
Ուկրաինայի վերահսկողության տակ է ՌԴ 92 բնակավայր. Զելենսկի
Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինական զինուժն այժմ վերահսկում է 92 բնակավայր՝ 1250 քառակուսի կմ ընդհանուր մակերեսով: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս ամրապնդում են իրենց դիրքերը, ավելանում է ռուսաստանցի գերիների թիվը, որոնց հետագայում նախատեսում են փոխանակել գերեվարված ուկրաինացիների հետ։
«Ընդհանուր առմամբ, այս գործողությունը դարձել է ամենամեծ ներդրումը ռուսական գերությունից ուկրաինացիների և ուկրաինուհիների ազատագրման գործընթացում. մենք մեկ գործողության ընթացքում ամենամեծ թվով ռուս գերիներն ենք վերցրել, և դա ծանրակշիռ արդյունք է։ Դա նաև մեր նպատակներից մեկն է, ու մեր գործողությունները շարունակվում են»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Կուրսկի մարզում զինվորական պարետատուն է բացել։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ պարետատունը «պետք է ապահովի իրավակարգը, ինչպես նաև տեղի բնակչության բոլոր կարիքները»։ Ուկրաինական այդ մարմինը գլխավորել է գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալևը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել