HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան Հայաստանին մեղադրում է «իր սխալները Ռուսաստանի վրա բարդելու փորձերի» մեջ

Երևանի արձագանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ եռակողմ պայմանավորվածությունների կատարման մասին հայտարարությանը խոսում է այն մասին, որ Հայաստանը «փորձում է սեփական սխալների և ռազմավարական սխալ հաշվարկների մեղքը բարդել Ռուսաստանի վրա»։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  

«Մենք տեսանք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Հայաստանի ԱԳՆ-ի այս արձագանքը։ Սա պաշտոնական Երևանի՝ սեփական սխալների, սեփական ռազմավարական սխալ հաշվարկների մեղքը ուրիշների վրա բարդելու գծի հերթական օրինակն է։ Մասնավորապես, այս դեպքում Ռուսաստանի վրա»,- հայտարարել է ռուսաստանցի այս պաշտոնյան։

Զախարովան նշել է, որ Երևանը, «սաբոտաժի ենթարկելով եռակողմ պայմանավորվածությունները», «հերթական անգամ գործում է Արևմուտքի ցուցումով»: Նրա խոսքով՝ Հայաստանն այդպիսով «բաց է թողնում տրանսպորտային հաղորդակցությունը ոչ միայն հարթելու հնարավորությունը՝ ի շահ սեփական տնտեսության, այլև նպաստելու տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»։ 

«Մենք կոչ ենք անում Երևանի իշխանություններին թույլ չտալ Արևմուտքին ապականել Անդրկովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բազմամյա ջանքերը։ Դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու մոլուցքը՝ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ մեր հարաբերությունների մեջ սեպ խրելու գաղափարով»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իբր Հայաստանը «սաբոտաժի է ենթարկում «Սյունիքի մարզի տարածքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունը»։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- Բաքվում Ռուսաստանի Առաջին ալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել էր Լավրովը։

Դրան ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նման արտահայտությունները կասկածի տակ են դնում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ու կոչ արել Մոսկվային սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը։

Զախարովան անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման թեմային։ Ըստ նրա՝ այլ տարբերակներ, բացի ՀԱՊԿ-ից, «Հայաստանի անվտանգության համար գոյություն չունեն»։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գծով միջոցառումներին Հայաստանի մասնակցությանը, ապա ՀՀ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները բաց են։ Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանքներ՝ որպես այդ երկրի կայունության երաշխավորների, գոյություն չունեն: Սա ստուգված է ոչ թե տարիներով, այլ՝ դարերով, այն գնահատվել է հայ ժողովրդի կողմից։ Դա ամրագրված է Հայաստանի պատմության մեջ, որը ենթակա չէ վերաշարադրման՝ անկախ հրատարակվող որևէ կեղծ դասագրքից»,- հավելել է Զախարովան։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter