HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վճիռներ, որոնցով հայտնի չեն դատավորների պատճառաբանություններն ու կիրառած օրենսդրությունը 

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ստեղծման օրվանից ի վեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով արդեն երեք վճիռ է հրապարակել՝ նախկին պաշտոնյաներից բռնագանձելով գույք, այդ թվում՝ դրամ: Սակայն, բացի դատավարության մասնակիցներից՝ Գլխավոր դատախազությունից և անձանցից, ումից բռնագանձում են գույքը, որևէ մեկը ծանոթ չէ, թե դատարանն ինչպես է առաջին անգամ կիրառել օրենքը, ինչ հիմնավորումներով է գույքը համարվել ապօրինի և բռնագանձման վճիռ կայացվել՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այդ գործերով վճիռներն ամբողջությամբ չեն հրապարակվում: Ավելի ճիշտ՝ հրապարակվում է միայն վճռի եզրափակիչ մասը, որը վերաբերում է դատարանի որոշածին, քանի որ գործերի քննությունն իրականացվում է հիմնականում դռնփակության ռեժիմով՝ գաղտնի տեղեկություններ պարունակելու պատճառաբանությամբ, հետևաբար դռնփակ քննված գործերով վճիռներն ամբողջությամբ չեն հրապարակվում՝ այդ թվում դատարանի եզրահանգումները, կիրառված օրենքները և այլն:

Մասնավորապես՝ դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակումից հետո  հանրությանը պարզ չի դառնում, թե ապօրինի գույքի բռնագանձման պահանջով Դատախազության հայցադիմումներն ինչ չափով են բավարարվել և որ մասով չեն բավարարվել, կամ ինչ պահանջ է ներկայացրել Դատախազությունը, հետևաբար դրա որ մասն է մերժվել: Հասանելի չէ նաև, թե դատարանն ինչ պատճառաբանությամբ է բավարարել հայցապահանջը կամ մերժել այն եւ այլն։ Իհարկե, Դատախազությունը որոշ դեպքերում հաղորդագրություն տարածում է, թե կոնկրետ գործով ինչ պահանջ է ներկայացրել, սակայն գործի քննության ընթացքում այդ պահանջները փոփոխվում են, և եթե լրագրողները չլուսաբանեն այդ նիստերը՝ վերջնական պահանջի մասին հանրությունը չի իմանա: Իսկ լրագրողները ոչ միշտ են լուսաբանում այդ գործերը՝ հաշվի առնելով, որ տարիներով ձգձգվում է քննությունը:

Հայաստանի կառավարությունն առաջնային է համարում կոռուպցիայի դեմ պայքարը: 2019թ․-ից իրականացված փոփոխությունների արդյունքում ձևավորվել են մասնագիտացված հակակոռուպցիոն կառույցներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ստեղծվել են Հակակոռուպցիոն դատարաններ և այլն: Սակայն, օրենսդրական կարգավորումներն այնպիսինն են, որ հանրությունը շատ սահմանափակ տեղեկություններ է ստանում գործընթացների վերաբերյալ:

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրություններն ի սկզբանե վստահություն չեն ներշնչում, քանի որ չկան վերահսկողական մեխանիզմներ: Մասնավորապես, ըստ Կարապետյանցի՝ ենթադրենք անձն ունի 100 միավոր գույք, հայտնի չէ, թե դրանցից քանիսն են նպատակահարմար գտել  գործի շրջանակներում ուսումնասիրել, քննարկել, իսկ եթե չեն քննարկվել որոշ գույքերի ճակատագրեր, ապա ինչու չեն քննարկվել՝ հասանելիություն չունե՞ն, թե այլ պատճառներ կան:

«Իսկ ի՞նչ գին ունի այդ գույքը «չնկատելը»: Բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ դրանք գին ունեն։ Չարաշահումները սկսվում են հենց  գույքի ուսումնասիրության, նախաքննության փուլերից: Արդեն տեղեկություններ կան, որ կալանքի տակ գտնվող գույքը, չգիտես ինչպես, հայտնվում է արգելանքից դուրս և վաճառվում է, սեփականատեր է փոխվում ու արդեն վերջ, դրա վերադարձի հետ կապված ոչինչ չի կատարվում: Փորձեք շարքային գործով արգելանքի տակ դրված գույքն ինչ-ինչ ճանապարհով վաճառել, թեկուզ բարեկամին, ծանոթին, տեղում գործարքն անվավեր կճանաչեն: Սա այն պայմաններում, երբ հատուկ կառույցներ են ստեղծվել, դրանք նոր են, իբր վստահություն են ներշնչում»,- ասում է Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերն անվանում է «կեղծ պրոցեսներ», քանի որ դրանք ձևական բնույթ են կրում: Կարապետյանցի փոխանցմամբ՝  ո՛չ հանրության մոտ է ձևավորվում սոցիալական արդարության վերականգնման զգացողություն, ո՛չ դատարանների ու գործի հիմքերում կանգնած պատկան մարմինների նկատմամբ է հավատ, վստահություն առաջանում:

Ինչ վերաբերում է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի թափանցիկությանն ու վճիռների հրապարակմանը, ապա  իրավապաշտպանը ողջամիտ բացատրություն չի տեսնում, թե ինչու պետք է գործերն այնտեղ քննվեն սահմանափակ հրապարակայնության պայմաններում:

«Ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ այս բոլոր գործերով հետագայում խնդրի առաջ ենք կանգնելու: Հիմա, որպես հարկատու վճարում ենք  դատավորներին, դատախազներին, քննիչներին, փորձագետներին, որ այս գործընթացներն իրականացնեն, հետո, դարձյալ, որպես հարկատու մենք ստիպված ենք լինելու վճարել այդ գործընթացների խախտումների համար, որ հատուցենք իրավունքի խախտումների համար պատճառված վնասները: Այս աստիճանի ոչ թափացիկ պրոցես մենք չենք ունեցել նույնիսկ ամենածանր գործերով»,- նշում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը:

Նինա Կարապետյանցն ասում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկան, քանի որ սա վերաբերում է ոչ թե մեկ անձի գործին, այլ ընդհանուր համակարգին:

Կարապետյանցը նշում է, որ հանրությունը տեղեկություններ չունի՝ դատավորներն ընդհանրապես պատկերացում ունե՞ն, թե ինչ բովանդակություն ունի այս ամենը և ինչպես են այդ հարցերը լուծում, քանի որ նույնիսկ տեղեկություն չկա, թե նրանք ինչպես են հասկանում օրենքը և ինչպես են այն կիրառում:

«Ես զարմանում եմ մեր միջազգային գործընկերների վրա, որ նրանք մեծ ոգևորությամբ գալիս, մասնակցում են հավաքների, գովերգում են այն համակարգը, որ ստեղծվել է, իբր պայքար է մղվում կոռուպցիայի դեմ: Ես միջազգային գործընկերներին էլ եմ ասել, որ նրանք վերադառնալու են իրենց երկրներ, որտեղ այս խայտառակ վիճակը չկա, բայց մասնակցում են մի պրոցեսի և գովերգում են մի պրոցես, որից Հայաստանը ոչ մի ձեռքբերում չի ունենալու: Մենք չենք ունենալու ծախսված գումարների գոնե կեսի չափով մնայուն արժեք»,- ասում է Ն. Կարապետյանցը:

Ինչո՞ւ վճիռներն ամբողջությամբ չեն հրապարակվում

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կան անձնական տվյալների գաղտնիություն, բանկային գաղտնիք պարունակող տվյալներ, և եթե այդ գործը մտնում է դատարան ու դռնփակությունը տևում է նույնիսկ 20 րոպե, դատական ակտի միայն եզրափակիչ մասն է հրապարակվում, ինչը կարգավորվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

«Սա օրենքի պահանջ է: Այստեղ ԲԴԽ-ն, դատարանը,  որևէ այլ գործողություն իրականացնելու իրավունք չունեն»,- ասում է Մերի Գևորգյանը՝ հավելելով, որ եթե ցանկանում ենք համեմատություն անցկացնել, ապա լրացուցիչ տեղեկություններ իմանալու համար պետք է դիմենք Դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչ պահանջ է ներկայացվել դատարան, և ինչ չափով է դատարանը բավարարել:

Ըստ ԲԴԽ մամուլի խոսնակի՝ դատական ակտի եզրափակիչ մասում հրապարակված տեղեկատվությունից ավելին, որոշ փուլում տեղեկատվություն կարող է տրամադրել միայն Դատախազությունը:

Գլխավոր դատախազությունից նույնպես հետաքրքրվեցինք՝ Դատախազությունը նախատեսվու՞մ է վճիռների հրապարակումից հետո տեղեկատվություն հրապարակել վերը նշված հարցերի ու հանրությանը այդ գործերով հետաքրքրող այլ նյութերի վերաբերյալ, որոնք չեն պարունակում գաղտնի տեղեկություններ։

Դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների ընթացքում Գլխավոր դատախազությունն առնչվում է գաղտնիք կազմող տեղեկատվության հետ, որը ներառվում է նաև Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումներում։ Դրանով պայմանավորված նաև դատական քննության ընթացքում որոշ գործողություններ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրականացվում են դռնփակության պայմաններում։

Վերը նշվածով է պայմանավորված նաև դատական ակտերի պատճառաբանական հատվածները Դատական իշխանության պաշտոնական կայքում չհրապարակելը։ Հետևաբար Դատախազությունն իրավասու չէ հրապարակել օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկատվությունը, քանի որ դրանով կարող են խախտվել այլ անձանց իրավունքները։

Մեր հարցման պատասխանում նշել են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթների թափանցիկությունն ապահովելու նկատառումներով Դատախազությունը գործում է առավելագույնս հրապարակայնորեն՝ կատարելով հրապարակումներ, տալով հարցազրույցներ, պատասխանելով Զանգվածային լրատվության միջոցների կոնկրետ հարցադրումներին և այլն։ Դատախազությունը պաշտոնական հրապարակումներում ներկայացնում է, թե կոնկրետ որ անձի գույքի առնչությամբ է իրականացվել ուսումնասիրությունը, ինչ գույք է գնահատվել ապօրինի ծագում ունեցող, ինչ գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ որ գույքի բռնագանձման պահանջն է բավարարվել, հնարավոր է տեղեկանալ նաև Դատական իշխանության պաշտոնական կայքի հրապարակումներից, քանի որ դատական ակտի եզրափակիչ հատվածը հասանելի է՝ անկախ գործի դռնփակ լիելու հանգամանքից։

Ինչպես նշել ենք վերևում, գործի քննության նախնական լսումների ժամանակ Դատախազությունը երբեմն փոխում է հայցի հիմքն ու առարկան, այսինքն՝ փոփոխում  է հայցապահանջները: Եթե այդ նիստերին լրատվամիջոցների ներկայացուցիչներ չլինեն կամ ընթացքում հարցումներ չուղարկեն Դատախազություն, հանրությունը չի իմանա այդ փոփոխությունների մասին:

Դատախազությունը թափանցիկությունն ապահովելու հույսը դնում է լրատվամիջոցների վրա: «Ինչ վերաբերում է դատական քննության ընթացքում կատարված փոփոխություններին, ապա դրանց ծանոթանալու հնարավորությունը նույնպես առկա է, քանի որ նախնական դատական նիստերը մեծ մասամբ իրականացվում են դռնբացության ռեժիմով, և դատական նիստին կարող են ներկա գտնվել ցանկություն ունեցող բոլոր անձինք, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչները։ Բացի դրանից, հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու միջնորդությունների բավարարման կամ մերժման վերաբերյալ դատական ակտերը տեղադրվում են նաև Datalex.am տեղեկատվական համակարգում»,- նշված է Դատախազության պատասխանում։

Հարկ է նշել՝ լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ անհարմարություններ են ունենում դատարաններում՝ նիստերը լուսաբանելու ժամանակ: Եղել են նիստեր, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս են հանել, քանի որ նիստի այդ հատվածն անցկացվել է դռնփակ, և լրագրողներին ներս են հրավիրել այն ժամանակ, երբ դատախազն արդեն հրապարակել է բռնագանձման ենթակա գույքի կեսից ավելին: Որոշ դեպքերում դատական նիստերի ժամանակ չի հրապարակվում բռնագանձման ենթակա գույքի ամբողջական ցանկը՝ պատճառաբանելով, որ դատավարության կողմերին արդեն հայտնի է։

Ինչ վերաբերում է հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու միջնորդությունների բավարարման կամ մերժման մասին դատական ակտերի՝ Datalex հարթակում հրապարակելուն, ապա այդ համակարգն ամիսներ շարունակ չի թարմացվում, աշխատում է խափանումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter