HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավոր Արտուշ Գաբրիելյան․ «Եկեք իմ մեքենան տարեք՝ ամբաստանյալին բերեք դատարան»

Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանն այսօր՝ օգոստոսի 19-ին կալանավայրից գրություն էր ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Ամբաստանյալը դատարանին հայտնել էր, որ փաստաբան Գոռ Սաղոյանն ստանձնել է իր պաշտպանությունը և դատարանին խնդրել էր հաստատել փաստաբանի մասնակցությունը։ Գոռ Սաղոյանն արդեն չորրորդ փաստաբանն է, որ ներգրավվում է Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգ Գևորգյանի դատական պաշտպանությանը։ 

Դատավարության կողմերն իրենց համաձայնությունը տվեցին փաստաբանի մասնակցությանը, սակայն նիստը հետաձգվեց, որովհետև ամբաստանյալին դատարան չէին ներկայացրել։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դատարանին տեղեկացրել էին, որ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ապահովել ԳԳևորգյանի մասնակցությունը նիստին։ Այս պատճառաբանությունը քրեակատարողական հիմնարկը մի քանի անգամ արդեն ներկայացրել է այս գործով։ 

Քրեական գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Դավիթ Նավասարդյանը դատարանին միջնորդեց հարցում ուղարկել քրեակատարողական հինարկ և հիմնավոր բացատրություն պահանջել ամբաստանյալին չներկայացնելու վերաբերյալ։ «Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այս հարցը և բացահայտել ամբաստանյալներին դատարան չներկայացնելու խնդիրը»,- հայտնեց դատախազ Դ Նավասարդյանը։

Գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ նիստերի 90 տոկոսը հետաձգվում է կալանավորներին դատարան չներկայացնելու պատճառով։ «Այսօր երեք դատական նիստ ունեմ,  քրեակատարողական հիմնարկից տեղեկացրել են, որ միայն մեկ նիստով կարող են ամբաստանյալի մասնակցությունն ապահովել։ Այս հարցն ամեն օր է բարձրացվում, բայց այդպես էլ լուծում չունի»,- հուսահատ տոնով ասաց դատավորը։

Ա Գաբրիելյանը հայտնեց, որ ամեն անգամ պատճռաբանում են, թե անձնակազմ չունեն կալանավորներին ուղեկցելու համար, մեքենա չունեն տեղափոխելու համար։ «Եկեք իմ մեքենան տարեք, ամբաստանյալին բերեք դատարան։ Մենք այս իրողության հետ համակերպվելու միտք չունենք։ Թող բացատրեն՝ հասկանանք»,- ասաց դատավորը։ 

Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի գործով վկաների հացաքննությունն ընդհատվել է այս տարվա մարտի 26-ից, այդ օրը ամբաստանյալը ևս երկու փաստաբան ներգրավեց իր պաշտպանությունն իրականացնելու համար։ Դրանից հետո մի քանի անգամ նիստեր են նշանակվել, որոնք կամ հետաձգվել են, կամ ըստ էության չեն կայացել։ Այսինքն՝ դատավարական գործողություններ տեղի չեն ունեցել։ Այս քրեական գործով դատաքննությունն սկսվել է 2022թ մարտի 11-ից և մինչ օրս վկաների հարցաքննությունն անգամ չի ավարտվել։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2020թհոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում Ցորի հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար: 

Կատարվածի հետևանքով զոհվել է դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։ Դիրքերում է մնացել մեծ թվով զինտեխնիկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter