HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ինչո՞ւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը այդպես էլ մամոգրաֆիայի նոր սարք ձեռք չբերեց

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս պահին հետազոտություններն իրականացվում են մամոգրաֆիայի՝ 2016 թ․-ի արտադրության HOLOGIC ապրանքանիշի սարքով։ Նոր սարք ձեռք բերելու գնման երեք մրցույթները չեղարկվեցին, մի քանի դատական գործեր բացվեցին։ Իրականացված աուդիտից հետո հայտարարվեց, որ կենտրոնը սարք գնելու համար ֆինանսական միջոցներ չունի։ Ինչո՞ւ, ի վերջո, այս գործարքները ձախողվեցին, և որո՞նք էին մրցույթներում հաղթած ընկերությունները։

Գնման առաջին մրցույթը ու ինչպես առաջարկված արժեքի կես գնով կնքվեց պայմանագիրը

Նախորդ տարվա հունիսի 8-ին «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն թվային մամոգրաֆիկ համակարգ ձեռք բերելու նպատակով հայտարարել էր բաց մրցույթ։ Սարքի համար նախանշված գինը 155 մլն դրամ էր։ Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել երեք ընկերություն՝ «Աննարկա» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 77,5 մլն դրամ, «Դիավանտ» ՍՊԸ-ն՝ 128,6 մլն դրամ և «Ար. Մեդտեխնիկա» ՍՊԸ-ն՝ 148 մլն դրամ։ 

Մրցույթում ամենացածր գին առաջարկած ընկերությունը «Աննարկա» ՍՊԸ-ն է եղել, որն էլ հաղթող է ճանաչվել, հոկտեմբերի 31-ին կնքվել է պայմանագիրը, ըստ որի՝ ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում ընկերությունը պետք է մատակարարեր ճապոնական արտադրության Fujifilm Amulet մամոգրաֆ սարքը։ 

Միևնույն ժամանակ «Դիավանտ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, քանի որ վերջինս անվավեր էր համարել ընկերության հայտը՝ շահառուի հաշվեհամարը սխալ նշելու հիմքով։ «Դիավանտ» ընկերության հայտը դատարանը մերժել էր։

Երկրորդ մրցույթը՝ նույն սարքի համար․ ինչո՞ւ

«Աննարկա» ընկերության հիմնադիր Երեմ Սարգսյանը պատմում է, որ ինքն անընդհատ հետևում է գնման մրցույթներին ու երբ տեսել է, որ նախորդ տարվա օգոստոսի 4-ին ևս մեկ մրցույթ է հայտարարվել՝ կրկին թվային մամոգրաֆիկ համակարգ ձեռք բերելու նպատակով, նրան կասկածելի է թվացել։

Այս անգամ մրցույթ հայտարարողը եղել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, որը Կառավարության 2023-ի հունիսի 16-ի որոշմամբ «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին միանալու գործընթացի մեջ էր։ Բանն այն է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» 2023-ի գնումների տարեկան պլանով նախատեսված չի եղել մամոգրաֆի ձեռքբերում, սակայն հուլիսի 12-ին փոփոխություն է կատարվել գնումների պլանում, և հայտարարվել է սարքի ձեռքբերման մրցույթը։

«Նախկինում նման նախադեպ էլի էր եղել այլ մրցույթի շրջանակում, երբ նույն սարքավորման համար նորից մրցույթ էին հայտարարել, այն դեպքում, երբ նախորդի պայմանագիրը դեռ ուժի մեջ էր, դրա հետևանքով մեզ հետ պայմանագիրը չեղարկել էին, մենք նյութական վնաս էինք կրել, իսկ արդյունքում իրենց ուզած մասնակիցն էր հաղթել մրցույթում՝ նույն «Դիավանտ» ՍՊԸ-ն»,- ասում է «Աննարկա» ընկերության հիմնադիր Երեմ Սարգսյանը։

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանն ասում է, որ այստեղ որևէ խնդրահարույց բան չկա, քանի որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն առանձին կառույց է։

«Ճիշտ է արդեն Կառավարության որոշում կար, որ «Ռադիոիզոտոպների ազգային կենտրոնը» մեզ պիտի միանար, բայց այդ ժամանակ այն դեռ առանձին էր։ Այնտեղ տնօրեն է փոխվել, որը մեր աշխատակիցն էր եղել, ու ես եմ հուշել, որ իրենք էլ մամոգրաֆ ձեռք բերեն, որպեսզի ունենան այդ ծառայությունը, իսկ թե ինչ մրցույթ է հայտարարվել, ոնց է հայտարարվել, մեզ հետ ուղիղ կապ չկա»,- ասում է Նարեկ Մանուկյանը։

Գնման մրցույթը հայտարարվել էր օգոստոսի 4-ին։ Ըստ դատարանի որոշման՝ սարքի տեխնիկական այնպիսի չափորոշիչներ էին ներկայացված, որոնք բնորոշ էին միայն մեկ մոդելի՝ Hologic 3Dimensions։ Այս մոդելի ներկրմամբ զբաղվում է «Դիավանտ» ընկերությունը։ Համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ եթե սահմանվում են այնպիսի չափորոշիչներ, որոնք միայն մեկ սարքի են բնորոշ, ստեղծում է խտրական վերաբերմունք, ուստիև համարվում է խախտում։

Երեմ Սարգսյանը պարզաբանում է պահանջել գնահատող հանձնաժողովից, որտեղից հայտնել են, որ չափորոշիչները ոչ թե մեկ, այլ երկու սարքի են համապատասխանում, ինչը, ըստ դատարանի որոշման, ճիշտ չէ։ «Աննարկա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել մրցույթի արդյունքերը։ Այդ ժամանակ արդեն իսկ հաղթող էր ճանաչվել «Դիավանտ» ընկերությունը, որը նաև մրցույթի միակ մասնակիցն էր։ Դատարանի որոշմամբ մրցույթն անվավեր է ճանաչվել, և գնման ընթացակարգը համարվել է չկայացած։

Դատարանի այս վճռի հետ «Դիավանտ» ընկերության տնօրեն Դավիթ Առաքելյանը համաձայն չէ։

«Եթե մենք դա չենք բողոքարկել, չի նշանակում, որ հենց դա է ու վերջ։ Մենք բիզնեսով ենք զբաղված, ամբողջ օրը դատարան կամ պատկան մարմիններին դիմելու ժամանակ չունենք: Պատվիրատուն բառացի նշել է, որ բացի մեր ներկայացրած սարքից մեկ ուրիշ սարք նույնպես համապատասխանել է, ինչը նշանակում է, որ այդ սարքի ներկայացուցիչը հանգիստ կարող էր հայտ ներկայացրել՝ անկախ նրանից, որ նշված չափորոշիչներից մեկը մի քիչ տարբեր էր իր սարքից։ Եվ մենք վստահ էինք, որ երկրորդ մասնակից՝ ի դեմս General Electric-ի, կլիներ»,- ասում է Դավիթ Առաքելյանը։

«Ես հարցում ուղարկեցի նախարարություն՝ տեղեկանալու արդյոք Ֆանարջյան կենտրոնը երկու մամոգրաֆիկ սարքի կարիք ունի, որ երկու գնում է հայտարարել, պատասխանեցին, որ Ռադիոզոտոպների կենտրոնը առանձին է։ Ես կարծում եմ, որ սա պարզապես իրենց մասնակցին ի վերջո հաղթող դարձնելու համար էր, քանի որ այդ կենտրոնն արդեն իսկ Ֆանարջյանին միանալու գործընթացի մեջ էր, բացի այդ՝ նման խոշոր սարքի գնում անելը մի քանի օրվա մեջ չեն որոշում ու գնման պլանում փոփոխություն անում, դա մեծ թանկարժեք սարք է, ոչ թե, օրինակ, աթոռ»,- ասում է Երեմ Սարգսյանը։

Միևնույն սարքի համար՝ երրորդ մրցույթը, հաղթողը նույն ընկերությունն է 

Առաջին մրցույթում հաղթած «Աննարկա» ընկերության հետ կնքված պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2024-ի ապրիլ ամիսը։ Այս ընթացքում պատվիրատուի և մատակարարի միջև պետք է կնքվեր համաձայնագիր, որով ֆինանսական միջոցներ կհատկացվեին, և հստակ ժամկետներ կսահմանվեին ապրանքի մատակարարման վերաբերյալ։ Այս գործընթացը տեղի չունենալու պարագայում պայմանագիրը համարվում է լուծված։

Մինչ Երեմ Սարգսյանը սպասում էր, որ նախատեսված ժամկետում իրեն կներկայացվի համաձայնագիրը, և ընկերությունը կսկսի զբաղվել սարքի ներկրման հարցերով, նկատում է, որ «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն թվային մամոգրաֆիկ համակարգ ձեռք բերելու նպատակով դեկտեմբերի 14-ին հայտարարում է երրորդ մրցույթը, այս անգամ՝ լիզինգով։

«Հետաքրքիրն այն է, որ նախորդ երկու գնումները մամոգրաֆիայի միևնույն սարքի համար հայտարարված էին հենց հատուկ այդ սարքի համար նախատեսված կոդով, իսկ այս մեկինը նշված է էլեկտրական սարքերի շահագործում, ինչը առհասարակ կապ չունի մամոգրաֆի հետ, այդ կոդի տակ, օրինակ, կարող ես արդուկի գնման մրցույթ հայտարարել»,- ասում է Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում նույնպես այնպիսի չափանիշներ են հայտարարվել, որոնք բնորոշ են եղել միայն «Դիավանտ» ՍՊԸ-ի կողմից մատակարարվող Hologic 3Dimenisons մամոգրաֆիկ սարքին, հետևաբար կրկին հայտարարվել է օրենքի խախտմամբ մրցույթ՝ ցանկանալով առավելությունը տալ նախընտրած մասնակցին։

«Պատվիրատուն գիտի, որ Հայաստանում և աշխարհում կա մի քանի առաջատար ընկերություն։ Այս դեպքում պատվիրատուն ազգային կենտրոնն է թե ռադիոիզոտոպների կենտրոնն է, իրենք մասնագիտացված են կորուստների դեմ պայքարում, ու եթե պիտի գնեն էն սարքը, որը ամենաէժանն է ու ստուգվելուց հետո պիտի կինը գնա մեկ այլ տեղ էլ ստուգվի, էդ սարքը գնելու իմաստը էլ որն է։ Նորմալ է, որ ազգային կենտրոնը ուզում է գնել առաջատար սարքերը և չի ցանկանում գնալ որակի և սերվիսի կոմպրոմիսի»-ասում է Դավիթ Առաքելյանը։ 

Նարեկ Մանուկյանն ասում է, որ իրենք բացարձակ որևէ մասնակցի նկատմամբ հատուկ վերաբերմունք չեն ունեցել և որևէ հատուկ բան էլ չեն արել, որ հենց այդ մասնակիցը հաղթի։

«Երկու մրցույթն էլ, որ հայտարարվել է, եղել է «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով, դա նշանակում է, որ դու մրցույթն անում ես, բայց պարտավոր չես գնել, կգնես, երբ գումար կունենաս։ Մենք բազմիցս նման ձևով մրցույթներ արել ենք։ Երբ տարին սկսում է, ու ես տեսնում եմ, որ այսինչ սարքի կարիքն ունենք, հանձնարարում եմ գնումների բաժնին՝ մրցույթ հայտարարեն, որ հենց գումար լինի, գնենք, որ հետո գումար լինելու դեպքում մի քանի ամիս էլ չսպասենք մինչև մրցույթ կազմակերպի, հաղթող ճանաչվի, ու նոր գնենք ապրանքը։ Իրականում մենք ոչ մի խախտում չենք արել, կարող ենք հինգ հատ մրցույթ էլ անել, տեսնել, թե որն է էժան լինում, դա վերցնենք»,- ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարը։

Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել միայն «Դիավանտ» ՍՊԸ-ն։ Այս անգամ ընկերությունն առաջարկել է 211,3 մլն դրամ, մինչդեռ առաջին մրցույթում առաջարկել էր 128,6 մլն դրամ, ստացվում է, որ մատակարարը մի քանի ամիս անց առաջարկել է 64%-ով ավելի արժեք։

Դավիթ Առաքելյանն ասում է, որ սարքի գինը տարբերվել է, քանի որ տարբեր են եղել նաև տեխնիկական բնութագրերը։ Բացի այդ այս մրցույթում գնի մեջ ներառված է եղել նաև լիզինգի արժեքը՝ 73,3 մլն դրամ։

«Պետք է հաշվի առնել, որ նշված մրցույթները ժամանակագրական առումով իրարից բավականին հեռու են եղել, իսկ ապրանքի գնագոյացման վրա տարբեր հանգամանքներ են ազդում, որոնք տարբեր պահերի կարող են տարբեր լինել և որևէ տնտեսվարող սահմանափակված չէ իր կողմից նախկինում ներկայացված գնառաջարկով»,-պատասխանում է «Դիավանտ» ընկերությունը։

Մրցույթում «Դիավանտ» ՍՊԸ-ն հաղթել է, նրա հետ կնքվել է պայմանագիր, համաձայնագիր դեռևս չկա։

Ինչ է պատասխանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և ինչ պարզեց աուդիտը 

Նարեկ Մանուկյանն ասում է, որ թեև բացառվում է մասնակիցների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալը, բայց կան սարքեր, որոնք Կենտրոնի համար առավել նախընտրելի են։

«Տվյալ պահին մենք օգտագործում ենք «Hologic» ֆիրմայի մամոգրաֆը ու շատ գոհ ենք, բայց որ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ լավ որակի սարք է նաև «SIEMENS»-ի մամոգրաֆը, «General Electonics»-ինը, և քանի որ ուզում եմ որակյալ ծառայություն մատուցեմ, էդ երեքից, որն էլ հաղթեր ինձ համար՝ որպես բժիշկ, որպես մասնագետ, տարբերություն չկար։ Սա նորմալ ընթացակարգ է, որ ուզենաս երեքի մեջ մրցույթը լինի։ Հիմա, օրինակ, որ պացիենտը գա, տեսնի անհայտ ծագման սարք է, կամ չի գա էլ, կամ կգա ստիպված, որովհետև բոլորը լավ ծառայություն են ուզում: Բայց մեր գնումների օրենքն էնպես ա, որ հաղթում է նա, ում գինը ամենաէժանն է, ու էս պարագայում հաղթել են իրենք (խոսքը «Աննարկա» ՍՊԸ-ի մասին է, հեղ․), որի սարքը ինձ ծանոթ չէ, ու եթե ես սեփականատեր լինեի որևէ մասնավոր կլինիկայի, ինքս էլ չէի գնի այդ սարքը, որովհետև ծանոթ չեմ ( FUJIFILM Amulet սարքը նկատի ունի, հեղ․)։ Եվ եթե պետական հիմնարկի համար գնեմ մի սարք, որը իմ սեփականի համար չէի գնի, ուրեմն ես լավ տնօրեն չեմ»,- ասում է Նարեկ Մանուկյանը։

Հայտարարված երրորդ մրցույթից հետո Երեմ Սարգսյանը որոշեց կրկին գրավոր նամակով դիմել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է նորից հայտարարվել գնման մրցույթ, եթե նախորդի պայմանագիրը դեռ ուժի մեջ է, արդյոք Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ է երկու մամոգրաֆ սարք։ Այս նամակին պատասխան չստանալուց հետո՝ փետրվարին, ընկերությունը գրավոր տարբերակով դիմել է վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնելով դեպքերի հաջորդականությունը։

«Նամակում, բացի մանրամասն ներկայացնելուց եղելությունից, թե քանի մրցույթ են հայտարարել, որ կարողանան իրենց մասնակցին հաղթող ճանաչել, խնդրել էինք պարզել Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գնահատող հանձնաժողովի և տնօրենության գործողությունների իրավաչափությունը»,- ասում է Երեմ Սարգսյանը։

Դրանից որոշ ժամանակ անց Ֆինանսների նախարարությունը առաջարկել է Առողջապահության նախարարությանը Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացնել ներքին աուդիտ։ Աուդիտն իրականացրել է «Փըրֆեքթ աուդիտ» ընկերությունը։ Որոշ ժամանակ անց՝ հուլիս ամսին, «Աննարկա» ՍՊԸ-ն կրկին հետաքրքրվել էր աուդիտի ընթացքից, որին ի պատասխան նախարարությունից տրամադրել էին աուդիտի ընդամենը մեկ եզրակացություն, որտեղ ասվում էր, որ գնման ընթացակարգերը իրականացվել են առանց խախտումների և վերջին մրցույթով պահանջվող սարքը իր պարամետրերով գերազանցում էր «Աննարկա» ՍՊԸ-ի առաջարկած սարքին։ Ինչպես նաև հավելյալ տեղեկացվում էր, որ գնման երկու պայմանագրերն էլ ուժի մեջ չեն դրվելու՝ ֆինանսական միջոցների չհատկացմամբ պայմանավորված։

«Աուդիտի այս եզրակացությունը ուղղակի համարում եմ անհեթեթ, քանի որ իրենք էնպիսի բաներ են գրել եզրակացության մեջ, որ պարզ երևում է՝ ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեն»,- ասում է Երեմ Սարգսյանը։ 

«Աուդիտն արվել է, ու իրենք էլ ասել են, որ երկու մրցույթով տարբեր մամոգրաֆ սարքեր են հայտարարվել։ Առաջին մրցույթից հետո տեսել ենք, որ նոր սարք է դուրս եկել՝ արհեստական ինտելեկտով, ավելի ժամանակակից, որոշել ենք դրա համար նոր մրցույթ հայտարարել, կապ չունի՝ առաջինը ինչ գին է առաջարկել։ Բայց դե, երկուսի համար էլ վերջում գումար չունեցանք, չգնեցինք»,- ասում է Նարեկ Մանուկյանը։

Նույնանման դեպք «Երևան» ԲԿ-ում, հաղթողը կրկին «Դիավանտ»-ն է

Երեմ Սարգսյանը պատմում է, որ նմանատիպ սխեմայի հետ իրենք առաջին անգամ առնչվել են 2023-ի հունվարին։ «Երևան» ԲԿ-ն (նախկին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ) համակարգչային տոմոգրաֆիկ սարք ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել, որտեղ «Աննարկա» ՍՊԸ-ն ճանաչվել էր հաղթող (245,8 մլն դրամ) մասնակցում էր նաև «Դիավանտ» ընկերությունը (260 մլն դրամ) և ևս մեկ ընկերություն (350 մլն դրամ)։

«Իրենց մոտ, հավանաբար, էդ պահին շոկ էր, ոնց թե ուրիշ ընկերություն է հաղթել։ Մտածեցին, թե ինչ կարելի է անել ու հետաքրքիր մի բան մտածեցին։ Քանի որ արդեն 2022-ի հոկտեմբերից սկսած՝ «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ն «Երևան» ԲԿ-ին միանալու գործընթացի մեջ էր, որոշեցին, որ նույն սարքի համար մի անգամ էլ մրցույթ հայտարարեն, բայց արդեն Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ-ի համար, միևնույն է, արդեն այս երկուսը միացվում էին։ Շատ արագ Սրտաբանության ԳՀԻ-ի գնումների պլանում կատարեցին փոփոխություն, խցկեցին համակարգչային տոմոգրաֆիկ համալիր տողը ու հայտարարեցին մրցույթը։ Որպեսզի պատկերավոր լինի, ասեմ, որ իրենց գնումների պլանում ոչ մի նմանատիպ այլ թանկարժեք սարք նշված չկար։ Սովորաբար, այդպիսի խոշոր գնումները նախապես պլանավորված են լինում, և ոչ թե մեկ էլ հանկարծ հայտնվում, ի՞նչ է, մի շիշ ջու՞ր էր»,- ասում է Երեմ Սարգսյանը։

Դավիթ Առաքելյանն ասում է, որ առաջին մրցույթում առաջարկված բարձր գինը պարզապես շփոթմունք է եղել։

«Կարծել էի, թե աճուրդ է, ու նախահաշվարկային գինն էի ներկայացրել, որպեսզի կարողանամ նաև աճուրդի ընթացքում սակարկել, բայց փաստորեն ուշադիր չէինք եղել ու մրցույթը աճուրդով չէր։ Արդեն երկրորդ մրցույթին, երբ մասնակցեցինք, առաջարկեցինք ավելի էժան գին ու հաղթեցինք»,-ասում է Դավիթ Առաքելյանը։

Երկրորդ մրցույթին «Դիավանտ» ընկերությունը առաջարկում է՝ 210 մլն դրամ և հաղթում մրցույթը։ Այս ընթացքում «Աննարկա» ընկերությունը արդեն զբաղվում է սարքի ներկրման հարցերով, քանի որ առաջին մրցույթի պայմանագիրը ուժի մեջ էր, և թեև դեռ համաձայնագիրը ստորագրված չէր՝ սարքի ներկրման գործընթացը սկսել էին։

«Բժշկական սարքերը ունեն իրենց առանձնահատկությունները, սովորաբար դրանք պատրաստելու համար բավականին երկար ժամանակ է պետք, դրա համար էլ նախընտրում ես որքան կարելի է շուտ սկսել, որովհետև, հնարավոր է, այսօր հետդ համաձայնագիրը կնքեն, հաջորդ օրն ասեն՝ դե 30 օրվա մեջ մատակարարի, դու դա պիտի կարողանաս ապահովել, հակառակ դեպքում սև ցուցակում կհայտնվես ու 2 տարի պետական գնումների մասնակցել չես կարողանա։ էդպես էլ սարքը բերեցինք, մեզ էդպես էլ համաձայնագիր չտվեցին, որով ֆինանսական միջոցներ կհատկացվեին, ու ինքնաբերաբար պայմանագիրը չեղարկվեց, իսկ սարքն էլ այսօր մեր պահեստում դրած է»,- պատմում է «Աննարկա» ընկերության հիմնադիր Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ քանի որ Ճապոնիայում սարքը պատրաստելու և Հայաստան տեղափոխելու համար առնվազն 4-5 ամիս էր անհրաժեշտ, ինքը նախօրոք է կազմակերպել այդ գործընթացը։

«Եթե նմանատիպ սարքի համար իրենք 45 օր են գրում մատակարարման համար, դա նշանակում է, որ ինչ-որ ընկերություն արդեն պահեստում դրած ունի»,- ասում է Երեմ Սարգսյանը։

Դավիթ Առաքելյանի խոսքով՝ իր ընկերությունը կարող է իրեն թույլ տալ ներկրել սարքեր, որոնց համար դեռևս պատվերներ չկան, քանի որ ցանկանում է պատվիրատուի համար հնարավորինս արագ կազմակերպել ձեռքբերման պրոցեսը։ Դավիթ Առաքելյանը չի նշում, որ խոսքը տվյալ մրցույթի համակարգչային տոմոգրաֆիկ սարքի մասին է։

«Մեր ընկերությունը 1000 խոշոր հարկատուների մեջ է, ու մենք եթե տեսնում ենք, որ լավ գնառաջարկով ապրանքներ կան, ունենք այդ հնարավություն դրանք գնելու։ Բացի այդ եթե դու լավ բիզնեսմեն ես, աբսուրդ է, որ ռիսկի չդիմես, ներդրում չանես ու միայն նստես, սպասես, թե քեզնից ինչ սարք են ուզելու, որ դու էլ բերես»,-ասում է Դավիթ Առաքելյանը։

Համաձայնագիրը կնքվել է երկրորդ մրցույթում հաղթած «Դիավանտ» ընկերության հետ, որն էլ մատակարարել է համակարգչային տոմոգրաֆիկ համալիրը։

Ով է «Դիավանտ» ՍՊԸ-ի սեփականատերը

«Դիավանտ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին և զբաղվում է բժշկական սարքերի ներմուծմամբ, ընկերության 100% բաժնետերը և տնօրենը Դավիթ Առաքելյանն է։ Այս ընկերությունը հաճախ մասնակցում է պետական գնումների մրցույթներին և կնքված գնման պայմանագրեր ունի բազմաթիվ ԲԿ-ների և գերատեսչությունների հետ։

Դավիթ Առաքելյանը նաև Գյումրիում գործող «Կուրղինյան էնդոսկոպիկ կենտրոն» ՓԲԸ-ի 50% սեփականատերն է, կենտրոնի մյուս մասը պատկանում է Աշոտ Կուրղինյանին, որը «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալն է։

Դավիթ Առաքելյանը «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենն է, իսկ գործադիր տնօրենը նրա աներն է՝ Բաբկեն Թադևոսյանը։ Այս ընկերությունը նույնպես զբաղվում է բժշկական և լաբորատոր սարքավորումների վաճառքով, 1996 թվականից։ Այն պետական գնումների մրցույթներին մասնակցում է 2016-ից սկսած և բազմաթիվ խոշոր գործարքներ է կնքել պետական գերատեսչությունների հետ։ 

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter