
Քենեդի ընտանիքը Ռոբերտ Քենեդի կրտսերին Թրամփին աջակցության համար դավաճան է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի ընտանիքը դատապարտել Քենեդի կրտսերի՝ նախագահական քարոզարշավը դադարեցնելու և Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու որոշումը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Ռոբերտ Քենեդի կրտսերի քույրը՝ Քերի Քենեդին։
Դեմոկրատ նախկին նախագահի ընտանիքը հայտարարել է, որ իրենք Ամերիկան տեսնում են որպես «հույսով լի երկիր և միավորված ավելի լավ ապագայի ընդհանուր տեսլականով. ապագա, որը որոշվելու է անհատական ազատությամբ, տնտեսական խոստումով և ազգային հպարտությամբ»։ Տարածված հայտարարության համաձայն՝ Քենեդիների ընտանիքը հավատում է դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի և նրա փոխնախագահի թեկնածուի հնարավորություններին:
I am sharing a personal statement that my family and I have made in response to my brother’s announcement. pic.twitter.com/j7vTTabNYZ
— Kerry Kennedy (@KerryKennedyRFK) August 23, 2024
«Մեր եղբայր Ռոբերտի՝ Թրամփին սատարելու այսօրվա որոշումը դավաճանությունն է այն ամենաթանկ արժեքներին, որոնք կիսել է մեր հայրը և կիսում է մեր ընտանիքը: Սա տխուր պատմության տխուր ավարտն է»,- ասված է հայտարարության մեջ։
Դրա տակ ստորագրել են Քենեդի ընտանիքի մյուս անդամները՝ Քեթլին Քենեդի-Թաունսենդը, Քորթնի Քենեդին, Քերի, Քրիս և Ռորի Քենեդիները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը օգոստոսի 23-ին հայտարարել էր, որ դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը, սակայն «դուրս չի գալիս ընտրապայքարից»:
«Ես դուրս չեմ գալիս ընտրապայքարից, այլ միայն դադարեցնում եմ այն, բայց չեմ ավարտում։ Նահանգների մեծ մասում իմ անունը կմնա քվեաթերթիկներում»,- Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Քենեդի կրտսերը։
Բացի այդ, Ռոբերտ Քենեդի կրտսերը նաև ազդարարել էր, որ ընտրություններում աջակցում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Նրա խոսքով՝ Թրամփն իրեն հրավիրել է իր ապագա վարչակազմ։
Դոնալդ Թրամփը աջակցության համար շնորհակալություն էր հայտնել Քենեդիին։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Բոբիին, դա շատ գեղեցիկ էր։ Նա հիանալի տղա է, որին բոլորը հարգում են»,- հայտարարել էր Թրամփը։
Ռոբերտ Քենեդի կրտսերը ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին է։ 2023 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց, որ, որպես անկախ թեկնածու, մասնակցելու է ԱՄՆ նախագահի ընտրություններին։ Ի սկզբանե նա նախատեսում էր դառնալ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։
Լուսանկարը՝ The Independent-ից
Մեկնաբանել