HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Միգուցե լրատվամիջոցներն ավելի շատ լիազորություններ ունեն, քան տեսչական մարմինը». ԱԱՏՄ ղեկավար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, թե այս տարվա՝ 2024 թվականի ընթացքում տեսչական մարմինն արդեն 3 մլրդ դրամի վարչական ակտ է կազմել։ ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ վերահսկող մարմնի նպատակն ամենևին տուգանելը չէ, այլ անել այնպես, որ տնտեսվարողները սկսեն բարեխիղճ և օրենքի սահմաններում գործել։

Տեսչական մարմնի վերահսկողական ոլորտները 5-ն են, որոնցից մեկը դեղերի շրջանառության վերահսկողությունն է։ Այն իրականացվում է ստուգումների և վարչական վարույթների միջոցով։ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց վերջին 4 տարվա տեսչական մարմնի գործունեությունը՝ ըստ հարուցած վարչական ակտերի՝ նշելով, որ տեսչական մարմնի գործելաոճը բարելավվել է։

Տարեկան պլանավորած ստուգումների դեպքում տնտեսվարողներն իմանում են, թե տեսչական մարմինը երբ է պատրաստվում ստուգումներ իրականացնել, բայց բողոքների հիման վրա իրականացված ստուգումների ժամանակ տնտեսվարողներին նախորոք տեղյակ չի պահվում։

ԱԱՏՄ ղեկավարն անդրադարձավ լրատվամիջոցների՝ նախկինում ուղարկված հարցումներին և նշեց, որ եթե լրատվամիջոցը հարցմամբ դիմում է տեսչական մարմին, մատնանշում է խախտում և անում է հրապարակում, չի սպասում տեսչական մարմնի գործողություններին, այս դեպքում տեսչական մարմնի՝ խնդրի ուղղությամբ գնալու հնարավորությունները հավասարվում են զրոյի։ «Հետքի» լրագրողը հիշեցրեց ամիսներ առաջ չգրանցված դեղերի վերաբերյալ արված հրապարակումը և նշեց, որ հարցումն ուղարկելուց միայն 2 ամիս անց է հրապարակվել, արդյոք ԱԱՏՄ-ին 2 ամիսը բավարար չէ՞ր «Հետքի» այցելած դեղատներում ստուգումներ իրականացնել, այն դեպքում, երբ լրատվամիջոցն իր սուղ միջոցներով 2 օրում էր այցելել 8 դեղատուն և գնումներ արել։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նշեց, թե հաճախ լրատվամիջոցի լիազորույթուններն ավելի շատ են, քան տեսչական մարմնինը։

«Յուրաքանչյուր դեպքով մենք ընտրում ենք ամենաարդյունավետ մեխանիզմը խախտումներ բացահայտելու համար։ Ստուգիչ գնումը՝ դուք միգուցե ավելի շատ լիազորություն ունեք այս մասով։ Եթե դուք կարող եք յուրաքանչյուր պահի գնալ և ստուգիչ գնում անել, ապա մենք յուրաքանչյուր ժամանակ չենք կարող գնալ և անել։ Համապատասխան հիմքերի առկայություն է անհրաժեշտ, ստուգիչ գնումներ մենք անում ենք տարեկան ստուգումների ընթացքում, այդ տնտեսվարող սուբեկտները գուցե չէին հայտնվել ռիսկային ցուցակում և չեն ընդգրկվել ստուգումների ցանկում։ Մենք ընտրում ենք ամենաարդյունավետ մեթոդը՝ կամ այլ մարմինների հետ համագործակցություն, կամ մեր գործողությունների միջոցով»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը։

Շարունակելով տեսչական մարմնի ղեկավարի այն պնդումը, թե ստուգիչ գնումների մասով լրատվամիջոցներն ավելի շատ լիազորություններ ունեն, քան տեսչական մարմինը «Հետքի» լրագրողը հարցրեց արդյոք չե՞ն դիմել վերադաս մարմնին՝ Կառավարությանը, տեսչական մարմնի լիազորությունների շրջանակն ընդլայնելու համար։ Սլավիկ Սարգսյանը պատասխանեց, որ այս տարվա երրորդ եռամսյակից տեսչական մարմինն արդեն իրականացնում է ստուգիչ գնում, բայց ստուգումների շրջանակում։ Նշեց, որ դա հենց այդ համագործակցության և տեսչական մարմնի վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված գործունեությունների արդյունքն է։

Սլավիկ Սարգսյանից հարցրինք նաև արդյոք գո՞հ է տեսչական մարմնի գործելաոճից և դրական գնահատու՞մ է ԱԱՏՄ աշխատանքը։ Քանի որ տուգանքի չափերին ու ստուգումներին զուգահեռ, աճում են նաև չգրանցված դեղեր վաճառող դեղատները և դեղերի տեսակները։ Սլավիկ Սարգսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր բնագավառում տեղի է ունենում զարգացում, և եթե վերահսկող մարմինը մնա տեղում, հակառակ կողմը կզարգանա։

«Եթե մենք գնահատենք՝ գոհ ենք, թե գոհ չենք, բավարար է, թե ոչ, դա ճիշտ չի լինի։ Մենք պետք է շարժվենք ըստ զարգացման համաչափության և փորձենք հետ չմնալ, եթե հետ մնանք, վերահսկողությունը կթուլանա։ Ես լավագույն պատկերը տեսնում եմ, որ չունենանք խախտումներ, մեր գործունեության գնահատականը ես տուգանքներով չեմ չափում։ Թող ակտերը լինեն ավելի քիչ, թող չլինեն ակտեր։ Մենք վերահսկողություն անենք, ակտեր չլինեն։ Ռեսուրսները չեն մեծացել, մենք ենք սկսել ավելի արդյունավետ ստուգումներ անել, դեռ չհասցնելու խնդիր չունենք»,- ասաց Սլավիկ Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ ուզում է հասնել այն արդյունքին, երբ կլինեն ստուգումներ, բայց խախտումներ չեն հայտնաբերվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter