HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերը «տնավորվել են» նախարար Սիմիդյանի քրոջ տանը

Լուսանկարում երեւացողը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջ՝ Արաքսի Սիմիդյանի տունն է Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ (North Hollywood) թաղամասում: Այս տանն է գրանցված Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Ա. Սիմիդյանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024 թ. մարտին այս նույն հասցեում գրանցվել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունն է: Ա. Սիմիդյանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաեւ քարտուղար:

Մինչ այս Սիմիդյանը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ, փոխարենը, ըստ «Հետքի» աղբյուրի, ջերմ հարաբերություններ ունի Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Բացի դրանից՝ Փաշինյաններն ու Սիմիդյանները հին ծանոթներ են:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը, որը նախկինում փոխկապակցված էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, էթիկական ու շահերի բախման ռիսկեր չի տեսնում այն բանում, որ Հայաստանի հարկատուների գրպանից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավարը ՀՀ ներկա իշխանություններին փոխկապակցված անձ է, իսկ մասնաճյուղն էլ գրանցվել է նրա տանը:

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը. Օղլախչյանի բացահայտումն ու Շիրինյանի արձագանքը

Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը 2019-ի սեպտեմբերին հայտարարեց, որ իր ձեռքի տակ առկա փաստաթղթերի համաձայն՝ 2014 թ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն առանց մրցույթ հայտարարելու 5 տարով վերահեռարձակման իրավունք է տվել ամերիկյան Panarm, Inc ընկերությանը: Վերջինս հիմնադրվել էր հենց 2014-ին Լոս Անջելեսում (2023-ին տեղափոխվել է Գլենդել): Չնայած դրա ղեկավարը Ստեփան Ներսիսյանն է, ըստ Օղլախչյանի եւ մամուլի հրապարակումների, այն կապ ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Վերահեռարձակման ամսական վարձավճարը 2.500 դոլար էր, տարեկան՝ 30.000 դոլար, իսկ 5 տարվա կտրվածքով՝ 150.000 դոլար:

Ռ. Օղլախչյանն այս բացահայտումն արել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2019-ին վերակնքել է Panarm-ի հետ պայմանագիրը եւս 5 տարով՝ մինչեւ 2024 թ.: Նոր պայմանագրով վերահեռարձակման ամսավճարը դարձել էր 4.000 դոլար, տարեկան՝ 48.000, 5 տարվա համար՝ 240.000 դոլար:

Նկատենք, որ թե՛ 2014-ին, թե՛ 2019-ին Panarm-ը իրավունք էր ստացել վերահեռարձակել Հանրային հեռուստաընկերության «Առաջինի միջազգային ալիք» ծրագիրը (արբանյակային):

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ներկայում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի) նախագահ Արա Շիրինյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2019-ի գարնանը, արձագանքելով Ռ. Օղլախչյանի հայտարարությանը, հայտնել էր, որ Panarm-ի հետ պայմանագիրը վերակնքելուց առաջ Հանրային հեռուստաընկերությունն առաջարկ չի ստացել որեւէ ընկերությունից, չնայած ինքը 2019-ի ամռանը մամուլում բազմիցս հայտարարել է վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին (Շիրինյանի գլխավորած խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է):

«Վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը (Panarm-ը - հեղ.), բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների եւ վերգետնյա հեռարձակողների միջոցով «Առաջին ալիքի» հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը եւ այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, Panarm, Inc ընկերությունը փոխհատուցում է՝ «Առաջին ալիքի» ծրագրում գովազդ տեղադրելով եւ կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է,- հայտարարել էր Արա Շիրինյանը,- եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ընդունում է պարոն Օղլախչյանի ժամկետանց առաջարկը եւ պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ Panarm, Inc ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչեւ 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես եւ խոստացել է պարոն Օղլախչյանը: Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է Panarm, Inc ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետեւանքների շուրջ: Ուստիեւ սպասում ենք Ռոբերտ Օղլախչյանի գրավոր արձագանքին»:

Ա. Շիրինյանը վերջերս «Հետքին» հայտնել է, որ 2019-ի սեպտեմբերին արված այս հրապարակային առաջարկը Ռ. Օղլախչյանի կողմից մինչ օրս գործնական արձագանք չի ստացել, չնայած Հանրային հեռուստաընկերությունը հիմա էլ պատրաստ է նրա հայտարարած պայմաններով վերահեռարձակման իրավունքը տրամադրել ARTN-ին:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը մեզ նաեւ փոխանցել է, որ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագրեր եւ պայմանավորվածություններ ունի 40-ից ավելի ընկերությունների հետ, որոնք անվճար վերահեռարձակում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Շիրինյանի՝ ամերիկյան Verizon Communications ընկերությունն է, որ իրականացնում է վճարովի վերահեռարձակում. վճարը ձեւավորվում է ըստ բաժանորդների թվի, հետեւաբար գումարը տատանվում է: 

2021-ի հունիսից Հանրային հեռուստաընկերությունը Երեւանում սկսեց հեռարձակել «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը: Նույն տարվա հուլիսի 1-ին ընկերությունը տեղեկացրեց, որ հայտարարում է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատվական ալիքի» վերահեռարձակման համար։ «Մրցույթի նպատակն է ձեռք բերել հուսալի գործընկեր եւ գրավիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի եւ մատչելի դարձնելու համար»,- ասվում էր Հանրայինի հայտարարության մեջ։ 

«Հետքն» Արա Շիրինյանից տեղեկացել է, որ այս մրցույթով հետաքրքրվողներ չեն եղել: 

Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց մասնաճյուղ հիմնել ԱՄՆ-ում՝ այդ երկրում ինքնուրույն հեռարձակում իրականացնելու համար:

Հիմա արդեն Հանրայինն է վճարում Panarm-ին

Հանրայինի ամերիկյան դուստրը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), պետական գրանցում է ստացել այս տարվա մարտի 27-ին:

Այդ փաստով պայմանավորված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ապրիլին լուծել է Panarm-ի հետ 2019-ին վերակնքված պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր գալիք նոյեմբերին: Սակայն դրանով Հանրայինի ու Միքայել Մինասյանի անվան հետ կապվող Panarm-ի հարաբերությունները չեն խզվել: 

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ First Channel America-ն հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող ամերիկյան Spectrum ցանցում: Այս ապրանքանիշը պատկանում է Charter Communications, Inc. կորպորացիային: 

Ներկայացնում ենք գործարքի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ուղղված մեր հարցերն ու պատասխանները:

-Հայտնի է, որ First Channel America-ն հեռաձակվելու է ամերիկյան Spectrum ցանցում: Սա կաբելայի՞ն, թե՞ այլ տիպի ցանց է: 

-Սա Կալիֆոռնիայի տարածքում եւ հատկապես հայ համայնքի շրջանում ամենալայն տարածում ունեցող կաբելային ցանցն է, որով սփռվում են տեղական հայկական հիմնական ալիքները:

-Charter Communications, Inc.-ի հետ պայմանագիր է կնքել First Channel America-ն, թե՞ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: 

-Քանի որ հեռարձակման բոլոր սլոթները զբաղված էին, Հանրային հեռուստաընկերությունը Panarm, Inc-ի հետ կնքել է պայմանագիր եւ նույն գնով վերավարձակալել Panarm, Inc-ին պատկանող հեռարձակման այն սլոթը, որով նախկինում ցուցադրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության ծրագիրը: Պայմանագիրը կնքվել է նույն գնով, որով Panarm, Inc-ը վարձակալում է այդ սլոթը Charter Communications, Inc.-ից: 

-Հեռարձակման համար հայկական կո՞ղմն է վճարում Charter Communications-ին, թե՞ հակառակը: 

-Charter Communications, Inc.-ին վճարում է Panarm, Inc-ը, իսկ վերջինիս՝ Հանրային հեռուստաընկերությունը:

-Որքա՞ն է հեռարձակման տարեկան վճարը:

-Հեռարձակման ամսական վճարը 25.000 դոլար է, տարեկան կազմում է 300.000 դոլար:

First Channel America-ն՝ ՔՊ-ին փոխկապակցված անձի տանը

Արա Շիրինյանի տեղեկացմամբ՝ First Channel America-ի միակ հիմնադիրը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է: 

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը գրանցողը (incorporator) եղել է Արաքսի Սիմիդյանը, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի քույրն է: Ավելին՝ Սիմիդյանն ընկերությունը գրանցել է իր առանձնատան հասցեում (8241 Babcock Avenue, North Hollywood): Տան սեփականատերերն են նա եւ Արտեմ Առաքելյանը (տես ստորեւ):

Նույն հասցեում է «տնավորվել» նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած ու ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը՝ My Step Foundation Inc.: Վերջինս ստեղծվել է 2019-ի փետրվարին ու նախապես գրանցված էր Բեվերլի Հիլզում (Beverly Hills), սակայն ավելի ուշ տեղափոխվել է Ա. Սիմիդյանի տուն: 

Արաքսի Սիմիդյանի տունը

Եթե Սիմիդյանը First Channel America-ի գործադիր (CEO, chief executive officer) ու ֆինանսական (CFO, chief financial officer) ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը (secretary), ապա My Step Foundation-ում զբաղեցնում է ֆինանսական ղեկավարի պաշտոնը:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Ա. Շիրինյանն ասում է, որ First Channel America-ի հիմնադիր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն այստեղ որեւէ ռիսկային բան չի տեսնում: 

-First Channel America-ն գրանցված է Արաքսի Սիմիդյանի առանձնատանը: Սիմիդյանը ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի քույրն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական ղեկավարը: Այս հիմնադրամը եւս գրանցված է Ա. Սիմիդյանի ամերիկյան տանը: Ձեր կարծիքով՝ արդյոք էթիկապես ճիշտ է, որ հանրային եւ համայնքային շահը սպասարկելու կոչված լրատվամիջոցի ղեկավարը լինի ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ, իսկ ընկերությունը գրանցված լինի այդ անձի տանը, որտեղ որ գրանցված է նաեւ ՀՀ իշխող կուսակցությանն առնչվող հիմնադրամը:

-Մինչեւ ընկերության գործունեության ամբողջական մեկնարկը ԱՄՆ օրենսդրությամբ հարկավոր է, որ ընկերությունը գրանցվի որեւէ հասցեում: Այդ իսկ պատճառով First Channel America-ն ժամանակավորապես գրանցված է տվյալ հասցեում: 

Շիրինյանը չի հստակեցրել, թե որքան է այդ «ժամանակավորապես»-ը, եւ երբ է նախատեսվում Հանրայինի ամերիկյան տարբերակի ամբողջական մեկնարկը, եթե դրա հիմնադրումից անցել է արդեն 5 ամիս: 

-Վերոնշյալ պայմաններում արդյոք ռիսկեր չեք տեսնում First Channel America-ի անաչառության եւ ապակուսակցական չլինելու վերաբերյալ: Արդյոք առկա չէ շահերի բախում Ա. Սիմիդյանի՝ լրատվամիջոցի ղեկավար եւ ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ լինելու մասով:

-Ռիսկեր եւ շահերի բախում չենք տեսնում, քանի որ «Առաջին ալիք Ամերիկա» տեսալսողական ծրագրի հաղորդացանցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատվում է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից:

-Ինչու՞ First Channel America-ի հիմնադիրը չի խուսափել շահերի հավանական բախում ստեղծելու իրավիճակից:

-Հիմնադիրը մշտապես ուշադրություն է դարձնում նմանատիպ հարցերին, եւ այս դեպքում շահերի ենթադրյալ բախման ռիսկեր չի տեսնում: 

Շիրինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ նորմալ եւ էթիկապես ճիշտ կլիներ, եթե, օրինակ, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն գրանցվեր, ասենք, Նիկոլ Փաշինյանի տանը կամ նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության կամ Երեւանում գրանցված «Իմ քայլը» հիմնադրամի հասցեում, իսկ հեռուստաընկերության տնօրենն էլ լիներ ՔՊ-ականներից մեկի հարազատը: 

Եթե Հանրայինը լիներ ՔՊ-ի կուսակցական մեդիան, կարելի էր եւ ընկալել այն, ինչ արվել է First Channel America-ի պարագայում, բայց գոնե առայժմ գործը չի հասել Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես կուսակցական մեդիա դարձնելուն, չնայած գաղտնիք չէ, որ հարկատուների գրպանից սնվող եւ հանրային կոչվող այս լրատվամիջոցը միշտ էլ եղել է օրվա իշխանությունների խիստ վերահսկողության, երբեմն նույնիսկ մամլիչի տակ: 

Ա. Շիրինյանը հայտնել է նաեւ, որ ամերիկյան դուստր ընկերության ֆինանսավորման աղբյուրներն են Հանրային հեռուստաընկերությունից տրամադրվող փոխառությունը եւ սեփական գովազդային եկամուտները: Նկատենք, որ Հանրայինի գովազդի վաճառքով զբաղվում է 2019-ին ստեղծված «Մեդիա Հաուս Արմենիա» ՍՊԸ-ն, որում Հանրային հեռուստաընկերությունը 50 տոկոս փայ ունի (սրանից մի քանի ամիս անց՝ 2020-ի ամռանը, հիմնադրվել է «Նոր գովազդային գործակալություն» ՍՊԸ-ն, որն ամբողջությամբ պատկանում է Հանրային հեռուստաընկերությանը): «Մեդիա Հաուս Արմենիան» գրանցված է Հանրային ռադիոյի շենքում՝ Ալեք Մանուկյան 5 հասցեում: Դրա ֆինանսական տնօրենն էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրն է՝ Արման Հարությունյանը (First Channel America-ի եթերում առաջարկվող գովազդի գները կարելի է տեսնել այստեղ):

Ովքե՞ր են First Channel America-ի տնօրենները

Եթե Արաքսի Սիմիդյանը նշանակվել է Հանրայինի ամերիկյան դուստր ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավար, ապա տնօրեններ (director) են նշանակվել Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի աշխատակիցները: 

Ամերիկյան կորպորացիաներում (First Channel America-ն իրավակազմակերպական տեսակով կորպորացիա է) տնօրենների տարբերությունը գործադիր ղեկավարից (CEO) այն է, որ տնօրենների խորհուրդը կոլեկտիվ կառավարման եւ վերահսկող մարմին է, իսկ գործադիր ղեկավարն ընկերության ամենօրյա գործառնություններն իրականացնող եւ տնօրենների խորհրդի տեսլականը կյանքի կոչող անձ է:

First Channel America-ի տնօրենների խորհրդում են Լենա Մինասյանը (Հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավար), Տիգրան Վիրաբյանը (Հանրայինի գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր) եւ Արարատ Հակոբյանը (Հանրայինի գլխավոր տնօրենի տեղակալ-ֆինանսական տնօրեն):

Լենա Մինասյան, Տիգրան Վիրաբյան, Արարատ Հակոբյան

Տնօրենների մասով Ա. Շիրինյանը «Հետքին» փոխանցել է. «Ժամանակավորապես՝ մինչեւ First Channel America ընկերության գործունեության ամբողջական մեկնարկը, տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել Հանրային հեռուստաընկերության նշված աշխատակիցները, որոնք չեն վարձատրվում»:

Մեկ աշխատողով եւ «սեփական հեռուստակոնտենտի» սպասումով

Ինչպես կարելի է նկատել, Շիրինյանն իր խոսքում, առանց ժամանակային հստակեցումների, մի քանի անգամ նշում է First Channel America-ի գործունեության սպասվող ամբողջական մեկնարկի մասին:

Չնայած պետական գրանցումից անցել է արդեն 5 ամիս, Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս ունի միայն մեկ աշխատող (Ա. Սիմիդյանը), չունի սեփական գրասենյակային հասցե, եթերում էլ առյուծի բաժինը զբաղեցնում է Հանրային հեռուստաընկերության բովանդակությունը: «Ընկերությունն ԱՄՆ օրենսդրության շրջանակներում դեռ ամբողջական գործունեության մեկնարկի նախապատրաստման փուլում է, հեռարձակումը, սակայն, ապրիլից անընդմեջ իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից»,- «Հետքին» փոխանցել է Արա Շիրինյանը:  

Այս տարվա մարտին՝ First Channel America-ի մեկնարկի պաշտոնական արարողության առիթով, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում էր, որ «պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում բնակվող հայերի համար արտադրելու է սեփական հեռուստակոնտենտը՝ ճանաչողական, կրթական, մշակութային հաղորդումներ»: 

Սակայն մինչեւ հիմա միայն երկու այդպիսի հաղորդում է հեռարձակվել: «Ի սկզբանե հայտարարվել էր, որ First Channel America-ի հեռուստաբովանդակության ձեւավորումը տեղի է ունենալու փուլային եղանակով. սկզբնական շրջանում Հայաստանում հեռարձակվող հաղորդումներն են ադապտացվել տեղի ժամային գոտուն: Գարնանային եթերաշրջանում նկարահանվել են «Օվկիանոսից այն կողմ» հաղորդումների շարքը եւ Պետրոս Ղազարյանի հարցազրույցները ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Աշնանային եթերաշրջանին ընդառաջ այժմ ընթանում են նոր նախագծերի նախապատրաստման աշխատանքները, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»,- մեզ հայտնել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը:

Իր հերթին Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մարտին կայացած պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշել էր. «Ծրագիրը շատ ամբիցիոզ է, եւ բավականին շատ ժամանակ է մեզ պետք լինելու: Անկեղծ ասած, դժվար է կանխատեսում անել, քանի որ դա կախված է նաեւ իրավիճակից, թե ինչպես կլինի արձագանքը հեռուստաալիքին: Այս պահին մենք կանխատեսում ենք, որ մի քանի ամիս կփորձենք աշխատենք ավելի փորձնական ռեժիմով, հետո արդեն աշնանային եթերաշրջանում փորձենք ավելի մեծ շեշտ դնել այստեղ տեղական արտադրանք ստեղծելու վրա, բայց ամեն ինչ կախված է նաեւ տեղական շուկայի արձագանքից, թե ինչպիսին կլինի այստեղի թե՛ բիզնես միջավայրի, թե՛ հեռուստադիտողների արձագանքն այս նախաձեռնությանը»: 

First Channel America-ին մոտ կանգնած անձանցից միայն մեկը կապ ունի լրագրության հետ  

Հանրայինի ամերիկյան մասնաճյուղի գործադիր ղեկավար Արաքսի Սիմիդյանը ոչ մի կապ չունի մեդիալորոտի հետ: Ըստ LinkedIn-ի իր էջի՝ մասնագիտությամբ կլինիկական հոգեբան է, 2014-ից աշխատում է սոցիալական եւ առողջապահական ոլորտում: 2019-ից աշխատում է Լոս Անջելեսի QueensCare կազմակերպությունում, որն առողջապահական ծառայություններ է մատուցում, մասնավորապես, ցածր եկամուտ ունեցող լոսանջելեսցիներին, ինչպես նաեւ իրականացնում բարեգործական ծրագրեր: Սիմիդյանը 2023-ից այս կազմակերպության աշխատակազմի ղեկավարն է: 

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին հարցրել էինք, թե ով եւ ինչպես է որոշել մեդիայի ներկայացուցիչ չհանդիսացող անձին նշանակել հանրային միջոցներից սնվող լրատվամիջոցի ղեկավար: Շիրինյանը փորձել է հիմնավորել այսպես. «Արաքսի Սիմիդյանը առողջապահական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար է: Հաշվի առնելով Ա. Սիմիդյանի կառավարման փորձը եւ հմտությունները՝ Հանրային հեռուստաընկերությունն է որոշել նրան նշանակել First Channel America-ի տնօրեն (նկատի ունի գործադիր ղեկավարի՝ CEO-ի պաշտոնը - հեղ.)»:

«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ Արաքսի Սիմիդյանը սերտ հարաբերություններ ունի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, եւ վերջինիս լոսանջելեսյան այցերի ժամանակ եղել է նրա հյուրընկալը: 

Բայց Փաշինյանների ու Սիմիդյանների կապը նոր չէ: Հակոբ Սիմիդյանը 2009-2012 թթ. եղել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալը, իսկ տնօրենն Աննա Հակոբյանն էր: Հայտնի է նաեւ, որ 2008-ի մարտի 1-ից հետո ընդհատակում գտնվելիս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 11 ամիս անցկացրել էր Սիմիդյանի տանը: 2012-2017 թթ. Հ. Սիմիդյանը եղել է պատգամավոր Ն. Փաշինյանի օգնականը, իսկ 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո տարբեր պաշտոններ է զբաղեցրել Կառավարությունում եւ Ազգային ժողովում: 

Արա Շիրինյանն էլ անծանոթ չէ այս մարդկանց: Հանրային հեռարձակողի խորհրդի ներկա նախագահը 2014-ին ընդգրկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի խորհրդում որպես անդամ: Հիմնադրամի տնօրենն էլ Հակոբ Սիմիդյանն էր: 2018 թ. քաղաքական փոփոպություններից առաջ ու հետո Շիրինյանը չի թաքցրել իր համակրանքը ներկա իշխանության հանդեպ: 

First Channel America-ի շուրջ ձեւավորվել է նաեւ խորհուրդ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներից: Նրանցից միայն մեկը կապ ունի մեդիայի հետ: «Խորհուրդը ձեւավորվել է համայնքի ներսում՝ հեռուստաընկերության աշխատանքի տարբեր ոլորտների խորհրդատվությունն ապահովելու համար»,- «Հետքին» փոխանցել է Արա Շիրինյանը՝ հավելելով, որ խորհրդի անդամներն իրենց ոլորտներում հարուստ կենսափորձ ունեն եւ առաջին ձեռքից գիտեն ամերիկահայ համայնքի խնդիրները, կարիքները եւ սպասելիքները:

Խորհրդի անդամները՝

  • Արմեն Բայբուրդյան - քաղաքագիտության պրոֆեսոր, արտակարգ եւ լիազոր դեսպան, 1994-1997 եւ 2018-2022 թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս (խորհրդի նախագահ)
  • Կարեն Իսրայելյան - 2023 թ.-ից Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս 
  • Կարպիս Թիթիզյան - «Հորիզոն» հեռուստաընկերության հիմնադիր, Կալիֆոռնիայի հայկական կյանքի ակտիվ անդամ
  • Կարեն Մեյմարյան - համայնքում հայտնի գործարար
  • Լիանա Հարոյան - ԱՄՆ պետներդրումների եւ աջակցության ծրագրերի ղեկավար, 2013-2017 թթ. Հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավար
  • Թոմիկ Ալեքսանյան - Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ, գլխավոր տնօրեն
  • Խաչատուր Խուդիկյան - համայնքում հայտնի գործարար
  • Մելինե Մաիլյան - «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն» ՀԿ համահիմնադիր, փաստաբան:

Որպես վերջաբան

Հեռուստաընկերության մեկնարկի միջոցառմանը այսպիսի կարծիք է հայտնել խորհրդի անդամներից գործարար Կարեն Մեյմարյանը. «Շուկայում կարիքը կար միշտ, հիմա՝ առավել եւս, առավել քան երբեւէ: Ամերիկահայությունը կարիք ունի Հայաստանից ստանալու իրական ինֆորմացիա, ծանոթանալ դեպքերի ընթացքին պաշտոնապես եւ դրա արդյունքում ապրել Հայաստանի իրականությամբ, այլ ոչ թե էն ամեն ինչով, ինչի մասին մենք ամեն օր ականատես ենք լինում ու, ցավոք սրտի, բախվում նաեւ էդ բացասական արդյունքներին վատ ինֆորմացիայի»: 

Եթե գործարարի համար պաշտոնական ինֆորմացիան է ներկայացնում Հայաստանի իրական կյանքը, անհասկանալի է, թե մինչ այս ԱՄՆ-ում հասանելի Հանրայինի արբանյակային ծրագիրը ինչով չէր բավարարում նման կարիքը: Այս հայտարարությունն, ըստ էության, պատահական չէ, եթե այն համադրում ենք փաստի հետ, որ հայաստանցի հարկատուի ձեւավորած պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղի ղեկավարումը հանձնվել է մեդիայի հետ կապ չունեցող, բայց ՀՀ ներկա իշխանություններին փոխկապակցված անձի: 

Թե սեփական հեռուստաբովանդակությունը ստեղծելու եւ ամերիկահայ համայնքի շահերը սպասարկելու, Հայաստան-սփյուռք կապերը զարգացնելու հարցում ինչ հաջողություններ կունենա First Channel America-ն, ցույց կտա ժամանակը: Փաստն այն է, որ այդ շահերը շատ ավելի լայն պիտի լինեն, քան օրվա իշխանությունների նեղ կուսակցական, իշխանական շահերը: 

Առաջին նկարի ձեւավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter