HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կովը չի ծնում, կաթը էժան է, ցեղականները սատկում են»․ խելացի անասնագոմերի թերի կատարված ծրագիրը

Վարազդատ Հայրապետյանը Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում է ապրում։ 2018թ․-ին Հայաստան է եկել Ուկրաինայի Օդեսա քաղաքից։ Վարազդատը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել, որի համար Էկոնոմիկայի նախարարությունը 17․5 մլն դրամ է հատկացրել, ինքն էլ 22 մլն դրամ է ներդրել։ «Ասացին՝ գոմը կարող եք գրավ դնել, գումար վերցնել, որպեսզի անասուն առնեք, բայց այնպես ստացվեց, որ բանկը վարկ չտվեց։ Ստիպված մեքենաներս, տունս գրավ դրեցի, ցեղական անասուն գնեցի։ Պահել եմ մի երկու տարի, բայց անասուններից հինգը հիվանդացան, սատկեցին, այդպես խնդիրների առաջ կանգնեցինք»,- պատմում է Վարազդատը։ Նա 20 մլն դրամով 20 տոհմային անասուն էր գնել, ասում է՝ պետությունից այս հարցում աջակցություն չի ստացել, միայն խոստացել էին՝ կաջակցեն, կաթը կվաճառի, բայց այդպես էլ չաջակցեցին։ Տոհմային անասունները Սպիտակից էր առել։ Հինգը սատկել է, մնացածը վաճառել է, ասում է՝ էլ ուժ չունեի։ «15-ը վաճառեցի, հազիվ վարկերն եմ փակում, ինչ ունեմ-չունեմ՝ վաճառել եմ արդեն, ամիսը 600-700 հազար դրամ վարկ եմ տալիս, դեռ մի տարի էլ ունեմ փակելու։ Այդքան ծախսեցինք, հավատացինք, չարչարվեցինք, հիմա չգիտեմ՝ արդեն ինչ անեմ, Աստծո հույսով եմ»,- ասաց Վարազդատը։

Էկոնոմիկայի նախարարությունը դատարան է դիմել՝ պահանջով, որ 17․5 մլն դրամը վերադարձնի պետական բյուջե։ Նախարարությունը կարծում է, որ խախտվել են պետական օժանդակության ծրագրի պայմանները՝ անասնաշենքը առնվազն հինգ տարի նպատակային չի օգտագործվել։ Բացի այդ՝ ֆերմերը ծրագրի ընթացքում հաշվետվություններ չի ներկայացրել։ «Խելացի անասնաշենքեր»-ի պետական աջակցության ծրագրում նշված է, որ վերոնշյալ կետերի խախտման դեպքում շահառուն պարտավոր է պետական աջակցությամբ տրամադրված գումարը, այս պարագայում՝ 17․5 մլն դրամը, վերադարձնել պետական բյուջե։ Դատարանը որոշել է բավարարել էկոնոմիկայի նախարարության պահանջը՝ ֆերմերից պետք է գանձվի պետական օժանդակությունը։

«Խելացի» անասնաշենք․ ինչի՞ մասին է այս ծրագիրը

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, տեխնոլոգիական ապահովման միջոցով բարելավել կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Տավարաբուծության և գոմշաբուծության զարգացմանն աջակցող ծրագրում նշվում է՝ կենդանիների հատուկ պայմաններում պահելու և տեխնոլոգիաների կիրառման պարագայում կավելանա կաթնատվության մակարդակը։

«Կենդանիների պահվածքի և խնամքի ոչ ճիշտ կազմակերպումը, նորմավորված կերակրման բացակայությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններն այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չէ ապահովել կաթի պահանջարկը տեղական արտադրության հաշվին։ Այսինքն, ցածր արտադրողականության գլխավոր պատճառը, հիմնականում, արտադրության հանդեպ էքստենսիվ (տարածված) մոտեցումն է, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների, կառավարման, տեղեկատվության և գիտելիքների պակասը»,- նշված է ծրագրում։ Ըստ ծրագրի հեղինակների՝ «խելացի» անասնաշենքերի պարագայում կաթնատվության մակարդակը կբարձրանա, որը կնպաստի արտադրողականության աճին, տնտեսվարողների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութաբերության մակարդակի ավելացմանը։

Ծրագրով շահառուներին առաջարկվում է երեք մոդել՝ կառուցման և վերակառուցման համար։ Նշված մոդելների գնի, տարողունակության և չափերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված վիզուալի միջոցով։

Փոխհատուցվող գումարի կեսը տրամադրվում է շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո, իսկ մյուս կեսը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո։

Մենք խոսեցինք այն մարդկանց հետ, որոնք օգտվել են «խելացի» անասնաշենք ծրագրից եւ չեն հաջողել` հասկանալու ձախողման պատճառը։ Իսկ նրանք, ովքեր ծրագրի շահառու են եղել եւ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, տարբեր խնդիրների են բախվում։

«Չորս կով սատկել է, թե ինչու՝ չգիտենք։ Անալիզ ենք հանձնել, բայց այդպես էլ պատճառները չիմացանք»

Սնանկացած ֆերմեր Վարազդատը միակը չէ, որի ցեղական կովերը սատկել են։ Կոտայքի մարզի Արգել գյուղում Արմեն Գասպարյանը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել։ 17․5 մլն դրամ պետական աջակցություն է ստացել։ Ասում է՝ անասնաշենքը կառուցելու և կովերը գնելու համար 100 մլն դրամից ավելի գումար է ծախսել։ Եվրոպայից 42 հատ «Շվից» ցեղատեսակի կով է բերել, որոնցից 41-ը՝ հղի։ 10-ը վիժել են, իսկ մնացած հորթերը թերզարգացած են ծնվել։ Ֆերմերը ենթադրում է, որ արհեստական բեղմնավորումը Եվրոպայում գուցե լավ չեն արել։ Չորս կով էլ սատկել է։

«Հիվանդություն էր շուտ ընկնում մեջները։ Հոդերի, կճղակների հետ կապված խնդիրներ կային։ Անընդհատ բժիշկ էինք կանչում, կովը թույլ էր։ Դրսից բերածների հետ անընդհատ կային այդ խնդիրները։ Մի խոսքով, չէր արդարացնում իրեն։ Վաճառել ենք կովերը, գոմը կա, բայց դատարկ է, չենք զբաղվում անասնապահությամբ»,- ասում է Արմենը։

Նրա պատմելով՝ օրական 20 լիտր կաթը լավագույն արդյունքն էր, դա էլ այն դեպքում, եթե կովը նորմալ էր ծնել. «Մեկ լիտր ջուրը ավելի թանկ էր, քան թե կաթը, 230-250 դրամով ենք վաճառել»։ 

«Ասում էի՝ ունեմ գոմ, կով չունեմ, օգնեք կով բերեմ»

Արմեն Սարգսյանը անասնաշենք է կառուցել Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում։ Առաջին մոդելի անասնաշենքի համար Էկոնոմիկայի նախարարությունը 5․5 մլն դրամ է հատկացրել, նույնքան էլ ինքն է ծախսել։ «2023-ի գարնանը Էկոնոմիկայի նախարարությունից հյուրեր էին եկել Կարմրաշեն գյուղ՝ ժողովի, գնացել էի, ասում էի՝ ունեմ գոմ, կով չունեմ, օգնեք կով բերեմ։ Հեռախոսահամար տվեցին, որ զանգեմ, խնդիրներս ներկայացնեմ, մինչ այսօր պատասխանող չկա, էլ ի՞նչ դիմեի»,- ասում է Արմենը։

Նա փորձել է տոհմային անասուն գնել, խոսել է ներկրողների հետ, բայց այդպես էլ չի ստացվել։ «33 հատով էին ներկրում՝ մեկ ֆուռի մեջ, ինձ էլ պետք էր 7 հատ։ Ուրիշները հրաժարվեցին ներկրել, որ պետք է գտնեին, իրենց հետ բերեի։ Ես էլ 3․5 միլիոն դրամով տեղական անասուն գնեցի՝ 9 հատ։ Մեկը ընկավ, ոտքը ջարդեց, մյուսը գլորվեց։ Այդպես երկու անասուն կորցրի։ Հիմա 7 հատ ունեմ, դրանցով եմ զբաղվում»,- ասում է Արմենը։

Տեղական շուկայից տոհմային անասուն գնելու մասին մեր հարցին ի պատասխան՝ նշում է․ «Իրենք ասում են՝ արհեստական բեղմնավորումը իդեալական է արվում, բայց գնողներից հարցնում եմ, ասում են՝ պետք է 25 լիտր կաթ տա, բայց 15 լիտր հազիվ է տալիս։ Պատճառաբանում են, որ լավ չեք կերակրում»։

Տեղական անասունից էլ ֆերմերը դժգոհ չէ, 19 լիտր կաթ է ստանում օրական, պանիր է պատրաստում և ծանոթների շրջանում վաճառում։ Միայն նեղսրտում է, որ գները նվազել են, եկամտաբերությունն առաջվանը չէ։ «Կաթ մթերողները ժողովի ժամանակ ասում են՝ 200 դրամով են մթերում, «խելացի» անասնագոմի դեպքում 250 կլինի, բայց սուտ է, այդպիսի բան չկա։ Ես կաթի ապարատով կթում եմ, տանում եմ, ասում՝ ընդունեք, 150 դրամ են առաջարկում, բա էլ ինձ պե՞տք է»։

Կաթը էժան է, ծախսը՝ շատ․ «Ես չեմ ուզում հարստանամ, գոնե կովերը չսատկեն»

Զարզանդ Մարգարյանը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել Վայոց ձորի մարզի Զառիթափ բնակավայրում։ Անասունները Հոլանդիայից է բերել, ամեն կովի համար 2350 եվրո է վճարել։ Այժմ 33 կով և 15 հորթ է պահում։ Մեկ լիտր կաթը 220 դրամով է վաճառում, ասում է՝ էլի լավ է, բայց ձեռնտու չէ։ Մեկ անասունի օրական միջին ծախսը, իր հաշվարկով, 2200 դրամ է, եթե գումարի աշխատակցի վճարը, կոմունալ ծախսերը, եկամուտը ցածր է։ «Չեմ ասում՝ հարստանամ, գոնե իրենց պահեն, չսատկեն։ Անցած տարի կաթը 130 դրամով էին տանում, չէի կարողանում կեր առնեի, կովերը նիհարել էին, քիչ էր մնում՝ սատկեին»,- պատմում է Զարզանդը։

Կովերի արհեստական բեղմնավորումն ակնկալվող արդյունք չի տվել։ Մեկուկես տարվա ընթացքում մի քանի անգամ արհեստական բեղմնավորում են արել, ամեն անգամ ֆերմերը 10 հազար դրամ է վճարել, բայց այդպես էլ արդյունք չի եղել։ Զարզանդի խոսքով՝ եթե ամեն ինչ նախատեսվածով լիներ, ապա պետք է բոլորը ծնեին, իսկ իր եկամուտը՝ կրկնապատկվեր, բայց ընդամենը հինգ կով է ծնել։ Չգիտի՝ ինչու չի ստացվում։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ սերմերը լավը չեն, կա՛մ անասնաբույժներն իրենց գործը լավ չեն անում։ «Այս խնդիրներին լուծում է պետք։ Անասնաբույժներին մի քիչ փող տվեք՝ ֆերմաներին մի քիչ ուշադրություն դարձնեն, եթե սրանք չի լինում, սուտ ա խելացի անասնաշենքը, անասուններ պահելը»,- ասում է Զարզանդը։

«Ներկրված տոհմային կովերը հիվանդանում են, սատկում»․ Գեղարքունիքի մարզի ֆերմերների խնդիրները

Մեր ուսումնասիրության ընթացքում այցելեցինք անասնապահությամբ առաջատար Գեղարքունիքի մարզի այն ֆերմերներին, որոնք օգտվել են «Խելացի անասնաշենք» պետական աջակցության ծրագրից։ Գեղարքունիքում 10 «խելացի» անասնաշենք է կառուցվել։ Ճամբարակ համայնքում՝ 7 հատ, մեկական անասնաշենքեր էլ՝ Ծովագյուղում, Հայրավանքում, Խաչաղբյուրում։ Մինչ մարզ այցելելն ուրվագծվեցին այն խնդիրները, որոնց բախվել են ֆերմերները։

  • Ներկրված տոհմային կովերը հիվանդանում են, սատկում։ 
  • Հայաստանում արհեստական բեղմնավորմամբ կենդանիների վերարտադրությունը սահուն չի ընթանում։
  • Տոհմային կովեր ներկրելու դժվարություններ կան։
  • Կաթի գինը ցածր է։

Թվարկված խնդիրներին Գեղարքունիքի ֆերմերներն էլ են բախվել։ Ճամբարակի ֆերմերները, որոնք պետական օժանդակության ծրագրի շահառուներ էին, թե՛ գոհ էին, թե՛ դժգոհ «խելացի» անասնաշենք ծրագրից։ Նրանց դժգոհություններն ու գոհունակությունն ունեին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Նրանց պատմություններին առանձին-առանձին կարող եք ծանոթանալ քարտեզում նշված կետերի վրա սեղմելով։

Գեղարքունիքի մարզում 10 անասնաշենք է կառուցվել, որոնցից երեքը դեռևս դատարկ է։ Ճամբարակցի Արիս Խեչոյանն անասնաշենքը նոր է կառուցել։ Մինչև ձմեռ նախատեսում է հին գոմից կովերին տեղափոխել հարմարավետ տարածք։ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անասնաշենք կառուցած երկրորդ ֆերմերը շուտով անասնաշենքը կշահագործի, իսկ երրորդը սպասում է պետական աջակցության՝ անասուններ ներմուծելու համար։

Գեղարքունիքի մարզում կառուցված «խելացի» անասնաշենքերի սեփականատերերի խնդիրներին ծանոթանալուց հետո խոսեցինք անասնաբույժ Արեգ Սարուխանյանի հետ, որն ուսումնասիրել է պետական օժանդակության ծրագրի խնդիրները։

Նրա խոսքով՝ արտերկրից ներկրված անասունների պարագայում բնական է, որ կենդանիները կարող են չհարմարվել տեղի կլիմային և հիվանդանալ, հիվանդության պատճառ կարող է լինել նաեւ կերի փոփոխությունը։ «Կերակրում են այն, ինչ որ իրենց տանը կա՝ դաշտից հանած գարին կամ ցորենը, հնձած խոտը։ Եթե մենք կերից անալիզ վերցնենք, ստուգենք, խոտի մեջ առնվազն միկոտոքսիկոզներ հայտնաբերելու ենք, դա նշանակում է՝ կենդանիների մոտ առաջանալու է սնկային թունավորում, որը այսօր Հայաստանում շատ քչերն են իմանում՝ ինչ է ու դրա դեմ ոնց պետք է պայքարեն»,- ասում է անասնաբույժը։ Սարուխանյանի խոսքով՝ պարզ բուժում է անհրաժեշտ, բայց թանկ է, մարդիկ չեն օգտվում, հիվանդությունն արագ է զարգանում, կենդանիներն էլ սատկում են։ Նշանակություն ունի նաև կերակրելու չափը։ Արտերկրից բերված անասուններին պետք է շատ կերակրել, իսկ Հայաստանում այդպես չեն կերակրում։ Նա խնդրի լուծումը տեսնում է անասնաբույժների վերապատրաստման մեջ, քանի որ հնարավոր հիվանդությունները, որոնք անասունները բերում են իրենց հետ կամ այստեղ են ձեռք բերում, պարզ են, բուժելը դժվար չէ։ Ծրագրի շրջանակներում շահառուները դասընթաց են անցնում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»-ում։ Սարուխանյանի խոսքով՝ դա բավարար չէ, քանի որ տեսական գիտելիքները շահառուներին չեն կարող օգնել։ Պրակտիկ գիտելիքներ պետք է ունենան, քանի որ մարդիկ տեղյակ չեն՝ ինչպես պետք է պահեն արտերկրից ներմուծված անասունին և հաճախ չեն հասկանում՝ ինչ է պետք անել և ինչպես խնամել։

Ծրագրի շահառուները մեզ հետ զրույցում ասացին՝ ձմռանը ցուրտ է լինում, ջուրն անասնաշենքի մեջ սառչում է, իսկ անասունները մրսում են։ Արեգ Սարուխանյանի բնորոշմամբ՝ սա էլ է խնդիր, քանի որ անասնաշենքերը նախագծված են ամբողջ Հայաստանի համար, բայց կլիման՝ մարզից կախված, տարբեր է։ Ճամբարակում խիստ ձմեռներ են լինում, և այս խնդիրը, Արեգի խոսքով, կլուծվի ընդամենը անասնագոմը ջերմամեկուսացնելով։ «Ինչու՞ մենք ավելորդ գումար ծախսենք ու մեծ կորուստներ ունենալուց հետո գլխի ընկնենք, թե որն է խնդիրը, երբ պետությունը կարող էր ի սկզբանե անհատական մոտենալ գոմերի նախագծերին։ Ես ապրում եմ ցուրտ տեղ, իմ համար ուրիշ նախագիծ տար, մյուսն ապրում է Արարատյան դաշտավայրում, նրան ուրիշ նախագիծ տար»,- ասում է Արեգը։ Արտերկրից ներմուծված անասունները սովոր չեն խիստ ձմեռներին, երբ շահառուները կառուցում են 20-25 անասունի համար նախատեսված անասնագոմ, բայց ավելի քիչ են պահում, կենդանիները կարող են մրսել։

Շահառուներից շատերը խուսափում են արտերկրից տոհմային անասուն ներմուծել, քանի որ ոմանք ներմուծել են և կորուստներ ունեցել, մի մասն էլ, ծանոթների փորձից ելնելով, նախընտրում է տեղական անասուն պահել։ Շահառուների մի մասի կարծիքով՝ տարբերությունը մեծ չէ, թեեւ ոմանք խոստովանում են, որ կաթնատվությունն ավելի բարձր է։ Արեգն ասում է՝ տեղական անասունները մեր տարածաշրջանին հարմարված կենդանիներ են, ավելի փոքրամարմին են և ճկուն, կաթնատվությունը, տոհմային անասունների համեմատ, ավելի ցածր է, իսկ տոհմային անասունները խոշորամարմին են, ինչը նշանակում է՝ մսատվությունը եւ կաթնատվությունն ավելի բարձր են՝ օրական միջինում 20-30 լիտր, կարող է մինչև 60 լիտրի հասնել։ «Եթե մենք բիզնես տեսանկյունից ենք նայում, այդքան էլ ձեռնտու չէ տեղական կենդանիներով առաջ գնալը, որովհետև դու պիտի ունենաս 100 տեղական կենդանի, որ, ենթադրենք, քո արդյունքով հավասարվես Եվրոպայի 10-20 հատ կով ունեցողին»,- ասում է Արեգը։

Տեղական կենդանիներին արհեստական բեղմնավորմամբ բազմացնելու պրակտիկային էլ մարդկանց մի մասը թերահավատորեն է մոտենում։ Ոմանք ասում են, որ հորթը թերհաս է ծնվում։ Մի մասն էլ այդպես կենդանիների գենետիկան է փոխել և ստացել տեղանքին հարմարված տոհմային անասուններ, որոնց մսատվությունը և կաթնատվությունը բարձր է։ Այս հարցի վերաբերյալ անասնաբույժն ասաց, որ բիզնես տեսանկյունից արհեստական բեղմնավորումն այդքան էլ հարմար չէ, քանի որ չորս սերունդ հետո միայն անասունը կլինի 100%-ով տոհմային, ինչը նշանակում է մոտ 8 տարվա աշխատանք։ Այս ամենի հետ նաև ռիսկերն են մեծ. հնարավոր է՝ կովը սատկի, կամ անընդհատ որձ ծնվի, ավելի հարմար է արտերկրից ներմուծել։ Անասնաբույժ Արեգ Սարուխանյանի կարծիքով՝ ներմուծված անասուններին ճիշտ պահելու խնդիր կա, քանի որ մարդիկ այդ կենդանիներին պահում են այնպես, ինչպես տեղականներին՝ քիչ, անորակ կերով կերակրելով։ Մինչդեռ արտասահմանից բերված կենդանիներին պետք է լավ կերակրել, դա բարձր կաթնատվության ամենակարևոր բաղադրիչն է և ոչ միայն։ Ներմուծված տոհմային անասուններին վատ կերակրելը ազդում է նաև նրանց սերնդատվության վրա, որի հետևանքով հորթը կարող է թերհաս ծնվել։ Արհեստական բեղմնավորման առնչությամբ Արեգը մեկ այլ լուրջ խնդիր է մատնանշում՝ տեղական կենդանիներին բեղմնավորում են տոհմային խոշոր կենդանիների սերմով։ «Ֆերմերների մեծ մասը ուզում է միանգամից արդյունքը տեսնել։ Երինջը, որ առաջին անգամ պետք է հղիանա, սիմենթալ են սերմնավորում, որը ծնվում է, ենթադրենք, 56 կգ։ Ո՞նց կենդանին ծննդաբերի, երբ ֆիզիկապես ի վիճակի չէ»,- ասում է Արեգը։ Այս խնդրի լուծումը, ըստ Արեգի, պարզ է՝ պետք է աստիճանաբար անել, սկսել փոքր չափերով անասունների սերմով բեղմնավորել, հետո՝ ավելի մեծ։ Իսկ եթե միանգամից մեծ տեսակի անասունի սերմով են բեղմնավորում, գոնե չափերով հնարավորինս մեծ և մի քանի անգամ ծննդաբերած կովերին։

Կառավարությունը պնդում է, որ տոհմային անասունների կաթն ավելի թանկ է, քան տեղականինը։ Սակայն Գեղարքունիքի մարզի ֆերմերներն ասում են՝ կաթի գինը 130-140 դրամ է, չի փոխվում։ Կաթ մթերող ընկերությունների համար միեւնույն է՝ որ կովի կաթն է։ Արեգ Սարուխանյանը եվրոպական տարբեր երկրներում է եղել, ուսումնասիրել է շուկան և պարզել, որ միայն Հայաստանում չէ կաթի գինը ցածր։ Տարբերությունն այն է, որ արտերկրում այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել, որ մաքուր կաթով կաթնամթերք արտադրողը, առանց կաթի փոշու և այլ փոխարինիչների չտուժի։ «Արդար կաթով արտադրված կաթնամթերքից, որ ամեն ինչն առողջ է, ենթադրենք 200 դրամով թանկ է, ոչ մեկ չի օգտվում։ Սա մեծ խնդիր է։ Գյուղացին ասում է՝ ես գնամ կով պահեմ, տանջվեմ, երբ որ կաթը Ջերմուկից էժան է, բայց ինքը պետք է ասի՝ իր կաթը չի մրցում կաթի փոշու հետ, որպեսզի կառավարությունը հասկանա, որ պետք է այլ լծակներ կիրառվեն»,- ասում է Արեգը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է «խելացի» անասնաշենքերի ծրագրին։ Նախարարը կաթի գնի վերաբերյալ ասել է՝ իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Հայաստանում և Ավստրիայում մթերվող կաթի միջին գինը և նույնիսկ նվազագույն գինը նույնն են, խնդիրը գինը չէ, այլ որակը և քանակը։ «Տեսնում ենք, որ Ավստրիայում, ենթադրենք, մեկ կովից ֆերմերը ստանում է 30 լիտր կաթ, մենք ստանում ենք մեկ կովից 5 լիտր կաթ։ Այսինքն՝ մեր խնդիրը ոչ թե կաթի գինն է, այլ կաթի քանակն է, դա է պատճառը, որ մենք խելացի անասնագոմերի և անասնապահության մեջ խոշոր ներդրումային ծրագիր ենք իրականացնում, և մենք արդեն ունենք օգտվողներ այդ ծրագրերից, որը միտված է հենց այս խնդրի լուծմանը։ Այսինքն՝ պահման պայմանների փոփոխություն, նոր տոհմային սորտերի ներմուծում Հայաստան և այլն, որոնք կբերեն, որովհետև այնտեղ, որտեղ որ կիրառվել է, արդեն բերել է, կհանգեցնեն կաթնատվության բարձրացմանը։ Եվ դա, բնականաբար, կբերի նրան, որ այլևս գինը չի լինի կարևոր հանգամանք»,- ասել է նախարար Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են 300 դրամով ընդունել կաթը, ոչ թե 140-150 դրամով, բայց պետք է այդ կաթը որոշակի որակական հատկանիշների բավարարի։ Այս խնդրի լուծումը Գևորգ Պապոյանը տեսնում է «խելացի» անասնաշենքերի շահագործմամբ ստացված կաթի մեջ, քանի որ կիթը ձեռքով չէ, այլ սարքերով, որից հետո կաթը սառնարանում է պահվում և փակ եղանակով գործարան տեղափոխվում։ «Այդպիսի եղանակով ստացված կաթը ոչ թե 150 դրամ է, այլ 250-300 դրամ է։ Այդպիսի եղանակով կովի կաթնատվությունը լինում է ոչ թե 6 կամ 7 լիտր, այլ, օրինակ, 20 կամ 30 լիտր, և նման պարագայում անասնապահությամբ զբաղվող մարդիկ ոչ թե աղքատ մարդիկ են լինում, այլ հարուստ մարդիկ»,- ասել է նախարարը։

Գևորգ Պապոյանը հայտարարել է նաև, որ քաղաքականությունները երկար ժամանակ եղել են անարդյունավետ։ «Արդյունավետ քաղաքականություններն այն քաղաքականություններն են, որոնք մենք վարում ենք։ Այսինքն՝ «խելացի» անասնագոմերի քաղաքականությունը, սպանդանոցների առկայությունը, ինտենսիվ այգեգործությունը, հողերի խոշորացումը, այս գործընթացների պարագայում է միայն հնարավոր ունենալ գյուղատնտեսության աճ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

56 «խելացի» անասնաշենք՝ նախատեսվածի 24%-ը

«Խելացի» անասնաշենքերի պետական օժանդակության ծրագրով նախատեսված էր 3 տարում՝ 2019-2021թթ․-ին, 230 «խելացի» անասնաշենք կառուցել։ Էկոնոմիկայի նախարարությունից գրավոր տեղեկացանք, որ ծրագրի մեկնարկից մինչև 2024-ի հուլիսի 18-ը կառուցվել է 56 նմանատիպ անասնաշենք։ Այս 56-ից 10 անասնաշենքի պարագայում շահառուները խախտել են հինգ տարի նպատակային օգտագործելու պայմանը, շահառուներից մեկը անասնաշենքի ձևափոխում է կատարել, իսկ մոնիթորինգի արդյունքում արձանագրված թերությունները չեն շտկվել։

Նախարարության փոխանցած տվյալների համաձայն՝ 6 շահառուի մասով դատական գործընթաց է սկսվել, որոնցից 1-ի վերաբերյալ կա դատարանի վճիռ՝ հօգուտ Էկոնոմիկայի նախարարության։ 3 շահառուի մասով ընթացքի մեջ է դատական հայցի ներկայացման գործընթացը, իսկ 2 շահառուի մեկ ամիս ժամանակ է տրվել՝ պետության փոխհատուցած գումարները պետբյուջե վերադարձնելու համար, որը չկատարելու դեպքում նախարարությունը դատական գործընթաց կնախաձեռնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter