեզ որևէ մեկը որևէ ձևով պարտադրե՞լ է, որ անտառային ֆոնդի անտառածածկ հատվածները որպես ոչ անտառածածկ հողեր՝ ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարման պատրվակով ներկայացվի ՀՀ Կառավարության քննարկմանը, անտառային ֆոնդի անտառածածկ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու հարցում, թե ոչ, եթե այո, ապա առաջարկում եմ տալ անուններ կամ գերատեսչության անվանումներ: Հարցին պատասխանելու համար Ձեր ուսումնասիրմանն եմ ներկայացնում վերը նշված գրության պատճենը:

Պատասխան - Ուսումնասիրելով գրության պատճենը հարցին պատասխանում եմ, որ նախ այդ գրությունը ստորագրված է այդ ժամանակ իմ տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից, իսկ ինչ վերաբերում է պարտադրանքին, ապա նման բան պարզապես չի կարող լինել ու առհասարակ չի եղել իմ ողջ կարիերայում: ՀՀ կառավարության նիստում այդ հարցի քննարկման ժամանակ բարձրացված հարցերը և պատճառաբանությունները ես ներկայում չեմ հիշում, չեմ էլ հիշում, որ Ձեր հարցում հնչեցված խնդիրը բարձրաձայնված լինի, ու որևէ խնդիր առաջացած լինի, իսկ ինչ վերաբերում է անտառածածկ կամ ոչ անտառածածկ հատվածներին, այդ մասին ևս ես մանրամասնություններ չեմ հիշում: Համենայն դեպս, քանի որ որոշումն ընդունվել է այդ տեսքով, դա նշանակում է, որ իրավասու մարմինների ղեկավարները տվել են իրենց համաձայնությունները, ուստի ես և Կառավարության մյուս անդամները որևէ առարկելու առիթ չենք ունեցել:

Հարց - Դուք, Ձեր ընտանիքի անդամները կամ Ձեր ընտանիքի անդամների հետ բարեկամական կապի մեջ գտնվող կամ որևէ ձևով փոխկապակցված անձ ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 422-Ն որոշմանը կից հավելվածներում առկա սխեմաներում պատկերված հողատարածքներից որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունք կամ բաժնեմաս ունե՞ք, թե՞ ոչ:

Պատասխան - Միանշանակ պնդում եմ, որ ոչ:

Հարց - Դուք ճանաչու՞մ եք Գագիկ Սարգսյան, Բագրատունի Բարսեղյան և Գրիգոր Գևորգյան անուն-ազգանուններով անձնավորությունների, թե՞ ոչ, եթե այո, ապա երբվանի՞ց եք նրանց ճանաչում, ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել նրանց հետ, ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրանցից յուրաքանչյուրի հետ:

Պատասխան - Ես Գագիկ Սարգսյան տվյալներով անձի չեմ ճանաչում: Բագրատունի Բարսեղյանը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ապահովում էր իմ անվտանգությունը երկար տարիներ: Գրիգոր Գևորգյանին էլ ես ճանաչում եմ արդեն 30 տարի է, նա 2000 թվականից մինչև 2016 թվականը եղել է իմ վարորդը:

Հարց - 2018 թվականի սեպտեմբերի 28-ին «Հետք» լրատվական կայքում հրապարակում է տեղադրվել այն մասին, որ «Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել»: Նշված հրապարակմանը ծանո՞թ եք, թե՞ ոչ:

Պատասխան - Ինչ-որ նման բան լսել եմ, բայց խորությամբ ծանոթ չեմ:

Հարց - Ըստ վերը նշված հրապարակման՝ քննարկվող հողատարածքներում Դուք ևս ունեք հողատարածքներ, մասնավորապես դրանցից 15 հա ձեռք են բերվել հրապարակային սակարկության ժամանակ Գագիկ Սարգսյանի կողմից, ով էլ այն իր հերթին վաճառել է Ձեր անվտանգությունը ապահովող աշխատակից Բագրատունի Բարսեղյանին, իսկ Գրիգոր Գևորգյանը, հրապարակային սակարկություններին մասնակցելով, ձեռք է բերել 4.85 հա տարածք, սակայն այդ հողատարածքների իրական սեփականատերը հանդիսացել եք Դուք, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան - Այդ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, ես վերը թվարկված հողատարածքների հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել և ներկայում էլ կապ չունեմ: Ես նշված հողատարածքների օտարման գործընթացին ընդհանրապես առնչություն չեմ ունեցել և չեմ իմացել, թե ով, երբ, ինչքան հողատարածք է ձեռք բերել այդ հատվածում, ինձ դա չի հետաքրքրել:

Հարց - Ըստ վերը նշված հրապարակման՝ քննարկվող հողատարածքներում տարածքներ են ձեռք բերել նաև Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը, պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, Հրազդանի քաղաքապետն ու նրա խորհրդականը, գործարար Սամվել Մայրապետյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Ձեր խորհրդական Հրաչյա Աղաջանյանը և գործարար Բարսեղ Բեգլարյանը: Ոմանք, հենց անձամբ մասնակցելով աճուրդին, ոմանք էլ միջնորդավորված՝ այլ անձանց անուններով, ի՞նչ կասեք այդ մասին, համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը նշված հրապարակումը, թե՞ ոչ:

Պատասխան - Ես նման տեղեկատվությունների չեմ տիրապետում:

Հարց - Կարող եք հայտնել, թե ինչ տեսք են ունեցել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

Պատասխան - Չեմ հիշում:

Հարց - Դուք, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանից ստանալով հողերի նշանակությունը փոխելու մասին առաջարկ-գրությունը և դրան կից սխեմաները, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, ի՞նչ հաջորդականությամբ ի՞նչ քայլեր եք կատարել, ո՞ւմ ի՞նչ հանձնարարականեր եք տվել:

Պատասխան - Դեռևս հարց է, թե արդյոք այդ սխեմաներն ինձ հասել էն, թե ոչ, կամ ես դրանք տեսել եմ, թե ոչ, քանի որ ընդունված կարգի համաձայն այդ գրությունները և կից նյութերը ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից փոխանցվում են իրավասու մարմիններին, քանի որ նույնիսկ եթե ես այդ սխեմաները տեսնեի, դա ինձ ոչինչ չէր տալու: Կարծում եմ, որ դեռևս պետք է ուսումնասիրել համապատասխան գրությունները, որպեսզի պարզվի՝ դա արդյոք իմ կողմի՞ց է ուղարկվել իրավասու մարմիններին, թե՞ ոչ:

Հարց - Սույն նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսանում մի խումբ պաշտոնատար անձանց՝ այդ թվում նաև Ձեր կողմից, անձնական, այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և պետության օրինական շահերին ծանր հետևանքներ առաջացնելու դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու համար, սակայն անցել են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Դուք համաձա՞յն եք, որ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Ձեր նկատմամբ որոշում կայացվի քրեական հետապնդում չիրականացնելու մասին ու քրեական գործի հարուցումը մերժվի, թե՞ ոչ:

Պատասխան - Ես իմ պաշտոնեական դիրքը չեմ չարաշահել, Ձեր կողմից տրված հարցերում որևէ առարկայական նշում էլ չկար, թե կոնկրետ որ լիազորությունս եմ չարաշահել, ինչով է այն դրսևորվել, քանի որ իրականում նման բան չկա: Բնականաբար, առարկում եմ իմ նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու մասով Ձեր կողմից նշված պատճառաբանությամբ ու ինձ համար միևնույն է՝ քրեական գործ կհարուցվի, թե ոչ:

Հարց - Ի՞նչ ունեք ավելացնելու Ձեր բացատրությանը:

Պատասխան - Ինչ ասելու էր, արդեն ասել եմ, եթե անհրաժեշտություն լինի այլ հարցերի պատասխանելու, ես պատրաստ եմ:

                                                                  ***

Երևան, 19 հունվարի 2019 թ․

Բագրատունի Բարսեղյանը հայտարարեց, որ ցանկանում է բացատրություն տալ իր կողմից հրավիրված փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայությամբ։ Առաջադրված հարցերի շուրջ տալիս եմ սույն բացատրությունը, որ վերը նշված հասցեում բնակվում եմ ընտանիքիս անդամների հետ շուրջ 3 տարի: 1987-2003 թվականներին զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտ սպորտաձևով, 1999 թվականից ունեմ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: 2003 թվականին Ազգային անվտանգության ծառայությունում, որպես օպերատիվ աշխատակից, այնուհետև մինչև 2018 թվականի մայիս ամիսը եղել եմ ավագ սպա, ունեմ ԱԱԾ մայորի կոչում: ԱԱԾ-ում աշխատանքի ընդունվելու պահից ես կցվել եմ այն ժամանակ դեռևս ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, որպես նրա անվտանգությունը ապահովող աշխատակից:

Դրանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահ, այդ ժամանակ նրան հատկացվել է անվտանգության ապահովման խումբ, որի ղեկավար է նշանակվել Միքայել Ծովինարովը, իսկ ես մնացել եմ որպես անվտանգության աշխատակից, իսկ երբ նա նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում, ես շարունակվել եմ մնալ նրա անվտանգությունում և աշխատել եմ մինչև 2018 թվականը: Սակայն ցանկանում եմ նշել, որ երբ Հովիկ Աբրահամյանը 2016 թվականից այլևս պետական բարձր պաշտոն չի զբաղեցրել, և նրան անվտանգության աշխատակից չի հատկացվել, ես շարունակել եմ ծառայությունս ՀՀ ԱԱԾ-ում: Ներկայում որևէ տեղ չեմ աշխատում:

Հարց - Առաջարկում եմ հայտնեք, թե Դուք Ծաղկաձոր կամ Հրազդան քաղաքներում հողատարածքներ ձեռք բերե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որտեղ է գտնվել այդ հողատարածքը:

Պատասխան - Աղոտ հիշում եմ էդպիսի մի բան, սակայն չեմ հիշում, թե կոնկրետ որ համայնքում է դա եղել:

Հարց - Կարո՞ղ եք հայտնել, թե քանի քմ կամ հա մակերեսով է եղել այդ հողատարածքը: 

Պատասխան - Ոչ, կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ չեմ հիշում:

Հարց - Իսկ ինչ նշանակության հողեր եք ձեռք բերել՝  գյուղատնտեսական, խառը օգտագործման, կառուցապատման թույլտվությա՞մբ էր, թե՞ ոչ, հատուկ պահպանվող տարա՞ծք էր, թե՞ ոչ:

Պատասխան - Չեմ հիշում:

Հարց - Կարո՞ղ եք հայտնել այդ հողը մեկ ամբողջ միավոր էր, թե՞ առանձնացված տարածքներ են եղել:  

Պատասխան - Դա նույնպես չեմ հիշում:

Հարց - Կարո՞ղ եք հայտնել, թե այդ հողը ինչ եղանակով եք ձեռք բերել՝ Ձեզ նվիրել են, ժառանգություն եք ստացել, թե՞ գնել եք:

Պատասխան - Չեմ կարող մտաբերել:

Հարց - Դուք Ձեր կողմից ձեռք բերված հողատարածքում երբևէ եղել եք, այն տեսել եք։

Պատասխան - Այո այդ հողատարածքում եղել եմ, հո առանց տեսնելու հող չէի գնելու:

Հարց - Այդ դեպքում եթե Ձեր կողմից ձեռք բերված հողատարածքում Դուք եղել եք, կարո՞ղ եք հայտնել, թե այդ տարածքները անտառով, ծառերով կամ թփերով պատված եղե՞լ են, թե՞ ոչ, դրանք հարթ տարածքնե՞ր էին, թե՞ թեքություն ունեն, կանաչապա՞տ են, թե՞ քարքարոտ, արոտավայրե՞ր են, թե՞ ոռոգվող հողեր:

Պատասխան - Դա նույնպես չեմ հիշում:

Հարց - Նյութերի նախապատրաստման ժամանակ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դուք 2008 թվականին Հրազդան համայնքում գնել եք 15 հա հողատարածք, ինչ կարող եք ասել այդ մասին:

Պատասխան - Այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, սակայն հողի մակերեսը չեմ հիշում Ձեր նշվածի չափով էր, թե ոչ: Ես որ վերևում նշեցի, որ Հրազդանում կամ Ծաղկաձորում հող եմ գնել, նկատի եմ ունեցել հենց այդ հողատարածքը:

Հարց - Դուք ճանաչո՞ւմ եք Գագիկ Սարգսյան անուն-ազգանունով անձնավորության, թե՞ ոչ, եթե այո, ապա երբվանից եք նրան ճանաչում, ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրա հետ:

Պատասխան - Գագիկ Սարգսյան անուն-ազգանունն ինձ անծանոթ է, ես նման տվյալներով ծանոթ կամ բարեկամ չունեմ:

Հարց - Իսկ Ռուզաննա Միխաիլի Ասուլյան անուն-ազգանունով անձնավորության ճանաչու՞մ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա երբվանի՞ց եք նրան ճանաչում, ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրա հետ:

Պատասխան - Ոչ, այդ անուն-ազգանունը ևս ինձ անծանոթ է:

Հարց - Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դուք Հրազդան համայնքում գտնվող 15 հա հողատարածքը գնել եք Գագիկ Սարգսյանից, հետո այն վաճառել եք Ռուզաննա Ասուլյանին, իսկ Դուք նշում եք, որ այդ անձանց չեք ճանաչում, ինչպե՞ս կպարզաբանեք այս հանգամանքը:

Պատասխան - Ես ներկայում այդ գործարքների մանրամասնությունները չեմ հիշում: Ասեմ նաև, որ ես նման մի հրապարակում էլ կարդացել եմ համացանցում, սակայն քանի որ այդ գործարքից անցել է երկար ժամանակ, ես ներկայում մանրամասնությունները չեմ հիշում:

Հարց - Բացի վերը նշված 15 հա տարածքից, Դուք այլ հողատարածքներ Կոտայքի մարզում, կամ առհասարակ ՀՀ այլ վայրերում ձեռք բերել կամ օտարե՞լ եք, գնել կամ վաճառե՞լ եք, թե՞ ոչ:

Պատասխան - Այո, նման դեպքեր եղել են, բայց չեմ մտաբերում, թե երբ, որտեղ և ինչքան հողատարածքներ եմ ձեռք բերել կամ վաճառել:

Հարց - Նյութերի նախապատրաստման ժամանակ պարզվել է նաև, որ Հրազդան համայնքում 15 հա հողատարածքը Դուք գնել եք ավելի քան 93 միլիոն ՀՀ դրամով, Դուք նշված դրամական միջոցներն ունեցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որտեղի՞ց Ձեզ այդքան գումար, ինչ այլ կողմնակի եկամուտներ ունեցե՞լ եք:

Պատասխան - Նորից եմ կրկնում, քանի որ երկար ժամանակ է անցել, ես չեմ կարող հաստատել, թե որքան գումարով եմ այդ հողատարածքը գնել, սակայն, եթե պարզվել է, որ 93 միլիոն ՀՀ դրամով եմ գնել, ես չեմ վիճարկում, իսկ թե որտեղից ինձ այդ գումարները, ես չեմ ցանկանում այդ մասին Ձեզ տեղեկություններ հայտնել: Չեմ ցանկանում նաև հայտնել, թե ես այլ կողմնակի եկամուտներ ունեցել եմ, թե ոչ:

Հարց - Դուք ճանաչո՞ւմ եք Գրիգոր Գևորգյանին, թե՞ ոչ:

Պատասխան - Այո, ես Գրիգորին ճանաչում եմ, նա եղել է Հովիկ Աբրահամյանի վարորդը:

Հարց - Կարո՞ղ եք հայտնել Գրիգոր Գևորգյանի հեռախոսահամարը, թե՞ ոչ:    

Պատասխան - Երբ ես նրա հետ շփվում էի, նա օգտագործում էր 093-42-․․-․․ հեռախոսահամարը:

Հարց - Կարո՞ղ եք հայտնել Գրիգոր Գևորգյանը Ծաղկաձորում կամ Հրազդանում

հողատարածքներ գնե՞լ է, թե՞ ոչ: 

Պատասխան - Ոչ, ես այդ մասին տեղեկություններ չունեմ:

Հարց - Նյութերի նախապատրաստման ժամանակ պարզվել է, որ Գրիգոր Գևորգյանը Հրազդանում գնել է 4.85 հա հողատարածք, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան - Ես այդ մասին տեղեկություններ չունեմ:

Հարց - Առաջարկում եմ տալ ճշմարտացի բացատրություն և հայտնել, թե արդյոք այդ հողատարածքները, որը գրանցվել է Գրիգոր Գևորգյանի և Ձեր անուններով, իրականում պատկանել է Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ ոչ:

Պատասխան - Այն, ինչ իմ անունով է, դա իմ գույքն է եղել, և Հովիկ Աբրահամյանը նշված գույքի հետ որևէ առնչություն չի ունեցել:

Հարց - Պնդու՞մ եք արդյոք Ձեր բացատրությամբ նշված հանգամանքները և ի՞նչ ունեք ավելացնելու:

Պատասխան - Ինչ ասելու էր, արդեն ասել եմ, եթե անհրաժեշտություն լինի հարցերի պատասխանելու, ես պատրաստ եմ:

  ***

Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանը հրաժարվել է ցուցմունք տալ անտառների ապօրինի սեփականաշնորհման քրեական գործի շրջանակում։ 

Ծաղկաձորի անտառների շուրջ կատարված և կատարվող իրադարձությունները հետևյալն են`

  • Ծաղկաձորում և Հրազդանում անտառները 2006-2007 թթ․ ապօրինի սեփականաշնորհվել են
  • «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով
  • Քրեական գործի կարճումից հետո Գլխավոր դատախազությունն ու Հրազդան համայնքը դիմել են դատարան՝ անտառապատ հողերը պետությանը և համայնքին վերադարձնելու համար՝  Դատախազությունը պետական սեփականություն համարված հողերի մասով, համայնքը՝ համայնքային սեփականություն համարված հողերի մասով։
  • Հրազդան համայնքը տապալել է դատական գործընթացները, իսկ նշված հողամասերի մասով ընդհանրապես դատարան չի դիմել, հայց չի ներկայացրել։ Գլխավոր դատախազությունը որոշ հողեր վերադարձրել է պետությանը, բազմաթիվ հայցեր քննության փուլում են։
  • Հրազդան համայնքի կեղծ աճուրդներով վաճառված տարածքներից երեքն այսօր սեփականատերերը փորձում են վաճառել։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter