HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի իր գրախանութի դուռը վերջին անգամ փակելիս մտածում էր, որ վաղն էլի գործի է գնալու

Սեպտեմբերի 28-ին Սամվել Պետրոսյանը բացել էր գրախանութի դուռն ու կարճ ժամանակ անց փակել: Ամեն ինչ իր տեղում էր թողել՝ մտածելով, որ հաջորդ օրը սովորականի նման նորից աշխատելու է: Բայց դա Արցախում անցկացրած նրա վերջին օրն էր:

Պատմում է, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում գտնվող իր գրախանութը գիտական կենտրոնի պես էր, որտեղ հավաքվում էին դասախոսներ, մանկավարժներ, գրչի մարդիկ ու քննարկումներ ունենում: Սա հիշելիս դադար է տալիս, մի պահ ձայնը թրթռում է, հետո նորից շարունակում ենք զրույցը:

Արցախյան առաջին պատերազմից հետո, որին մասնակցել էր, Ս. Պետրոսյանը փոխտնօրեն էր աշխատում «Արցախմամուլում»: Ասում է՝ գրքերի հետ իր կենսագրությունն սկսվել է այդ ժամանակվանից:

«Պատերազմից հետո մարդիկ ուզում էին մի բանով զբաղվել, ես ուրիշ բիզնես չէի պատկերացնում, համ էլ մի քիչ տեղյակ էի մամուլի հետ աշխատանքից: Էն ժամանակ արագակար էլ էի պատրաստում: Հարմարությունները ստեղծել էի, պարապ չէի մնում: Առավոտից իրիկուն աշխատում էի»,- պատմում է նա:

1996 թ. «Ազատ Արցախ» թերթի խմբագրության շենքում մի պատուհան էր բացել, որտեղից թերթեր ու ամսագրեր էր վաճառում: Հետո կրպակի տեսքով գրախանութ բացեց, որն ավելի ուշ դարձավ քարե խանութ: 2001-ից այն գործում էր Ստեփանակերտի Ազատամարտիկների 37 հասցեում: Անվանումն էլ պարզ էր՝ «Գրքեր»: Դրա շնորհիվ էլ նրան ճանաչում են որպես «մեր գրքերի Սամվել ձյաձյա»:

«Հիմա էլ որ տեսնում են այս նոր տեղում, երբեմն ճանաչում են, ասում են՝ հեն ա մեր գրքերի Սամվել ձյաձյան»,- երկուսս տխուր ժպտում ենք: Դիմացի տաղավարից բարձր երգի ձայնը լցվում է զրույցի տարածք: 61-ամյա Սամվել Պետրոսյանը հիմա տաղավար է վարձակալել Նոր Նորքի «Պալաս» առեւտրի կենտրոնում:

Կենտրոնի առաջին հարկում՝ սպիտակ դարակաշարերում, կոկիկ դասավորված գրքեր են, գրենական պիտույքներ, խաղալիքներ: Մեր այցի օրը համընկավ նրա՝ այդտեղ աշխատելու 100-րդ օրվան:

Հիշում է, որ Ստեփանակերտում շուրջ 30 տարի գրքերի հետ աշխատանքը կողքից նայողին գուցե թեթեւ էր թվում, բայց դրա հետեւում ոչ այնքան թեթեւ աշխատանք կար. գիշեր-ցերեկ Ստեփանակերտ-Երեւան ճանապարհներին էր: Արցախից գալիս էր մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցում, գրքեր գնում: Սիրում էր իր գործն ու անհամբերությամբ էր նոր գրքեր տանում Արցախ: Ասում է՝ դեռ այն ժամանակներից իրեն շատ էր օգնում «Բուկինիստ» գրախանութը, ու հիմա էլ շարունակվում է աջակցությունը:

Ստեփանակերտի իր գրախանութում Սամվել Պետրոսյանը պարբերաբար գիրք էր կարդում, բայց բռնի տեղահանությունից հետո երկու էջ կարդալուց հոգնում է՝ միտքն ընկնում է տուն:

2023 թ. սեպտեմբերի 19-ը երկուշաբթի էր: Սամվել Պետրոսյանը առավոտյան գնացել էր բանկում հարկերը վճարելու, այդտեղից էլ մեկ ուրիշ բանկ պիտի գնար՝ մոտ 5 կգ քաշով տոպրակի մեջ լցված 10-20 դրամանոցները խոշորացնելու: Պատմում է, որ գրախանութում 6-7 ամսում այդքան մանրադրամ էր հավաքվում, որը հետո տանում էր խոշորացնելու: Բայց այդ օրը երկու բանկում էլ չէր ստացվել խոշորացնել մետաղադրամները: Քանի որ ընդմիջման ժամ էր, որոշել էր տոպրակը տուն տանել: Տուն չհասած՝ խանութ էր մտել, թեեւ գիտեր, որ շրջափակման օրերին գրեթե հնարավոր չէ ապրանք գտնել այնտեղ:

«Հենց խանութ մտա, դմփոցը լսվեց: Ուշքի չէի գալիս, չէի հավատում: Մեկ-երկու՝ արդեն դիմացի սարերում դմփոցը սկսվեց, կողքի շենք հասա, մարդիկ արդեն իջնում էին պադվալ: Հենց պայթյունի ձայնը կտրեց, հասա տուն»,- հիշում է մեր զրուցակիցն, որն ավելի ուշ մյուսների պես իջել էր նկուղ:

«100 տարի մնա, չէի մտածում, որ էսպես կլինի: Ստեփանակերտում երկրորդ խանութն էլ էի սարքել: Ուզում էի մասնագիտացված գրականություն վաճառեի, բայց առողջական խնդիրների պատճառով չհասցրեցի ու վարձով էի տվել»,- նշում է Սամվել Պետրոսյանը:

Իր ապագան այլ կերպ էր պատկերացնում: Ասում է՝ չարչարվելով տուն դրեց, խանութ սարքեց, երեխաներին ուսման տվեց, մնացած կյանք էլ ուզում էր հանգիստ ապրել՝ տնից խանութ, խանութից տուն գնալով. «Բայց ստացվեց այսպես»:

Ստեփանակերտից դուրս գալու վերջին օրն անգամ՝ սեպտեմբերի 28-ին, չէր մտածել, որ այլեւս հետ չի գնալու: Բռնագաղթի օրերի հիշողություններն այնքան ծանր են, որ զրույցի ժամանակ դրանք հիշելիս ձայնը նկատելի դողում է:

«Որ տեսնեիք այդ պատկերները. կինը՝ շուշեղենով տոպրակը մի ձեռքին, մյուս ձեռքով երեխային բռնած, էդ երեխային էլ ասում էր՝ էն երեխու ձեռը բաց չթողնես: Ասում ես՝ գիրք կարողանո՞ւմ ես կարդալ, երկու էջ կարդում եմ, ու միտս են ընկնում այդ պահերը»,- ասում է մեր զրուցակիցը:

Ամսի 28-ին տուն-տեղը, խանութները թողնելով՝ միայն երկու հագուստով լի պայուսակ են վերցրել կնոջ հետ ու դուրս եկել: Թե՛ տան, թե՛ խանութի բանալիները պահել է՝ հույսով, որ մի օր հետ է գնալու:

-Խանութը փակեցի, բանալին վերցրեցի: Էն տպավորությունն էր, որ վաղն էլ էի գնալու: Ոչ մի բանի ձեռք չեմ տվել, էդպես էլ թողել եմ, ասել եմ՝ վաղն էլ եմ գալու գործի:

-Վաղը ե՞րբ է գալու, որ նորից գնաք, բացեք խանութը: Այդ վաղը կգա՞:

-Ճիշտն ասած, ես հավատում եմ, որ կգա: Որ տեսնում եմ էս աշխարհաքաղաքական խաղերը, ներքին հավատ ունեմ, որ խանութս էլ կգնամ, մերոնց գերեզմաններն էլ կգնամ: Տխուր, շատ տխուր է: Հիմա պարապ չեմ կարող մնալ: Հոգեհարազատ գործ է՝ 30 տարվա, իմ կապերն էս գործի մեջ են: Ապրանքների մեծ մասը ընկերներս են տվել, ով ինչով կարողացել է, օգնել է: «Ազնավուր» հիմնադրամից դրամաշնորհ ստացա, որը ծախսել եմ տաղավարի, դարակաշարերի պատրաստման համար:

Սամվել Պետրոսյանն ասում է, որ մտքով ամեն օր Արցախում է. «Մի քիչ այլ մարդ եմ դարձել: Էս մի տարվա ընթացքում ճեղք է առաջացել իմ ու իրականության միջեւ: Շատ չեմ ուզում հիշել… Երբ հասանք Կոռնիձոր, ջուր ու հաց էին բաժանում, մի ծառի տակ կանգնած էինք, նայեցի՝ միանգամից մի լաց բռնեց: Էդ պահին Իշխան Փարավոնիչը՝ մեր գրողը, տեսավ ինձ, եկավ, գրկեց, ասեց՝ Սամվել, մեծ խաղեր են, դժվար ա մտածելը, մի հուսահատվիր…»:

Ստեփանակերտի «գրքերի Սամվել ձյաձյան» հիմա ամեն ինչ սկսում է զրոյից: Չնայած հուսահատ է, նպատակ ունի այնտեղի իր գրախանութից ավելի լավն ունենալ Երեւանում: Տաղավարը, որտեղ հիմա աշխատում է, դեռ օգուտ չի բերում՝ առեւտուրը քիչ է, ու վարձակալության գումարն անգամ չի փակում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter