
Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է` Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի որոշումների մշակման գործում»,- ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ «Շարունակվել է Անդրկովկասում առկա իրավիճակի տարբեր ասպեկտների քննարկումը՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանագծման ու երկու պետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը»,- փոխանցել է Կրեմլը։
Բացի դրանից, ռուսական կողմը նաև փոխանցում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ Ադրբեջան վերջերս կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել