HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնակի միայնակ բնակիչը՝ գյումրեցի Հռիփսիկ Ղոջոյանը

85-ամյա Հռիփսիկ Ղոջոյանը միայնակ բնակվում է Գյումրու Ֆանտաններ թաղամասի տնակներից մեկում։ 25 տարի առաջ են ինքն ու ամուսինը տեղափոխվել տնակ երկու տղաների մահանալուց հետո, 10 տարի առաջ էլ ամուսինն է մահացել։ 

Միայնակ ապրելուց շատ չի դժգոհում Հռիփսիկ Ղոջոյանը: Ասում է՝ ստեղծել է իր առօրյան, ունի իր հետաքրքրությունները։ Սիրում է խնամել իրեն․ մեզ ցույց է տալիս իր կնճիռների դեմ կրեմները, դեմքի դիմակները, մատնահարդարման պարագաները։ Քանի որ տնակում լողանալու հնարավորություն չունի, յուրաքանչյուր ամսվա վերջին գնում է հանրային բաղնիք։ Բաղնիքին կից վարսավիրանոց կա, ասում է՝ մազերն էլ ամիսը մեկ անգամ պարտադիր կտրում է, որ միշտ խնամված և կանացի տեսք ունենա։ Իսկ մինչև լողանալու օրը կգա, Հռիփսիկ Ղոջոյանը դույլով ջուր է տաքացնում և տան պայմաններում գլուխն է լվանում, լվացվում։

Հռիփսիկ Ղոջոյանի սիրելի զբաղմունքն է իրենց բակի խանութ գնալը, որտեղ նստելու համար իր հատուկ տեղն ունի, աշխատողների հետ էլ շատ մտերիմ է, հաճախ է խորհուրդներ տալիս նրանց՝ իր կյանքի փորձից ելնելով։

Պատմում է՝ քանի որ տղաներն իրար հետևից են մահացել, թաղման ծախսերն անելու համար պարտքեր են վերցրել, իսկ հետո դրանք վերադարձնելու համար վաճառել են բնակարանը։ Տնակը, որտեղ ապրում է Հռիփսիկ Ղոջոյանը, տվել է իրենց բարեկամներից մեկը։ Երկու սենյակից է բաղկացած․ մի սենյակը ավտոտնակ է, մյուս փոքր մասն էլ քարից է․ հետո են ավելացրել այդ հատվածը։

Հռիփսիկ Ղոջոյանի համար ննջասենյակ է ծառայում ավտոտնակ-սենյակը, ասում է՝ ձմռանը ցուրտ է այնտեղ, գազի վառարանը չի տաքացնում, փոխարենն ինքը լուծումը գտել է՝ տաքացվող սավան ունի։ Նա «Հայկական կարիտաս» ՀԿ-ի շահառուներից է, կազմակերպությունն օգնություն տրամադրում է Հռիփսիկ Ղոջոյանին, ինչի շնորհիվ վերջինիս միայնակ ծերությունը չի անցնում սոցիալական խիստ ծանր պայմաններում։

Հռիփսիկ Ղոջոյանը երկար է մտածում, թե ինչ երազանք ունի, ապա ասում է, որ ցանկանում է տղաների շիրմաքարերի նկարները հանի, հետո ավելացնում է, որ իր գերեզմանաքարինն էլ հետը․ «Թե չէ՝ ո՞վ է իմս էնողը»,- ասում է ու ծիծաղում։

Հռիփսիկ Ղոջոյանը մեկն է այն տարեցներից, որոնք միայնակ բնակվում են Գյումրու տնակներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի տվյալներ, թե քանի միայնակ տարեց կա։ Վիճակագրություն է վարում միայն կենսաթոշակի տարիքի միայնակ նպաստառուների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Գյումրիում տնակներում բնակվող միայնակ նպաստառուները 51-ն են։ Իսկ Գյումրու համայնքապետարանը 2018 և 2019 թթ․ հաշվառվել է տնակում միայնակ բնակվող 109 տարեց քաղաքացու։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter