HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արվեստը և կինը. Ռոմանոս Մելիքյան (մաս 1)

Յոթ նոտա և զմրուխտ աչքերով մի կին  

Ռոմանոսի համար ամեն բան տիեզերքում կազմված էր հնչյուններից՝ բնությունը, կյանքը,  առօրյան, կինը: Ամենամեծ բանը, որ կարող էր նրան վիշտ պատճառել՝ վատ երաժշտությունն էր, ինչպես և վատ նկարչությունը, վատ գրականությունը, որ հավակնում էին արվեստ կոչվելու:

Ռոմանոսի մեջ ասպետական ինչ-որ բան կար: Եվ դա էր պատճառը, որ Ավետիք Իսահակյանը նրան տվել էր «Դոն» տիտղոսը՝ Դոն Ռոմանոս: Արվեստը Դոն Ռոմանոս Մելիքյանի կյանքն էր, կինը՝ նույնպես: Բայց ոչ թե կինն ընդհանրապես՝ ներշնչանքի այդ ընդունված աղբյուրը, այլ միանգամայն որոշակի կին, որոշակի բնավորությամբ և բարեմասնություններով և ամենաէականը՝ տաղանդավոր:

1348.jpg (1.77 MB)

Արուս Բաբալյանը մանուկ հասակում

Նա միակ կինն էր, ըստ էության, որը կարողացել էր խառնել Ռոմանոսի հոգին 7 նոտաներից զատ և նրա սրտում առոք-փառոք բազմել երաժշտության կողքին կամ գուցե հենց երաժշտության մեջ, իր հրաշալի քնարական սոպրանոյով և գեղեցիկ, վտանգավորության աստիճան վայրի զմրուխտ աչքերով: Այս կնոջը Ռոմանոսը քնքշորեն կոչում էր Ուսյա: Նրանք հանդիպեցին, երբ  կոմպոզիտորն արդեն 35-ին մոտ էր և դեռ չէր ճաշակել կնոջից սիրված լինելու և կնոջը սիրելու  բերկրանքը: Փոխարենը գիտեր, թե ինչ երանություն է մեղեդի կերտելը, ինչ հաճելի է հնչյունների հետ խաղալը, դրանցից ներդաշնակություն ստանալը, հոգիները տակնուվրա անելը, վերջապես  դրանցով ապրելը: Երաժշտությունը նրա սերն էր, և նա անմնացորդ նվիրվել և ծառայել էր իր այդ սիրուն: Ամեն բան իր կյանքում պտտվում էր դրա շուրջ՝ իր բուն կոչումը, հասարակական, մանկավարժական գործը, իր հանգիստը, որ հիմնականում անց էր կացնում բնության մեջ՝ կլանելով խորհրդավոր ձայները: Եվ վերջապես միակ կինը, ով հայտնվեց իր կողքին, իբրև կին-բարեկամ, կին-գործընկեր և կին-սիրուհի, նորից ամենաուղիղ կապն ուներ երաժշտության հետ: Նա երգչուհի էր, ում ձայնի դյութանքին և աչքերի գույնի և խոցող, սուր հայացքի բնական սադրանքին պարզապես հոժարակամ և առանց ընդվզելու տրվեց Ռոմանոսը: Եվ, անկեղծ ասած, ոչ միայն ինքը:

Այգեպանի տղան

1883 թ․ հոկտեմբերի 1-ը Ռոմանոսի ծննդյան տարեթիվն է, վայրը՝ Դաղստանի Ղզլար քաղաքը:  Հայրը՝ Հովակիմը, այգեպան էր և լավ էլ ժողովրդական երգեր էր կատարում: Մահացավ, երբ ավագ որդին 19 տարեկան էր: Ղզլարի ծխական դպրոցից հետո, ավելի որակյալ կրթություն ստանալու համար, մայրը նրան ճանապարհեց Նոր Նախիջևան՝ թեմական դպրոց: Փայլուն առաջադիմություն ուներ մաթեմատիկայից: Բայց անհաշվելի թվերի համադրություններից գերադասեց գործ ունենալ ընդամենը 7-ի հետ, որոնց հմայքը բացահայտեց երաժշտության առաջին ուսուցիչ և ճեմարանի երգչախմբի ղեկավար Գևորգ Չորեքչյանը՝ ապագայի Ամենայն հայոց հայրապետը: Ռոմանոսի համար ամենաարտահայտիչ նվագարանը դարձավ հարուստ նրբերանգներով մարդկային ձայնը, որ ի զորու է վերարտադրել ամենանուրբ զգացմունքները: Հետո արդեն Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելու փորձ, որը ձախողվեց վճարունակ չլինելու պատճառով, բայց, այնուամենայնիվ, ընդունվեց ժողովրդական երաժշտանոցի տեսության և կոմպոզիցիայի բաժին:

«Անպաշտոն» ամուսիններ

Արուս Բաբալյանը, ում Ռոմանոսը կոչում էր Ուսյա, տիրապետում էր երգեցողական արվեստի այն գաղտնիքներին, որ փնտրում էր կոմպոզիտորը իր սիրերգերի կամ այլ ժանրի երգերի համար: Նրանք պաշտոնապես ամուսիններ չէին, բայց և չէին թաքցնում միասին ապրելու փաստը: Թե՛ Ռոմանոսը, թե՛ Արուսը դրանից վատ չէին զգում: Եվ քանի որ իրենք հանգիստ էին վերաբերվում  այդ հարցին, հասարակությունն ու ընկերները ևս դա ընդունում էին որպես բնական մարդկային հարաբերություն և չէին փորձում կեղծ բարոյականության թեմաներով ելույթներ ունենալ: Ռոմանոսը ի սկզբանե հարցը փակել էր քննարկման համար: Նա ապրում էր իր Արուսի հետ՝ առանց ամուսնանալու, և դա ոչ մեկի գործը չէր: Իսկ թե ինչն էր խանգարում նրանց օրինականացնելու իրենց կապը, ստույգ հայտնի չէ, թեպետ կա մի ենթադրություն, համաձայն որի՝ Արուս Բաբալյանը ամուսնացած էր ուրիշի հետ, և գուցե ապահարզանի հարցը չէր լուծվում: Համենայն դեպս, Ռոմանոս Մելիքյանի մահից հետո Արուսը դատարանի միջոցով ապացուցեց կոմպոզիտորի այրին լինելու փաստը և ստացավ նրա ստեղծագործությունների ճակատագրով զբաղվելու ժառանգական իրավունքը և, ի միջի այլոց, շատ մեծ գործ կատարեց Ռոմանոսի ստեղծագործությունների հրատարակման և տարածման գործում:    

Մի քիչ շփացած աղջիկը և Կոմիտասը

Ռոմանոսից փոքր էր ուղիղ 10 տարով, ծնվել էր Թիֆլիսում հայտնի լուսանկարիչ «Լոյս» լուսանկարչատան տեր Գրիգոր Բաբալյանի ընտանիքում: Արուսի մայրը շատ գեղեցիկ կին էր և աչքերի կանաչ գույնը ժառանգել էր հենց նրանից: Մեծ տարիքում զավակ ունեցած ծնողները ոչինչ չէին խնայում նրա համար: Գեղեցիկ մանկասենյակ, խաղալիքներ, հետաքրքիր գրքեր, ճոխ  հագուկապ...․ Արուսը սիրում էր ներկայացումներ հորինել և իր մահճակալը հաճախ ծառայեցնում էր որպես բեմ: Ջութակ էր սիրում, 4 տարեկանից դաշնամուրով սերտել էր գամմաները: Նա ծնված օրվանից իր սեռի զարմանալի զգացողություն ուներ: Անգամ նրա մանկական  լուսանկարները այդ մասին են պատմում: Անշուշտ լուսանկարիչ հայրը պետք է քաջալերած լիներ դստրիկին պչրուհի լինելու հարցում: Եվ դա աղջկան օգնեց բարձր ինքնագնահատանք ունենալ, օգնեց սիրել իր անձը:

Արուսը մեծ խանդավառությամբ հիշում էր Կոմիտասի հետ հանդիպումը, երբ վերջինս եկել էր լուսանկարվելու իր հանրահայտ հոր մոտ: Պատմում էր, երբ Կոմիտասը երգում էր իրենց  պատուհանների տակ, անցորդները հավաքվում էին լսելու այդ «երգի կախարդին»: 2-րդ անգամ, երբ Կոմիտասը այցելեց Բաբալյաններին, հիվանդ-մրսած էր: Արուսը իր սենյակը կամովին զիջեց նրան: Փափուկ անկողինը շտկեց, բայց Կոմիտասը մերժեց այն՝ նախընտրելով չոր բազմոցը: Չնայած այվում էր բարձր ջերմությամբ, բայց հրաժարվում էր դեղ ընդունել՝ ասելով, թե մարդու օրգանիզմն ինքնուրույն պետք է պայքարի և հաղթի հիվանդությանը: Արուսը հիշում էր, թե ոնց լաց եղավ՝ տեսնելով, որ Կոմիտասը համառում է դեղ ընդունել, բայց և տանջվում է: Եվ Կոմիտասի սիրտը չդիմացավ աղջնակի արցունքներին: Պայմանավորվեցին՝ ամեն մի գդալ դեղի դիմաց Արուսը մեկ հեքիաթ պետք է հորինի: Պայմանը պայման էր: Ապաքինվելուց հետո Կոմիտասը հայտարարեց. «Որտեղ էլ որ հիվանդանամ, ձեզ մոտ կգամ բուժվելու»: Կոմիտասը Արուսին՝ որպես ապագա երգչուհու, խորհուրդ տվեց գոլ ջուր, միայն գոլ ջուր խմել, եթե հազը բռնի: Աղջկա համար բեմական մեծ հեռանկար կանխորոշելով՝ պատրաստ էր նրան արտասահման տանել՝ կրթվելու, բայց հայրը արգելք եղավ:

Օրագրի սադրանքը  

1296.jpg (615 KB)

25-26 տարեկանում հանդիպեց Ռոմանոս Մելիքյանին և նրանց աշխատանքային, արվեստային հարաբերություններին շուտով ավելացավ սիրայինը, որ տևեց մինչև Ռոմանոսի մահը: Իսկ հետո, արդեն առանց Ռոմանոսի, շարունակվեց Արուս Բաբալյանի թե՛ ստեղծագործական, թե՛ առավել ևս կնոջական կյանքը: Նա ևս մեկ անգամ ամուսնացավ հայտնի մի ռեժիսորի հետ և սիրեց մեկ ուրիշ տղամարդու.... Երեխա չուներ: Իր տղամարդկանց համար եղավ թե՛ ցանկալի կին, թե՛ կամակոր երեխա: Մահացավ 1982-ին՝ միշտ մնալով հմայիչ և կանացի:

Արուսը սկսեց գործել անմիջապես, երբ զգաց, որ ուզում է Ռոմանոսին: Դա 1919 թվականի Թիֆլիսն էր, օգոստոս ամիսը: Նա հյուրընկալվել էր կոմպոզիտորին, իսկ տուն վերադառնալով՝ Ռոմանոսի  մոտ, իբր պատահաբար, թողել էր իր հիշատակարանը, անշուշտ որպեսզի Ռոմանոսը կարդա: Ռոմանոսը կարդաց և իսկույն գրեց հետևյալ նամակը:

«Ձեր մտքերի գաղտնիքը իմացա՝ շնորհիվ հանգամանքի, որ Դուք (շնորհիվ Ձեր մոռացկոտության) ինձ մոտ թողել էիք, մոռացել էիք Ձեր սրտի զարկը (пульс): Եվ ես այժմ նույնպես զգում եմ այդ զարկը: Այսօր բոլորովին պատահական թղթերի մեջ գտա մի կիսատ հիշատակարան (дневник ), որ Դուք այնպես անհաջողությամբ մոռացել էիք իմ սենյակում՝ չկասկածելով, որ գրածները մարդիկ կարող են կարդալ ու իմանալ հեղինակի սրտի գաղտնիքները...»:

Ռոմանոս Մելիքյանը շատ լավ հասկացել էր, թե ինչու է Արուսն օրագիրը մոռացել իր տանը: Ճիշտ է կանանց հարցում փորձառություն չուներ, բայց երեխա էլ չէր: «Այս երեկո վերջապես գնացի ու գտա նրան… : Իմ մեջ մինչև հանդիպելը այնքան բան էր հավաքվել նրան ասելու...»,-կարդաց Ռոմանոսը օրագրի էջերին: Ակնարկը արված էր, Ռոմանոսն այն որսաց:

Արուսը կին էր ոտքից գլուխ: Դրա առեղծվածային և ոչ այնքան ապահով իմաստով: Նա գիտեր  հարկ եղած դեպքում լինել քնքուշ և ռոմանտիկ, երբեմն էլ պինդ և ուժեղ, նայած թե ինչ էր պահանջում իրավիճակը: Մի խոսքով, նա խելացի կին էր, որը միշտ գիտեր իր հարգը և վստահ էր իր ուժերին:

Երաժշտությամբ ես ասում եմ այն, ինչ անընդունակ եմ խոսքով ասել...

 Սկսեցին միմյանց հաճախ գրել:

«... թախծոտ մեղեդու կարիք ունեմ, թախծոտ, ինչպես իմ հոգին է,- գրում է Արուս Բաբալյանը: - Եվ այս թախծոտ երեկո կուզեի նստել Ձեր հրաշալի սենյակում, նստել երկնագույն լուսամփոփի  տակ և կիսամութի մեջ լսել Ձեր երաժշտությունը, զգալ Ձեր նուրբ հոգին և մտովի ճախրել  հեռուներում…  Հիշեք ինձ, երբ տխուր կլինեք, հիշեք մթնշաղին, երկնագույն լուսամփոփի լույսի տակ: 3 շաբաթից կվերադառնամ Թիֆլիս և կլսեմ Ձեր երաժշտությունը, իհարկե, եթե թույլ տաք: Իսկ առայժմ Ձեզնից լուրի եմ սպասում»:

Արուսի հուզառատ տողերը դուր էին գալիս Ռոմանոսին, և նա էլ սկսեց նույնաոճ, մի քիչ այլաբանական նամակներ ուղարկել զմրուխի գույն ունեցող աչքերով և գեղեցիկ ձայնով կնոջը: Դրանք հախուռն և կրքոտ ուղերձներ չէին, այլ ավելի անդանտե, անգամ լարգո տեմպով շարադրված տողեր էին: Ճիշտ իր պես՝ հանդարտ և մեղմ...

Ռոմանոսը նամակ-հեքիաթներ էր հորինում: Եվ հեքիաթի հերոսուհու միջոցով հայտնում էր այն, ինչն իրականում կուզենար լսել հենց Արուսից:

«Երբ դու ուզենաս քո սիրածիդ համար ալ վարդ քաղել փշոտ, տատասկոտ, և երբ այդ փուշը քո ձեռքը ծակե ու արյուն քամե, ես կուզենամ լինել բալասան, այդ վերքդ բուժեմ: Երբ ինձ մոռանաս. լինեմ անուրջ ու երազ ու գամ քեզ գգվեմ, գամ քեզ գուրգուրեմ ու ինքս ձուլվեմ քո երազ- աշխարհին, քո երազ-կյանքին….»:

Այդ նամակները Ռոմանոսը ոնց որ երգելով գրած լինի, կամ կարծես ռեչիտատիվներ լինեն: Չէ որ երաժշտությամբ ավելի հեշտորեն է արտահայտում միտքը և հույզերը, քան՝ բառերով: Ռոմանոսի համար Արուսի հետ հարաբերվելը նույնպես ստեղծագործություն էր և արվեստ:   

Շարունակելի

Գլխավոր նկարում՝ Ռոմանոս Մելիքյանը

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter