HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական առանձին ավիախմբի 2 վթարները 1 տարում

1956-ի օգոստոսից մինչեւ 1957-ի օգոստոս Հայկական առանձին ավիախումբը 2 պատահարի հետեւանքով մեկական ինքնաթիռ եւ ուղղաթիռ կորցրեց, բայց զոհեր, բարեբախտաբար, չեղան:

1956 թ. օգոստոսի 31-ին վթարի ենթարկվեց ավիախմբի «Իլ-12» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-Л1414): Պատահարի մասին շատ բան հայտնի չէ, բայց արձանագրվել է, որ օդանավը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի պատճառով դրա իրանը մեծապես վնասվել է: Անձնակազմի եւ ուղեւորների մասին տվյալներ չկան, սակայն զոհեր չեն եղել: Վթարից գրեթե մեկ տարի անց՝ 1957-ի հունիսին, ինքնաթիռը դուրս բերվեց օդանավերի ռեեստրից:

Այդպիսով՝ 1947-ին թողարկված բորտը շահագործվեց գրեթե 10 տարի կամ 8212 ժամ: Ըստ առկա տեղեկությունների՝ СССР-Л1414-ը 32 ուղեւորի համար նախատեսված «Իլ-12Պ» տիպի ինքնաթիռ էր: Մինչեւ Հայաստան տեղափոխվելն այն շահագործվել էր Վրաստանում, իսկ մեր երկրում միացել էր Հայկական առանձին ավիախմբի 35-րդ ավիաէսկադրիլիային:

Հետաքրքիր է, որ օդանավը հայտնվել է խորհրդային «Պատվի դատ» ֆիլմի (1948 թ.) մի դրվագում՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարելիս:

1957 թ. օգոստոսի 23-ին էլ վթարի ենթարկվեց Հայկական առանձին ավիախմբի «Մի-1Տ» ուղղաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-Л0194), որն արտադրվել էր նույն տարում եւ ընդամենը 11 ժամ էր աշխատել: Այս դեպքի մասին եւս տեղեկությունները շատ քիչ են, բայց հայտնի է, որ պատահարը գրանցվել է Երեւանի օդանավակայանում (ներկայում՝ «էրեբունի»), ու զոհեր չեն եղել:

Ուղղաթիռի կրող պտուտակի թիակները աշխատանքային վիճակում բախվել էին գետնին, ինչից բորտը զգալի վնասվել էր: Վթարից հետո այն դուրս գրվեց ռեեստրից եւ հանձնվեց Կիեւի ավիացիոն ինստիտուտին որպես ուսումնական նմուշ: Ըստ էության, սա պատահարի հետեւանքով ուղղաթիռի առաջին կորուստն էր հայկական քաղավիացիայում:

Առաջին նկարում՝ կադր «Պատվի դատ» ֆիլմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter